«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հռոմեական արձակուրդներ

Հռոմեական արձակուրդներ
12.04.2015 | 13:11

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Իտալիայում է: Նա արդեն այցելել է Վիտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային: Երկու Սերժերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցության, Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ, ու շատ կարևոր այլ հարցերի: Հռոմում Սերժ Սարգսյանին ընդունել են Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինին և Սենատի նախագահ Պիետրո Գրասոն: Հետաքրքիր է՝ որտե՞ղ է ու ինչո՞վ է զբաղված Սիլվիո Բեռլուսկոնին, որ չի հանդիպել Սերժ Սարգսյանին, նա ևս արդեն իրավունք ունի գտնվելու հիասքանչ Հռոմում: Բայց Բեռլուսկոնին ինչ-որ չի երևում ու Սերժ Սարգսյանն ընթրել է իտալացի խորհրդարանականների հետ: Նաև ելույթ է ունեցել: Երկար ելույթ՝ Հռոմի սրտում գտնվող պատմական պալատում: Խոսել է քրիստոնեական արժեհամակարգից ու աշխարհընկալումից, երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունից, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից: Ասել է՝ «Այո, մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք կերտել նման հանցագործություններից զերծ ապագա», նույնիսկ հիշել է Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին, որ 1918-ին ասել է. «Սիրում ենք մենք մեր հայրենիքը, պաշտում ենք մեր ազգը, բայց տառապում ենք նաև այլ ազգերի հանդեպ անարդարության դեպքում»: Խոստացել է, որ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ կձևավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմք, որից հետո հարաբերությունները կմտնեն նոր փուլ, էլի խոստացել է՝ լինելով ԵԱՏՄ անդամ և այդ կառույցում ունենալով ԵՄ-ին ամենամոտ չափանիշները, կամուրջ դառնալ եվրոպական երկրների, այդ թվում՝ Իտալիայի համար, դեպի 170- միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Թե Իտալիայի ինչի՞ն են պետք Ղազախստանը կամ Բելառուսը: Հռոմում հանդիպել է քաղաքապետ Ինյացիո Մարինոյին ու հավաստել է, որ ամեն անգամ հաճույքով է Հավերժական քաղաք գալիս, հարցազրույց է տվել իտալական “Corriere della sera” օրաթերթին: Իսկ հետո գնացքով հասել է Նեապոլ ու քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցի Սան Գրեգորիո Արմենո եկեղեցում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի մատուցած պատարագին: Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եկեղեցու բակում բացել է նույնությամբ վերականգնված Հին Ջուղայի խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, խաչքարն օծվել է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիստի, Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի, դեսպանների և բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները նախաձեռնելու և վերակառուցման գործում մեծ ներդրման համար Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Անանիա Շիրակացի շքանշանով, Նեապոլի քաղաքապետը ՀՀ նախագահին՝ Նեապոլ քաղաքի շքանշանով: Այս երթուդարձի մեջ Սերժ Սարգսյանը հասցրել է հարցազրույց տալ Rai հեռուստառադիոընկերությանը ու ասել՝ «Հայերը կտեսնեն, թե որ երկրներն են ապրիլի 24-ին նախընտրել համամարդկային արժեքները, և որոնք՝ սեփական շահերը», Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիբ Էրդողանի որոշումը՝ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակը նշել հենց ապրիլի 24-ին, գնահատել է պարզ հաշվարկ. «Նրանց նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Այդկերպ Թուրքիան արդեն որերորդ անգամ ցուցադրում է իր ժխտման քաղաքականությունը: Ամեն անգամ նրանք տարբեր միջոցներ են օգտագործում պատմական փաստերը ժխտելու համար: Այս անգամ իրենց հաշվարկը շատ պարզ է: Եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ներկայացված լինեն Թուրքիայում ավելի բարձր մակարդակով, քան Հայաստանում, թուրքերը կարող են ասել. «Տեսեք, նրանք չեն ճանաչում Ցեղասպանությունը»:

Իսկ այսօր Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որն ուղիղ կհեռարձակվի: Բայց ցեղասպանության հարյուրամյակին Ֆրանցիսկոսը Հայաստան չի գա: «Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մենք կընդունենք Ֆրանցիսկոս պապին: Երբ վերջին անգամ հանդիպեցի նրա հետ, նա ասաց. «Ես սրտիս կանչով կկատարեմ այդ այցը»՝ Rai հեռուստառադիոընկերությանը ասել է ՀՀ նախագահը:
ՈՒ՝ ի՞նչ: Որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ՝ վաղուց ու բոլորին հայտնի էր: Եվրոպական, չինական, ռուսական շաբաթներից հետո ի՞նչ է տալիս արտագնա շաբաթը Իտալիայում: Հռոմեական արձակուրդնե՞ր՝ ոմանց համար աշխատանքային, շատերի համար՝ զբոսաշրջիկային: Իտալիայի խորհրդարանը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս ընթացքում նման որոշում ընդունեց Նիդերլանդերի խորհրդարանը, հիմա Սերժ Սարգսյանը գնալու է Նիդերլանդնե՞ր: Թե՞ Գալուստ Սահակյանին է ուղարկելու, ինչպես Կիպրոս: Իսկ Հովիկ Աբրահամյանը մնալու է Երևանում ու աշխատելու է՝ ընդունելու է Քիմ Քարդաշյանին: Նորից ու նորից:
ՀՀԿ պատգամավորներից մեկը, անկախ իրենից, սքանչելի ձևակերպում արեց ռադիոեթերում՝ 100 տարի սպասել ենք այս օրվան, որ նշենք Ցեղասպանության 100-րդ տարին: Կոնտեքստից չեմ կտրում ու չեմ աղավաղում նրա խոսքը: Այսպես էլ ասաց՝ բացատրելու համար, որ երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության խնդրի վրա է բևեռվում, այդ օրը բարոյական չէ այլ խնդրով զբաղվել՝ մասնավորապես «100-ամյակն առանց ռեժիմի» պահանջել: Համաձայն եմ, բայց ինչո՞վ ենք այդ օրը զբաղվում: Բացի երթուդարձից՝ ով եկավ, ով չեկավից, ի՞նչ խնդիր է Հայաստանի Հանրապետությունը փորձում լուծել: Համահայկական հռչակագիր փետրվարին ընդունեց՝ որպես ի՞նչ: «Հայերը կտեսնեն, թե որ երկրներն են ապրիլի 24-ին նախընտրել համամարդկային արժեքները, և որոնք՝ սեփական շահերը»: Տեսան: Հետո՞: Չկա գաղտնիք, թե որ երկրներն են «նախընտրելու համամարդկային արժեքները», և՝ ինչո՞ւ: Չկա գաղտնիք, թե որ երկրներն են ընտրելու «սեփական շահերը», և՝ ինչո՞ւ: ՈՒ մենք հետո ի՞նչ ենք անելու: Համամարդկային արժեքները գնահատողների հետ ի՞նչ ծրագիր ունենք, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Սեփական շահերը ընտրողներին ի՞նչ ենք հակադրելու:
Միայն իշխանությա՞նն են այս հարցերը վերաբերում, թե՞ Քիմ Քարդաշյանից հետո դեռ ժամանակ է պետք, որ հասարակության մնացած հատվածը ուշքի գա: Երկար ժամանակ՝ մինչև կեսը հիանա, կեսը հիացողներին մեղադրի, երկու կեսերը միանան ու նրա գնալուց հետո սպասեն, թե ինչ ֆիլմ է նկարահանվել ու ինչ է ասելու Քիմն ԱՄՆ-ից: Իսկ այս խառնիճաղանջի մեջ մենք հիշո՞ւմ ենք, որ ցեղասպանությունը միայն սպանվածներին չի վերաբերում, վերաբերում է տեղահանվածներին, լեզուն, մշակույթը, ինքնությունը բռնի կորցրածներին: ՈՒ սպանվածների հիշատակը հարգելուց բացի՝ պետք է մտածել վերապրածների սերունդների ու հայության փոխհարաբերության մասին, հայրենազրկման հետևանքները ոչ թե արձանագրելու, այլ իրավիճակ փոխելու մասին: Ինչպես-ի մասին: Երբ-ի մասին: Միասին: ՈՒ դա պիտի լինի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու առավելագույն աստիճանը, ոչ թե ցուցադրական ելույթները տարբեր երկրների տարբեր հրապարակներում, հարթակներում, հեռուստաեթերում: Նրանք իրենց երկրում կլսեն ու կգնան իրենց գործին: Մենք մեր երկրում ինչո՞վ ենք զբաղված: Մենք, որ ունենք 100 տարի առաջվա հանգույցով կապված հարցերից բացի այսօրվա հարցեր: Ի՞նչ կա մեր օրակարգում՝ բացի տեսնենք՝ որ երկրներն են ապրիլի 24-ին նախընտրել համամարդկային արժեքները, որոնք՝ սեփական շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հռոմյան արձակուրդները կվերջանա՞ն Հռոմում, թե՞ Հայաստանում էլ շարունակվելու են՝ մտածողության և գործողության նույն մակարդակում, արտաքուստ՝ տրիումֆ, ներքուստ՝ մի բուռ շքանշանի փոխանակումն ունենալով իբրև արդյունք, ու՝ վերջ:

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ