«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գագիկ Ծառուկյանի դամբանականը Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ

Գագիկ Ծառուկյանի դամբանականը Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ
20.02.2015 | 11:49

Ե՞րբ է քաղաքական գործիչը դառնում գրամոլ: Երբ քաղաքականության մեջ այլևս անելիք չունի: Վերաբերո՞ւմ է դա Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ այո, և ոչ: Ոչ, որովհետև ի սկզբանե նա եղել է գիտաշխատող և գիտնականի գործը բոլոր մյուս գործերին զուգահեռել է, ուստի դժվար է գրամոլ դառնալու մեջ մեղադրել մեկին, որ երբեք էլ գրիչը վայր չի դրել: Այո, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդական ավյունով ու նախանձելի արագությամբ սկսել է գրչով արձագանքել սրընթաց Ժամանակին: Բայց նրա խոսքը, ի տարբերություն գիտական ուսումնասիրությունների, քաղաքականության մեջ դադարել է համարժեք լինել իրականությանը: Ահա և նրա «Սրտի պարտքը»՝ գրված լավագույն նկատառումներով, նորից վրիպել է:
Նույնիսկ գիտնականին վայել պարտաճանաչությամբ՝ սկսելով ԲՀԿ-ի ակունքներից՝ ու բարեխիղճ վերհիշելով կուսակցության անցած ճանապարհը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնքան պարտաճանաչ «մոռանում է»՝ ե՞րբ, ի՞նչ պայմաններում ու ի՞նչ նպատակով ստեղծվեց կուսակցությունը: Բացարձակապես կամայական բացատրություն է տալիս Գագիկ Ծառուկյանի «ապշեցուցիչ էվոլյուցիային»։ Մինչդեռ գիտական բարեխղճությունը պիտի պարտադրեր գոնե մի կես նախադասությամբ արժանին մատուցել Բաղրամյան 26-ում իր հաջորդի քաղաքական հանճարին, որ հայ քաղաքական ասպարեզ բերեց կուսակցություն ընդամենը մեկ ֆունկցիայով՝ քաղաքական հենարանի: ՈՒ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին երբևէ հետաքրքրել է Արթուր Բաղդասարյանը իր ՕԵԿ-ով, նա չէր կարող չիմանալ, որ ՕԵԿ-ը ևս հավակնել է այդ դերին ու ի սկզբանե չի ընդունել նոր կուսակցության ստեղծումը, որը ոչ իշխանական էր, ոչ ընդդիմադիր, և այդ կարգավիճակը ցանկացած ընտրությունում խաղում է անցանկալի թեկնածուի ձայները կիսելու դերը: Իսկ քաղաքական հենարանը Ռոբերտ Քոչարյանին պետք էր՝ ընտրություններում ՀՀԿ-ից (հիշեցնե՞մ ՀՀԿ-ն երբ, ով էր գլխավորում) իշխանությունը վերցնելու համար: Չստացվեց: 2007-2009-ին շատ բնական էր, որ ԲՀԿ-ն պիտի իշխանության մաս կազմեր, նույնքան բնական էր 2009-2012-ին իշխանության հետ լինելը, բայց որքան փոխվում էին երկրորդ ու երրորդ նախագահների փոխհարաբերությունները, այնքան ԲՀԿ-ն փոխում էր քաղաքական կուրսը: 2012-ին ԲՀԿ-ի նոր կոալիցիա կազմելու առաջարկից հրաժարվելը, որի պատմությունը Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես պիտի լավ հիշի, բոլորովին կապ չուներ Գագիկ Ծառուկյանի «ապշեցուցիչ էվոլյուցիայի» հետ: Էվոլյուցիա չկար, կար ռե-էվոլյուցիա՝ հետընթաց երկրորդ ու երրորդ նախագահների երբեմնի միասնական դիրքորոշման մեջ: «2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը» պնդումը կիսով չափ է համապատասխանում իրականությանը՝ անվանական չպաշտպանեց, բայց ինչպես հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը սրտով Գագիկ Ծառուկյանի հետ է, այնպես էլ այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը սրտով Սերժ Սարգսյանի հետ էր։ Այդպես ԲՀԿ-ն պահպանեց քաղաքական դաշտում իր այլընտրանքային կարգավիճակը, որ քաղաքագիտության մեջ գուցե անհեթեթություն է, բայց հանճարեղ գյուտ է real politik-ում՝ մի քայլ և ցանկացած պահի կարող ես դառնալ թե իշխանություն, թե ընդդիմություն: Եվ հանճարեղ է, որովհետև այդ ընթացքում ոչ ուղղություն ես փոխում, ոչ դեմք ես կորցնում, ոչ հավելյալ բացատրությունների կարիք կա, թե ինչու դարձար ընդդիմություն կամ ինչու դարձար իշխանություն՝ ի սկզբանե դու երբեք էլ չես ասել, որ մեկն ես, կամ մյուսը: ՈՒ առնվազն քաղաքական կարճատեսություն է համարել, որ «Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում և գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից և ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլևս չհաշտվելու և բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ»։ Ընդդիմադիր քաղաքական պայքար երբեք չի եղել, եղել է իշխանության քննադատություն, բայց դիրքորոշում հօգուտ իշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է, որ շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, իզուր չհավատացին՝ Գագիկ Ծառուկյանը միշտ է անկեղծ եղել: Նա անկեղծորեն հավատացել է իր քաղաքական առաքելությանը, պարզապես նրան այդպես էլ չասվեց՝ ո՞րն է այդ առաքելությունը: ՈՒ հիմա, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության կրախն ակնհայտ է, իսկ նա շարունակում է համառորեն պնդել Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխության անխուսափելիությունը, մնում է նրան հարցնել, թե ինքը ո՞ր մոլորակում է ապրում, ի՞նչ կապ ունի Երկիր մոլորակի ու կոնկրետ Հայաստանի հետ, որտեղ ապարդյուն որոնում է բուրժուաներ ու չի գտնում, որ գան հեղափոխություն անեն: ՈՒ հենց այդ պատճառով նրա չպատճառաբանված փաստաբանությունը Գագիկ Ծառուկյանին վերածվում է քաղաքական դամբանականի, երբ հեռացողի հասցեին խոսքը մեկ տրամաբանությամբ է կառուցվում՝ կամ լավը, կամ՝ ոչինչ: Բայց ինչո՞ւ է այդքան շտապում առաջին նախագահը: Գագիկ Ծառուկյանը դեռ իրերը չի հավաքել քաղաքական դաշտից ու եթե նույնիսկ հավաքելու է ու Լևոն Տեր-Պետրոսյանը դա գիտի, վայել չէ հրաժեշտի գազել կարդալ դեռ ներկա մարդուն: Առավել ևս վայել չէ դեմագոգիկ հիմնավորումներ տալ Գագիկ Ծառուկյանի ամբիցիաներին ու հավակնություններին, երբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտարարում է, որ ինքը դասական իմաստով քաղաքական գործիչ չէ: Իսկ Գագիկ Ծառուկյանի «սխալները» թվարկելիս առաջին նախագահը ինչո՞ւ է մոռանում իր քաղաքական երկխոսությունը իշխանության հետ, ինչո՞ւ հաշվի չի առնում, որ նույնքան ու ավելի իշխանությունների հետ «երկխոսելու» իրավունք ու պատճառ ուներ ԲՀԿ նախագահը: Բայց հենց այդ «սխալներից» հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է այն, ինչի համար գրել է իր վահրամփափազյանական «հոգու պարտքը»՝ «Այդ սխալների մեծագույն մասը գալիս է ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի»։ ՈՒ քանի որ Վահրամ Փափազյանը հրաշալի խաղարկում էր թե բեմական դադարը, թե ինտրիգը, Լևոն Տեր-Պետրոսյանը դետեկտիվի ժանրի լավագույն ավանդույթով չի բացում փակագծերը: Ճիշտ է անում՝ փակագծեր չկան: Կա տխուր, ցինիկ ու անպարկեշտ իրականություն, երբ նախագահի (թող որ նախկին) մակարդակով շրջվում, խեղաթյուրվում, աղավաղվում են փաստերը, իրականությունը, պատմությունը՝ ընդամենը մեկ խնդիր լուծելու համար ու դա անվանվում է «քաղաքական մտածողություն»: ՈՒրեմն՝ ե՞րբ են քաղաքական գործիչները դառնում գրամոլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վահրամ Փափազյանը ևս մեկ հանճարեղ գիրք ունի՝ «Հետադարձ հայացք»: Եթե նույնիսկ կարդալու ժամանակ չլինի, անվանումը պետք կգա: ՈՒ՝ ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին:

Դիտվել է՝ 1527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ