«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները
23.01.2015 | 00:53

Տարվա մեկնարկը, եթե ելնենք նշանային համակարգից, դառն ու դժվարին ստացվեց: Դառը Գյումրու դեպքն էր: Դժվարինը` սահմանում տիրող իրավիճակը:

Նույն «նշանային» համակարգից ելնելով, պետք է արձանագրել` դրանք սթափեցնող ու ազգային ընդհանրական մարմինը նոր ռեժիմի բերող գործընթացներ են նաև:

Բայց նախ` Գյումրու դեպքերի մասին և ընդամենը մեկ հարց. ինչո՞ւ ռուսական կողմը չի ցանկանում, որ հետաքննությունն ու գործը` հանցագործով հանդերձ, հանձնվեն հայկական կողմին, երբ պայմանավորվել հայկական կողմի հետ միշտ կարող է: Ցանկացած հարցում:

Նվաստս այն մարդկանց թվում է, ովքեր կարծում են` հանցագործին մեր իրավապահներն են կալանել, բայց քանի որ խնդիրը խիստ քաղաքական էր, ռուսական վերնախավի հետ բանակցություններից հետո որոշում է կայացվել, որ ռուսական կողմը պետք է գործը «նայի»: Ընդ որում, Պուտինի ուշացած զանգը, չի բացառվում, ևս մեկ պատճառ ուներ իր խորքում. ռուսական կողմը ցանկացել է ճշտել հայոց կողմի «վերաբերմունքը» կատարվածին. այն է` հնարավո՞ր է հայաստանյան էլիտայի սիրտն էլ «մի քիչ Մայդան է ուզել»: «Դիտել» է, համոզվել, որ ոչ, անհանգստացել, զանգել է «ևս մեկ անգամ», ցավակցել, էմիսարների անհաշիվ խմբեր գործուղել Հայաստան, սեփական ԶԼՄ-ներին հրաման տվել` ցավակցել-ցավակցել մինչև վերջ:

Եվ այնուհանդերձ, պետք է ձգել դադարը` ասելու. Գյումրու դեպքը ձևով «ռուսական», բովանդակությամբ «արևմտյան» էր, կարծես: Քաղտեխնոլոգիաների առումով: Այն անչափ նուրբ ու մանրակրկիտ էր մշակված: Անչա՜փ: Ռուսներն այդքան «նրբագեղ» չեն գործում:

«Կատարողը» ռուսական բանակի ժամկետային զինծառայող էր: Հանցագործությունը ռուսական «մոչիտի» սկզբունքով էր կառուցված` խփել բոլորին: Բանն այն է, որ փափուկ քաղաքականության և մտածելակերպի կողմնակից Արևմուտքը, որևէ երկրում շարժ առաջացնելիս, առաջնահերթ բախումների, սպանությունների չի գնում, թույլ է տալիս գործընթացն ինքնիրեն գլորվի: Հակված եմ նաև այն կարծիքին, որ պրոֆեսիոնալ թիմ է գործել, պրոֆեսիոնալ, լավ հաշվարկված. ոչ մի կերպ հնարավոր չէր, որ նույն բակում գտնվող Ավետիսյանների հորեղբոր աղջկա տանն այդքան կրակոցները չլսվեին: Փոքրիկի` պապի անունը կրող Սերյոժային դանակով «չսպանելն» ու նրան արնաքամ անելը ևս տեխնոլոգիա է եղել, որովհետև հայոց ոգին դա տանել չէր կարող, և այն, ինչ դրված է դրա հիմքում, լավագույնս կաշխատեր միայն այդ դեպքում։

Եվ այնուհանդերձ, այս սարսափելի միջադեպի առնչությամբ ոչ մի կերպ հասկանալի չէ ռուսական կողմի դիրքորոշումը, որով նա գրգռում է առանց այն էլ հավասարակշռությունը կորցրած հայոց դաշտը: Ի վերջո, սա Ղրիմի հարցը չէ, և Ռուսաստանը պետք է մի օր հասկանա, որ իր քաղաքականությունը Վրաստանում իրեն թշնամացրեց վրաց ժողովրդի հետ, և ատելության այն նիշը, որն այսօր առկա է Վրաստանում` Ռուսաստանի հանդեպ, ուղղակի անթույլատրելի է: Ինչո՞ւ է նույն բանն անում Հայաստանում, երբ կարող է օրինակ վերցնել նույն Արևմուտքից և փափուկ քաղտեխնոլոգիա կիրառել, ոչ թե «ևս մեկ անգամ ցավակցել», հազար ու մի պատվիրակ ուղարկել, Գրիբոյեդովի ակումբում «փիքր» անել` ի՞նչ անել, որ ռուս-հայկական բարեկամությունը թշնամության չվերածվի, երբ բանալին կա: Ռուսական մեծապետական ինքնասիրությանը ոչինչ չի լինի, եթե մեր ռազմավարական գործընկերը վերցնի ու մեր հողի վրա մեր տուն ներխուժած հանցագործին «տա» հայաստանյան կողմին, «տակից» էլ ցանկացած հարցով պայմանավորվի նույն ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ական Հայաստանի հետ:

Չի անում: Եվ վերջ: Քանզի զոռբա է ու հերթական անգամ մի վատ բանը լվանում է երկրորդով:

Գուցե դեռ մտածի՞։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ