«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աստված կա, ժամանակ չկա

Աստված կա, ժամանակ չկա
03.10.2014 | 00:55

Ֆիզիկոսները լրջորեն, իրենց ճշմարտության խորին համոզվածությամբ, հայտարարում են, որ ժամանակ գոյություն չունի: Համենայն դեպս՝ Երկրից դուրս: Ժամանակը հնարել ենք երկրաբնակներս՝ ինչ-որ կերպ կարգավորելու մեր կյանքը: Տիեզերքում ժամանակ հասկացություն չկա: Չկա՝ չկա, համարենք, որ մենք տիեզերքից դուրս ենք: Ինքնատիպ ենք: Բոլորս միասին գժվել ենք: Համարենք: Ի վերջո, մեծ, շատ մեծ պայմանականություն է, որ տարին ունի 12 ամիս, 365 օր (չորս տարին մեկ՝ 366), օրը՝ 24 ժամ, մեկ ժամը 60 րոպե է, մեկ րոպեն՝ 60 վայրկյան: Իրապես պայմանական է, եղել են ժամանակներ, որ այսպես չի եղել, բայց մարդկությունը եղել է, ինչ-որ կերպ տարին բաժանել է ամիսների, շաբաթների, օրերի, ժամերի, ու՝ այդպես: Իրենց բազում աստվածների հետ Ժամանակի աստված համարյա բոլոր ժողովուրդներն են ունեցել: Դաժան, վրիժառու աստված է եղել, ոչինչ չի ներել, ոչինչ չի մոռացել՝ ոչ հետ, ոչ առաջ քայլ անել չի թույլատրել: Հայերս չենք ունեցել: Երևի նաև այդ պատճառով ժամանակի զգացողություն չունենք: ՈՒ բոլոր ժողովուրդները բոլոր այդ ժամանակներում միշտ ունեցել են աստվածներ, քաղաքակրթության զարգացման հետ անցել են միաստվածության կամ չեն անցել: Բայց Աստված միշտ եղել է: Իսկ հիմա մենք Աստծո ժամանակ չունենք: Պրագմատիկ ու պրակտիկ ենք դարձել: Աստծուն հիշում ենք, երբ երկրային բոլոր հույսերը մեռնում են, ու երկնայինին ենք ապավինում: Հա, մեկ էլ՝ միշտ հույս ունենք, որ Աստված մեծ է, բարի է, ներող է, կհասկանա, կօգնի, իր ստեղծածն ենք՝ չի թողնի, որ գնանք-կորչենք: Տարիներ առաջ Քուվեյթում Հայաստանի դեսպանին հարցրի՝ ինչո՞ւ մուսուլմանների ալլահը նրանց ամեն տեղ նավթ ու գազ է տվել, մեր Աստվածը մեզ՝ քար ու քռա: Արշակ Փոլադյանը միայն լավ դեսպան չէր, իմաստուն մարդ էր, հարցիս անհեթեթության վրա չծիծաղեց, ասաց. «Հաշվե՞լ ես, օրը քանի անգամ են, որտեղ էլ լինեն, չոքում ու իրենց ալլահին փառք տալիս: Մզկիթում են, մզկիթում չեն: Սոված են, ծարավ, տանը, դրսում, ճանապարհին, ազատության մեջ, բանտում, պատերազմի դաշտում՝ նամազի ժամը նամազի ժամն է: Մոլլայից չեն վախենում, ալլահից են վախենում: ՈՒ իրենց աստվածն իրենց աղոթքի չափով էլ տալիս է»։ Չգիտեմ, գուցե և այդպես է:
Հիմա ո՞ւմ հույսին են հայ առևտրականները: Վարչապետի՞, թե՞ ոչիշխանության: Իշխանությունը բոյկոտում է արտահերթ նիստն ու չի ուզում օրենք փոխել, թեպետ նիստից դուրս քննարկում է: Կյանքի ու օրենքի հակասությո՞ւն է, թե՞ իշխանության ու ժողովրդի: Իշխանությունը միանշանակ ճիշտ է, որ ուզում է առևտրի մեջ կարգուկանոն լինի: Ի՞նչ է նշանակում՝ խանութում հազար տեսակ ապրանք է լինում, բոլորը չեն կարող փաստաթուղթ ունենալ: Իրավականորեն դա անթույլատրելի է: Նաև՝ սպառողի տեսակետից: Անհայտ ծագումով ապրանքը չի կարող որակյալ լինել: ՈՒրեմն՝ այս առումով՝ իշխանությունը չպիտի նահանջի, և փաստաթղթավորումը պարտադիր պայման է: Բայց ինչո՞ւ է այդ կարևոր գործի մեջ ընտրվել հենց այս օղակը: Ինչո՞ւ շղթայի առաջին օղակը մնում է անվերահսկելի՝ ապրանքը երկիր է մտնում մաքսատնից: Կառավարությունը և չի խոստովանում, որ չի ցանկանում խոշոր բիզնեսին վնասել, և չի խոստովանում, որ մանր ու միջին բիզնեսին է դարձնում խոշորի դեմ պայքարի գործիք: Ընդ որում՝ անարդյունավետ: Այս գործընթացը ոչ միայն անվայել է, այլև վտանգավոր: Հարկայինը, որ Հայաստանում որևէ բիզնեսի ու ձեռնարկատիրական գործունեության առաջին թշնամին է, ամենակարճ ժամանակում հացից կտրելու է հազարավոր մարդկանց: Սա ակնհայտ է՝ ինչ էլ ասի վարչապետը՝ հետաքրքրո՞ւմ են իրեն, չե՞ն հետաքրքրում: Օրենքը չի կարող ըստ հետաքրքրության գործել: Ստացվում է, որ արվել է օրենսդրորեն ճիշտ քայլ, բայց սխալ ժամանակում, որովհետև պայմաններ չեն ստեղծվել, որ օրենքը աշխատի: Իսկ հետևանքը լինելու է ոչ միայն հազարավոր աշխատատեղերի կորուստը, այլև ապրանքների թանկացումը: Եթե ամեն ինչ դառնում է օրինական, խոշոր բիզնեսը կորցնելու է իր շահույթի զգալի տոկոսը, որի դիմաց վճարելու է սպառողը: Այս գլուխկոտրուկը ունի շատ պարզ լուծում, այնքան պարզ, որ Հայաստանում անհնար է: Անհնար է, որ օլիգարխները մտնեն հարկային դաշտ իրենց ողջ հաշվապահությամբ: Նաև այն պատճառով, որ նրանք ամբողջությամբ օրինական դաշտում չեն գործում այնտեղ, որտեղից ապրանքները ներկրվում են Հայաստան:

Հովիկ Աբրահամյանը փայլուն գիտի այս արատավոր շղթան, հենց այդ պատճառով էլ գտել է թույլ օղակը, որից կարող է կառչել ու հրաշալի ներկայացնել, թե ինչպես է պայքարում կոռուպցիայի ու ստվերի դեմ, ինչ ջանքեր է գործադրում փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար՝ նվազեցնելով հարկերը, նաև՝ ավելի քան հրաշալի ի ցույց դնելով՝ ինչպես է հարկայինը խեղդում այդ բիզնեսը, նույնիսկ հակառակ իր ջանքերի: Ինչո՞ւ է այս պայքարի մեջ մտնում ոչ իշխանությունը: Ի՞նչ ակնկալիքով: Ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ-ն ցանկացած օրենսդրական նախաձեռնություն տապալելու է, և արտահերթ նիստ չի կայանալու քվորումի բացակայության պատճառով: Նույնիսկ եթե արտահերթ նիստ լիներ, ՀՀԿ-ն էլ գար ու ողջ կազմով ակտիվ մասնակցեր քննարկմանը, «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոխվելո՞ւ էր: Նախ՝ հարց, իսկ ինչո՞ւ թույլ տվեցին ընդունվի, եթե կարող են փոխել: Արտահերթ նիստի հույսեր ներշնչելը, չկատարվող խոստումներ տալը ո՞ւմ են պետք: Հերթական անգամ ցույց տալո՞ւ, որ իշխանությունը ինչ ուզում՝ անում է: Ո՞վ էր կասկածում: Որտե՞ղ է սահմանը՝ իրական պայքարի և պայքարի պատրանքի: Առայժմ միակ իրականը այն մարդիկ են, որ ԱԺ դարպասների առաջ են հավաքվում, բայց նրանք սխալ հասցե են ընտրել: Խորհրդարանում որևէ հարց չի լուծվում՝ ամենափոքրից ու անկարևորից մինչև ամենամեծ ու կարևոր: Վարչապետից հույսները կտրած՝ նրանք Բաղրամյան պողոտա են գալիս, բայց 19-ի փոխարեն 26 պիտի գնան: Եթե ինչ-որ հույսեր դեռ ունեն: Որովհետև Բաղրամյան 19-ում իշխանությունը բոյկոտելու է, ոչիշխանությունը հերոսական պայքարում անձնազոհ պարտություն է կրելու: Իսկ Բաղրամյան 26-ում նրանց կլսեն և հարցին ընթացք կտան ¥հայտնի չէ՝ ինչ ընթացք¤, եթե նրանք ոչ թե հարյուր, այլ հազար, ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի հազարով լինեն ու հստակ ներկայացնեն իրենց պահանջը: Այն, ինչ այսօր պահանջում են տոնավաճառների աշխատակիցները, ցանկացած երկրի վարչապետ ու կառավարություն կմերժեր, բայց և երկար չէր ձգի իր իշխանությունը, եթե խնդրին լուծում չգտներ: Օրինական դաշտում: Հասարակության օգտին: Հարցը, ցավոք, ի սկզբանե տնտեսագիտության հետ կապ չուներ, հարցը քաղաքական լուծում է պահանջում: ՈՒ նույնիսկ զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանի պես փորձառու բիզնեսմենը խրվեց այս խնդրի մեջ՝ լավ իմանալով ներքին խոհանոցը և քաղաքական կոնյունկտուրան: Հավանաբար նա ընտրել է վարչական մեխանիզմներով լուծման տարբերակը՝ չհաշվարկելով հակահարվածի ռեալ ուժը: Թերագնահատելով հակահարվածը, կամ՝ այլ մեթոդներով բողոքողների հետ հարցերը լուծելու իր նախասիրությանը ապավինելով: Կարողացավ, չէ՞, կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի համար «պարտադիր, բայց չպարտադրված» ելք գտնել: Իրավացիորեն դեմ էին, իրենց գրպանից դուրս էին հրավիրում, բայց գործեցին վարչահրամայական մեթոդները, և պետական սեկտորը հնազանդվեց՝ աշխատանքը կորցնելու սպառնալիքով, իսկ մասնավորը մենակ մնալով՝ կորցրեց պայքարի ուժը: Պետությունը կողոպտում է իր քաղաքացուն, և քաղաքացին որևէ ատյանում արդարության վերականգնման շանս չունի: Կամ պիտի հարմարվի, կամ ընտրի կողոպուտի իրեն հասանելի ձևերը: Սա իրավական պետության ուղղակի հերքումն է: Բայց սա մեր կյանքն է: Մեր առօրյան, որի մասին բարձր ու ազդեցիկ ամբիոններից ոչ ոք չի խոսում: Իշխանության ու հասարակության խզումը շերտ-շերտ կուտակվում է ամեն օր ու ամեն տեղ՝ երբ դեղատներից անհետանում են դեղերը, իսկ եթե հայտնվում են նորից, կրկնակի գնով, երբ սննդամթերքի գինը նկատելի չի ավելանում, բայց պակասում է քաշը՝ սկսած հացից, վերջացրած կաթնամթերքով, որ արդեն հազվադեպ է թարմ: Երբ հիվանդանոցը հայտարարում է բաց դռների օրեր ու անվճար վիրահատություններ շտապ օգնությամբ բերված հիվանդների համար, բայց շտապ օգնությամբ հիվանդանոց հասցրած հիվանդը ինֆարկտից մեռնում է, որովհետև չեն ուզում ձրի վիրահատել ու ախտորոշում են ստամոքսի խանգարում: Երբ տոկոսներով ու թվերով աշխատավարձերը թղթի վրա բարձրանում են անշեղ, իսկ իրականում՝ կամ չեն բարձրանում, կամ մի քանի հազարով, որ ծաղր է, երբ համեմատում ես կոմունալ ծառայությունների վճարների աճի հետ: ՈՒ՝ այսպես:
Ժողովրդավարական պետության մեջ իրավիճակ փոխելու համար դարեր առաջ դեռ հնարվել են իշխանությունն ու ընդդիմությունը, որպեսզի այն, ինչ չի կարողանում կամ չի ցանկանում իշխանությունն անել, իսկ ընդդիմությունն ունի ծրագրեր ու մեխանիզմներ է առաջարկում, ընտրությունների ժամանակ գա իշխանության ու անի: Ինչքան պարզ է, չէ՞, ամեն ինչ: ՈՒ ստեղծվել են կուսակցություններ, որպեսզի միասին ծրագրերը մշակվեն, նոր գաղափարներ, նոր ելքեր, նոր լուծումներ գտնվեն: Միասին: Բայց դա տեսություն է, իսկ գործնականում ներքին ու արտաքին պատճառներով իշխանությունը սեփականում է կառավարման ֆունկցիան՝ թիկունքում ունենալով վարչական ռեսուրսներ, արդարադատության՝ գործադիր իշխանությանը ենթարկվող համակարգ, իշխանությանը թիկնապահի ծառայություններ մատուցող ոստիկանություն, բանակ, որ կարող է օգտագործվել ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ բնակչության, ստվերային ֆինանսներ, հետևանքը՝ ընդդիմությունը վերասերվում է՝ դառնալով իշխանության կցորդը և սպասարկելով նրա շահերը: Լավագույն դեպքում: Կա ավելի վտանգավոր տարբերակը՝ ապավինում է դրսի ուժերին ու սպասարկում ուրիշ պետության շահը՝ սպառնալիք դառնալով ոչ միայն պետության համար, այլև պետականության: Եվ այդ դեպքում նրանք առաջադրում են արդար պահանջներ ու բարձրացնում են ճիշտ խնդիրներ, փայլուն ելույթներ են ունենում, հուզիչ ու համոզիչ, բայց ամեն ինչ Ա կետից մինչև Բ կետը, Գ կետը հասնելու իրավունք չունեն՝ դրսի տերերը թույլ չեն տա: Կամ էլ՝ Ա կետից Գ կանցնեն, եթե հրահանգ է եղել: Ի վերջո նրանք դառնում են ավելի վատը, քան իշխանությունը: Եթե իշխանության հետ հույսեր կապելն անիմաստ է, ընդդիմության հետ հույսեր չկապելը հուսահատության վերին եզրն է: Եթե իշխանությունը վաղուց արդեն չի ձևացնում, ընդդիմությունը շարունակում է սին հույսեր, սուտ պատրանքներ պարգևել՝ ինքն էլ պատկերացում չունենալով՝ ինչի համար: Ասված է՝ այդպես է պետք, ուրեմն՝ պետք է: Կարող է պետք գալ: Կարող է պետք չգալ: Բոլոր դեպքերում շահավետ գործարք է: Ոչ միայն ֆինանսական առումով: Այլև՝ քաղաքական: Նույնիսկ եթե պարտվում ես, քո պարտություններով հաստատում ես, որ կաս, գործում ես, կարգավիճակ ու վարկանիշ ունես: Կարող է ստեղծվել համապատասխան իրավիճակ ու X պահին Y-ը մտնի խաղի մեջ և ստանա Z փոխհատուցումը՝ ֆինանսական, քաղաքական, մարդկային: Չի ստեղծվի՝ չի ստեղծվի, միևնույն է, խաղի մեջ ես, պահեստում ես պահում քո X, Y, Z հնարավորությունները: Ոչ միայն շահավետ է, այլև ձեռնտու՝ ոչնչի համար պատասխանատու չես. որոշումը դու չես ընդունում, սխալվելու ու չսխալվելու խնդիր չկա, կա հրահանգ, իսկ դու կուսակցության զինվոր ես, ու խրամատդ քեզ է սպասում: Կստացվի՞՝ քեզ պատիվ կտան ու թիկնապահով ման կգաս, չի՞ ստացվի, բայց դու ի՞նչ անես, որ իշխանությունը ավելի լավ է աշխատում քո դրսի պետերի հետ, քան դու: Միևնույն է, դու քոնը արդեն ստացել ես՝ դու ալիքի վրա ես, դու հանրահավաքներ ես անում, ժողովուրդ ես հավաքում ու պետք լինի՝ իշխանափոխության կոչ կանես, պետք չի լինի, 12-ից դուրս մի քանի կետեր պահեստում կան, մեջտեղ կբերես: Կյանքը շարունակվում է, կյանքը միշտ հետաքրքիր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ժողովո՞ւրդը: Հարցը սխալ է: Չկա նման հարց: Հնարված է: Որովհետև նույն այդ իշխանությունը, ստվերում բարգավաճող օլիգարխները, դատավորները, դատախազները, ոստիկանները, սպաները, զինվորները, հարկային բեռից կամ անօրինականություններից բիզնեսը կորցնող ձեռնարկատերերը, ընդդիմադիրները, բժիշկները, հիվանդները, գործազուրկները, ուսուցիչները, դասախոսները, ուսանողները, աղանդավորներն ու հավատացյալները հենց ժողովուրդն են:
ՈՒ՝ հիշում ենք Աստծուն, որ չգիտես ինչու, մեր ոչ բոլոր ցանկություններն է կատարում, ոչ ամեն պահ է մեր կողքին ու տալիս է ունեցողին, վերցնում չունեցողից: Մեր գնահատականով: ՈՒ թող որ ժամանակը հնարել ենք երկրաբնակներս, չի նշանակում, որ ժամանակը պետք է սպանենք հին սխալների նոր կրկնությամբ: Նույնիսկ եթե ժամանակ չկա, Աստված կա:

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ