«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շրջանառության հարկի ու շրջանառվող հեղափոխության մասին

Շրջանառության հարկի ու  շրջանառվող հեղափոխության մասին
03.10.2014 | 00:52

Չալարեցի, կարդացի ծայրից ծայր ԱԺ արտահերթ նստաշրջանում հունիսի 19-ին «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման սղագրությունը: 37 էջ` հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից մինչև հարցեր տվող Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան, Հակոբ Հակոբյան, Վահրամ Մկրտչյան, Վարդան Այվազյան, Արծվիկ Մինասյան, Լևոն Զուրաբյան, ելույթներ ունեցող Միքայել Մելքումյան, Վարդան Այվազյան, Խոսրով Հարությունյան, Արծվիկ Մինասյան, խմբակցության տեսակետ ներկայացնող Միքայել Մելքումյան ու Վահրամ Բաղդասարյան: Ազգանունների կրկնության մեղավորը ԱԺ կանոնակարգը չէ, կանոնակարգը չի պարտադրում, որ խմբակցության տեսակետները ներկայացնեն նույն պատգամավորները կամ միայն երկու խմբակցություն տեսակետ ունենա։ Ստացվում է՝ 10 հոգով քննարկել են, հետո քվեարկությամբ ընդունել: Արտահերթ նստաշրջա՞նն է պատճառը, որ ընդամենը 9 պատգամավորի է հետաքրքրել հարցը: Ո՞Ւր էին մյուսները: Եթե խորհրդարանական չորեքշաբթին նիստերից դուրս ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցությունում այս հարցին փորձում էր պատասխանել ու չստացվեց, ՀՀ վարչապետը միանգամից փակեց շրջանառության հարկի ու շրջանառվող հեղափոխության թեման։ Սլացիկ փակեց: Բոլորին բաժին հասավ՝ թե «լկտի պատգամավորներին», թե քննարկումներ կազմակերպել չկարողացող ԱԺ նախագահին, թե եռյակված ոչիշխանությանը, թե, վերջապես, ժողովրդին: Պերճախոս էր վարչապետը. «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգներին, հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, կամ երկրի ղեկավարին կամ վարչապետին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել: ՈՒզում եմ բոլոր պատգամավորներին հրավիրել չափի մեջ, կոռեկտության մեջ, իրենց պահվածքով նաև հարգել գործադիր մարմնին: Եթե չէ` մենք բազմաթիվ ձևաչափերում կարող ենք լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում»: Թե ինչպես պետք է վարչապետը օպոնենտվի, ասենք, Լևոն Զուրաբյանի կամ Նաիրա Զոհրաբյանի անձնական կյանքին, հայտնի չէ, բայց հայտնի է, որ «Ձեր կեցվածքն ինձ համար անհասկանալի է: Այդ խոսելու ոճը դուք փողոցից եք բերել այս դահլիճ, երբ ես ԱԺ նախագահ էի, նման ոճ չկար: Հիմա այդ ոճը՝ պահանջատիրական, մեզ փողոցով վախեցնելն այս դահլիճում ընդունելի չէ, կարող եք տանել, որտեղ ձեզ հարմար է, այնտեղ քննարկեք: Դուք այս ժողովրդի մասին մտածող եք, իսկ կառավարությունը` ո՞չ: Սխալվում եք` մենք ենք մտածում, դուք չէ: Միտինգ անելով, հավաքներ անելով՝ երկրի հարց չեք լուծում: Ժողովուրդը մեզ ընտրել է, որ մենք գործ անենք այս երկրի համար: Հիմա դուք ուզո՞ւմ եք գործ անեք, թե ոչ. խոսքս ուղղում եմ նաև քառյակին: Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, դուք ցանկություն չեք հայտնում քննարկելու: Բա ձեր ցանկությունն ի՞նչն է, ի՞նչ եք ուզում, որ էս երկրում իշխանափոխություն ու հեղափոխությո՞ւն լինի։ Չի լինելու, երկրո՞րդ Մարտի 1 եք ուզում այս երկրում ունենալ»: Սա «օպոնենտության» սպառնալիք էր ոչ միայն քառյակին: Համոզիչ էր Հովիկ Աբրահամյանը, համոզիչ ու հմայիչ՝ ինչպես միշտ, բայց և ինչպես միշտ՝ մոռացկոտ: Նա հիշում է ուրիշների, բայց ոչ իր անելիքները՝ խոստումների տեսքով շարադրված: Համենայն դեպս՝ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:
Թեպետ քառյակն իր 12 պահանջներին հոկտեմբերի 1-ին կառավարությունից պատասխան ստացավ՝ կետ առ կետ: «Բարի ցանկություններ» և «անիրատեսական պահանջներ» համարելով հանդերձ: Եթե հակիրճ՝ կառավարության կարծիքով՝ պահանջների մի մասն իրագործվել է, մնացյալին ժամանակ է պետք։ Եթե ավելի հակիրճ՝ կառավարությունը մերժեց քառյակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փաստորեն վարչապետը երկրի ներսում շարունակեց «գրողի ծոցն» ուղարկելու նոր հայտարարված քաղաքականությունը: Բոլորին: ՈՒ` մինչև ե՞րբ:

Դիտվել է՝ 1467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ