«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ժամանակն է լինելու ոչ միայն բարեկամներ, այլև լավ բարեկամներ

Ժամանակն է լինելու ոչ միայն  բարեկամներ, այլև լավ բարեկամներ
15.07.2014 | 00:29

Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի բավականին երկարատև հարաբերությունների պատմության մեջ եղել են բազում բարդ, երբեմն պարզապես ողբերգական էջեր. «Ափիոնային պատերազմները», անգլիական առևտրական ընկերությունների ստորացուցիչ ու կողոպտիչ պարտադրանքները, Բռնցքամարտիկների արյունոտ ապստամբությունը, Հոնկոնգի օկուպացիան: Այս ամենը, սակայն, հեռու անցյալ է: Հիմա երկու երկրների հարաբերությունները, ինչպես հայտարարեց ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը, «երկու խոշորագույն տնտեսությունների և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների հարաբերությունները ոչ միայն երկու երկրների զարգացման համար նշանակություն ունեն, այլև ունեն գլոբալ ազդեցություն»: Անցած տարվա դեկտեմբերին, փորձագետների գնահատականով, տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի շատ հաջող այցը Պեկին, վերջերս Մեծ Բրիտանիայում էր ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանը: Այցից հետո մամուլում հայտնվեցին վերնագրեր` «Չինաստան և Մեծ Բրիտանիա. վերստին միասին»: Ճիշտ է, առայժմ հարցականով: Հավանաբար այն պատճառով, որ լավատեսություն առաջ էլ կար, սակայն սկսվող «չին-բրիտանական հարաբերությունների զարթոնքը» հիմնովին սառեցվեց, երբ Լոնդոնը ջերմ ընդունելություն ցույց տվեց Դալայ լամային 2012-ին:
Այս անգամ ՉԺՀ պետական խորհրդի նախագահի այցը բավականին խոստումնալից էր և նորից մասնագետներին հիմք տվեց հուսալու, որ երկկողանի հարաբերությունները լավ մեկնարկ են վերցրել ու խորանալու են ի շահ երկու երկրների: Ճիշտ է, Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանը Լի Կեցյանի այցի նախօրեին շարունակ կրկնում էր, որ ՉԺՀ-ի համար Եվրոպան «Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան» է` ակնարկելով գերակայությունների հենց այդ հերթականությունը: Սակայն, հիշելով նախկինում կորսված հնարավորությունները, չին դիվանագետը առաջարկեց այլ դասավորություն` «Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա»: Լրագրողներին նա հայտարարեց, որ, համենայն դեպս Պեկինի իշխանությունների գնահատականով, Մեծ Բրիտանիան հետ է մնում Գերմանիայից ու Ֆրանսիայից Չինաստանի հետ համագործակցության ասպարեզում: Իրոք, Բրիտանիայի ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ ավելի քիչ է, քան Չինաստանի ու Եվրոպայի երկու մեծ պետությունների:
Դեսպանի խոսքում, թերևս, խորամանկություն կար, և ֆինանսական տեսակետից Չինաստանը նույնքան ունի Մեծ Բրիտանիայի կարիքը, որքան Մեծ Բրիտանիան` Չինաստանի: Պեկինը շարունակում է իր ազգային հարստության հնարավորինս մեծ մասը արդյունաբերական ռեալ ակտիվներում ներդնելու հնարավորություններ որոնել արտասահմանում: Օրինակ` մասնաբաժիններ ձեռք բերելով արևմտյան էներգետիկայի ոլորտում, ֆինանսավորելով ընկերություններն ու ավելի փոքր ձեռնարկությունները: Բայց Չինաստանը բախվել է էական խոչընդոտի Եվրոպայում իր ներդրումների ճանապարհին: Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստ են գնելու և վաճառելու չինական ապրանքները, բայց նրանք կայուն անտարբեր մնացին չինական սեփականության և ներքին ակտիվների նկատմամբ: ՈՒ ճիշտ ժամանակին հայտնվեց Մեծ Բրիտանիան: Չինական ներդրումային կորպորացիան` երկրի բարեկեցության հիմնական հիմնադրամը, արդեն ունի «Հիթրոու» օդանավակայանի բաժնետոմսերի կոնսորցիումում իր 10 %-ը, նույնքան բաժնետոմսեր ունի ThamesWater Utilities Limited ընկերությունում: Չինացիներն արդեն ներդրումներ են արել Մանչեստրի օդանավակայանի վերազինման մեջ: Չինական միջուկային ընկերությունները կստանան բաժնետոմսերի 40%-ը կոնսորցիումում, որ զբաղվելու է Հինկլի Պոինտի նոր ատոմակայանի շինարարությամբ Սոմերսեթում: Էներգետիկայի ոլորտում նոր գործարքներ կկնքվեն: «Ժառանգություն» հիմնադրամի հաշվարկներով` չինական ներդրումները Մեծ Բրիտանիայում կկազմեն 19 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեծ Բրիտանիան այս անգամ էլ չին վարչապետի այցից սպասում էր նոր համաձայնագրեր ու ներդրումներ, և բարձրաստիճան հյուրն արժանացավ ամենաջերմ ընդունելության: Բրիտանական թերթերի վերլուծաբանները նույնիսկ նկատեցին, որ ձգտելով ամրապնդել տնտեսական կապերը` քաղաքական գործիչները պատրաստ են բանակցություններում չքննարկելու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները Չինաստանում և այլ, հյուրի համար ներքին քաղաքականության զգայուն, խնդիրներ: ՈՒստի վարչապետ Լի Կեցյանի այցը իրոք բոլոր շանսերն ուներ պատմական դառնալու ՉԺՀ-ի ու Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններում:
Երկու վարչապետների քննարկած թեմաներում հարցերի տնտեսական բլոկը ներառում էր բանակցությունները ատոմային էներգետիկայի, արագընթաց երկաթուղագծերի ու նրանց ենթակառույցների, ֆինանսների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցերը: Մյուս կարևոր թեման Լոնդոն Սիթիինն էր` իբրև չինական ազգային տարադրամի` յուանի վաճառքի եվրոպական կենտրոնավայրի: Ակնկալվում է, որ չինական խոշոր առևտրային բանկերը մասնաճյուղեր կբացեն Լոնդոնում, իհարկե, Միացյալ Թագավորության կողմից ֆինանսական կանոնների փոփոխությունից հետո: Առաջընթաց գրանցվեց Չինաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման հարցում: Հեռանկարային նախագծերից է համարվում 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի (5 միլիարդ ԱՄՆ դոլարի) ներդրումը Մեծ Բրիտանիայի մի քանի օբյեկտների վերազինման մեջ` չինական խոշորագույն շինարարական Dalian Wanda կորպորացիայի կողմից, որ գլխավորում է Չինաստանի ամենահարուստ մարդը` Վան Ցզյանլինը: Դևիդ Քեմերոնը հայտարարեց. «Երբ ես հանդիպեցի Վան Ցզյանլինին վերջերս Չինաստան կատարած իմ առևտրական այցի ժամանակ, նրան առաջարկեցի լրացուցիչ ներդրումներ անել մեր տնտեսության մեջ: Այսօր ես ուրախ եմ, որ Dalian Wanda-ն արձագանքեց իմ կոչին: Դա մեզ թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել և դա հրաշալի օրինակ է` ինչպես մենք կարող ենք օգուտներ քաղել արտասահմանյան ներդրումներից»: Օրինակ, «Լոնդոնի հրեշներից» մեկը` լքված ջերմաէլեկտրակայանը, Battersea կենտրոնական շրջանում չինացիների շնորհիվ կվերածվի առաջնակարգ բնակելի տարածքի: Երկու երկրների համագործակցության ամրապնդման կարևորագույն քայլերից մեկը դարձավ բրիտանական նավթագազային BP ընկերության և Չինաստանի միջև պայմանագիրը` Չինաստան հեղուկ գազի արտահանման վերաբերյալ: Պայմանագիրը կգործի 20 տարի, մատակարարվող գազի գինը կկազմի 20 միլիարդ դոլար: Բացի այդ, ռազմավարական համագործակցության համաձանագիր կնքվեց չինական շելֆի նավթային կորպորացիայի հետ, որը նախատեսում է գազի համատեղ արդյունահանման նախագծերի մշակում Հարավ-չինական ծովում և թերթաքարային գազի արդյունահանում Չինաստանում:
Ակնկալվում է, որ 2015-ին Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև ապրանքաշրջանառությունը կկազմի ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար: Հիմա առևտրի ծավալով Մեծ Բրիտանիան ԵՄ երկրներից Չինաստանի երրորդ գործընկերն է: Չինաստան-ԵՄ ընդհանուր առևտրական հաշվեկշիռը 2013-ին եղել է 428,1 միլիարդ եվրո կամ 580 միլիարդ ԱՄՆ դոլար, որից ավելի քան 50 միլիարդ եվրոն Մեծ Բրիտանիայինն է: Լոնդոնը Արևելքի ներդրողները դիտարկում են իբրև իրենց ֆինանսների անվտանգ ու կայուն ապաստան: Մեծ Բրիտանիայի տնտեսությունը, որ մի քանի տարի դժվարությունների մեջ էր բանկային ճգնաժամի պատճառով, ալիքի վրա է մնում Մալայզիայից, Կատարից ու Չինաստանից ներդրումների շնորհիվ նաև:
Այնուամենայնիվ, հազիվ թե Մեծ Բրիտանիան պատրաստ էր ամեն ինչ անել` միայն թե չինական ներդրումները ստանար: Ավելի շուտ Չինաստանը ճիշտ պահին որսաց գործընկերոջ պահանջները և կարողացավ օգուտ քաղել: Երկու երկրների հարաբերությունները հիմնված են հստակ ու փոխադարձ տնտեսական շահի վրա: Լի Գանը` Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայից, կարծում է, որ այս իրավիճակում կա երկու կողմերի շահագրգռվածությունը. «Չինաստանը բարձր տեխնոլոգիաների և ուրբանիզացիայի ու ինդուստրացման հարցերում բրիտանական դրական փորձի կարիքն ունի: Տարեցտարի հնացող ենթակառույցների առկայությամբ Մեծ Բրիտանիան իր հերթին շահագրգռված է չինական ներդրումներով և ժամանակակից ենթակառույցների շինարարության տեխնոլոգիաներով: Բրիտանական ու չինական տնտեսությունները հիանալի լրացնում են միմյանց, և համագործակցության ներուժը անհավանական մեծ է»: Շանհայի Ֆուդան համալսարանից Ցզյան Ցզյունբոյի կարծիքով` Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կարող են հավասարակշռել Չինաստանի հարաբերությունները Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ և դրական դեր խաղալ ԵՄ-ի հետ բանակցություններում` ապահովելով ազատ առևտրի գոտու ստեղծումը և եվրոպական շուկաներ առանց խնդիրների ելքը: Էկոնոմիկան, սակայն, երկու երկրների փոխադարձ հետաքրքրությունների միակ ոլորտը չէ: Լի Գանը նշում է, որ «Մեծ Բրիտանիան իբրև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ և ԵՄ առանցքային երկրներից մեկը` Չինաստանի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային քաղաքականության, տնտեսության ու մշակույթի վրա ներգործելու տեսակետից»: Միջազգային ասպարեզում այսքան կարևոր խաղացողի հետ համագործակցությունը կարող է օգնել Չինաստանին ամրապնդելու իր դիրքերը և հասնելու կայուն ու բարյացակամ վերաբերմունքի, որ անհավանական կարևոր է իր հաստատուն զարգացման համար: «Միջազգային քաղաքականության հարցերում լինելով պրագմատիկ` Մեծ Բրիտանիան կջանա Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնել այնպես, որ արագ մոռացության մատնվեն «վեճը» և «սառը պատերազմը», որ հաջորդեցին Դալայ լամայի այցին»,- նշում է Ցզյան Ցզյունբոն և հավելում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում առճակատմանը պիտի փոխարինի երկխոսությունը:
Չին-բրիտանական հարաբերությունների նոր փուլի սպասումներում և Չինաստանի, և Մեծ Բրիտանիայի քաղաքագետներն ու փորձագետները համակարծիք են, որ համագործակցությունն ու բոլոր մակարդակներում փորձի փոխանակությունը վերընթաց կորով են զարգանում: Եվ հիմա խնդիրը նոր բարեկամ ու նոր գործընկեր ձեռք բերելու հնարավորությունը չկորցնելն է, «ժամանակն է լինելու ոչ միայն բարեկամներ, այլև լավ բարեկամներ»: Եվ իհարկե, ընդհանուր շահերով ու խնդիրներով միավորված կողմերի համար բոլորովին պարտադիր չէ ամեն ինչում միմյանց հետ համաձայնել, առավել ևս` միանման մտածել ու գործել:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ