ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սակրալ նշանակությամբ բանաձևերի մեկնակետը

Սակրալ նշանակությամբ  բանաձևերի մեկնակետը
10.09.2013 | 01:10

Մի քանի տարբերակներ, որոնցից կարող եք ընտրել Ձեր ցանկացածը:
1.Դուք չեք ցանկանում ամուսնանալ, բայց Ձեր ունեցվածքը (ասենք, անշարժ գույքը` բնակարանը) չափազանց պետք է մեկին, ով ուղղակի պարտադրում է Ձեզ: Դուք ունեք նաև այլ փեսացու, որ ոչինչ չի պարտադրում, բավականաչափ դաստիարակված ու քաղաքակիրթ է իբրև ամուսին Ձեր վզին փաթաթվելու համար, նրա հետ կյանքը կլինի դժվար, որովհետև նա ունի սկզբունքներ, ինքնավստահ է ու ինքնահավան: Դուք չեք ուզում ամուսնանալ, թեպետ ուզում եք, որ Ձեզ շահեն-պահեն, պաշտպանեն, ոչ աշխատանք ունեք, ոչ ապրուստի ուրիշ միջոց, ոչ էլ ընկեր-բարեկամ, որ մտահոգ են ձեզնով: Սեր ընդհանրապես չկա, խոսքը հաշվարկի մասին է` մի քիչ տանուլ ես տալիս, մի քիչ շահում ես: Շուրջբոլորն էլ ընկած համոզում են, որ ճիշտն ամուսնանալն է, ու Դուք առանձնապես բծախնդիր լինելու տեղ չունեք` ոչ ժառանգություն (ասենք, գազ ու նավթ) ունեք, ոչ գեղեցկություն (ասենք, ծով ու ճանապարհ), ոչ խելք (ասենք, հաջող հարևաններ), ոչ էլ բախտ (ասենք, ձեր երկրում միշտ արևային եղանակ է): Ի՞նչ եք անում Դուք: Դուք հայտարարում եք, որ ամուսնանում եք շատ հարուստ, բայց աչքը ձեր տանը տնկած փեսացուի հետ, նշանվում եք կախ սրտով ու անմիջապես նշանդրեքի օրը հայտարարում եք մյուսին` ամուսնանում եմ, բայց սրտով քեզ հետ եմ, սպասիր ինձ, մի քիչ խաղամ, հետո կգամ: Ամուսնական դավաճանության նախադեպն աչքի առաջ` Ձեր նշանածը Ձեզ արգելում է, իրենից բացի, որևէ մեկի հետ շփվել, Ձեզ տալիս է օրապահիկ ու ասում է` ինձ ընդհանրապես դու պետք չես, տունդ է պետք, ուզում ես` գնա, ուզում ես` մնա, մեկ է, ավելին չեմ տալու, ուրիշին էլ քեզ մոտ չեմ թողնելու: Հարմարվի` ապրի: Չնվնվաք, երբ Ձեզ ասում էին` սովորի, չէիք լսում, այդպես էլ մինչև հիմա իրարից չեք տարբերում ֆլամենկոն ու ֆլամինգոն, տենդերն ու գենդերը, սիեստան ու ֆիեստան, հունիսն ու հուլիսը: Երբ ասում էին` աշխատիր, գլուխ էիք պահում, սպասում էիք` ով ինչ կտա: Ասում էին` կյանքը մի օրով չի, վաղվա մասին մտածիր, թաքնվում էիք անցյալի մեջ, թե միշտ էլ այսպես է եղել: Հիմա ո՞վ է մեղավոր, որ Ձեզ Ձեր տանը պատանդ են պահում: Դե նստեք ու երազեք, թե սպիտակ ձիու վրա կգան Ձեր հետևից ու ձեզ կտան դրախտի դռան բանալիները: Մեղադրեք հարևաններին, բարեկամներին, թշնամիներին, մեկ-մեկ էլ անիծեք ու հայհոյեք ¥սրտի հովանք է¤, ի՞նչ է փոխվելու: Երազեք պոլիգամիա` անվանեք փոխլրացում, բալանսավորված քաղաքականություն, անվանեք ճգնաժամ, Ձեր փեսացուն Ձեզնից ստացել է, ինչ իրեն պետք էր, իսկ նա, ում մերժել եք, հաստատ մենաստան չի գնա, աշխարհում հարսնացուների պակասից երկրաշարժ չի լինում: Այս պատմությունը Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Իսկ Դուք նստել եք տանը ու սպասում եք, թե երբ է գալու վաղվա օրը, որովհետև Ձեզ ներշնչել եք, որ հույսի ու հավատի մթնոլորտն է Ձեր փրկությունը: Դուք սիրում եք ինքնախաբեություն: Այդպես հեշտ է ապրելը:
2.Դուք չեք ուզում ամուսնանալ, բայց գիտեք, որ անխուսափելի է: Փեսացուների առատությունից չեք տառապում, ընտրությունը մեկից մինչև երեք հաշվարկն է: Սեր չկա, ու չկան զանազան կապվածություններ, մերկ հաշվարկ է` թե Ձեր, թե Ձեր ձեռքը հավակնողների կողմից: Պարտավորվածություն էլ չկա: Համարյա երանելի վիճակ է: ՈՒմ էլ ընտրեք, Ձեզ համար մեկ է: ՈՒ Դուք փնտրում եք ճիշտ ընտրության չափանիշ: Եթե Ձեզ համար մեկ է, ո՞րն է լինելու որևէ մեկին ընտրելու դրդապատճառը: Տարբերակ չկա` Դուք մտածում եք, թե ում ընտրելու դեպքում առավելը կունենան Ձեր զավակները: Ձեզ կարող են առաջարկել հարստություն, փառք, իշխանություն: Կարող են առաջարկել խելք, զարգացում, առաջընթաց: Առաջինը, իհարկե, կընտրեք` կյանքը կարճ է, և անհեթեթ է հրաժարվել վայելքներից, բայց ի՞նչ կմնա Ձեր հարստությունից, փառքից ու իշխանությունից Ձեր որդուն ու դստերը: Պատմական անցյա՞լ: Մխացող հիշողությո՞ւն: Ոչի՞նչ: Երկրորդը ընտրելու դեպքում կրակն եք ընկնելու` խելոքներին ոչ ոք չի սիրում, նրանցից վախենում են ու հնարավորն անում են, որ նրանք մնան մենակ, զարգացումն անդուլ աշխատանք է` ստատիկ վիճակների փոփոխությունը մարդկությունը ծանր է տանում, որովհետև վարժվել է հնին, ու նորը, ով գիտի, ինչ է լինելու, Դուք միանշանակ փորձությունների միջով եք անցնելու, ու ոչ մի երաշխիք, որ հասնելու եք Ձեր նպատակին:

Հասա՞ք, հասնելու եք բոլորովին այլ կետի, որ վկայում է առաջընթաց: Դուք դառնալու եք կամուրջ` Ձեր զավակների անցնելիք ճանապարհի համար: Առանց Ձեզ` նրանք սկսելու էին 0 կետից կամ նույնիսկ այլ ճանապարհով էին գնալու` ով գիտի ուր: Ի՞նչ եք անում: Որոնո՞ւմ եք երրորդ տարբերակը: Երկուսին էլ մերժում եք ու ընդհանրապես որոշում եք երեխա ունենալ ժամանակակից բժշկությա՞ն հաշվին: Բայց ինչպես էլ նա ծնվի, եթե ապրի, Դուք եք պատասխանատու նրա կյանքի մեկնարկային պայմանների համար: Այս պատմությունը Ձեզ ի՞նչ է հիշեցնում:
3. Իսկ ինչո՞ւ չեք ուզում ամուսնանալ: Սկսենք սկզբից: Ի՞նչը չստացվեց ձեր դեպքում, որ կյանքի բնական ընթացքը Ձեզ համար փոխվեց: Ձեզ ասում էին, որ ժամանակն էլ հայրենիք է, Դուք ժպտում էիք, որովհետև խորապես համոզված էիք, որ հայրենիքի առաջին հայտանիշը տարածքն է, երկրորդը` բնակչությունը, երրորդը` լեզուն, որով խոսում ու միմյանց հասկանում են այդ բնակչությունը կազմող մարդիկ, մեծահոգաբար մեկ-երկու այլ հայտանիշներ էլ էիք ընդունում, բայց բոլորը շոշափելի, տեսանելի, ֆիզիկապես գոյություն ունեցող, իսկ ժամանակը գոյություն էր, որ ոչ կտեսնես, ոչ կշոշափես, առավելագույնը` կզգաս, որ այլևս չկա: Այդպես Դուք կորցրիք ժամանակը: Ձեզ ասում էին, Դուք ի՞նչ էիք անում: Վատնում էիք ժամանակը ուրիշների վրա: Ահա և վերադառնում է բումերանգը, ու կորցրած ժամանակի դեմ հանդիման Դուք հարկադրված եք անել այն քայլերը, որ ոչ թե ինքներդ եք ուզում, այլ ձեզնից են ուզում: Հիանալի իմանալով, որ 2+2= 4-ի, Դուք հիմա հարկադրված եք ընդունել պատասխանների այն անվերջությունը, որ Ձեզ կթելադրեն, և հարկադրված եք այնպես ժպտալ, ասես ինքներդ եք այդ գյուտն արել: Ընդունեք, որ սա ոչ միայն Ձեր անձնական, այլև միանգամայն ընդհանրական պատմություն է:
ՈՒ ի՞նչ եք անում այս երեք տարբերակների դեպքում: Տարբեր ելակետերով ու նույն վերջակետով այս տարբերակները փոփոխության միայն մեկ հնարավորություն ունեն, եթե Դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ: Իսկ եթե ոչ, սկսում եք «ա» կետից` ապահովեք Ձեր անկախությունը: Մնացած բոլոր դեպքերում Դուք երբեք չեք կարող ասել, որ 2+2=4-ի, իսկ դա սակրալ նշանակություն ունեցող բանաձև է ոչ միայն մաթեմատիկայում: Դա սակրալ նշանակությամբ բանաձև է ինքներդ Ձեզ հետ հարաբերություններում: Աշխարհի հետ Ձեր փոխհարաբերություններում: Ժամանակի հետ Ձեր հարաբերություններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Երբ սկսեք տարբերել ֆլամենկոն ու ֆլամինգոն, տենդերն ու գենդերը, սիեստան ու ֆիեստան, հունիսի ու հուլիսի դեպքում չշտապեք: Եթե այս ամենը Ձեզ համար արդեն պարզ ու հայտնի է, անցնենք առավել պարզին ու առավել հայտնիին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է Դամասկոսի մերձակայքում կառավարական զորքերի կողմից քիմիական զենք օգտագործելը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ քիմիական զենքի օգտագործման պատճառով 1,4 հազար մարդ է զոհվել, ու նրանց մահը չի կարելի անպատիժ թողնել: Ծրագրված է եռօրյա օպերացիա, որը կարող է երկարաձգվել: Պենտագոնը մտադիր է հզոր հարված հասցնել նավերից ու ռմբակոծիչներից 50 նպատակակետի ¥այս ցանկը դեռ կավելացվի: Սեպտեմբերի 11-ին ¥ԱՄՆ-ի համար սեպտեմբերի 11-ը արդեն սակրալ նշանակություն է ստանում¤ Սենատը կքննարկի Սիրիայի վերաբերյալ բանաձևը, որը նախատեսում է եռօրյա հրթիռակոծություն կանխորոշված կետերին: 100 սենատորներից ռազմական միջամտությանը կողմ են 25-ը, դեմ` 20-ը, 55-ը դեռ չեն որոշել: 435 կոնգրեսականներից 24-ը կողմ են, 123-ը դեմ, 288-ը դեռ մտածում են: Նախագահ Օբաման որոշել է: Նա միայն սպասում է խորհրդարանականների հետ իր քայլի պատասխանատվությունը կիսելու արտոնությանը: Մեծ քսանյակի հանդիպմանը ԱՄՆ-ը, Թուրքիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան կողմ են եղել ռազմական հարձակմանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Արգենտինան, Բրազիլիան, ՀԱՀ-ը և Իտալիան` դեմ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ է Սիրիան ռմբակոծելուն, իսկ Համայնքների պալատը դեմ է: Գերմանիան ևս չի պատրաստվում որևէ ռազմական գործողության մասնակցել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես դեմ է ռազմական գործողություններին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 7-ին համաժամանակյա աղոթքի օր անցկացրեց համայն կաթոլիկ և այլադավան աշխարհում հանուն Սիրիայում խաղաղություն հաստատվելու: Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիայի դեմ հնարավոր ռազմական ագրեսիան առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի կհամարվի ագրեսիա: Իսկ պատերազմը գործնականում սկսված է: Սկսված է օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառել-չկիրառելուց էլ առաջ: ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում քննարկումները կտևեն երկու շաբաթ, բայց բնակչությունը չի ուզում հեռանալ հայրենիքից: Նրանք մինչև վերջին պահը աղոթելու են ու սպասելու են հրաշքի, իսկ հրաշքներ, հայտնի է, մեր օրերում չեն լինում: Ոչ ոք չի կարող ասել` ինչո՞վ կավարտվի Սիրիայի պատերազմը, եթե սկսվի: 2+2-ը այդ երկրում այլևս երբեք չի հավասարվի 4-ի: Նախագահ Օբաման, սակայն, կարող է և խորհրդարանի համաձայնությանը չսպասել ու հարվածելու հրաման տալ. և ընդամենը մեկ ժամից աշխարհն արդեն կապրի բոլորովին այլ իրավիճակում ու անկանխատեսելի քայլերի տրամաբանությամբ: Հաջորդ երկիրը կարող է լինել Իրանը, բայց դա արդեն կլինի ուրիշ ու ուրիշի պատմությունը, իսկ Սիրիայի վրա օդային հարձակումը և ամերիկացի զինվորի բացակայությունը երկրի տարածքում խիստ պայմանական է` ռազմական որոշումները անհրաժեշտության բերումով վերանայվելու սովորություն ունեն: Ռուսաստանը կհանձնի հերթական երկիրը, որին իր ազդեցության տարածման դիմաց հողեր ու փողեր է տալիս: Սա ո՞ր տարբերակի պատմություն էր:
Մաքսայի՞ն միություն, թե՞ Եվրոպական միություն` 2013-ին ստորագրված ասոցացման համաձայնագրով` Հայաստանում այս թեման քննարկում են բազմաշերտ, բայց առանց հույզերի: Ի վերջո, պարզ է, որ Մաքսային միությունը իր բոլոր ռեգլամենտներով կոչված է լուծելու նախ և առաջ քաղաքական, հետո միայն տնտեսական խնդիրներ: Երբ կարճ ժամանակից Հայաստանում գնաճի նոր ալիք բարձրանա, այդ թվում` ուղեվարձի բարձրացման և առաջին անհրաժեշտության սննդամթերքի, առիթը օգտագործվելու է` հիմնավորելու ՄՄ մտնելու անհրաժեշտությունը, որտեղ իբր մեզ սպասում են միայն եկամուտներին+եկամուտներ: Թե ինչքան թանկացումներ կլինեն երկրում ՄՄ-ին անդամակցելուց հետո, արդեն Հայաստանը չի կարող որոշել, որովհետև որոշումներն ընդունելու է բոլորովին այլ կառույցի ղեկավարությունը: Ի դեպ, նրանք նաև իրավունք են ունենալու որոշել բյուջեի ու տնտեսության կառուցվածքը, նոր ձեռնարկությունների բացման ու չբացման նպատակահարմարությունը, ղեկավարման սկզբունքները ու ղեկավարներին: Նորից սկսելու ենք ռուսաց թագավորին նամակներ գրել, որովհետև ցարը չկա, բայց ցարիզմն անմահ է: Այնուհանդերձ, այսօր բոլորն արդեն մոռացել են Ռուսաստան-Բելառուս համատեղ պետության գոյությունը, իսկ վաղը չեն էլ հիշելու Եվրասիական միության անհրաժեշտությունը, որովհետև երկուսի էլ գոյության սկզբունքը մեկն է` չաշխատող սկզբունքը: Թեկուզ Վանկուվերից Վլադիվոստոկ: Բացի քաղաքական նպատահարմարությունից կան նաև այլ գործոններ: Հայաստանն ընտրում է նվազագույն դիմադրության ճանապարհը` իր կարծիքով, բոլորը չէ, որ հորիզոնի գծից այն կողմ տեսնում են լուսաբացը: Վրաստանն ու Աբխազիան էլ արդեն հերքում են աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը: Եվրամիության տարածքում ապրել և գրել են Նոբելյան 382 մրցանակակիրներ, Եվրասիական տարածքում` 22: Տարբերակների նպատակահարմարությունը և տարբերությունը ինքներդ գնահատեք:

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ