ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայկական տեսարան

Հայկական տեսարան
07.08.2009 | 00:00

ՀՐԱՉՕ

ՊԱՏՄՎԱԾՔ
Դեռ երեկոյան զգաց, որ գործ ունի մի գիշերվա հետ, որն իրեն կհասցնի կամ չի հասցնի իր վերջին լուսաբացին։ Լռակյաց չի եղել, բայց թվաց, որ կնոջը, զավակներին և ոչ մի բառ չի ասել։ Գիշերվա մեջ ուզում է խոսել, բայց ո՛չ ձայն ունի, ո՛չ էլ բառ։ Աչքերը չեն տաքանում` երկու կաթիլ արցունքը ներսում տեղ են ճարում, որ կաթեն։ Տղամարդ է` հուսո ժպիտով պիտի հեռանա` ապուպապի, պապի, հոր, հորեղբոր նման, բայց ծուռ ու ծանր, ասես քրքրված գույներով մի դիմանկար փռվեց ու հուշեց, որ դժգոհ է հեռանում։ Բժիշկների գուշակածը` ամենաշատը կապրի յոթ օր, Ռուբենը դարձրեց մաքուր չորս օր` լավ էլ մտատանջելով Սեդային, էլ ի՞նչ ներարկում, էլ ի՞նչ հաբ կուլ տալ, էլ ի՞նչ սիրտդ ինչ է ուզում։ Ապրե՞լ է, չի՞ ապրել, ասելը դժվար է, ինչպե՞ս ինչու ասի. վերջանում է, իրենն էլ հենց հիմա է վերջանում։
Մայր ու տղա նայեցին իրար, աչք աչքի, երես երեսի բերին, արցունքները փշրվեցին-խառնվեցին իրար, ու նույն հայացքով նայեցին վաղ լուսաբացի հետ իր տանը, իր կնոջը, տղային, դեռ լուրը չառած աղջկան, եղբայրներին, հարազատներին, ընկերներին, իր ապրած օրերին, իր արհեստին, իր շնորհներին, Ալժիրում մի երեք տարի աշխատած տարիներին։ Ապրելու իրավունք պիտի որ դեռ ունենար` խելքը տեղը, միտքը տեղը, տղամարդկային հմայքը տեղը, եկող յոթանասունը դեռ մի չորս տարի ունի, բայց ինքն էլ ի՞նչ ասի, ի՞նչ ասենք մենք` Աստված կամեցավ, որ էսպես ապրի, էսքան ապրի... Իրավունք ունեին ճչալու, հարևաններին արթնացնելու, հիշվող ու հեռախոսագրքով ճշտվող համարներով զանգ տալու, Երևանում` լիքը հարազատներ, Ձաղիձորում` հայրական տուն ու լիքը հարազատներ, արտասահմանյան երկրներում` ցաքուցիր մոտիկներ, բայց... վեցն անց է տասնհինգ րոպե, թող ոչ մեկի լուսաբացի մեջ ճչոց չգցեն, հինգերորդ հարկում թող իրենք զսպեն լռության ճիչը, շենքի վերջին` 16-րդ հարկում քնած հարս կա, երկու թոռ կա...
-Առաջինն ո՞ւմ զանգենք... Առաջինը... Առաջինը... Բոլորը ճիշտ են, բայց առաջինը Շահենը կնեղանա, որ նույն պահին իրեն չեն զանգել։
Նայում էին հեռախոսին, նայում էին ոչ մեկի գործին արդեն չխառնվող Ռուբենին, մեկ էլ զնգաց հեռախոսը։ Վահանը լսափողն անխոս մեկնեց մորը։ Շահենը կլինի։ Շահենը Սեդայի շնչառությունից զգաց, որ հացի, մտքի, խոսքի ընկերը չկա։
-Սեդա, ի՞նչ եմ խնդրում, Սեդա։ Ցավի ժամանակ պետք է արթուն մնալ։ Դու աչքերդ մի փակիր ու նայիր Ռուբենին։ Ամբողջ գիշեր ես աչքերս փակ Ռուբենի հետ եմ խոսել։ Վահանն արթո՞ւն է։ Վահան, լսիր ինձ, Վահան, երեք հորեղբայր ունես, հիմա երկուսը կան, որպես հորեղբայր եմ ասում, բայց ի՞նչ եմ ասում։ Աչքերդ փակիր ու նայիր ընկերոջս, լսիր, թե ինչ է ասում նա քեզ։
Սեդան նայեց յոթփթանոց տղային. մաշվել, մի բուռ է դարձել։ Երեք-չորս ամիս նույն խոսքն է լսել` հրաշք չի լինելու, ամեն օրը մոտեցնում է հրաժեշտին։
Սեդան հանկարծ ժպտաց։ Տագրերն իրենից միշտ գոհ են եղել։ Բարդագույն մարդ էր Ռուբենը։ Նրան հասկանալը դժվար էր... Էլ դժվար բան չկա։ Վերջին դժվարը սա է։ Ցավը կկիսեն։ Շահեն Խնդկարյանը կնոջ` Նինայի հետ հիմա կերևա։ Ո՞ր երկրներում ունեն հարազատներ։ Նրանց ժամանակը չէ` ժամացույցն առա՞ջ է, հե՞տ է...
-Վահան, տղաս,- շշուկով ասաց Սեդան,- հայրդ սիրում էր լեզուներ։ Ամենից շատ սիրում էր անկեղծության լեզուն։ ՈՒմ տեղը նեղվում, զանգ էր տալիս, գալիս խորհուրդ էր հարցնում։ Շահենի տղան` Արմենը, միշտ է ասում` հայրս գլխիս, մայրս գլխիս, բայց ես Ռուբեն Հովսեփյանի խորհուրդները լսելով եմ մարդ դարձել...
Մա՛հ... Տե՛ղ... Փո՛ղ...
Մահը կա։ Իրենցն է։ Տեղը... Տեղն արդեն կա։ Էս ո՞նց եղավ, որ տեղը կա։ Բազմաշերտ հարուստ օլիգարխը, որն օլիգարխությունից բարձրացել, դարձել էր մեծահարուստ, բարերար, չէր կարող ճանաչել բոլոր նրանց, ովքեր ձգում էին իր տասնյակ ու տասնյակ հիմնարկներում, ձեռնարկություններում, ովքեր գետնի տակ` հանքերում էին աշխատում, ովքեր երազ-երազ թռչում էին երկնքում, ովքեր գազ էին լցնում ու բենզին։ Բայց ո՞նց եղավ, ո՞նց չեղավ, ճանաչեց Գուրգենին, ճանաչեց նաև Թամարին, հետո իմացավ, որ Գուրգենը և Թամարը ամուսիններ են, լավ զավակների ծնողներ... Լավ մարդիկ։ Հրամայեց աշխատավարձը բարձրացնել։ Զարմացավ, որ մերժվել է, իր խոսքը գետին է ընկել, էն դեպքում, երբ խնդիրների մեջ թաղված երկրում մի խնդիր կա` հացի խնդիր։ Բնավ զարմանալի չէր, որ ժպտուն, ծանրաքաշ գործարարը հանդիպեց Գուրգենին։ Առաջին պահ թվաց, որ թիկնապահներով շրջապատված բարերարը Գուրգենի թևից բռնելու, կանչելու է` իմ հրամանը չես լսում, հա՞, ապա թևից բռնելն ու շպրտելը մեկ է անելու` էլի ժպիտով, էլի հաղթական կեցվածքով։
-Ինչքան էլ լինի, շուտ է վերջանում, վերցնենք, ի՞նչ անենք, ցավի ոտը, մեկ է, չի կոտրվում։ Օրվա հացի համար շնորհակալ ենք...
Գուրգենը չզարմացավ, որ երկար խոսեց, բայց զարմացավ, որ գործարարը լսեց։
-Բայց ասա, ուզածդ ի՞նչ է,- համառեց գործարարը։
-Ասեմ, մեծ ախպերս հիվանդ է, լոռեցու ասած` ճամփորդ է...
-Հասկացա... Քանի՞ ախպեր եք։ Տեղ չունեք, տեղ եք ուզում ունենալ։
-Չորս... Չորսս էլ ընտանիքի, թոռնատեր... Երևանում մահացած չկանք։
Գործարարը նայեց նրան, ում ականջը մոտ էր ու սուր։
-ՈՒթ տեղ... Չափեք, ձևեք, կտրեք ու տվեք...
Համլետի ու Նաստասյայի շիրիմներին այցելելու ժամանակ չէ, որ օրհնում են բարերարին։ Նրա անունն ավելի կհոլովվի Ռուբենին հողին տալու ժամանակ: Լսել էին` ամբողջ լեռնալանջը ուզում է այգեստան դարձնել, տնկիներ տեղադրել, ցորեն ցանել մի քիչ հարթ լանջին: Հետո գործարարը միտքը փոխել էր. ավելի լավ է լեռնալանջը դարձնել հանգստարան: Հրաշալի տեսարան է, իսկը հայկական տեսարան: Նայիր` երևում են Մասիսները, Հայոց պարն է երևում, մի քիչ թեքիր գլուխդ` Արագածն է երևում, Արա լեռն է երևում: Ասում են` էն էլ Աժդահակն է: Գրավիչ մայրամուտ է սպասում ննջեցյալներին: Արդեն հինգ տարի Համլետն է նայում, չորս տարի` Նաստասյայի հետ, պիտի որ գոհ լինեն: Կյանք է: Հիմա Ռուբենը կսկսի նայել: Նա սիրում էր բարձրանալ Նորք, հեռուստաաշտարակի մոտ, երկար նայել Երևանին, իրեն մնար` մի փողոցը կապույտ կներկեր, մյուսը փողոցը` ծիրանագույն, կարմիրով կներկեր, այ, էն փողոցը: Երևանը պետք է ողողված լինի գունավոր ժպիտով... Միշտ տհաս քաղաքապետեր, դրանց նման գլխավոր ճարտարապետներ: Էսպես երազում էր Ռուբենը, զարմանում, թե ինչո՞ւ է հայր Մաթևոսը Դսեղից իջել, հաստատվել Ձաղիձորում` մոտ Դեբեդի և Մարցագետի խառնարանին: Ինչո՞ւ ախպեր-ախպեր վեր կացան ու ծլլաշար հասան Երևան: Երևանում ցա՞վ ես կորցնելու, թե՞ սեր ես գտնելու։ Ինչո՞ւ ենք կորցնում ծննդավայրը։ Էսօր ասող կլինի` Մաթևոսի տղերքը չորս-չորս Երևանում են, մի բուռ ջուր, կասեն, նրանց աղջիկն է տալիս։ Էգուց էլ ո՞վ պիտի ասի` Մաթևոսի տղերքը չորս-չորս Երևանում են թաղված։ Ռուբենը հիշում էր Զարուհի մորը, որը տեղով օրհնանք էր ու աղոթք. դռանը չորացած մի ծառ պիտի կտրեին։ Բար տված ծառ է, ի՞նչ ցավի է ռաստ եկել։ Չթողեց կտրեն։ Աղոթե՜ց, լո՜ւռ աղոթեց, Աստված կանչեց, ծառն ուշքի եկավ, կեղևակալեց, կանաչեց, ու հավքն եկավ, նստեց ճյուղին ու երգեց։ Բա՜... Էդպես մայրերն են աղոթքով տուն բերում պատերազմում զոհված, անհետ կորած զավակներին։ Ախր, Աստված ջան, երեսս ոտիդ տակ, ախր, նշանվելու է, ախր, ինքը մինուճար է, մինուճար էլ զավակ ունի...
ՈՒթ տեղ... Չորս ախպոր, չորս ախպորկնկա համար։ Շեֆն ասել է` չափեք ու տվեք, բան չվերցնեք, արա... Էս ամբողջ լեռնալանջը` քանի՜ հազար մարդ կթաղվի, շեֆի ժողովրդինն է։ Ձրի քչերին է տրվում։
Շահենի Արմեն տղան եկավ։ Նայեց։ Թվաց, թե խորհրդատու Ռուբենը խոսք է ասելու` առավոտ շուտ ի՞նչ կա, հո նեղը չե՞ս։ Չէ՛, խորհրդաբանի չէ Ռուբենը, բայց դեռ չի մոռացել, որ գոնե իր թաղման փողը չկա տանը։ Հեչ պետքն էլ չէ։ Նայողին կթվա, թե աղա էս տղան վերակենդանացման փողն էլ հետն ունի։ Արմենը Սեդայի ափը երկար ու հոտոտելով պահեց իր ափերում, ապա ծանրացրեց ափը, կարողացավ նաև խոսք ասել` հորս պաշտում եմ, բայց դեռ երկար կապրեմ Ռուբեն հորեղբոր խորհուրդներով։
Օրվա բացվելու հետ զանգեր հնչեցին տարբեր աշխարհամասերից։ Տեղը կա, ասում էին, օրհնում բարերարին, նրա մեկը թող հազար դառնա, ապա ճշտում էին հասցեն` ծաղկեզամբյուղ, փող պիտի ուղարկեն։ Աշխարհի փողերն ուղարկեն` մեռելատերերը օֆ չեն անի, չեն ասի` բավական է, հերիք է, բոլուբոլ է... Քանի գնում` մեռելն իր ծախսը շատացնում է։ Նրա պետքը չէ` ունե՞ս, չունե՞ս...
Չորս ախպոր, չորս ախպորկնկա հատկացված իր բաժին փոսի գլխին խաղաղ պառկած է օրվա հերոսը։ Էլ ի՞նչ նայի։ Ամեն անգամ նայել է էստեղից ու շատ է հավանել։ Հրաժեշտի խոսքեր էին հնչում, երաժշտությունը հիշեցնում էր, որ եթե ապրել կա, մեռնել էլ կա։ Շատերը կարոտով նայում են Արարատին, ապա Արագածին, ապա Արա լեռանը, հուզվում։
Հիմա նայում են։ Ամեն մեկի գերեզմանատեղից չէ, որ տեսնելու բան է երևում։ Մի փիլիսոփա, որ հասցրել էր ճանաչողներին ու կիսածանոթներին հասկացնել, որ երկու-երեք օր է ծանր կորստի պատճառով իր հինգ-վեց բուհում դասադուլի նման բան է արել, վաղն էլ, բնականաբար, միայն էստեղ կգա, հարմար գտավ փիլիսոփայական հայացք նետել Արարատին, ապա սահեցնել դեպի Արագած, մանավանդ երևացող լանջին, Արա լեռան թամբին հեծավ, էն էլ Աժդահակը, զարմացավ, որ չորս սարն էլ մեծատառ Ա-ով են սկսվում, մեծ խորհուրդ տեսավ դրա մեջ, լսելի ասաց` ափսո՜ս հազար, Ռուբենն այլևս պառկած տեղից կնայի, ծխախոտ վառեց, մի քանի պարապ հայացք առավ իր ձեռքերին, տարավ-պտտեց Արարատով, Արագածով, Արա լեռով էն ժլատությամբ ու շռայլությամբ, որ թվաց, թե էս չքնաղ տեսարանն իր հերն է սարքել պապի հետ, ապա հոգնած-դադրած հայացքն իջեցրեց էս երկնքի տակ վերջին րոպեները վայելող Ռուբենին, սթափեցրեց իրենց դերը տանող հուզվածներին, դե, մահվան փաստի հետ գործ ունեն, ապա կենդանարարություն հաղորդեց.
-Զուտ հայկական տեսարան է, չքնաղ համայնապատկեր, ռուսների ասած` պանորամա։- Կասկածողներ չեղան, բայց հարմար գտան հայացքով չափչփել Արարատից Արա լեռ։ Զարմանալի չէր, որ հայացքով ու հոգնած գլուխ-ծնոտների շարժուն նշաններով համաձայնողների մեջ բստրվեց մի ընդդիմադիր.
-Աշխարհի հնագույն ժողովուրդները որ պանորամա էին ասում, ռուսները որտե՞ղ էին։
Հին քաղաքակրթություններից եկան, մտան Սևրի դաշինքի մեջ, դուրս եկան Կարսի պայմանագրի վրա... Սկսվե՜ց... Փիլիսոփան ասաց, որ ճամփին, հոգեհացի սեղանի մոտ, վաղը, յոթին, քառասունքին, մեռելոցին, ծննդյան օրը, տարուն դեռ շատ առիթներ կլինեն, և ինքը կբացատրի, ինքը չի ստիպում, որ իր ասածները հալած յուղի տեղ ընդունեն, բայց որ սա զուտ հայկական պանորամա է` վայել աշխարհացրիվ մեր քաղաքակիրթ ազգին, ոչ մեկը չի կարող ժխտել։ Մերն է։ Մասիսի էս տեսարանը, ըստ փիլիսոփայի, Չարենցի գրելուց ու մանավանդ Խորեն Աբրահամյանի կարդալուց հետո մեզնից ո՞վ կարող է խլել։ Գիշեր-ցերեկ մերն է... Զուտ հայկական անմահ նկարչություն։ Փիլիսոփան ուզում էր իր տեսածը, զգացածը պատմել, որ ոչ միայն տարվա եղանակների հետ, որն ինչպես աշխարհում, էնպես էլ Հայաստանում, գարունն է, ամառը, աշունը, ձմեռը, այլև օրվա տարբեր ժամերի հետ, հենց րոպեների ու հաշվված վայրկյանների ընթացքում անկրկնելի փոխվում է զուտ հայկական չքնաղ պանորաման, բայց իմաստը, բովանդակությունը մնում են նույնը։
Հանդիսավոր պահ է։ Հրաժեշտ։ ՈՒշագնացություն։ Պահանջ` էդ ո՞ւր ես գնում։ Իջեցնում են։ Ոտքերի կողմը` մի քիչ ներքև, գլխի կողմը` մի քիչ բարձր, էսպես, այ, ճիշտ եք անում, չէ, ուղիղ, հիմա լավ չէ, հասավ, մի քիչ էլ աջ, այ, հիմա լավ է, էլ մի քաշեք, լավ է... Մի տեղ, ուր հայերը չեն վիճում, համաձայնում են, գերեզմանափորի ու նրա հրահանգներով հերթական դագաղը իջեցնելուց հետո, հետ ու առաջ, աջ ու ձախ անելուց հետո լսվող «լավ է, արդեն լավ է» խոսքն է։ Հայերիս միասնական լավը...
Հոգեհացին ավելի գնահատեցին նորոգ մեռյալի արժանիքները։ Վաղվա օրը, որն էսօր չէ, չի տեսել, անգամ չուներ իր թաղման փողը, բայց ունեցել է և ունի իր մեծ շրջապատը։ Միայն քսանչորս տեղից հեռագրեր են եկել` պատվիրված ծաղկեզամբյուղներով, շա՜տ շատերն էլ հետո կիմանան, հեռագրերի հոսքը շարունակվում է։ Արժե բոլորի կենացն էլ խմել, բայց հատկապես արժե խմել եղբայրներից Գուրգենի կենացը, մարդ ու եղբայր, որի նվիրական աշխատանքն ութ տեղանոց հողով, անվարձահատույց, ձրի հողով է գնահատել հայ ժողովրդի արժանավոր գործարար, պարոն... Փիլիսոփան մտածում էր, որ ապրած քաղաքից, թաղամասից, տասնվեցհարկանի վըզվըզքամի բնակարանից կարող է դժգոհ լիներ սիրելի Ռուբեն Մաթևոսի Հովսեփյանը, որին պաշտոն ունենալու և լավ նարդի խաղալու տարիներին հայրանունով են դիմել` Մատվեյիչ, բայց նա բոլորովին իրավունք չունի բողոքելու... Մտքերը հորդեցին, չկարողացավ հուզմունքը զսպել, և փիլիսոփան մնացածն ասաց բարձրաձայն` մի պահ դադարեցնելով դանակ-պատառաքաղ-ափսեների աղմուկը, առողջ, անատամ բերանների աղմկոտ աշխատանքը.
-Այո, կարելի է ու պետք է շատ բան ասել։ Էս մի բաժակով ես առաջարկում եմ խմել էն ազնվագույն գործարարի կենացը, որն ինչպես իր հարյուրավոր, գուցե և հազարավոր, էնպես էլ մեր անմոռանալի, սիրելի Ռուբենի համար էնպիսի տեղ է հատկացրել, որտեղից չքնաղ, ինքնատիպ, զուտ հայկական, ես կասեի` հայեցի տեսարան է բացվում` լցված Մասիսների, Արագածների, Արա լեռան, Աժդահակի երկնանվաճ, Աստծո հետ խոսող պանորամայով...

Դիտվել է՝ 4157

Մեկնաբանություններ