Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Լավրովի հայտարարության և դրա հայկական արձագանքի մասին

Լավրովի հայտարարության և դրա հայկական արձագանքի մասին
21.08.2024 | 14:51

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ուղիղ տեքստով Երևանին մեղադրել է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ:

Մոսկվայի այս դիրքերոշումը, իհարկե, նորություն չէ:

Հիմա, անշուշտ, կարող ենք վիրտուալ տիրույթում «աքլրոնալ», պնդել, որ Մոսկվան ու Բաքուն չեն կատարել Եռակողմ հայտարարության 9 կետերից 8-ը և այդ դեպքում արդարացված համարենք մեր կողմից 9-րդ կետի չկատարումը:

Ընդհանրապես, կարող ենք նույնիսկ բովանդակային վեճի մեջ չմտնել Լավրովի հետ ու նրան անարգանքի սյունին գամել: Հատկապես վերջին զբաղմունքը մեզանում իդեալական կատարողական ունի:

Սրանից, սակայն, իրականությունը չի փոխվում, առհասարակ՝ անիմաստ է վիճել այն հարցի շուրջ, թե կողմերից ով ինչ չկատարեց Եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու ճանապարհին:

Դա անիմաստ զբաղմունք է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրած կողմերի ընկալումներն են կարևոր, իսկ այս պարագայում Հայաստանը «մենության» մեջ է, որովհետև «միջանցքային» տրամաբանությամբ լուծումներ են առաջարկում նաև արևմտյան գործընկերները, որոնք իբրև թե Հայաստանի ինքնիշխանությունը «փրկում» են Ադրբեջանի և Ռուսաստանի ոտնձգություններից:

Բայց Լավրովին հայհոյելու փոխարեն, ես կառաջարկի մի քանի չոր փաստեր արձանագրել, որոնք գուցե իսկապես օգնեն մեզ՝ պատասխանատվության սլաքները ճիշտ հասցեով ուղղելու համար:

* Այո, իսկապես հենց Նիկոլ Փաշինյանն է ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ու նա այդ փաստաթղթի 9-րդ կետի կատարումից հրաժարվել է ամենևին էլ ոչ այն պատճառով, որ սկզբունքորեն մերժել է, այսպես ասած, «միջանցքային» տրամաբանությունը: Հակառակ պարագայում, նա դրականորեն չէր արձագանքի արևմտյան հարթակներից հնչող գաղափարներին, որոնցում առաջարկվող լուծումները նույնիսկ ավելի վատն են, քան Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Փաշինյանը, ժամանակագրական առումով, ռուսական պլանից հրաժարվել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, որովհետև կարծել է, թե Ռուսաստանը «կործանվում» է և ժամանակն է թռչել «ռուսական գնացքից»: Այսինքն, Փաշինյանի խնդիրը միջանցքային տրամաբանությունը չէ, այլ դրա ռուսական վերահսկողությունը:

* Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ հանուն եռակողմ հայտարարության 9-րդ կետից հրաժարման՝ զոհաբերել է Գորիս-Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը և Արցախը:

* Եթե նույնիսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, Հայաստանը չի կարող միակողմանի հրաժարվել այդ փաստաթղթից, որովհետև հրադադարի կամ խաղաղության այլ փաստաթուղթ ձեռք չի բերել այլ հարթակում և ակնհայտորեն չի կարող casus belli-ի առիթ ստեղծել:

* Սյունիքը հայ-ադրբեջանական հակամարտության մաս է դարձել ոչ թե այլոց դավադրության, այլ 44-օրյա պատերազմում մեր կրած ծանր պարտության հետևանքով: Միջանցքային խոսույթը դրա հետևանք է:

* ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Լավրովին մեկ նպատակ ուներ՝ մերժել ռուսական միջնորդությունը: Դա «նվեր» էր Ալիևին, որը Պուտինի առաջարկին համաձայնել էր՝ հենց Փաշինյանի «սկզբունքային» «ոչ»-ը կանխատեսելով: Դարձյալ «կառուցողական» Ադրբեջանի ֆոնին դրսևորվեց «սաբոտաժ» անող Հայաստանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ