Ես արդեն կարգին ծերացել եմ.
Զառամ են մտքերն իմ՝ անդեմ,
Ասում են՝ «նորերից» հեռացել ես,
«Հներդ» էլ մեռել են արդեն:
Ասում եմ՝ իմ «հինը» բարդ էր.
Բոկոտն էր երեխա հասակից,
Բարձի տեղ խսիր էր, հարդ էր,
Ու հացը տեսիլն էր Հասկի:
Իմ հինը,- ասում եմ,- կարիք էր.
Ժամանակ չմնաց երազի,
Ամեն մթնող օր տարիք էր
Բարձում մանկության մուրազին:
Իմ «հինը» համակ զրկանք էր.
Կռիվ էր, որ կիսատ մնաց,
Էդ կռվում հերոսը Հայ մարդն էր՝
Գիտնական, Ռազմիկ էր ու Հայր:
Ասում եմ՝ իմ «հինը» օջախ էր՝
Գերդաստան՝ մեծով, պստիկով,
Մեջքներին հույսի մախաղն էր՝
Օրհնանքի զորության հավատով:
Իմ «հինը» բախտակից Ընկեր էր՝
Ծակկոշիկ, նիհար, անոթի,
Նա պիտի դառնար ինժեներ,
Ես էլ՝ բանաստեղծ երևի:
Իմ «հինը»,- ասում եմ,- ազգ ուներ.
Հայտնի էր նախապապն իմ «հնի»,
Պապի միտքն իմաստուն, խորունկ էր,
Խորհուրդն էր անցյալի ու նորի:
Իմ «հինը» խոնարհ էր, խոհուն էր.
Չսիրեր՝ ձեռքդ չէր բռնի,
Պայքարը որքա՜ն համառ էր,
Մի քիչ վայրի էր ու բռի:
Այս ամենն հիմա օտար է,
Գուցեև հին է հորջորջվում,
Ինձ ներե՛ք, թե մտոք տկար եմ,
Եվ այսքա՜ն արժեք եմ որոճում:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ