Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պատմվածքի գերիները

Պատմվածքի գերիները
26.06.2009 | 00:00

ՊԱՏՄՎԱԾՔ
2009 թ. սկզբին մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի հասցեով մի գրություն ստացվեց: Երևանի բնակչուհի, հիսունիննամյա Գ.-ն իր ամուսնուն` քաղաքացի Վ.-ին, մատնանշում էր որպես մարտյան անցքերի հիմնական պատասխանատու: Հարցաքննության ժամանակ տիկին Գ.-ն իր հիմնավորումները ներկայացրեց, ինչը փաստահավաք խմբի տարբեր քաղաքական ճամբարներ ներկայացնող անդամներին գրեթե հուսահատության մատնեց:
«Ամուսնուս գրած յուրաքանչյուր պատմվածքին աշխարհում շատ կարևոր մի իրադարձություն է հաջորդում: «Մեկին գումարած մեկ» պատմվածքից հետո սկսվեց Պարսից ծոցի պատերազմը, «Ապաքինում» պատմվածքը ջուր լցրեց հայ-թուրքական հարաբերությունների անհուսության ջրաղացին, «Մեկ վայրկյան» պատմվածքից հետո Հայաստանի Հանրապետության պետական այրերից ամենառոմանտիկն ինքնասպան եղավ, «Հայ-թուրքական հինավուրց խաղ» պատմվածքը Միացյալ Նահանգների նախագահին դրդեց ուրանալ իր տված խոստումը, «Բալաբեկ» պատմվածքից հետո խնձորի մեծությամբ կարկուտ տեղաց Լեռնարոտ գյուղի վրա և ջարդուխուրդ արեց երկրապահ Աֆոյի մատղաշ այգին: Իսկ ահա անցյալ տարվա ապրիլին նա մի հրեշավոր պատմվածք հղացավ և չկարողացավ ավարտին հասցնել»:
- Եվ դա Ձեզ իրավունք է տալիս մտածելու, որ նա՞ է…- հարցրել էին:
- Այո՛,- պնդել էր տիկին Գ.-ն,- վստահ եմ:
Հարցաքննությունը երկար էր տևել: Տիկին Գ.-ն համառորեն փորձել էր նրանց համոզել, որ ինքը խելագար չէ, որ կյանքում ամեն ինչ չէ, որ կատարվում է այնպես, ինչպես մարդիկ են ցանկանում, և միշտ չէ, որ իրադարձություններն են պատմվածք դառնում, պատահում է նաև հակառակը:
Իհարկե, միանշանակ չի կարելի պնդել, թե տիկին Գ.-ի գրությունն էր փաստահավաք խմբի լուծարման պատճառը: Այլ գործոններ էլ կային: Լուծարումից հետո խմբի ղեկավարը մտերիմների շրջանում ասել էր. «Ինչ-որ մեկն իր պատմվածքի համար հորինել էր այդ իրադարձությունները»:
- Չի ստացվում,- ասացի կնոջս,- հենց գրիչը շարժում եմ, թուղթը փախչում է:
- Մի վախեցիր,- ասաց կինս,- տեսնում ես չի ստացվում, թուղթը պատռիր և նորից սկսիր:
- Յոթերորդ թուղթն եմ պատռում:
- Քո ամենալավ պատմվածքները նրանք են, որ չեն ստացվում:
- Այս անգամ հակառակն է, ամեն ինչ մոռանում եմ:
- Եթե ամեն ինչ մոռանում ես, ուրեմն լավ պատմվածք է ծնվելու:
- Քո մխիթարության կարիքը չունեմ:
- Եթե չունես, մի՛ ասա, որ չի ստացվում: Էդ մի բանն էր մնացել քեզ, եթե դա էլ չի ստացվում, ուրեմն…
- ՈՒրեմն ի՞նչ…
- ՈՒրեմն գնա և քեզ համար նոր կին գտիր: Երեսունհինգ տարի ինչ ուզել եմ, պատմվածք ես դեմ տվել: Դարձել եմ պատմվածքի գերի:
- Չդառնայիր:
- Թմրամոլության պես մի բան է. դո՛ւ ես դարձրել:
- Կրա՞կն ընկա, որ ասացի` չի ստացվում:
- Եթե պատմվածք չի ստացվում, դղյակ տուր, մի փոքրիկ բաց պատշգամբ մոգոնիր: Չե՞ս կարող` դու քեզ համար, ես ինձ համար:
- Դու ես մեղավոր, որ չի ստացվում: Նայում եմ դեմքիդ և ամեն ինչ մոռանում եմ:
Թող ինձ ներեն իմ քուրդ բարեկամները, բայց հանուն ազգային փոքրամասնությունների հանդեպ ունեցած հարգանքի` ասացվածքից բառ չեմ փոխի: Ես անաղուհաց քրդի շուն եմ. այս համոզմանն են հանգել բոլոր նրանք, ովքեր երբևէ ինձ լավություն են արել: Դրանց մեջ կան հին ու նոր նախարարներ, գործարարներ, հաղթած և պարտված պատգամավորության թեկնածուներ և նույնիսկ մեկ նախագահ: Ցավով պետք է նշեմ, որ այդ շարքում է նաև բարեհոգի կինս, որի հետ պսակադրության, նրա խոսքերով ասած` իր դժբախտության արծաթե հոբելյանը լրացավ մի քանի ամիս առաջ: Ինձնից հիասթափվածների ցուցակն ավելի մեծ է. գրչակից ընկերներ, տաղանդավոր և անտաղանդ նկարիչներ, բազմազան տեսաբաններ և վիճակագիրներ, անհուսալի հարբեցողներ և սթափներ, սրատես և տեսողությունը կորցրած ընթերցողներ, մեկ գրողով պակաս կուսակցություններ…
Հենց թվարկելու հետևից եմ ընկնում, ողբերգությունն անկոչ հյուրի նման իմ դուռն է թակում. զգում եմ, որ մենակ եմ: Անաղուհաց քրդի շան մենակությունը պետք է որ հասարակությանն արտառոց չթվա: Նա, ով իր սիրած էակներին հոգուց պարպում է պատմվածքի մեջ, ով ջերմությունը, ցուրտը, թախիծն ու խինդը միայն բառով է զգում, դատապարտված է: Բարեհոգի կինս համաձայն չէ, որ մենակ եմ, և ողբերգությանն իմ աղերսները չափազանցություն է համարում: Նա հասարակությանն ինձ պիտանի մարդ դարձնելու իր փիլիսոփայությամբ ջանում է մեղմել իրավիճակը. «Թքիր քո աշխարհաստեղծ ու աշխարհաքանդ մտածումների վրա, դրանք ինքնաոչնչացման են տանում: Արարիր բացօթյա մի փոքրիկ պատշգամբ կառուցելու գաղափար, տարանջատիր տիեզերական հիմնական գաղափարներից, փայփայիր այն և իրագործիր. դու փրկված ես»:
Բաց պատշգամբի գաղափարը կինս հղացավ երեսունհինգ տարի առաջ, ճիշտ այն օրը, երբ Խորհրդային Հայաստանի սկսնակ գրողներից ամենաանկանխատեսելին պատմվածքների իր առաջին ժողովածուի ազդօրինակն ազնվագույն խմիչքներով թրջած, իր պես մեկ-երկու անտունուտեղ, անժամուպատարագ տղերքի հետ տուն մտավ: Հաջորդ օրը կինս հարևանուհու ներկայությամբ, ավերված բնակարանի ճիշտ կենտրոնում կանգնած, իր ուրախությունն ու զայրույթը նույն առոգանության մեջ պարպած, արտասանելու էր ֆրանսիացի մեծ գրողի` աշխարհի ունկերին հասցեագրած արտահայտությունը. «Այստեղով թուրքեր են անցել»:
Գրախոսություններ, փառք Աստծո, գրվեցին. պատմվածքը գնահատելու չափ խելք այն ժամանակ պետությունն ուներ: Մեծ ու փոքր իրադարձություններ եղան: Ֆոլքների հետ ոտ գցող գրողների միության պատվարժան նախագահն իր տիրույթում հայտնված անհնազանդ սկսնակին մի երկու ստեղծագործական ապտակ հասցրեց: Նույն դրվատական գրախոսությունների հեղինակները վերանայեցին իրենց հապճեպ եզրակացությունները և, ի վերջո, հանգեցին այն նույն կարծիքին, ինչին կինս հասավ երեսունհինգամյա տառապանքից հետո` պատմվածքները վտանգավոր են հասարակության համար: Անկախ ամեն ինչից` օղիներ խմվեցին. սեփական գրողին, թեկուզ և ֆոլքներյան բարձունքից մերժված, պատվելու չափ խելք հայ ժողովուրդն ուներ: Չնայած գրքի հեղինակը ես էի, բայց այն կնոջս ավելի պետք էր: Նա մեկ առ մեկ իր բոլոր ընկերուհիներին, հայրական տան բոլոր հարևաններին, արյունակիցներին, Հիպոկրատին երդում տված իր գործընկերներին և ծանր ու թեթև հիվանդներին ցույց էր տալու իր յոթնամյա հանդուրժողականության բուն պատճառը: Հանուն այդ գրքի նա շատ բան էր զոհել` կանացի իր հպարտությունը, աղջկական երազանքներին և քմահաճ խաղերին տրվելու հաճույքը, Ջինա Լոլոբրիջիդայի հմայքի տարբերակը բանեցնելու ձգտումը…
«Սա,- ասում էր նա,- փղի ձագ է, մինչև ծնվեց, յոթ տարի անցավ»:
«Ինչո՞ւ է վերնագիրը «Մեկին գումարած մեկ»,- հարցնում էին:
«Չգիտեմ,- պատասխանում էր,- երևի կյանքն ամուսնուս համար մեկին գումարած մեկ է»:
Հարևաններից մեկը, նա, ով պետության քթից բռնած ման էր ածում, ասել էր. «Եթե ես կարողանայի մի հինգ հատ գիրք կարդալ, ոնց էլ լիներ, մեկը կգրեի»:
«Շա՞տ փող են տվել,- հարցնում էին,- մի թող քոռ ու փուչ անի»,- ավելացնում էին:
«Չգիտեմ,- պատասխանել էր,- մի բաց պատշգամբ կառուցելու չափ փող հազիվ էլ լինի»:
Հետագայում կինս շատ էր զղջալու, որ իրեն թույլ տվեց այդ չնչին գաղափարն ամուսնուն հայտնել. չտեսության յոթերորդ երկնքում ապրող հասարակությունը նյութական արժեքների մասին երազելը քաղքենիություն էր համարում, իսկ այդ թուլությանը տրված մարդկանց` ծաղրում: Լավ հագնվելու, սնվելու, հարմարավետ բնակարան ունենալու չնչին ակնարկն իսկ արժանանում էր ծաղրի:
Կանացի իրենց տեսակը, տարիքը, նախնական հմայքն ու հրապույրները թրքոտ չուլ ու փալասի մեջ թաքցրած գեղջկուհիներն անթաքույց ծաղրում էին աշխարհի տղամարդկանց գլխապտույտի մեջ գցող, իրենց գեղեցկությունը միջուկային զենքի հզորությամբ ցուցադրող աշխարհահռչակ դերասանուհիներին: «Աղջի, էդ մեռածին տեսա՞ր, ոնց որ կուկլա լիներ, չեղած քամակն էլ էնպես էր շարժում… սիրտս խառնեց»:
Լինում էին նաև այսպիսի բաներ:
«Աղջի, մեկ էլ տեսնեմ` Վահրամ Փափազյանն է: Նայում եմ, նայում ու աչքերիս չեմ հավատում: Երանի Դեզդեմոնան լինեի, ու նա ինձ խեղդեր»:
Իմ առաջին գրքի լույս աշխարհ գալուց երեսունհինգ տարի անց կինս թացը չորից դարձյալ չջոկեց և իմ էությանը համակած հուսահատությունը վանելու բարի ցանկությամբ, լուրջն ու անլուրջը նույն ափսեի մեջ բրդելով, ասաց. «Այդ փոքրիկ պատշգամբից քո աչքերի առաջ կբացվեն աստվածային պատկերներ և ամենակարևորը` Փրկության լեռը` Արարատը»:
Ես, իհարկե, խայծը կուլ չտվեցի, և բաց պատշգամբի երազանքը կինս, հավանաբար, կձգի մինչև մեր ադամանդե հարսանիքը: Անկեղծ ասած, ով էլ որ լիներ իմ կինը, բաց պատշգամբի ճակատագիրը նույնն էր լինելու: Ցեղի այն տեսակը, որից սերում եմ ես, իր գենի մեջ մանրուքներին տրվելու գայթակղություն չի ունեցել: Մայրս չկարողացավ հաղթահարել հորս օդեղենությունը և իր կյանքի վերջին գալարները պտտեց ճակատագրի հետ հաշտության առանցքի շուրջ: Նրա ուզածը մի մեծ բան չէր` ամուսնուն մարդամեջ խցկել, աշխարհի գրված և չգրված օրենքների տարածքում շարժվելու, խաբելու և խաբվելու, առնելու և տալու, հիշելու և մոռանալու ջիղ ներարկել: Հայրս այդ ամենին անհաղորդ, ծույլ, խորաթափանց հայացքով կնոջը շամփրելով, ասում էր. «Կյանքը, աղջիկ ջան, որտեղից սկսվում, էնտեղ էլ վերջանում է: Բոլորիս ունեցվածքն էլ, ի վերջո, նույնն է` մեկ մետր լայնությամբ և երկու մետր երկարությամբ մի փոս»:
Ես էլ, յուրացնելով հորս անխոցելի տրամաբանությունը, ասում էի կնոջս. «Աղջիկ ջան, այն, ինչ շոշափվում է, փոս է»:
Մեկ և կես մետր լայնությամբ և երեք մետր երկարությամբ պատշգամբ ունենալու համար կնոջս, հավանաբար, այլ ամուսին էր պետք: Երկրաչափական այդ բարդ խնդիրն իմ պատմվածքների մեջ չէր մտնում:
Արդեն վաթսունի շեմին հայտնված ամուսինների վեճը թոռների ծիծաղն էր շարժում, որդու` քմծիծաղը: «Մամ,- ասում էր որդիս,- տասն օրով գյուղ գնացեք, հենց վերադառնաք, բաց պատշգամբ կունենաք»:
«Չէ,- ասում էր կինս,- մեր գործերին մի խառնվիր: Հարցը պատշգամբը չէ, հարցը իմ կյանքն է: Վերջապես պետք է պարզեմ, թե ում հետ եմ կյանքս կապել»:
«Մի քսան տարի էլ համբերեիր»,- ասում էր որդիս:
«Հենց էլ պիտի պարզեմ»,- համառում էր կինս:
Ինչպես և ենթադրում եք, կինս իմ հանդեպ ոչինչ չուներ: Նրա ըմբոստությունն իմ պատմվածքների դեմ էր: «Ես էլ, դու էլ դարձել ենք դրանց գերին: Ոչ առաջ ենք գնում, ոչ էլ հետ, ջահել չենք, բայց չենք էլ ծերանում»,- ասաց և պատերազմի փողը հնչեցրեց:
Բաց պատշգամբի և չարագույժ պատմվածքների մասին կնոջս հյուսած լեգենդն իր չորրորդ տասնամյակի կեսերին փշրեց բոլոր պայմանականությունները, հասարակության համար շատ սիրելի այս ընտանիքի պատերից դուրս եկավ, գնաց և գամվեց մայրաքաղաքի պարսավանքի սյուներին, այլախոհության հարթակներում նոր ենթատեքստեր ստացավ, հանրապետության դեղին մամուլի էջերում արշավեց պետության բերդապարիսպների վրա, քննարկվեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում. զգոնության ու հանդարտության կոչեր հնչեցին, քրեական տարրերն աշխուժացան, իր վճռական խոսքն ասաց մտավորականությունը, նոր փորձության շեմին հայտնվեց արդարադատությունը: Ժամանակավորապես բաց պատշգամբների շինարարությունը հանրապետությունում կասեցվեց, պատմվածքների տպագրությունն արգելվեց: Շահագրգիռ պետությունների դեսպանները հետ կանչվեցին: Կնոջս համբավը հատեց նախկին Խորհրդային Միության սահմանները: Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային ասոցիացիան կնոջս (ըստ երևույթին` նախկին կնոջս) ընտրեց կազմակերպության նախագահության անդամ: Անաղուհաց քրդի շան իմ համարումը, առանց որդուս և թոռներիս վնասելու (նրանք կնոջս շուքի տակ էին) իմ կյանքի նախկին ընկերուհու հռչակին զուգահեռ, տարածվեց աշխարհով մեկ:
Վաթսունամյա ամուսինների բաժանման դատական արարողությունը կարճ տևեց: Կինս ասաց, որ չի կարող ապրել մի մարդու հետ, ով իր պատմվածքի գերին է և ունակ չէ մեկ ու կես մետր լայնությամբ և երեք մետր երկարությամբ մի փոքրիկ բաց պատշգամբ կառուցել իր կնոջ համար: Ես էլ ասացի, որ ի վիճակի չեմ ապրել մի կնոջ հետ, ով իմ պատմվածքի գերին է և երեսունհինգ տարի շարունակ բաց պատշգամբ է ուզում ամուսնուց:
Դատարանը որոշեց, որ մեր համատեղ կյանքն անհնար է:
Հա, մի շատ լավ բան կատարվեց իմ կյանքում. պատմվածքներս սկսեցին կարդալ:
Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5600

Մեկնաբանություններ