Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ տարածքի նախամուտքում եմ: Ինձ դիմավորում է այս խորհրդանիշը` բանվորի, գեղջկուհու, մտավորականի, հավերժության ցորենի հասկի միաձույլ արձանը:
Մի պահ կանգ եմ առնում, շփոթված մտմտում. «Մեր օրերում պե՞տք է արդյոք այս արձանը»: Հիշողությանս տեսահոլովակը վերարտադրում է նախորդող տասնամյակների իրողությունները. քանդված գործարաններ, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, կազմալուծված, մի կերպ գոյատևող գիտության և մշակույթի օջախներ:
Իրավիճակին հարիր անհետացան նաև խորհրդանիշները. Երևանի Գործարանային թաղամասում` բանվորի, «Դվին» հյուրանոցի տարածքից` այժմ նաև ազգային բրենդ հանդիսացող քոչարի պարողների, Երևան-Սևան մայրուղու «Ազատություն» արձանները: Այվազովսկու արձանից պոկեցին աշխարհը առայսօր հիացմունքի մեջ պահող նրա կտավների վրձինը: Գերեզմանոցների մասին խոսելն ավելորդ է. այնտեղ «գլխատվեցին» բազմաթիվ հանճարեղ գլուխներ:
Ծանր, տագնապալի տարիներ էին. երեխաներին պետք էր մի կերպ փրկել ցրտահարությունից, քաղցից, իսկ գունավոր մետաղները դեռ լավ գին ունեին:
Այս ամենը այդպես էր:
Բայց հիմա` այդ իրադարձություններից տարիներ անց, տեսնել այսպիսի մի խորհրդանիշ, որն այսօրվա իրողությունները չի խորհրդանշում… «Երևի սա էլ կունենա նախորդների ճակատագիրը»,- մտորում եմ ու քայլերս ուղղում դեպի տնօրենի առանձնաշենքը: Թեպետ շտապում եմ, բայց ճանապարհի այդ հատվածն անցնում եմ դանդաղաքայլ, հիանում հոյակապ ձևավորված ծաղկաբույլերով, վեր խոյացող բարդիներով և սոճիներով:
Ընկերության կառավարման առանձնաշենքի նախամուտքն առավել քան կախարդական է. այստեղ պատերը զարդարված են արվեստի հրաշք գործերով, ու ես ոտքս կախ եմ գցում, որպեսզի ընկալեմ գեղեցիկը:
Թվում է` ամեն ինչ արվել է, որ այցելուն տնօրենին հանդիպի բարձր տրամադրությամբ:
Ահա և տնօրենը, տեխնիկական գիտությունների թեկնածու, 85-ը վերջերս բոլորած ՎԱՍԻԼ ՍԵՐԳԵՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա ուշադիր լսում է ինձ, ու ես, չգիտեմ ինչու, նրան եմ տալիս անպատեհ հարցը. «Պարոն Հակոբյան, ինչքա՞ն է արդիական Ձեր այս հուշարձան-կոթողը»: Նա չի պատասխանում, ու թևանցուկ, դանդաղաքայլ մի ամբողջ օր ծանոթանում եմ նրա թագավորությանը. այն լայնածավալ է, զբաղեցնում է 6 հեկտարից ավելի արտադրական տարածք` «լիցքավորված» գյուղտեխնիկայի, տրակտորների, ավտոմեքենաների, դրանց շարժիչների սպասարկման, նորոգման, մեխանիկական, ձուլման, էլեկտրոդների, քարի մշակման արտադրամասերով, հիվանդանոցով, հյուրանոցով, գրադարանով, բնակելի 5-հարկանի շենքերով և այլն, և այլն:
Սա քաղաք է Գավառ քաղաքի մեջ: Մինչև 1993 թվականը ներառյալ այս քաղաքում, Հակոբյանի մոտ, աշխատել է 1300 մարդ, դրանից հետո աշխատողների թիվն սկսեց նվազել, սակայն 2007-ին աշխատում էր 600-700 մարդ, տարեկան միջին արտադրանքը կազմում էր 120000000 դրամ: Հիմա այստեղ ընդամենը 8 մարդ է աշխատում:
Բացի մարզի գյուղատնտեսության մեքենայացման խնդիրները լուծելուց, «Հակոբյանի քաղաքը» տարեկան 300-350 հա անմշակ, քարքարոտ հողերը վերածում էր բերքատուի, տարեկան արտադրում 12000 տոննա էլեկտրոդ, հանրապետությունը ամբողջությամբ ապահովում թթվածնով և ազոտով, բուռն աճող շինարարության պահանջները բավարարում մշակված քարերով, տարեկան նորոգում 500-ից ավելի ՈՒԱԶ մակնիշի ամենագնացներ և ուղարկում պատվիրատուին:
Ես հասկանում եմ ընթերցողի անհանգստությունը. այնքան էլ դյուրին չէ ընկալել անցյալի դրականը մեր իրողությունների համեմատականում:
Սակայն այն, ինչ տեսա և լսեցի, ինձ ուղղակի ցնցեց. վերը նշված օբյեկտների մեծ մասը այսօր էլ աշխատունակ է, ու որպես դրա ապացույց, Հակոբյանի գործարկումից հետո լսվեց մետաղամշակման հաստոցների ականջ շոյող գվվոցը:
Մեր օրերում և այսպե՞ս…
Այո, հենց այդպես, որովհետև դրանք ստեղծող մարդկանց ամենօրյա հոգատարությամբ է վերաբերվել ղեկավարը, մարդը հավատացել է մարդուն, լծվել անմնացորդ, ստեղծագործ աշխատանքի, ու այդ ամենը պահելը, պահպանելը, հարմար պահին դրանք նորից աշխատեցնելը Հակոբյանի առաքելությունն է:
Նա չի սիրում խոսել այդ մասին: Հետո իր հաշվապահից տեղեկանում եմ, որ այդ օրերին միջին աշխատավարձը կազմել է 400-600 ռուբլի (ավելի, քան գիտաշխատողների բարձր համարվող աշխատավարձը), որ օրական մեկ անգամ տաք ճաշ է առաքվել աշխատողներին, որ տարին մեկ անգամ աշխատակիցը կամ նրա ընտանիքի անդամը անվճար, ձեռնարկության հաշվին մեկնել է հանգստյան տուն կամ արտերկիր` որպես զբոսաշրջիկ, որ ամբողջ աշխատակազմը ապահովվել է հարմարավետ բնակարաններով:
Գրեթե այնպես, ինչպես երազած կոմունիզմում, բայց սա երազ չէ, սա իրողություն է: Այս իրողության մյուս հատվածը «իր քաղաքի» մարդկանց սննդով ապահովելն էր: ՈՒ Հակոբյանը ցույց է տալիս այդ տարիներին ստեղծված և այժմ էլ մասամբ գործող անասնաթռչնաբուծական համալիրը` 200 գլխի համար նախատեսված 2 կաթնապրանքային, լրիվ մեքենայացված գոմերը, ոչխարանոցները, թռչնանոցները, պանրի, երշիկի արտադրամասերը:
Ես անհարմար եմ զգում զրույցի սկզբում Հակոբյանին խորհրդանիշի մասին տրված հարցի համար, այժմ հասկանում եմ, որ այն անհրաժեշտ է, որ մարդիկ միշտ հիշեն` այդ ամենը մարդն է ստեղծել ոչ հեռու անցյալում, և եթե դա ստեղծվել է «բոլշևիկյան» որոշ ախտանիշներով վարակված հասարակարգում, ապա ինչու՞ չի կարելի վերականգնել, նույնը անել հիմա, մեր անկախ, ազատ երկրում` կանխելով նաև արտագաղթը:
Ես Հակոբյանին ցույց եմ տալիս «Իրատեսի» դեկտեմբերի թիվ 84-ում տպագրված Անահիտ Ադամյանի «Ստեղծեք ձեզ և ձեր հայրենիքը» հոդվածը, ընթերցում մի հատված. «Մտածեք ձեր զավակների մասին, որ Հայաստանի երկինքը երազում էլ չեն տեսնի»:
Հակոբյանի համար արտագաղթի թեման ամենացավոտն է, նա երկար լռում է, ապա, կարծես ինքն իր հետ խորհրդածելով, մտազբաղ, ցածրաձայն ասում. «50-ից ավելի թոռներ, ծոռներ, զավակներ ունեմ, նրանք այս ամենը պետք է թողնեն ու գնան... ՈՒ՞ր…»:
Պատմական զուգահեռները միշտ չէ, որ ընդունելի են, գուցե նաև այս դեպքում, բայց և այնպես, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հերոս Բագրատյանը կարող էր ինքն էլ փրկվել, ինչպես փրկվեցին իր հազարավոր հայրենակիցները, ֆրանսիական նավն իր սուլոցներով կանչում էր նրան, բայց նա չշտապեց. ապագան անորոշ էր, մշուշոտ` ու՞ր են գնում իր հայրենակիցները, ու՞մ են թողնում հայրենի հողը, ու նա գերադասեց թուրքական մահաբեր գնդակը, ինչպես գրում է Ֆրանց Վերֆելը, նրա «բախտը բերեց», նա ընկավ որդու շիրմին, մնաց հայրենի հողում:
Հակոբյանը հաստատակամ է` իր և իր գերդաստանի արտագաղթը բացառվում է նաև այն պատճառով, որ ինքը գիտի արտագաղթը կանխելու ճանապարհը ու ամեն ինչ կանի, որ «իր քաղաքը» նորից շնչի:
Ես տարակուսած հարցնում եմ. «Ինչպե՞ս, մի՞թե դա հնարավոր է»։
ՈՒ լուռ գրառում եմ արտագաղթի կանխման նրա ծրագիրը, իմ կարծիքով` լրիվ իրատեսական, քիչ ծախսերով, հուսալով, որ այդ ամենին կծանոթանան նաև երկրի կառավարիչները:
-Արտագաղթի հիմնական պատճառն այն է,- ասում է նա,- որ մարդն այսօր միշտ չէ, որ կարողանում է իր երեխաների համար ապահովել ամենօրյա կենսապահ սնունդը` մի բաժակ կաթը, մի կտոր միսը, կարագը, էլ չեմ խոսում նրանց ուսումնառության, ընտանիքի ընդլայնման, քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու պայմաններ ստեղծելու մասին: ՈՒրեմն, արտագաղթը կանխելու համար պետք է սկսել հենց սրանից` այդ պայմանները ստեղծելուց, զարգացնելով էժան, որակյալ կաթի ու մսի արտադրությունը:
«Շատ պարզունակ չէ՞ արդյոք խնդրի լուծման այս մոտեցումը»,- լուռ մտորում եմ ես:
Նա, կարծես, զգում է իմ տարակուսանքը և շարունակում. «Մեր երկիրն այսօր աղքատ է, փող չունի, ու փող չունեցողն առաջին հերթին պետք է զարգացնի այն բնագավառները, որոնք քիչ փողով կարող են ապահովել գյուղացու, քաղաքացու առօրյա կենսապահ սնունդը, որպես իր երկրում մնալու, այն չլքելու նախապայման: Իսկ այդպիսի բնագավառներից առաջինը մեզ համար տավարաբուծությունն է, մեր երկրի տարածքի կեսից ավելին բռնող արոտներն ու խոտհարքներն են, որտեղից ոչ հեռավոր անցյալում ստացվում էր էժան և որակյալ կաթնամսամթերքի 70 տոկոսից ավելին: Իսկ հիմա՞… Հիմա մենք չունենք ամենապահանջվածը` գյուղամերձ արոտները, որոնք խնամքի իսպառ բացակայության, անկազմակերպ արածեցման պատճառով ջնջվեցին Հայաստանի քարտեզից: Հիմա 3 գլուխ կով ունեցող միջին վիճակագրական գյուղացին, որն ընդհանուրի 80 տոկոսն է, չգիտի ինչ անի, իր տավարը չի կարող ուղարկել հեռագնա արոտներ, որովհետև ամեն օր պետք է իր կովերին կթի, երեխաներին կաթնամթերք հասցնի, իսկ գյուղամերձ արոտներում այլևս խոտ չի աճում, ստացվում է, որ գյուղացիների ամենաընչազուրկ այս խավն էլ, վիճակագրության համաձայն մոտավորապես 640000 մարդ, հայտնվել է փակուղում` մնա՞լ, թե՞ հեռանալ»։
Ես Հակոբյանին հիշեցնում եմ, որ երկրում 2011 թվականից գործում է Համաշխարհային բանկի` արոտներին վերաբերող 60-միլիոնդոլարանոց ծրագիրը: Մի՞թե այդ դոլարները խնդիրը չեն լուծում: Պարզվում է, որ այդ ծրագրերը արոտները կառավարելու, բայց ոչ բարելավելու համար են: ՈՒ արդեն 8 տարի է, ինչ գյուղնախարարությունը «կառավարում» է գոյություն չունեցող գյուղամերձ արոտները, առավելապես չուտվող, թունավոր ու փշոտ բույսերով ծածկված հեռագնա արոտները, որոնց բերքատվությունը կազմում է նորմատիվի ընդամենը 30-40 տոկոսը: Ինչպես ասում են` «անունը կա, ամանում չկա»: Այդ «չկան» կառավարելու համար գյուղնախարարությունը ծախսում է 60 միլիոն դոլարի գրեթե 70 տոկոսը: Արոտի կառավարիչը մեր հովիվն է, որը բոլորից լավ գիտի, թե երբ և ուր պետք է տանել նախիրը: Հետաքրքիր է, նա գիտի՞ իր աշխատավարձի այդ չափի մասին:
Հակոբյանը չի արձագանքում իմ դիտարկումներին, չի սիրում քննադատել ուրիշներին, համոզված է, որ նոր հեծանիվ պետք չէ հորինել. նա իր ուսանողական տարիների ընկերների հետ ստեղծել է մեքենաներ, որոնք չնչին ծախսումներով կարող են վերականգնել ինչպես գյուղամերձ, այնպես էլ հեռագնա արոտների բերքատվությունը, մեր սարերից արտերկիր «փախչող» անձրևաձնհալ ջրերը պահ տալ արոտներին ու խոտհարքներին, դրանով կանխել պարբերաբար կրկնվող երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները:
«Դու տեսար, որ իմ մեխանիկական, հավաքի արտադրամասերը անգործ են, կառավարությանն ուղղված իմ և ընկերոջս համատեղ դիմումում խնդրել էինք աջակցել այդ մեքենայի արտադրացուցադրական աշխատանքներին, ապահովել շահառուների մասնակցությունը, որպեսզի կարողանանք ճշտել պահանջարկի չափանիշներն ու կազմակերպել դրանց խմբաքանակային արտադրությունը և իրացումը, դրանով լուծել որակյալ էժան խոտի բազմապատիկ աճի խնդիրը: Կա՞ էժան, որակյալ անասնակեր, կլինեն էժան, որակյալ կաթ ու միս: ՈՒ գյուղացին չի լքի երկիրը: Բայց ի՞նչ ստացվեց. գյուղնախարարությունից պաշտոնապես պատասխանեցին, թե ինքներդ կատարեք այդ աշխատանքները, մեզ տվեք փորձարկման ակտը (առկա ակտին ժամկետի պատճառով չնայեցին էլ), և մենք կորոշենք, թե ուր ուղարկել այդ թուղթը: Սա անհեթեթ, կառավարման համակարգին ոչ հարիր պատասխան է: Իսկ դու խոսում ես,- դիմում է նա ինձ,- 60 միլիոն դոլարի ճակատագրի մասին»:
«Չընդառաջեց կառավարությունը մեր այս առաջարկությանը ու ի՞նչ ունեցանք` երաշտ, տարածքային հրդեհներ, անասունների հարկադրական մորթ: Նաև գրեթե ամեն օր, առավոտից երեկո, արտագաղթը կանխելու մասին ժողովներ, հավաքներ, խորհրդակցություններ, կոչեր Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին, հատկապես այնտեղ ապրող հայերին` ներդրումներ կատարեք, փող բերեք: Ես գյուղի մարդ եմ,- շարունակում է Հակոբյանը,- ու ծնված օրվանից տեսել եմ, թե ինչպես էր տատս կով պահում, հորթեր աճեցնում: ՈՒ չեմ հիշում մի դեպք, որ հորթը սատկեր: Էսօր մեր գյուղերում նորածին հորթերի անկումը հասնում է 40 տոկոսի: Կարդում եմ «Իրատեսը» ու զարմանում. Եվրոպայից 3000 եվրո արժողությամբ բարձր մթերատու 2000 երինջ ենք ներկրել, որից 800-ը սատկել են, մնացածները չեն տվել սպասված արդյունքը, գյուղացին չի փակել վարկը, ու դատարանը բռնագրավում է նրա ունեցվածքը: Արի քեզ տանեմ մեր հարևանների գոմերը, ու դու կհամոզվես, որ այդ պայմաններում կովն էլ չի կարողանում գոյատևել, ու՜ր մնաց հորթը, այն էլ` ցեղական, եվրոպական: Եվրոպաներից երինջներ բերող, մեր գյուղացիներին դրանք վաճառողները չէի՞ն տեսնում, թե ինչ պայմաններում են նրանք մեծանում:
Քիչ թե շատ ծանոթ լինելով տավարաբուծության նախկին և առկա իրավիճակին (ավելի քան 50 տարի եղել եմ «Գյուղատնտեսության մեքենայացման» ԳՀԻ-ի անասնապահության և կերարտադրության բաժնի վարիչ), կարող եմ ասել, որ, անասնապահական ֆերմաների սեփականաշնորհումից հետո, մեր տավարաբուծությունը հայտնվեց քարի դարի իրավիճակում. գյուղացին իրեն բաժին հասած 3 գլուխ տավարը տեղավորեց տանը կից մի կերպ հարմարեցված առանձնամասում` սառն ու թաց բետոնե պառկելատեղով, օրերով չհեռացվող գոմաղբի կուտակումներով, որպեսզի շենքը տաք մնա, մոռանալով, որ նրանից անջատված ազոտն ու մյուս թունավոր նյութերը խեղդում են կենդանուն, որ նրան դուրս հանելու, մաքուր օդ շնչելու տեղ չկա, անասնազբոսաբակ չկա, որ կերը փայտանյութի վերածված չոր խոտն է։ Հետո էլ զարմանում ենք, որ տավարի մթերատվությամբ աշխարհում վերջին տեղերում ենք»:
Ինչպե՞ս դուրս գալ արդեն տասնամյակներ տևող, երկիրը հյուծող, ոլորտը քայքայող, գյուղացուն արտագաղթի մղող այս ամոթալի իրավիճակից:
Հակոբյանի համոզմամբ, այդ հարցերի պատասխանը մարդկությունը վաղուց է տվել. միավորիր արտադրական ռեսուրսները` տավարը, անասնակեր տվող հողը, խոտհարքներն ու արոտները ժամանակակից զոոտեխնիկական պահանջներին համապատասխան նոր տեխնոլոգիաներով, մեքենաներով, ստեղծիր խոշոր կաթնապրանքային ֆերմաներ, բայց այնպես, որ չանտեսվի միավորվողի` մեր դեպքում 3 գլուխ տավար ունեցող միջին վիճակագրական գյուղացու մասնավոր շահը, որ նա մրցակցության պայմաններում միշտ ունենա առաջ գնալու, իր սեփականությունն ընդլայնելու հնարավորություն, բայց այնպես, որ այդ առաջընթացը չհանգեցնի անասնատեր խոշոր օլիգարխների կայացմանը` խորացնելով աղքատների և մեծահարուստների հակամարտությունը, ապակայունացնելով երկրի ներքին անվտանգությունը, ու դու կունենաս բարեկեցիկ ապրելու միջին շահույթ, երկիրը կայուն պահող միջին խավ:
Աշխարհագրական առումով մոտիկ լինելով մեր «հարևանի» սահմանակից տարածքներին, մտահոգված այդ տարածքների` արտագաղթով պայմանավորված անվտանգության հարցերով, Վասիլ Հակոբյանը կարծում է, որ գյուղաբնակների համար օրենսդրորեն պետք է երաշխավորել միջին շահույթից բարձր շահույթ, ամեն ինչ պետք է արվի այդ մարդկանց սեփականությունը, արտադրական կարողությունները հզորացնելու համար` նրանք ավելի մոտիվացված կպաշտպանեն իրենց հողը:
Զարգացման այս գաղափարը պետք է ունենա կոնկրետ լուծումներ, և դրանցից ամենավիճահարույցն ու դժվար իրագործելին, թերևս, մասնավորի` տավարով խոշորացվող մեքենայացված, շահութաբեր ֆերմա ստեղծելն է: Ի՞նչը պետք է ստիպի գյուղացուն իր տավարը բերել խոշորացվող ֆերմա: Միայն այն, որ գյուղացին իր աչքերով կտեսնի, կհամոզվի, որ այդ քայլով նա, ավելի քիչ չարչարվելով, կունենա ավելի շատ կաթ ու միս, այն կտնօրինի իր հայեցողությամբ, կապրի ավելի բարեկեցիկ, կիրագործի իր տավարի գլխաքանակն ավելացնելու հեռանկարով նույնպիսի սեփական անասնաշենք ունենալու երազանքը:
Այս ամենի իրացման Հակոբյանի կոնկրետ ծրագիրն առավել մանրամասնությամբ ներկայացրել ենք «Իրատեսի» 2017 թ. թիվ 19-ում տպագրված «Ժամանակակից կոոպերատիվ տեխնոլոգիաներով Գավառը կդառնա գյուղատնտեսության առաջընթացի լոկոմոտիվը», ինչպես նաև «Սահմանամերձ տարածքները շեն գոտիների վերածելը մեր բոլորի խնդիրն է» (2017 թ., թիվ 54) հոդվածներում, խնդրելով վարչապետին, առանձին նամակով նաև գյուղնախարարին` գալ Գավառ, տեղում ծանոթանալ տնտեսության զարգացման ծրագրերին:
Երկուսն էլ եկան Գավառ, այն էլ ոչ մեկ անգամ, և երկուսն էլ «մոռացան» հանդիպել Հակոբյանի հետ, թեպետ մարզպետարանից մինչև Հակոբյանն ընդամենը 500 մետր է:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր խմբագրություն ուղարկելու, երբ դեկտեմբերյան մի ցուրտ առավոտ հեռախոսազանգը գուժեց ցավալի լուրը` 86 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ Վասիլ Հակոբյանը` մեծատառով հայը: