Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ. Կարծես դարաշրջան է փոխվում

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ. Կարծես դարաշրջան է փոխվում
28.10.2014 | 16:53

Բոլորեցինք հոկտեմբերի 27-ի տասնհինգ տարին: Հնարավոր չէ համակերպվել՝ հարյուր հիսուն տարի էլ անցնի: Բերեմ հուշերիցս մի դրվագ՝ Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին վերաբերող` որպես ՏՈՒՐՔ ՄԵԾԱՐՈՅ:
Ծանոթությունս Կարեն Դեմիրճյանի հետ սկսվեց այնժամ, երբ մեր բազմաթիվ «հաշվենկատ» հայրենակիցներ գերադասում էին խուսափել նրա հետ «ավելորդ» շփումից և նրա կողքին «ավելորդ անգամ» երևալուց:
Մարդ – Անհատ – Ղեկավար, ում բարի վերաբերմունքը կամ անգամ դրական հայացքը «որսալու» համար մարդիկ պատրաստ էին զորաբերել կարծես ամեն ինչ, ներառյալ սեփական արժանապատվությունը, 1988 թվականին, մեկ ակնթարթում, միանգամից հայտնվեց խորը մեկուսացման մեջ, անհարկի շահարկումների մթնոլորտում, մերժված և չհասկացված լինելու դառը զգացումով:
Քայքայվել էր առողջությունը: Եկավ Մոսկվա ոչ այնքան այն վերականգնելու, ինչքան (ինչպես ես հետագայում զգացի) հայաստանյան հասարակական դաժան ճնշումից հանգստանալու, մեկ անգամ ևս հանգիստ պայմաններում վերարտադրելու կատարվածը, մի խոսքով` ուժ հավաքելու:
Իր որդի և իմ ընկեր Սամվելը խնդրեց գնալ հայրիկին դիմավորելու` իմ «ժիգուլիով»: Եվ ահա մեր առաջին հանդիպումը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Իմ՝ մոսկովյան կրթություն ստացած, գորբաչովյան վերափոխումներից ոգևորված, խորհրդային վերջին «ոսկյա երիտասարդության» մաս կազմող հայ ասպիրանտի և ԻՐ` խորհրդային հսկա պետության, գերտերության խորհրդանիշ հանդիսացող, կյանքում բազմաթիվ փորձություններով անցած, ժողովրդից սիրված բազմամյա ղեկավարի, ում անունն անգամ, նաև իմ սերնդի համար, արդեն Առասպել էր:
Սկզբում շատ զգույշ էր, նյարդայնացած: Հազիվ տեղավորվելով նեղ մեքենայում` անմիջապես հարցրեց.
-Սամվելի ընկե՞րն ես:
-Այո:
-Դու է՞լ ես իմ դեմ:
Անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ այս այցի ընթացքում` սկզբից հիվանդանոցում, ապա Սամվելի տան խոհանոցում, երկար ժամեր եմ անցկացրել Կարեն Սերոբիչի հետ զրուցելիս, զրույցներ, որոնց ընթացքում փորձում էի ներթափանցել քաղաքական որոշումների կայացման տեխնոլոգիայի մեջ, իսկ ինքը, երևի թե, «թարմ ուղեղի» ու «ականջի» վրա մեկ անգամ ևս փորձարկում էր իր անցած քաղաքական ճանապարհը: Եզրակացությունը մեկն էր. «Կարծես, դարաշրջան է փոխվում»:
Շատ մտերմացանք: Որպես հնարավոր բարձրագույն գնահատական ընդունեցի նրա «Այ տղա, խելոք տղա ես երևում, բա ո՞ւր էիր իմ ժամանակ, գայիր` մի պաշտոն տայի» արտահայտությունը:
Եկավ Երևան վերադառնալու ժամանակը: Դիմեց ինձ. «Արի ինձ ճանապարհ դիր: Առաջ կորտեժներով էի տեղաշարժվում, բայց կարծես այսպես ավելի լավ է»:
Տասը տարի անց` 1998-ի նախագահական ընտրություններում իր մրցակից Ռոբերտ Քոչարյանի ճամբարում էի (նկատեմ, որ երբ փորձեցի սույն առիթով Կարեն Սերոբիչի հետ «բացատրվել», անմիջապես կանխեց որևէ խոսակցություն` ասելով. «Դու պարտավոր ես լինել Քոչարյանի կողքին, չէ՞ որ դու նրա կառավարության ֆինանսների նախարարն ես: Դու այլ որոշման իրավունք չունես»: Ավելին, իմ ելույթը հեռուստատեսությամբ` հօգուտ Քոչարյանի, դարձավ կարծես վերջինիս քարոզարշավի ամենաշահեկան մասը և մի քանի անգամ կրկնվեց:
Քարոզարշավի վերջին օրն էր: Երեկոյան զանգահարեց, ասաց. «Ապրե´ս, տղաս: Շատ լավ էր»: Սա իմ կյանքում ստացած, երևի թե, քաղաքական ամենալուրջ դասն էր: Չէ՞ որ ես հանդես եկա իր հակառակորդի օգտին, և ուրեմն՝ իր դեմ: Կարեն Սերոբիչը դրսևորեց բացառիկ քաղաքական կուլտուրա, Տղամարդկային Մեծահոգություն և Բարություն:
Անցավ ևս մեկ տարի: 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում մասնակցելու և հաղթելու համար ձևավորվեց Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան դաշինքը, որին ես չանդամագրվեցի: Երբ արդեն պարզ դարձավ երկրում հետագա քաղաքական զարգացումների սցենարը, զանգահարեց ՀՀ վարչապետի ընդունարան և ընդունելություն խնդրեց: Առաջարկեցի դրսում հանդիպել: Ասաց. «Ո´չ մի դեպքում: Պետք է հանդիպենք քեզ մոտ»: Հանդիպեցինք: Ասաց. «Գիտե՞ս, մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում: Այն ժամանակ ջահել էիր, չէի ճանաչում, պաշտոն չտվի: Հիմա էլ, կարծես, պաշտոնից զրկում եմ»: Միանգամից հիշեցի 88-ի իր արձագանքը. «Կարեն Սերոբիչ,կարծես, նորից դարաշրջան է փոխվում»: Շատ ուրախ ու անկեղծ ծիծաղեցինք, գրկախառնվեցինք:

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ