«Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր։ Բոլոր նրանց, ում անունն ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք իրենց համար մանրադրամ ենք։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք»,- երեկ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Առաջին հայացքից շատ գեղեցիկ է հնչում, մանավանդ՝ Փաշինյանի շուրթերից, ով իրեն դիրքավորել է՝ որպես ինքնիշխանության խորհրդանիշ:
Բայց արդյո՞ք իրականության հետ աղերս ունի Փաշինյանի հայտարարությունը:
Բնականաբար, ոչ:
Եթե Փաշինյանը Ռուսաստանին այդ դերում չի տեսնում և փաստորեն ակնարկում է, որ Արևմուտքում էլ երաշխավորներ չկան, ապա նա ապավինում է Ադրբեջանին, այլ խոսքով՝ ակնարկում է, որ այդպիսի երաշխիքներ կարող է ստանալ Բաքվից:
Տարածաշրջանում ձևավորված ուժային դիսբալանսի պայմաններում հնարավոր չէ այլ կերպ հասկանալ Փաշինյանի պնդումը, որովհետև ինչ-որ գործոն, Հայաստանին տրված անվտանգային երաշխիք միայն կարող է զսպել Բաքվի ախորժակը:
Փաշինյանի «Մեր հարցերը մենք պիտի լուծենք»-ը ոչ թե ինքնիշխանության դրսևորում է, այլ Բաքվից երաշխիքներ ստանալու ակնկալիք:
Այլ խոսքով, ռուսական ազդեցությունից ազատվելու հետևանքը դառնալու է ադրբեջանական ենթապետության վերածվելը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ