Ծերունին՝ ճերմակ, ու լույսի մեջ,
նման գուշակին Թեբեի,
պատմեց,
թե ժուկով-ժամանակով կտրիճներ էին
քարերը մեր
և զոհեցին կյանքը վասն այս հողի,
որ ամուր քայլես,
փխրու՛ն երկիր,
ոտքիդ տակ նրանք` քարակերտ սրտեր:
Հողիդ պես հիմա մենք ենք ճաք տվել, երկիր.
նորից տղաները քո
դառնում են քարեր՝
սիրուն,
լուսավոր,
որ հեքիաթ չէ արդեն:
Մեր քարե՞րն են թանկ,
թե՞ հողը, երկի՛ր…
որ չսայթաքես,
դեռ որքա՞ն քարի
փորելու ենք
ճակատագրեր:
Հուսիկ ԱՐԱ