Այսօր գրողների տանը կայացավ «Արդի իրանական դրամատուրգիա» գրքի շնորհանդեսը, գիրք, որը ներառում է ժամանակակից Իրանի տասն անվանի դրամատուրգների մեկական ստեղծագործություն (թարգմանիչներ՝ Նունե Հովհաննիսյան, Էդվարդ Հախվերդյան, Գևորգ Ասատրյան):
Ժողովածուն կազմել է գրականագետ Արմեն Ավանեսյանը: Նրա խոսքով՝ գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է, հնարավորություն է տալիս ճանաչելու մեր հարևան երկրի թատերական դաշտը:
«Իրանական դրամատուրգիան մի հետաքրքիր առանձնահատկություն ունի,- ասաց նա,- կարծես հենց թատրոնի ներսում գրված ստեղծագործություն լինի, քանի որ բեմադրիչ և հեղինակ հասկացությունները մասնագիտորեն չեն բաժանվում, բեմադրիչն էլ հենց հեղինակն է, և այստեղ ավելի շատ թատերական ստեղծագործություն է դառնում՝ հեռանալով գրականությունից»: Արմեն Ավանեսյանի դիտարկմամբ՝ իրանական թատրոնն անշփում է, նույնը արտահայտվում է դրամատուրգիայում, ստեղծվում է անշփում դրամատուգիա: Օրինակ, «Պատը» դրաման հեղինակը բաժանել է երկու մասի, որպեսզի կինը և տղամարդն իրար հետ չշփվեն, գործողություններն առանձին-առանձին զարգանում են պատի այս և այն կողմում: Մեկ այլ դրամայում կինն ակվարիումի մեջ է, այդպես է շփվում տղամարդու հետ:
«Դերերի բաժանումը խոսում է նաև հասարակության մեջ առկա բաժանման մասին՝ և՛ սոցիալական, և՛ քաղաքական բաժանումների, մարդկանց մեջ առկա երկփեղկվածության և, ինչո՞ւ ոչ, պատերազմի, որ կործանարար ազդեցություն է ունենում մարդկային ճակատագրի վրա»,- ասաց գրականագետը:
Հավելենք, որ Երևանում է պարսիկ դրամատուրգների պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դրամատուրգների միության նախագահ Մոհամադ Ամիրյարահմուդի գլխավորությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում կայացել են համատեղ հանդիպումներ, նոր ծանոթություններ, նոր գործերի քննարկումներ։
Երկկողմանի համագործակցության շնորհիվ արդի հայ դրամատուրգիան գրքի տեսքով նախատեսվում է հրատարակել պարսկերեն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ