«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

1500-դրամանոց անխիղճ-անաստվածը

1500-դրամանոց  անխիղճ-անաստվածը
07.09.2012 | 00:35


Արամ ԱՐՍԵՆՅԱՆ


Վերջին օրերին երևանյան տապը խիղճը լրիվ կորցրել էր: Նույնիսկ անմեղ թևավորները երկնքում հայտնվելու ուժ չունեին և մի թզաչափ ստվեր ու մի կաթիլ ջուր գտնելու համար անվերջ ցատկոտում էին շիկացած ասֆալտի վրա: Մարդկանց տեսադաշտից անհետացել էին ամենահավատարիմ քաղաքաբնակները` անտերունչ շներն ու կատուները, և քաղաքապետարանը շտապ հաղորդագրություն էր տարածել, թե ձեռնարկված լայնածավալ միջոցառումների շնորհիվ փողոցներում թափառող վտանգավոր չորքոտանիների թիվը կրճատվել էր վաթսունվեց ամբողջ վաթսունվեց հարյուրերորդական տոկոսով: Մինչդեռ այդ հանցավոր թափառաշրջիկների հարաճուն բանակը ժամանակավորապես և անչափ հարմարավետ տեղավորվել էր բակերում կայանած հազարավոր փոշեկոլոլ ավտոմեքենաների ստվերում` որսի դուրս գալով միայն գիշերային հովիկի թևով: Սովորականի պես զօր ու գիշեր անդուլ գործում էին միայն մկներն ու առնետները, որոնց անճոռնի գանգերը, կարծես, երերում-հոսում էին գետնից դեպի վեր սահող գոլորշու շղարշում:
Շոգանիրհի մեջ ինչ-որ ձայն լսեցի: «Երևի ուղեղս էլ է շիկացել»,- մտածեցի, չնայած ճիշտ ժամանակին անջատել էի հեռուստացույցը և ամբողջ հզորությամբ միացրել էի ուղեղահովացման համակարգս: Բայց ձայնը շարունակում էր դզզալ ականջիս մեջ, և հանկարծ գլխի ընկա, որ շատ ծանոթ ձայն էր: Բացեցի պատշգամբի դուռը, և գոլն անմիջապես պարուրեց ինձ, մարմինս ջերմացավ, դեմքս սկսեց այրվել, մի պահ ոչինչ չէի տեսնում և ոչինչ չէի զգում: Չէի սխալվել. Զվարթի ձայնն էր, որ գարունը բացվելուն պես գալիս ու բնակալում էր մեր բակում մինչև խոր աշուն, երբ վերջանում էին թարմ միրգն ու բանջարեղենը, և դաշտերում այլևս ուտելի կանաչեղեն ու արմտիք չկային:
Զվարթի ամենօրյա գովազդականչի ակնկալիքով հենվեցի բազրիքին, սակայն դեմ առա նրա գյուղական փսփսոցին, որ քաղաքաբնակի համար գրեթե բղավոց էր: «Պարոն սերժանտը» ոստիկանական նոր համազգեստով էր` կրծքին ասեղնագործ աղավնի, և հետույքի ձախ մասով կիսահենվել էր մեր նոր հարևանի նոր, ճեփ-ճերմակ «Լեքսուս»-ին, իսկ պարոնի այդ կարևորագույն մարմնամասի աջ թուշն աներևակայելի վարպետությամբ քսմսվում էր ավտոմեքենայի լուսարձակին, կարծես փորձում էր մի բույլ լույս կորզել: Զվարթը երկտակվել, կուչ էր եկել նրա առաջ, չնայած սարդակերպ երիտասարդը թե՛ մարմնի չափսերով, թե՛ քաշով մի քանի անգամ զիջում էր փարթամ ու բազմակլոր տիկնոջը: Երկու թուխ դեմք, մեկը` սև ի ծնե, մյուսը` արևախանձ, մեկը` ամբարիշտ, մյուսը` խոնարհ, մեկը` ոսկոր ու կաշի, մյուսը` միս ու արյուն:
-Ցավդ տանե՜մ, պարոն սերժա՛նտ,- աղաչում-պաղատում էր Զվարթը:
-Հեչ էլ մի՛ տար:
-Ախր ի՞նչ եմ արել:
-Լավ էլ գիտե՛ս, որ կարգ ես խախտել,- ան դրդվելի էր ոստիկանը:
-Մի քանի կոպեկ հացի փող եմ աշխատում, ո՞ւմ եմ վնաս տվել:
-Հասարակությա՛նը, մեր քաղաքացիների՜ն:
Սերժանտը համաչափ հանդարտությամբ ձեռքի ահազդու մահակն էր զարկում ոտքին և րոպեն մեկ գրպանից հանելով բջջայինը` ձևացնում էր, թե ոստիկանական բաժին էր զանգում, որպեսզի գործընկերներն օգնության հասնեին և բերման ենթարկեին տիկնոջն ու նրա ապրանքը: Սերժանտի մանրիկ աչքերը և չկամ հայացքն անվերջ աջ ու ձախ էին թափառում, քիթը տռզել էր թարախապալարի պես, սփրթնած, պրկված շուրթերն էլ մերթընդմերթ շշնջում էին. «Կամա՛ց: Կլսե՛ն»: Իսկ Զվարթը եռանդագին համառությամբ շարունակում էր թախանձել.
-Անմարդ կնի՛կ եմ, չորս որբ եմ պահում:
-Անմա՞րդ… Ափսո՜ս, ջահել չե՛ս,- խնդմնդաց երիտասարդը:
-Չե՞ս ամաչում, մո՛րդ թայն եմ:
-Բա խի՞ ես անմարդ ըլնելդ դեմ տալի:
-Էդ էլ է հանցա՞նք:
-Ա՛յ մորքուր, օրենք ես խախտում:
-Էդ ի՞նչ օրենք է, որ արգելում է որբերիս կերակրել:
-Գնա՛, օրենք գրողներին հարցրա:
-Օրենք գրողը ո՞վ ա:
-Պատգամավորները, որ չորս-հինգ տարին մեկ դո՛ւ ես ընտրում:
-Վա՜յ, հո՛ղս դրանց գլխին, որ մեզ էս օրը գցեցին:
-Չընտրեի՛ր:
-Ե՞ս եմ ընտրել:
-Բա ո՞վ ա փողն առել ու ձայն տվել:
-Ո՞Ւր էր, թե դրանց փողը տեսած ըլնեի:
-Դու չես տեսել, հարևանդ կերել ա:
-Ոչ էլ հարևանս ա տեսել: Էն մի տարին հին ու մին ձեթ ու լոբի բաժանեցին, հետո էլ բռով պարարտանյութ բերեցին, էս անգամ էլ չուլկի տվեցին: Երկրորդ օրը հզզվեց, իրարից դուրս եկավ:
-ՈՒրեմն լա՜վ էլ տեսել ես:
-Բայց ոչ մի անգամ ընտրության չեմ գնացել:
-Էդ արդեն կարևոր չի:
-Բա հիմա ի՞նչ ենք անելու, տղա ջա՛ն:
-Դե գիտե՛ս, էլի, մորքո՛ւր: Մենք էլ ենք տուն պահում:
-Ախր ի՞նչ եմ առնում, որ քեզ ինչ տամ: Տասը կիլո դեղձ եմ բերել, մեջը հինգ հարյուր դրամ ա մնալու: Երեսուն կուկուռուզից` վեց հարյուր: Եղա՞վ հազար հարյուր: Հինգ կիլո լոբուց հինգ հարյուր կմնա: Էդ էլ քեզ հազար վեց հարյուր: Հազար էլ շլորից ու կանաչուց, եղավ երկու հազար վեց հարյուր:
-Կարգի՜ն փող ա:
-Վեց հարյուրը հանի ավտոբուսի վարձ, մնաց ուղիղ երկու հազար: Չորս երեխա պահողի համար էդ ի՞նչ փող ա:
-Աչքիս ուզում ես ինձ էլ գցած ըլնես: Ապրանքդ հաստատ տնից ա:
-Ո՞Ւր էր, թե իմ բերքը ըլներ: Մի կտոր տնամերձ ունեմ, էն էլ կարգին մշակող չկա: Էրեխեքս մանր, ես էլ ամբողջ օրը դրսերում:
-Հիմի ասածդ ի՞նչ ա,- երիտասարդի համբերությունը հատում էր:- Ես էլ կանգնեմ ու իմ դա՞րդը լամ: Հազար ծակուծուկ ունենք: Մեր տե՞րն ով ա:
Զվարթը շատ ջանք թափեց, գլուխը ծնկներին զարկեց ու ձեռքերը դեպի երկինք պարզեց, քանդեց-հանեց լաչակն ու ճերմակած մազերն աջ ու ձախ արեց, հետո պայուսակից հանեց զավակների լուսանկարներն ու երիտասարդի քթի տակ թափահարեց, նույնիսկ քրքրված կոշիկներն ու հնամաշ շորերը ցուցադրեց, և անվերջ խոսում էր ու աղաչում, ապա մի պահ միայն լռեց ու ձեռքի ափով քիթը սրբեց, և կրկին խնդրում էր, ո՜նց էր խնդրում, կարծես Տիրոջից բարեհաճություն էր հայցում, կամ վեց դուստր լույս աշխարհ բերած կնոջ համառությամբ աղերսում էր տղա երեխա պարգևել իրեն: Իսկ երիտասարդն անհաղորդ լռությամբ շարունակում էր գլուխն աջ ու ձախ պտտել, մահակն ավելի ուժգին էր թփթփացնում ոտքին և գրպանից անընդհատ հանում ու հետ էր դնում հեռախոսը, և բզով ծակած նրա առկայծող աչքերը չէին պոկվում Զվարթի ճմրթված փեշից, որի ծալքերում խոր թաքցրած էր իր հասանելիքը, որ Զվարթը հանդուգն համառությամբ փորձում էր փախցնել և տանել ու սեփական երեխաներին բաշխել:
Միամի՜տ Զվարթ: Չգիտե՞ս, որ որսը չի կարող հմուտ որսորդից փախչել, և որսորդի կոչումն էլ մոր կաթի ու հոր արյան հետ է գալիս, ինչպես նկարչինն ու բանաստեղծինը, բժշկինն ու մանկավարժինը, կուսակցականինն ու պաշտոնյայինը: Եվ ո՛չ մարդը, ո՛չ էլ կյանքը չեն կարող փոխել այն, ինչ տրված է ի վերուստ և փոխանցվում է ժառանգաբար, որովհետև բնությունն իր օրենքներն ունի, և ոչինչ ի զորու չէ խաթարելու նրա բնականոն ընթացքը: Խե՜ղճ Զվարթ, իսկ դու ուզում ես անգութի գութը շարժել ու գետի հունը փոխել, և արեգակներ վար բերել երկնքից ու կապիկին մարդ դարձնել:
ՈՒշ երեկոյան, երբ փոշեբեր քամին սկսեց իր անվերջանալի թափառումները և երկար սպասված զով բերեց նիրհող քաղաքին, որոշեցի տնից դուրս գալ և քայլել ճիվաղի ձեռքից մի կերպ փրկված փոքրիկ պուրակում: Զվարթը գլուխը կախ իրերն էր հավաքում:
-Բարև, Զվա՛րթ, բարոյահոգեբանական պայքարդ ինչո՞վ ավարտվեց:
-1500 դրամս տարավ անխիղճ-անաստվածը,- պատասխանեց Զվարթը, ապա գետնից վերցրեց և ուսին գցեց ձեռքի խամրած, կարմրադեղին պայուսակը և հեռացավ դանդաղաքայլ` հետևից քարշ տալով Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի բաժանած ալյուրի ամրաամուր պարկից կարված հսկայական ճերմակ, դատարկ տոպրակը:

Դիտվել է՝ 150213

Մեկնաբանություններ