Արձակագիր, թարգմանիչ ՄԵՐԻ ԿԱՆԴԱԼՅԱՆ - ԱՍԼԱՆՅԱՆԸ ծնվել է Երևանում: 1983-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյի Ծովածոցի շրջանում (ԱՄՆ): Հայաստանի գրողների միության սփյուռքահայ անդամ է, երբեմն մասնակցում է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատանքներին: Առաջին գիրքը` երկլեզու (հայերեն, անգլերեն) պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել Երևանում` 2007-ին: Սիրում է ճամփորդել և այդ ընթացքում իրականացրած լուսանկարչական, տեսագրական աշխատանքները հետագայում վերածում է սիրողական փոքրիկ ֆիլմերի: Դրանցից մեկը` «Մեկ օր Գրանադայում», ցուցադրվել է Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
Մերի Կանդալյան-Ասլանյանի «Ալհամբրա. հիշողության ստվերներր» վեպը լույս է տեսել 2010-ի վերջին: Գիրքը պատմություն է հայ կնոջ մասին, որի կյանքում նշանակալի դեր են ունեցել Գրանադան և Ալհամբրան: Սեր, հավատարմություն, եղեռն: Թափառումներ, ուր խաչվում են հայի և գնչուի ճակատագրերը: Հանդիպում անցյալի հետ, նորից վերադարձ անցյալի ստվերներին… Ինչպես ասվում է նախաբանում` վեպում նշված հանրահայտ անձինք, պատմական դեպքերը, գործողությունները տեղի են ունենում իրական և հավաստի միջավայրում, բայց, այնուամենայնիվ, հերոսները մտացածին են:
-Իսկապե՞ս ոչ մի նախահիմք չունի այս պատմությունը,- հարցնում եմ։
-Ինչ-որ բան, ինչ-որ ժամանակ, ինչ-որ այլ բանի նախահիմք է դառնում: 2008-ի մայիսին ամուսնուս հետ մոտ մեկ ամիս շրջագայեցինք Իսպանիայում: Սևիլիայից Գրանադա ճանապարհին գնացքում մեր դիմաց նստեց գնչու մի երիտասարդ, որի հետ կցկտուր (մեր` իսպաներեն, նրա` անգլերեն չիմանալու պատճառով) շփումից պարզվեց, որ երաժիշտ է` ֆլամենկո կիթառահար և երգիչ: Այդքանով ավարտվեց հանդիպում-ծանոթությունը:
-Հերոսների զրույցի միջոցով նկարագրվում է գնչուների և հայ ժողովրդի պատմությունն ու ճակատագիրը: Ո՞րն է հիմնական նպատակը` սիրո հուզիչ պատմությամբ Հայոց ցեղասպանությունը ներկայացնե՞լը, թե՞ առանցքում հենց սերն է:
-Հայոց ցեղասպանությունն է վեպիս հերոսուհու` եղեռնից մազապուրծ Թագուհու ընտանիքի անդամներին ստիպել երկրեերկիր թափառել, և դա նշվում է վեպի տարբեր դրվագներում: Հայոց ճակատագրին զուգահեռ գնչուների ճակատագիրն է, նրանց մշակույթը, սովորույթները, որոնց համարյա ծանոթ չէի: Նրանց գիտենք իբրև «բոշաների», շրջմոլիկների, բախտագուշակների և զանազան քրեածին տարրեր, ճի՞շտ է: Շատերը սիրում են նրանց թախծոտ երգերն ու կրքոտ պարերը: Իսպանիայի գնչուները, որոնք ապրում են հատկապես Անդալուզիայում, բավականին տարբեր են մեր պատկերացումներից: Հիմնականում նստակյաց են, սովորում են, աշխատում տարբեր բնագավառներում: Ճանաչված երաժիշտներ կան (հատկապես ֆլամենկո պարողներ, կիթառահարներ, երգիչներ), ֆուտբոլիստներ, որոնք խաղում են նշանավոր ֆուտբոլային ակումբներում, պաշտոնյաներ, նույնիսկ պառլամենտի անդամ ունեն: Փողոցներում հանդիպող բախտագուշակ կանայք Արևելյան Եվրոպայի երկրներից են (Ռումինիա, Հունգարիա և այլն): Գրադարաններում և համացանցում ուսումնասիրություններիս արդյունքում ինձ համար զարմանալի հայտնագործություն էին պատմության ընթացքում հայերի հետ նրանց առնչություններն ու ռոմանի լեզվում տեղ գտած հայերեն բառերը: Գնչուներն էլ շատ են հալածվել, տառապել և դեգերել դարերի ընթացքում, բայց, ի տարբերություն մեզ` հայերիս, իրենք էլ ստույգ չգիտեն` որտեղի՞ց են ծագել, ինչո՞ւ են սփռվել աշխարհով մեկ, և չկա մի երկիր, որն ընդհանուր հայրենիք անվանեն:
-Կարելի՞ է ասել, որ պատահական չի ընտրված գնչու տղայի և հայ աղջկա մեծ սիրո պատմությունը:
-Վեպը սկսեցի գրել Իսպանիա կատարած ճամփորդությունից հետո (նաև ֆլամենկոյի սիրահար եմ), և վերը նշվածը ներկայացնելու նպատակով տրամաբանական էր , որ օտարազգին, ում պետք է սիրեր վեպի հերոսուհին` Թագուհին, լիներ գնչու (հայի և գնչուի սիրո պատմության ես ծանոթ չեմ):
-Իսկ եթե սիրավեպ լինի հայի և թուրքի միջև՞: Ինչպե՞ս եք նայում դրան:
-Հայի և թուրքի միջև սիրավեպեր, կարծեմ, եղել են իրականում, և գրվել է դրանց մասին: Անձամբ ես բացասական վերաբերմունք ունեմ, բայց ասում են` «Սերը կույր է», չնայած, կարծում եմ, թուրքերի մեջ էլ օրինավոր և հարգանքի արժանի մարդիկ կան:
-Սփյուռքում այլազգիների հետ ամուսնությունն առաջին վտանգներից չէ՞` ազգային տեսակը կորցնելու առումով: Ձեր վեպում կարծես այս խնդիրը երկրորդ պլան է մղվում:
-Չեմ կարող ասել, որ այն իրականում երկրորդ պլան է մղվում: Իհարկե, ցանկալի և նախընտրելի է, որ հայը հայի հետ ամուսնանա, բայց պետք է հաշվի առնել այն իրողությունները, որ մեր օրերում էլ առկա են սփյուռքում: Թագուհին մեծացել է օտար միջավայրում, ուր ցավոք, շատ ընտրություն չկա: Ծանոթ եմ բազմաթիվ երիտասարդների, որոնք, ծնողների կամ իրենց կամքով, միայն հայի հետ ամուսնանալու հույսով անցկացրել են իրենց լավագույն տարիները և մնացել առանց ընտանիքի, առանց անձնական երջանկության: Այլազգիների հետ ամուսնությունն անպայման չի նշանակում ազգային ինքնության կորուստ: Կան այնպիսիք, որ, այլազգի կին կամ ամուսին ունենալով հանդերձ, երեխաներին հայերեն են սովորեցնում, տանը հայերեն խոսում և պահում մեր մշակույթը: Ծանոթ եմ նաև օտարազգիների, որոնք, ամուսնանալով հայի հետ, ավելի հայասեր և հայաստանասեր են, քան որոշ հայեր: Ցավոք, կան նաև հայեր, այն էլ հայաստանցի, որոնց երեխաները բոլորովին հայերեն չգիտեն, որովհետև տանը, թեկուզ ոչ շատ գրագետ, բայց օտար լեզվով են խոսում նույնիսկ հայ տատիկները: Վեպում Վարպետ Ներսեսը` Թագուհու հայրը, շատ էր ուզում, որ Թագուհին հայի հետ ամուսնանա, սակայն, բացի այն, որ գաղթից հետո Հայաստան չէր գնացել, Աթենքի հայ շրջապատի հետ (որ բավական նման է սփյուռքի որոշ հայ համայնքներին) շփումներից էլ էր հեռու քաշվել` խարդավանքներից հիասթափված: Եվ, չմոռանանք, որ Թագուհին, այնուամենայնիվ, ամուսնացավ հայի հետ, ինչպես և պետք է լիներ, եթե չլիներ ցեղասպանությունը:
-Հաճա՞խ եք այցելում Հայաստան:
-Դեռ մեկ տարի առաջ, երբ մայրս ողջ էր, Երևանում էի անցկացնում տարվա 4-5 ամիսը: Անգլերեն ասացվածք կա. «Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է»: Շարունակելու եմ տուն գալ։
-Հավանաբար, հետևում եք հայաստանյան անցուդարձին, ի՞նչ մտագոհություններ ունեք:
-Հայաստանյան անցուդարձին, բնականաբար, լավատեղյակ եմ: Երևանում ունեմ շատ ազգականներ, ընկերներ, որոնց մտահոգությունները նաև իմ մտահոգություններն են:
-Գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու մասին մտածե՞լ եք, մանավանդ որ գրքում էլ է ակնարկվում այդ մասին, պատումն ինքնին հետաքրքիր է, նաև սիրողական ֆիլմեր ստեղծելու փորձ ունեք:
-Շատերն են այդ մասին ակնարկում, մտածել եմ, բայց ոչ սիրողական ֆիլմի մասին: ՈՒրախ կլինեմ, եթե գտնվի մեկը, ով կցանկանա և կկարողանա դա իրագործել:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ