Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայրենավաճառություն

Հայրենավաճառություն
13.12.2023 | 18:01

Ինչո՞ւ ենք մոռանում, որ մինչև Անիի կործանումը հայ իշխանները վաճառում էին իրենց հայրենի կալվածքները և լքում այն։

Բագրատունյաց Հայաստանի մայրամուտին մեր իշխանները հիմնականում տարված էին հայրենավաճառությամբ՝ ձերբազատվելով իրենց հայրենական կալվածքներից փորձում էին բարեկեցություն փնտրել այլ վայրերում՝ հերթով վաճառելով կամ կտակելով իրենց տերունի կալվածքները։ Այսպես.

• Հայոց թագավորը Հովհաննես-Սմբատը Անին կտակեց Բյուզանդիային:

• Տայքի իշխան Դավիթ Կյուրոպաղատը կտակեց Տայքը:

• Վասպուրականի իշխան Սենեքերիմ Արծրունին կտակեց Վասպուրականը փոխարենը ստանալով Սեբաստիա քաղաքը:

• Գրիգոր Մագիստրոսը հանձնեց Բջնին և իր հայրական բոլոր կալվածքները՝ փոխարենը Միջագետքում ստացավ գյուղեր, քաղաքներ, ինչպես նաև մագիստրոսի կոչում:

• Հունամոլ կուսակցության ներկայացուցիչներ՝ Վեստ Սարգիսը և Պետրոս Գետադարձը հանուն հարստությունների հանձնեցին Անին և ամբողջ երկիրը։

• Պետրոս Գետադարձը տարիներ անց Անիի քառասուն բանալիները հանձնեց Մոնոմախ կայսրին։ Նա հաստատվեց Կոստանդնուպոլսում, կայսրից նվեր ստացավ երեք արվարձան

• Հայրենադավ իշխան Սարգիսը թագավոր դառնալու տենդից վարակված մի շարք ծառայություններ մատուցեց Բյուզանդիային, որի համար վաստակեց «Վեստ», «Պատրիկ» տիտղոսները ով ի վերջո հայոց թագավորների գանձարանը հափշտակելով տարավ Աբխազիա։

Արիստակես Լաստիվերցին պետք է ցավը հոգում գրեր․

«Ավաղ այն ցավալի առևտրին, որքա՜ն մարդկանց արյունապարտ դարձավ, ինչքա՜ն եկեղեցիներ ավերվեցին այդ վաճառքի պատճառով, քանի՜ գավառներ դարձան անմարդաբնակ ու ամայի, քանի՜ մեծանիստ ավաններ զրկվեցին բնակչությունից»։

Փաստորեն միայն երկու հոգի էին այդ ժամանակ պայքարում անկախության համար․ ծերունազարդ և փառապանծ զորավար Վահրամ Պահլավունին և Գագիկ 2-րդը, որին, երբ խաբեությամբ առաջարկեցին հանձնել Անին և փոխարենը ստանալ Մելիտենե քաղաքը՝ ասաց․ «Տէր և թագաւորն ես եմ տանն Հայոց. Ահա ես ոչ տաց զՀայք ի ձեռս քո, զի դու զիս խաբէութեամբ ածեր ի Կոստանդնուպօլիս»։

Եվ վերջում՝ ամենացավոտ արձանագրումը.

«Անին կործանվեց «...ոչ թե պատերազմական կարգով այլ խաբեական խոսքերով...» ։

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ