Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից

Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից
04.11.2023 | 08:34

Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունն ու ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։

Մի օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։ Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր չէ, որ լինի քարտեզի վրա, այն մեր մտքերում է, հոգում։ Եվ եթե մենք չունենք պետություն, հետևաբար ոչ ոք չի կարող հարձակվել մեր պետության վրա, և հետևաբար մենք ամենահաղթած ու խաղաղ պետությունն ենք»։ Վերջում կասի. «Պետությունը դու ես, դու ես, դու ես... ու հետևաբար մենք ունենք 3 մլն պետություն»։

Համարենք՝ մի օր նման բան է լինում. ո՞րը կլինի շարունակությունը։ Նույնը, ինչ եղավ Արցախի Հանրապետությունը կորցնելուց հետո՝ մի փոքր ընդվզում, ՔՊ-ն մի պահ կանցնի ջրի հատակը, հետո մի քանի օրից կվերակենդանանա ու կսկսի Նիկոլ պաշտպանել, խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի հերթական քառօրյային, սուր հարցեր կտա, իշխանությունից ոչ մեկը հրաժարական չի տա՝ անհամաձայնություն դրսևորելով, Պեսկովը կասի՝ Պրահայից հետո դա տրամաբանական էր, Ալիևը կասի, որ վերջնական խաղաղության համար Հայաստանը դեռևս քայլեր ունի անելու և նոր պահանջների ցանկ կհնչեցնի։ Հ1-ի հայտնի տաղավարում էլ կհավաքվեն «արևմտամետները» և կասեն, որ «եթե ռուսական ազդեցությունից ազատվելու գինը պետության լուծարումն է, ապա մենք դա ողջունում ենք»։

Ինչո՞ւ եմ ես առաջարկում մտովի պատկերացնել այս, հուսամ, ֆանտասմագորիկ սցենարը. որպեսզի ճիշտ հասկանանք՝ ինչ ունենք այսօր և ինչ չունենք, ինչ վիճակում ենք, ինչ պետք է կառուցենք և ինչպես։

Իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով։ Սա երկիր է, որտեղ իշխանության սխալների պատճառով ռեալ հայրենիք ենք կորցնում ու ռեալ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը, ու անմիջապես հետո ժողովրդին կերակրում են միֆական «խաղաղության խաչմերուկով»։

Գտնվում ենք լուրջ մեդիատեռորի ազդեցության տակ, որը թույլ չի տալիս ինքնուրույն մտածել, լսարանին սարքում է հոտ. չունենք նոր իրականությանը համարժեք բանաձևեր և չունենք քիչ թե շատ ունակ կառույցներ, միավորներ, որոնք հույսի և նոր գաղափարների կրող են, որոնք այլ բան են առաջարկում, քան՝ կազմաքանդումը, որոնք այլ հայ են ձևակերպում, քան՝ այսօրվա նվաստացած հայն է։

Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի կոնգլոմերատից՝ իբր պայքարողներից, իբր մի բան իմացողներից, իբր Մոսկվայի հետ մոտիկներից, իբր կառույցներից, իբր ազգայնականներից, իբր ազնիվներից, իբր այս ամենը ծանր տանողներից և այլն, և այլն։

Ժամանակն է դառնալ իրական, որ կարողանանք վերականգնվել որպես իրական ժողովուրդ՝ իրական արժանապատվությամբ, իրական նպատակներով, իրական ապագայով։ Մեր մտածողության հորիզոնը պետք է մեծացնել։ Իրական խելոք ու սրտացավ մարդիկ են պետք, և լուրջ աշխատանք կազմակերպելու համար պետք են ռեսուրսների տիրապետող իրական հայրենասերներ, ոչ թե այնպիսիք, որոնց ուշքն ու միտքն իրենց կուտակած գույքն է և Հայաստանից թռնելու երազանքը։

Պետք է սկսել գրագետ աշխատել, ու այս գործում ամեն հետաքրքիր առաջարկ ու գաղափար և անհատ կարևոր է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ