Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պայքարը կծավալվի զանգվածային լրատվության և վիրտուալ հակամարտությունների ոլորտում

Պայքարը կծավալվի զանգվածային  լրատվության և  վիրտուալ հակամարտությունների ոլորտում
30.05.2013 | 23:15

Նկատվել է, որ հակամարտությունների և սուր խնդիրների հետ կապված իրական գործընթացները հաճախ վիրտուալի են վերածվում, և դրանում ոչ մի արտասովոր բան չկա, որովհետև զանգվածային լրատվության ու ինֆորմացիայի հասանելիության փուլում հենց տեղեկատվության ոլորտում են տեղի ունենում կոնֆլիկտային բնույթի հիմնական գործընթացները։ Ցանկացած կոնֆլիկտ շատ շուտով ավելի շատ վիրտուալ է դառնում, քան իրական։ Մեծ է վտանգն այն բանի, որ կոնֆլիկտի անմիջական մասնակիցները կհայտնվեն տեղեկատվական հոսքերի ոլորտում և կընդունեն այդ խաղի կանոնները։

Ռուսաստանը բառացիորեն շրջապատված է կոնֆլիկտային գոտիներով, սակայն միայն Կովկասն է սպառնալիք ներկայացնում Ռուսաստանի ոչ միայն անվտանգությանն ու կայունությանը, այլև տարածքային ամբողջականությանը։ Ո՛չ Թաթարստանը, ո՛չ Բաշկորտոստանը, ո՛չ ՈՒկրաինայի հետ հարաբերությունները ներկա փուլում չեն դարձել և չէին կարող դառնալ մեծ սպառնալիքների օջախներ։ Արտաքին շահագրգիռ կողմերը բավական հմտորեն են կարողանում քաղաքական դիվերսիաների ալիքներ ստեղծել այդ տարածաշրջանում։
Տարիներ շարունակ փորձագետներին հնարավորություն էր ընձեռված որոշակիորեն հետևելու և մասնակցելու Հարավային և Հյուսիսային Կովկասի առնչությամբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ծրագրերի մշակմանը։ Տարբեր փուլերում մի շարք վերլուծական և հետազոտական ինստիտուտներ ու կենտրոններ մասնակցել են Հյուսիսային Կովկասում սպասվող կամ օրախնդիր դարձած ազգային քաղաքական և ազգային կրոնական կոնֆլիկտների առաջացման հեռանկարների ու հնարավորությունների գնահատմանը։ Վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում և այլ պետություններում մշակվել և իրացվել են Ռուսաստանի նկատմամբ վերահսկողության համակարգի ստեղծման ծրագրեր, նպատակ ունենալով ապահովելու իրենց գերիշխող դիրքը Ռուսաստանում ու Եվրասիայում եղած էներգետիկ, հումքային և կոմունիկացիոն ռեսուրսների օգտագործման ասպարեզում։ Օրինակ, միանգամայն որոշակիորեն կարելի է ասել, թե ինչ կերպ են բալթյան երկրների ազգային խնդիրներն օգտագործվել և վերահսկվել այդ ծրագրի հեղինակների համատեղ գործողությունների շրջանակներում։ Էստոնական, լատվիական ու լիտվական տարագրության ավանդական կենտրոնների կողքին, Լոնդոնում և Վաշինգտոնում ստեղծվեցին նոր հիմնարկներ, որոնք զբաղվում էին այդ խնդիրների հետ կապված մշակումներով։ Ներկայումս փորձագետները համարում են, որ Բալթիկան կորցրել է իր կոնֆլիկտային ռեսուրսը և չի կարող դիտվել իբրև Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործուն լծակ։ Բացի այդ, բրիտանացի նախագծողները Բալթիկայի խնդիրների առնչությամբ պատշաճ աջակցություն չստացան ո՛չ եվրոպացիներից, ո՛չ էլ, նույնիսկ, ամերիկացիներից։
ՈՒկրաինական գործոնը զգալիորեն շեղեց Արևմտյան ընկերակցության ուշադրությունը մյուս տարածաշրջաններից, նախ և առաջ Բալթիկայից ու Կովկասից։ ՈՒկրաինան դարձել է գլխավոր խաղաքարտը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակների ստեղծման պայքարում։ Մի ժամանակ տպավորություն էր առաջացել, թե Հարավային և Հյուսիսային Կովկասը կորցնում է իր գործառնական նշանակությունը ու, երևի, դրա համար հիմքեր կային։ 2005-2007 թթ. շատերն Արևմուտքում կորցրել էին հետաքրքրությունը Արևելյան Եվրոպայի շատ սյուժեների նկատմամբ, ինչն անդրադարձել էր ծրագրերի ու նախագծերի մշակման վրա, թեև համակարգային իմաստով հետաքրքրություններ դրսևորվում էին։ Հիմա զգալիորեն աճել են կովկասյան գործոնի դերն ու ուշադրությունն այդ տարածաշրջանի նկատմամբ։
Մոտավորապես 1996-ից սկսած, Ռուսաստանի վարքագծի վրա ներգործության նպատակով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Թուրքիայի վերլուծական շրջանակներում ներգրավվեցին առանձին կազմակերպություններ և հետազոտական ու նախագծային ծրագրեր։ Այդ մշակումները տարբեր կերպ էին կատարվում` հատուկ մասնագետների ներգրավման, ֆինանսավորման տարբեր աղբյուրների օգտագործման, նոր մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառման իմաստով։ 2005 թ. որոշվեց ստեղծել միջազգային «Կովկասյան կորպորացիա», որը ոչ պաշտոնական հիմունքներով ներառում է մի շարք կառավարական և պետական կառույցների հետ սերտորեն ինտեգրված հիմնարկներ։ Այդ կազմակերպությունները կոչված են մշակելու այնպիսի նախագծեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված լինեն տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Կովկասում, հակամարտ կողմերի համար որոշակի գաղափարախոսության ուժեղացմանը։ Այդ գործունեությունը սովորաբար իրականացվում է մի ինչ-որ ինտերակտիվ կարգով, երբ տեղի է ունենում երկխոսություն, որտեղ պատասխանատու կողմը արտքաղաքական գերատեսչություններն ու հետախուզական կազմակերպություններն են։ Այդ աշխատանքը կատարվում է մի քանի փուլով և ենթադրում է.
l ապահովել որոշակի կազմակերպությունների «բազավորումը» հակամարտությունների գոտիներում, սերտ հարաբերություններ հաստատել տեղական խմբավորումների, դրանց ղեկավարների, լրատվամիջոցների, պատգամավորների, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, զինված ուժերի ջոկատների հրամանատարների ու այս կամ այն գործչի հետ։ Վստահության ու փոխշահագրգռության մթնոլորտ ստեղծել տեղական սուբյեկտների և բրիտանական այդ կազմակերպությունների ներկայացուցիչների միջև,
l պայմաններ ստեղծել տեղական պայմանների մասին տեղեկությունների հավաքման համար, նյութեր պատրաստել այդ հակամարտությունների վերաբերյալ, գործեր կազմել մարդկանց ու կազմակերպությունների գործունեության մասին, ընդ որում, շատ կոնկրետ ու մանրամասն ենթատեքստով, ուսումնասիրություն անցկացնել հիմնական ու առանձնահատուկ բնութագրերը, տարբեր խնդիրների առնչությամբ կարծիքները, գնահատականներն ու տրամադրությունները, դրանց միտումները պարզելու համար,
l այդ տարածաշրջաններում ստեղծել տեղական, օրինական ձևակերպված կազմակերպություններ, որոնք կարողանային անհրաժեշտ միջոցներ ստանալ, զբաղվել թերթերի ու այլ պարբերականների հրատարակությամբ, կլոր սեղաններ ու սեմինարներ անցկացնել, հնարավորինս ազդեցություն գործել այդ տարածաշրջանների ներքին կյանքի, քաղաքական ու հասարակական գործընթացների վրա,
l աջակցություն ցուցաբերել որոշակի գաղափարական ուղղվածությամբ քաղաքական կազմակերպություններին ու դրանց պարագլուխներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործընթացներին։ Այդ գործիչների ու կազմակերպությունների համար ձևավորել առավելությունների ու հեղինակության մթնոլորտ։
Ընդհանուր առմամբ, տեղական այդ կառույցները պետք է ամեն ինչ անեն արևմտամետ գաղափարների արմատավորման համար։ Նախ և առաջ նկատի է առնվում հակառուսական ուղղվածությամբ ցանկացած զարգացում։ Ընդ որում, հարկ է նշել, որ այդ կարգի կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում սոսկ մի փոքր մասն են այն համակարգի, որն աշխատում է համանման ուղղություններով և, ըստ էության, զբաղվում է քայքայիչ գործունեությամբ։ Դրանք մեծ չեն և լայն հնարավորություններ չունեն, բայց ընդհանուր մատչելիության նկատառումով դրանց գործունեությունը կարելի է ներառել կովկասյան տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի գործունեության շրջանակներում։ Մենք համակարգային տեղեկություններ չունենք «Կովկասյան կորպորացիայի» գործունեության և «կովկասյան նախագծի» մանրամասն պլանների մասին։ Մենք չունենք նաև «Կովկասյան կորպորացիայի» մասնակիցների լրիվ ցանկը։ Միաժամանակ նկատի է առնվում, որ որոշ տեղեկություններ կարող էին կարևոր լինել այդ խնդիրների ու նպատակների ընդհանուր սխեմայի, նախագծի մասնակիցների գործունեության մեթոդների ու բնույթի ձևավորման համար։
Իսկ հիմա ընդհանուր հետևություններ անենք Հյուսիսային Կովկասին առնչվող ծրագրերի իրականացման ուղղությամբ «Կովկասյան կորպորացիայի» մտադրությունների վերաբերյալ։ Հարկ է նախ և առաջ նշել, որ «Կովկասյան կորպորացիան» մշակել է գործողությունների դոկտրին կամ հայեցակարգ։ Այդ նախագիծն ունի հետևյալ նպատակները. առաջին փուլում նկատի է առնվում ադըղեական ժողովուրդների շարժման ձևավորումը, վերլուծության անցկացումը և տարածաշրջանի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, խմբավորումների և կազմակերպությունների ղեկավարների վրա մանրամասն գործերի ստեղծումը, ինչպես նաև առաջատար խմբավորումների ու կազմակերպությունների ցանցի ստեղծումը` նախ և առաջ Կովկասի արևմտյան մասում` ադըղեաբնակ տարածաշրջանում, միտում ունենալով դրանք «շաղկապել» Աբխազիայում, և ընդհանուր ադըղեական շարժման ստեղծումը` հանուն Արևմտյան Կովկասի անկախության։ Միաժամանակ, ենթադրվում է ուժեղացնել արտաքին ներկայությունն Աբխազիայում, ազդեցությունը Աբխազիայի ղեկավարների և հիմնական քաղաքական ու հասարակական կազմակերպությունների վրա, նպատակ ունենալով հասնել փաստական անկախությանը, Թուրքիայում, այլ երկրներում համայնքված սփյուռքի հետ սերտ հարաբերությունների հաստատմանը, Աբխազիայում իսլամական ազդեցության, ինչպես նաև վրացի բնակչության դիրքերի նշանակության մեծացմանը։ Միևնույն ժամանակ, նույն մոտեցումները գործադրել Ադըղեայի և Կաբարդական Հանրապետության նկատմամբ, այդ շարժման մեջ ներգրավել ինչպես ազգայնական, այնպես էլ իսլամական խմբավորումները։ Սուխումը պետք է դառնա ամբողջ ադըղեական ազգության, ինչպես նաև մշակութային ու քաղաքական գործիչների ձգողական կենտրոն։ Ժամանակի ընթացքում հնարավոր է աբխազական ներկայացուցչությունների ստեղծումը Լոնդոնում, Անկարայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, նպատակ ունենալով այս կամ այն չափով միջազգայնացնել խնդիրը, դրա քննարկման մեջ ներգրավել Եվրոպական ընկերակցության կառույցները, ուժեղացնել Եվրահանձնաժողովի մասնակցությունն Աբխազիայում հասարակական ու տնտեսական բնույթի ծրագրերի ֆինանսավորմանը։
Արևմտյան Կովկասը դարձել է առավել հեռանկարայինը հակամարտությունների առաջացման առումով, և դրա համար կա այս կամ այն գործոնը։ Տարբեր նախաձեռնությունների կենտրոններին, այդ թվում` «Կովկասյան կորպորացիային», առայժմ չի հաջողվում ցանցային կառույցներ հաստատել Հյուսիսային Կովկասի արևելյան մասում, այսինքն` Դաղստանում, ու առավել ևս Չեչնիայում։ Այստեղ շատ ուժեղ են իսլամական տրամադրությունները, բավարար հենման պայմաններ չկան հասարակական ոլորտում, տեղական «Ֆրոնդայի» (ընդդիմություն) անդամների մեծ մասը գտնվում է անդրազգային կազմակերպությունների ուժգին ազդեցության ներքո, որոնք կողմնորոշված են դեպի միջազգային իսլամական կառույցներ։ Չեչնիայում ու Դաղստանում այդ խմբավորումները կարողացել են վերակազմակերպել դրամական միջոցների ու զենքի, գրոհայինների մատակարարման աղբյուրները, անկախ են արաբական երկրների պետական ատյաններից։ Բացի այդ, բավական դժվար է ազդեցություն գործել Չեչնիայում ու Դաղստանում գործող դիմադրության այդ շարԺման վրա։ Դրա հետ մեկտեղ, ամբողջ Կովկասը, ոչ թե սոսկ նրա արևմտյան մասը, հայտնվել է հզոր քարոզչության ոլորտում, և հենց դա էլ միավորում է ամբողջ Հյուսիսային Կովկասը որպես հակամարտայնության ընդհանուր ասպարեզ։ Այդ ասպարեզում նաև Հարավային Օսիան ներգրավելու առաջադրանք կա, բայց միանգամայն այլ տրամաբանությամբ, որպես Ռուսաստանի հետ երկխոսության հիմնավորում` կապված Հյուսիսային Կովկասում նրա ունեցած ազդեցության ու ներկայության հետ։
Երբ գերակշռում է քաղաքական բաղադրիչը, տվյալ մոդելը կարող էր օրինակ դառնալ Կովկասի արևելյան մասում, Չեչնիայում ու Դաղստանում համանման շարժումների զարգացման համար։ Այս կապակցությամբ նշվում է, որ Զ. Բժեզինսկու ղեկավարությամբ Վաշինգտոնում Չեչնիայի քաղաքական շարժում ստեղծելու փորձերն ըմբռնում ու զարգացում չեն գտել։ Այժմ աշխատանքներ են կատարվում հյուսիսկովկասյան դիմադրության կենտրոնը Լոնդոն տեղափոխելու և որպես քաղաքական ջանքերի ձևավորման ու կենտրոնացման վայր այդտեղ հաստատելու ուղղությամբ։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ նախաձեռնության կամ նախագծի նպատակներից մեկը Վաշինգտոնի ներգրավումն է, քանի որ այդտեղ նվազել է հետաքրքրությունը Հյուսիսային Կովկասի նկատմամբ, և դրանով իսկ ԱՄՆ-ին Լոնդոնում մշակվող խնդիրների լուծմանը հակելը։ Այսինքն, Հյուսիսային Կովկասը մրցակցության ասպարեզ է դարձել ոչ միայն արտաքին ուժերի և Ռուսաստանի, այլև ուժի արևմտյան կենտրոնների, ինչպես նաև Թուրքիայի միջև։
Հարկ է նշել, որ Հյուսիսային Կովկասում հակամարտությունների ծավալման և ոչ մի փուլում այդպես էլ չի հաջողվել համակարգել ու առավել ևս համաձայնեցնել արևմտյան հետախուզությունների ջանքերը Թուրքիայի հետախուզության հետ։ Որոշակի չափով դրան չեն ձգտել ո՛չ ամերիկացիները, ո՛չ թուրքերը, բացի այդ, արաբական պետությունների գործողություններն էլ են մեծ չափով խանգարել ԱՄՆ-ի և Թուրքիայի գործունեությանը։ Թուրքիան ձգտում էր իր ինքնուրույն խաղը խաղալ, և արդյունքում ոչ միայն մեկուսության մեջ ընկավ տարածաշրջանում, այլև հայտնվեց Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ու հետախուզության` արտաքին ազդեցության դեմ պայքարի կիզակետում։ Իրանը միշտ էլ Հյուսիսային Կովկասում շատ զգույշ է գործել, և դրա հետևանքով այստեղ լուրջ դիրքեր ձեռք չի բերել, բայց և առճակատման մեջ չի հայտնվել Ռուսաստանի հետ։ Թուրքիայի քաղաքականությունը, որը միտված է նեոօսմանիզմի հայեցակարգի ուժեղացմանն ու Հյուսիսային Կովկասն իր ռազմավարության ծիրում ներգրավելուն, ոչ մի կերպ չի համապատասխանել ամերիկացիների ու բրիտանացիների շահերին։ Ներկայումս միանգամայն ակնհայտ է դարձել, որ Աբխազիայում և Հյուսիսային Կովկասի ադըղեական մասում մրցակցային պայքար է սկսվել Թուրքիայի և ուժի արևմտյան կենտրոնների, նախ և առաջ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև, սակայն Եվրամիությունը ևս, առայժմ առանց առանձնակի հաջողության, բայց համառորեն, ուզում է թափանցել այդ տարածաշրջան։ Ընդ որում, հսկայական նշանակություն է տրվում տեղեկությունների հոսքերին, քանի որ հիմնական պայքարը կծավալվի զանգվածային լրատվության և վիրտուալ հակամարտությունների ոլորտում։ Լուրջ ինտենսիվության իրական հակամարտությունների բացակայության պարագայում անհրաժեշտ է դարձել բանավեճի ծավալումն իբրև հակամարտության դինամիկայի հիմնական պայմանի։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ