Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Եթե ռուսները հեռանան Գաբալայից, ապա դա մեկ ուրիշին լիովին հնարավորություն կտա հետևելու Իրանի գործողություններին

Եթե ռուսները հեռանան Գաբալայից, ապա  դա մեկ ուրիշին լիովին հնարավորություն կտա հետևելու Իրանի գործողություններին
19.10.2012 | 13:10

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող ամենասուր և արյունալի աշխարհաքաղաքական վերաբաժանումների, մեծ արագությամբ փոխվող գերակայությունների ֆոնին Գաբալայի կայանի վարձակալության շուրջ Ռուսաստանում և Ադրբեջանում բորբոքված բուռն կրքերի մասին տեղեկությունները կարող են այնքան էլ հետաքրքրական ու նշանակալի չթվալ: Սակայն, ինչպես հայտնի է, իսկությունը մանրուքների մեջ է լինում: Եվ երբ Բաքվի ու Մոսկվայի` բազմաթիվ պահանջներ ու կասկածներ պարունակող երկարատև վեճում ի հայտ են գալիս նոր, անսպասելի նրբություններ, ապա դա մտորումների լուրջ սնունդ է տալիս մեր հարևանների անբարո, բայց հետևողական արտաքին քաղաքականության և նրա կողմնորոշումների մասին:

Եվ այսպես, ինչպես բառացիորեն սեպտեմբերի վերջին հաղորդեցին լրատվամիջոցները, հարցը, առաջին հայացքից, շարժվել էր մեռյալ կետից: Հայտարարվել էր` Բաքուն չի բարձրացնի վարձը, իսկ ռուսական կողմից ռադիոտեղորոշման կայանի վարձակալության պայմանագիրը կերկարացվի առավելագույնը երեք տարով: Հետագայում ծրագրվում էր լուծել բոլոր տարաձայնությունները` կապված ֆինանսների հետ, և սկսել խոսել ավելի տևական ժամկետներով համաձայնագրի մասին: Հիշեցնենք, մայիսին Մոսկվան հայտարարել էր, որ «խիստ հիասթափված է» ադրբեջանական կողմի «ապակառուցողական մոտեցումից», որը պահանջում է բարձրացնել վարձը և տարեկան 7 մլն դոլարից հասցնել 300 միլիոնի (նկատենք, որ շատ ավելի կարևոր Բայկոնուրի տիեզերակայանի համար Ռուսաստանը Ղազախստանին տարեկան 115 մլն դոլար է վճարում): Ռուսաստանը նաև հաղորդել էր, որ շահագրգռված է ռադիոտեղորոշման կայանի` ևս առնվազն 10-15 տարի օգտագործմամբ: Եվ ահա «հավաստի աղբյուրների արտահոսքից» հետո սեպտեմբերի վերջին Ռուսաստանում, կարծես, թեթևացած շունչ քաշեցին ու որոշեցին, որ մինչև Արմավիրի մոտ կառուցվող տեղորոշման նոր կայանի լիակատար գործարկումը Գաբալան, այդուամենայնիվ, կծածկի «հարավային հրթիռավտանգ ուղղությունը»: Առավել ևս, որ բյուջետային ծախսերի ներկա վիճակում Կրեմլին, ըստ երևույթին, ձեռնտու չէր հապշտապ միջոցներ ձեռնարկել մինչև տարեվերջ արագորեն գործարկելու օդատիեզերական նոր օբյեկտը:

Սակայն բառացիորեն մի երկու օր անց, արդեն հոկտեմբերի առաջին օրերին, ռուսների «խոփը նորից քարին դեմ առավ»: Ինչպես հաղորդում է ռուսական զինվորադիվանագիտական աղբյուրը, «ռուսական կողմի առաջարկած փոխզիջումային լուծումը` նախկին ֆինանսական պայմաններով երկու-երեք տարով վարձակալության ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու մասին, ձեռնտու չէ Բաքվին: Մեծ է հավանականությունը, որ ոչ մի համաձայնագիր էլ չի հաջողվի ստորագրել, և Ռուսաստանը կհրաժարվի կայանի վարձակալությունից»: Թեև բացառված չէ, որ սա «ադրբեջանական իմաստակների» հերթական «քյալլագյոզությունն» է, որի նպատակն է բոլորին հիմարացնել և հին ձևով կաշառել, սակայն Գաբալայի բանակցությունների «վերելքներն ու վայրէջքները», ինչպես ասում են, պերճախոս են: Չէ որ դեռ տարեսկզբին արտգործնախարար Ս. Լավրովը հավատացնում էր, որ այդ հարցի շուրջ կողմերի միջև տարաձայնություններ չկան: «Վարձավճարի հարցի հետ կապված սկզբունքային խնդիրներ չկան, և երկու երկրների պատվիրակությունները պիտի համաձայնության գան»,- ընդգծում էր նա: Իսկ Մոսկվայում հույս ունեին նոր պայմանագիրը կնքելու ամռանը, ծայրահեղ դեպքում` աշնանը:
Մենք արդեն քանիցս հաղորդել ենք այդ բանակցությունների շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին, և մեր ընթերցողը, իհարկե, քաջ ծանոթ է թեմային, բայց չէր խանգարի հիշեցնել պատմությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այն ժամանակ հակահրթիռային պաշտպանության համակարգում այդ դեռևս կարևոր օբյեկտը հայտնվեց նորանկախ պետության տարածքում: Կայանը հնարավորություն էր տալիս գրանցելու հրթիռների թռիչքներն ու արձակումները լայն ընդգրկմամբ` Հյուսիսային Աֆրիկայից մինչև Պակիստան: Բայց այն ժամանակ Մոսկվան Բաքվի հետ, չնայած առկա տարաձայնություններին, կարողացավ պայմանագիր կնքել այդ օբյեկտի շահագործման վերաբերյալ: Ադրբեջանը դարձավ նրա սեփականատերը, իսկ Ռուսաստանը` վարձակալը: Սակայն այս տարվա վերջին վարձակալման պայմանագրի ժամկետը լրանում է, և կողմերը պետք է կողմնորոշվեն ռադիոտեղորոշման կայանի կարգավիճակի և ֆինանսական պայմանների շուրջ: Հին սովորության համաձայն, Ադրբեջանում անմիջապես «նոր բազար» սկսեցին. «Մեզ այդ կայանն ամենևին պետք չէ, ու եթե այն պետք է Ռուսաստանին, ուրեմն նա պետք է համաձայնության գա Ադրբեջանի հետ և լուծի Ադրբեջանին հուզող անվտանգության որոշ հարցեր»: ՈՒ գնա՜ց…
Արդեն իսկ սկզբից պարզ էր` Ադրբեջանն անցնում է լուրջ առճակատման և ձգտում ընթացիկ պահից առավելագույն շահ պոկել: Սկզբում դա հիմնականում զինամատակարարումներն էին և Ղարաբաղը: Հետո եկավ լայն շանտաժի հերթը: Օրինակ, «բաքվեցի ռազմավարները» հանկարծ հայտարարեցին, թե Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանագրի ժամկետը կերկարաձգի միայն այն դեպքում, եթե Մոսկվան երաշխիքներ տա, որ այդ կայանը Թուրքիայի դեմ չի ուղղվի: Դա Ռուսաստանի համար շատ ծանր պահանջ էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ հակամարտությունն ամերիկյան ՀՀՊ-ի շուրջ չի հանդարտվում, իսկ Անկարան իր համաձայնությունն է տվել համակարգի տեղակայմանը: Հետո առաջադրվեցին նաև ուրիշ, երբեմն շատ անհեթեթ պահանջներ և հրաժարման «տարաշխարհիկ» պատճառաբանություններ (ինչ ասես արժեն Բաքվի զբոսաշրջային ու բնապահպանական հիմնավորումները):
Դե, իհարկե, բոլորը գիտեն, որ «հաղթաթուղթը» խփված է, որ կայանն անհուսալիորեն հնացել է և վաղուց չի համապատասխանում ո՛չ ՆԱՏՕ-ի ստանդարտներին, ո՛չ էլ, մեծ հաշվով, ՀՕՊ-ի ռուսական նոր ստանդարտներին: Ավելին, բոլորն էլ հասկանում են, որ եթե ռուսները հեռանան, ապա հետները կտանեն միակ արժեքավոր բանը` ռադիոտեղորոշման կայանի աշխատանքի ծրագրային ապահովումը, առանց որի այն պարզապես «բետոնի ու մետաղի շեղջ է» (ըստ երևույթին, ելնելով այս իրողությունից, իրատես ամերիկացիները, չնայած ադրբեջանցիների բազմաթիվ առաջարկություններին, աչք չտնկեցին Գաբալային և նախընտրեցին տեղորոշման կայաններ բացել Կասպյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում): Ասենք ռուս փորձագետներն էլ քանիցս նշել են, որ «Գաբալայի կայանի օգտագործումը հետաքրքիր է միայն Բաքվի հետ համագործակցության հեռանկարով»: Ռուս զինվորականներն ընդգծում են, որ Արմավիրի կայանի տեսաընդգրկումը 2,5 անգամ մեծ է, քան Գաբալայինը, այնպես որ «ադրբեջանական կայանի կորուստը բախտորոշ չի լինի»: Սակայն, պետք չէ մոռանալ, որ այն այսօրվա դրությամբ Մոսկվայի միակ «ռազմական ամրությունն» է այդ բնագծում, և ինքնըստինքյան հասկանալի է, որ Ռուսաստանի համար այնտեղից հեռանալը խիստ անցանկալի է, առավել ևս, որ Ադրբեջանի քաղաքականության արևմտաձիգ փոփոխություններն անվտանգության ոլորտում սպառնում են դառնալ անշրջելի և ռուսների համար ծնում են բացահայտ կորուստներ ու վտանգներ:
Եվ ահա հարցը նորից է սրվում: Բաքվի հերթական կամակորությունները որքա՞ն անսասան կլինեն: Ի՞նչն այս անգամ կարող է բանակցությունների հերթական վիժեցման և Ադրբեջանի նոր շրջադարձի պատճառ դառնալ: Այդ իրադարձություններն ինչպե՞ս կարող են ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայի և հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա:
Իհարկե, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, համենայն դեպս, տեսանելի բոլոր դրսևորումներով, շարունակում է համար մեկ խնդիրը մնալ մեր հարևանների ներքին և արտաքին քաղաքականության համար: Բայց համարձակվենք ենթադրել, որ, չնայած պնդաճակատ համառությանը, Բաքվում, այնուամենայնիվ, հասկանում են, որ «բանալին» գտնվում է ոչ միայն Կրեմլում, որ ո՛չ ռուսները, ո՛չ էլ մի այլ ոք, վերջին հաշվով, չեն կարող «գրչի մեկ հարվածով» հանգուցալուծել այդ բարդագույն հակամարտությունը, և Գաբալան այն «նվերը» չէ, հանուն որի Կրեմլը պատրաստ լինի կորցնելու Հայաստանը: Այլ հարց են իրանական խնդիրն ու իսրայելցիների հույսերը: Չէ որ, վերջին հաշվով, եթե ռուսները հեռանան Գաբալայից, ապա դա մեկ ուրիշին լիովին հնարավորություն կտա հետևելու Իրանի գործողություններին: Իսկ Իսրայելի համար դա, անշուշտ, թանկ հաճույք է:
Չէր խանգարի վերհիշել այն կանոնավոր հաղորդագրությունները, թե Ադրբեջանն Իսրայելին խոստանում է աջակցել «Իրանի դեմ բազմափուլ ռազմական գործողության շրջանակներում»։ Նա կտրամադրի ռազմաօդային ուժերի բազա, կօգնի հետախուզական աշխատանքներում և անօդաչու ինքնաթիռների կիրառման գործում։ Իսկ հոկտեմբերի սկզբին (հետաքրքիր զուգադիպություն Գաբալայի վերաբերյալ բանակցությունների ձախողման տեղեկության հետ) արևմտյան լրատվամիջոցներում լուրեր երևացին այն մասին, թե «Բաքուն շփումներ է ունեցել Իսրայելի հետ ռազմաօդային ուժերի բազաների օգտագործման հարցի շուրջ» և որ «նման համագործակցությունը կարող էր անգնահատելի օգնություն լինել իսրայելցիներին, մասնավորապես, մարտական ինքնաթիռների վառելիքի լիցքավորման, անհրաժեշտության դեպքում, անձնակազմի փոխման ու փրկության գործում»։ Մյուս բոլոր սցենարները, փորձագետների կարծիքով, կուղեկցվեն մարդկանց և տեխնիկայի մեծ կորուստներով։ Արդյունքում, Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմական համագործակցությունն իրական է դարձնում ՑԱԽԱԼ-ի ինքնուրույն հարձակումը Իրանի ատոմային օբյեկտների վրա, առանց ԱՄՆ-ի բանակի մասնակցության։ Պաշտոնապես ո՛չ Երուսաղեմում, ո՛չ Բաքվում դա չեն հաստատում, սակայն ամերիկյան աղբյուրները բազմիցս նշել են, որ Իսրայելն Ադրբեջանի համաձայնությունն է ստացել նրա չորս ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ, որոնք լքված են եղել, իսկ հետո վերականգնվել հրեական պետության բանակի ինժեներների ու բանվորների կողմից։ Դարձյալ հոկտեմբերի սկզբին «Ռոյթըր» գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանում կա նախկին խորհրդային չորս ավիաբազա, որոնք պիտանի են իսրայելական ինքնաթիռների համար` Քյուրդամիրը` երկրի կենտրոնում, Գյանջան` արևմուտքում, Նասոսնայան և Գալան` արևելքում։ Մասնավորապես, Նասոսնայա բազան, իբր, ամերիկացիների օգնությամբ արդիականացվել է ՆԱՏՕ-ի ստանդարտների մակարդակի։ Այդ բազաներից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի ուրանի հարստացման Ֆորդոյի իրանական համալիրը և Թավրիզի հրթիռային մարտկոցները, ընդգծում են ադրբեջանցիները։ «Ռոյթըրը» վկայակոչում է նաև մի իսրայելցու, որը չի բացառել, որ Ադրբեջանի տարածքից կարող է թռիչք կատարել քաղաքացիականի ներքո քողարկված իսրայելական վառելիքատար ինքնաթիռ` Իրան թռչող կործանիչ-ռմբակոծիչների լրալիցքավորման համար։
Այս կապակցությամբ ևս մեկ հետաքրքիր զուգադիպություն ռուս-ադրբեջանական բանակցություններին առնչվող «արտահոսքերի» ժամկետների հետ։ Իսրայելցիների հետ նոր շփումների վերաբերյալ վերջին հաղորդումներից առաջ, բառացիորեն, երբ ռուսական լրատվամիջոցներն ազդարարեցին Գաբալայում ձեռք բերված պայմանավորվածության մասին, Պակիստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, թե իր երկիրը Իսրայելին կամ ցանկացած այլ երկրի թույլ չի տա օգտվել իր ռազմական բազաներից` Իրանի վրա հարձակման համար։ «Ոչ ոք երբեք նման բան թույլ չի տա, հատկապես եթե նկատի ունենանք այն փաստը, որ Իրանի բնակչության մեծ մասն ադրբեջանցի է։ Բացի այդ, Ադրբեջանը հետևում է այլոց վեճերին չմիջամտելու քաղաքականությանը»,- ասել է դեսպանը։ Այդ նույն ժամանակ նաև հաղորդագրություն երևաց այն մասին, որ հոկտեմբերի կեսերին նախագահ Ահմադինեժադը կայցելի Բաքու` մասնակցելու տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Թե ինչն է ճիշտ և ինչը լավ սարքված սադրանք, առայժմ պարզ չէ։ Բայց քիչ է հավանական, որ ժամանակային նման զուգադիպությունները պատահական լինեն, հատկապես, եթե հաշվի առնենք իրանական հարցում Մոսկվայի դերն ու վերաբերմունքը։ Ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է. «Վերջին երկու տարում անչափ աճել է Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Իրանի դերը միջազգային քաղաքականության մեջ։ Եվ այս պարագայում Բաքվի ձգտումը ոչ միայն ուղղակի տնտեսական, այլև աշխարհաքաղաքական առումով բարձրացնելու իր կապիտալի մակարդակը, ակնհայտ է։ ՈՒրեմն և Գաբալայի կայանը վերածվել է Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիքի»։ Այսինքն, երևում է, Բաքվի պատեպատ խփվելը տարերային ու պատահական չէ։ Այնտեղ, ամենայն հավանականությամբ, նորից որոշել են օգտվել աշխարհում նոր հակասությունների ծագման հանգամանքից և հերթական անգամ շահարկել Իրանում զինված ընդհարման սպառնալիքը և մեկ անգամ ևս փորձել առավելագույնս բարձրագոչ ծղրտալ բոլորի համար սեփական կարևորության մասին։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ