Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռուսաստանը «փակված» է վանդակում, իսկ ԱՄՆ-ը վերահսկում է տարանցիկ միջանցքը

Ռուսաստանը «փակված» է վանդակում, իսկ ԱՄՆ-ը վերահսկում է տարանցիկ միջանցքը
24.07.2012 | 03:25

2009-ի հունվարի 9-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Վրաստանի արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին «Ռազմավարական համագործակցության խարտիա»: Փորձագետների ու մեկնաբանների մեծամասնությունը պնդում է, որ այդ խարտիան (պայմանագիրը) կարևոր նշանակություն և իրավաբանական ձև չունի և իրենից ներկայացնում է միայն այն հարաբերությունների ձևակերպում, որոնք արդեն վաղուց կան երկու երկրների միջև: Պետք է ուշադրության առնել, որ այդ խարտիային նման գնահատականներ տալիս են եվրոպացի և ռուս փորձագետները, որոնք փորձում են առանձնապես սկզբունքային նշանակություն չտալ այդ փաստաթղթին: Բուն Վրաստանում այդ նույն կարծիքին են հետևում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և Միխեիլ Սաակաշվիլու դեմ հանդես եկող քաղգործիչները: Իրոք, փաստաթղթում ոչ մի նոր բան չկա, այն, փաստորեն, հավաստում է այն ծրագրերն ու մտադրությունները, որ Վրաստանում վաղուց իրականացնում է ԱՄՆ-ը: Վրաստանի հասարակայնությունը շատ հոռետեսորեն ընդունեց այդ փաստաթուղթը, քանի որ խիստ դժգոհ էր, որ ԱՄՆ-ը Վրաստանին լուրջ օգնություն չցուցաբերեց Ռուսաստանի հետ ռազմական ընդհարման ժամանակ: Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Վրաստանի քաղաքական ղեկավարության շրջանում ևս այդ փաստաթուղթը հիացմունքով չընդունվեց, քանի որ տեղի են ունենում նոր գործընթացներ, և Թբիլիսիում քաջ հայտնի են ամերիկացիների մտադրությունները` իշխանությունից հեռացնել Սաակաշվիլուն և երկրի ղեկավար կարգել մի այլ քաղգործչի: Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ այդ խարտիան առաջին նման մեծանշանակ փաստաթուղթն է, որ ստորագրվել է ԱՄՆ-ի ու Արևելյան Եվրոպայի մաս կազմող պետության միջև: Փաստաթուղթը չի կարելի դիտարկել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի մտադրություններից և մյուս իրադարձություններից կտրված: Նախկինում խոսվում էր, թե ԱՄՆ-ը մտադիր է Վրաստանում հիմնել երեք ռազմաբազա` Փոթիում, Գորիում և Մառնեուլում` 5800 զինծառայող ընդհանուր զորակազմով: Հետագայում լուրեր տարածվեցին Վրաստանում ամերիկյան 25-հազարանոց զորամիավորման տեղաբաշխման մասին, որը կդառնար Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո Եվրոպայում զորքերի խոշորագույն վերատեղակայումը: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է նաև Վրաստանում տեղադրել ճակատամերձ ավիացիայի մի տորմիղ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը շարունակում է վարժեցնել Վրաստանի զինված ուժերը:
Հարկ է նաև նշել, որ Ռուսաստանը փորձեր արեց խանգարելու ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության այդ խարտիայի ստորագրումը: Ռուսները ջանում էին համոզել Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիին և Իտալիայի վարչապետ Ս. Բեռլուսկոնիին` միջամտելու այդ իրադարձություններին և համոզելու ԱՄՆ-ին, որ Վրաստանի հետ նման պայմանագրի ստորագրումը վտանգով է հղի, սակայն ոչինչ չստացվեց: Ֆրանսիայի նախագահի հանձնարարությամբ արտգործնախարարը պետք է ամերիկացիների հետ խոսեր այդ խարտիայի թեմայով: Արտաքին գործերի նախարար Բ. Քուշների և նրա ամերիկացի գործընկեր Ք. Ռայսի հեռախոսազրույցի ընթացքում վերջինս հասկանալ տվեց, որ խոսքը խիստ սկզբունքային փաստաթղթի մասին է, և ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել իր ռազմավարության ծավալումից:
Այս փաստից ելնելով, չի կարելի խոսել այն մասին, թե այդ փաստաթուղթը կարևոր նշանակություն չունի: Ավելի շուտ, այդ խարտիան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմական համագործակցության հետագա զարգացման հիմքն է և նոր քաղաքականության ծավալման սկիզբը: Հարկ է նշել, որ 2008 թ. վերջին Ղազախստանի Մեջլիսը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված մի պայմանագիր, որը նախատեսում է համագործակցություն ռազմական ոլորտում և ամերիկյան բազաների ստեղծում: Խոսակցություններ կան ՈՒզբեկստանում ամերիկյան բազաների ստեղծման մասին: Այս գործընթացներն անհնար է անլուրջ համարել: ԱՄՆ-ը հիմա ձեռնամուխ է եղել այն քաղաքականության ծավալմանը, որ մտմտում էր վաղուց: Իհարկե, հետագայում Վաշինգտոնում իշխանության և արտքաղաքական շեշտադրումների փոփոխման կապակցությամբ շատ վերանայումներ եղան գերակայությունների և Սև ծով-կասպյան տարածաշրջանի նշանակության որոշման գործում, բայց այդ փաստաթուղթը շարունակում է մնալ ուժի մեջ, և այն անհնար է անտեսել:
Միացյալ Նահանգներն ու Վրաստանը բավական մանրամասնորեն են համաձայնեցրել պաշտպանական ոլորտում իրենց պետությունների համագործակցության ծրագիրը: 2008 թ. հունվարի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն արեց մի հայտարարություն, որտեղ նա, ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Գորդոն Էնգլանդի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, պարզաբանում էր, թե ինչ մտադրություններ ունեն ԱՄՆ-ը և Վրաստանը ռազմական համագործակցության ոլորտում։ Այդ բանակցությունները տեղի են ունեցել գաղտնի պայմաններում: Կողմերը քննարկել էին ռազմական համագործակցության ընդլայնման հարցը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները, ինչպես նաև պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող մի շարք թեմաներ, որ նախատեսված են երկու պետությունների միջև ստորագրված ռազմավարական համագործակցության խարտիայով: Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր նաև, որ «փաստաթուղթը լավ նախադրյալներ է ստեղծում այն բանի, որ ակտիվ համագործակցություն ծավալվի ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական գործընկերների հետ` ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերի շուրջ»: Փաստաթղթում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվում է կողմերի մտադրությունը` արտոնյալ հարաբերություններ կառուցել տնտեսական և ռազմական ոլորտներում: Այսպիսով, ստորագրված փաստաթուղթն առնչվում է ոչ միայն ամերիկա-վրացական ռազմական հարաբերություններին, այլև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը: Այդ պայմանագիրն ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց, երբ 2010 թ. Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պարզվեց, որ Վրաստանը չի կարող դաշնախմբին անդամակցելու հույսեր փայփայել: Այս պայմաններում ԱՄՆ-ի և Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պետությունների միջև մասնավոր պայմանավորվածությունները դարձել են ռազմական համագործակցության հիմք:
Հարկ է նշել, որ Եվրոպայի առաջատար պետությունները, նախ և առաջ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, բավական զգուշավոր են ընդունել ստորագրված խարտիան: Այսպես թե այնպես, Վրաստանի հանդեպ ամերիկյան պարտավորությունները, որոնք Վրաստանում ընկալվում են իբրև անվտանգության որոշակի երաշխիք, կանդրադառնան ՆԱՏՕ-ի ու Եվրամիության առանձին որոշումների վրա: Եվրատլանտյան կառույցները չեն կարող որևէ կերպ չարձագանքել Հարավային Կովկասում տիրող նոր իրավիճակին, քանի որ Ռուսաստանի արձագանքն այս խարտիայի առնչությամբ կլինի ծայրաստիճան բացասական: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի պլանավորման դեպարտամենտում այդ խնդիրն ու նոր իրավիճակը նախնական քննարկում են անցել` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մասնակցությամբ: Բացի դրանից, Վրաստանում Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանները խորհրդակցել են Վրաստանի ԱԳՆ աշխատակիցների հետ այն մասին, թե տվյալ խարտիան ինչպես կընդունվի Հարավային Կովկասի երկրներում, ինչպես է Վրաստանը պատկերացնում խարտիայում շարադրված գաղափարների զարգացումը:
Այդ խարտիան ստորագրել է ոչ թե Բ. Օբամայի, այլ հեռացող Ջ. Բուշի վարչակազմը: Սակայն կասկած չկա, որ Բուշի այս քայլը համաձայնեցված է եղել ոչ միայն Օբամայի և այդ ժամանակ պետքարտուղարի պոստի հավակնորդ Հ. Քլինթոնի, այլև Պենտագոնի, ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան կառույցների հետ: ՈՒստի անհիմն կլիներ այդ փաստաթուղթը համարել ոչ այնքան սկզբունքային և ոչ այնքան լուրջ: Ըստ էության, ԱՄՆ-ը շատ լուրջ քայլ է արել Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ` Վրաստանը դարձնելով իր քաղաքականության ծավալման կարևորագույն ասպարեզ:
Իրենց կառավարություններից տեղեկություններ ստացող եվրոպական և ռուս փորձագետները լավ գիտեն, որ Պենտագոնը բավական մանրամասնորեն մշակել է մինչև 2015-ը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի զինված ուժերի տեղաբաշխման օպերատիվ պլաններ: Դրանցում առանձնակի դեր է պատկանում Վրաստանին, ուր ծրագրվում է ստեղծել ոչ միայն ռազմական բեռների տարանցման և էներգամատակարարման ուղիների պաշտպանության, այլև առաջավոր բազավորման ռազմակայաններ: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը մտադիր է բավական խոշոր ռազմածովային բազա ստեղծել Վրաստանի սևծովյան ափին: Առայժմ տեղեկություններ չկան ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանում որևէ ռազմաբազա ստեղծելու մտադրության մասին, բայց թե՛ Ադրբեջանում, թե Վրաստանում ԱՄՆ-ը լրջորեն ուսումնասիրել է տեղանքը: Հայտնի է, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները մանրամասնորեն վերլուծել են այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են բխել իսլամական շարժումների հետ կապված արմատական խմբերից: Տեղեկություններ կան նաև, որ ամերիկացիներին հետաքրքրում է Հայաստանի Արզնի առողջարանի մոտ գտնվող օդանավակայանի օգտագործման հնարավորությունը: Թեև այս կարգի տեղեկությունները շատ չեն, սակայն միանգամայն հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ը որոշակի աշխատանք է կատարում Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելուն համար:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության առջև խնդիր է դրված Վրաստանի սևծովյան ափին ստեղծել երկրի ռազմածովային ուժերի նավահանգիստ: Խնդիրն առաջադրված էր դեռևս 2005 թ., բայց այդ հարցի հետազոտման կոնկրետ աշխատանքները կա՛մ հետաձգվում էին, կա՛մ բախվում տեխնիկական լուրջ դժվարությունների: 2008-ի հոկտեմբերին նորից Վրաստան այցելեցին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ու եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները, նպատակ ունենալով ուսումնասիրելու նավահանգիստ-բազաների ստեղծման հնարավորությունները: Դրանք նախատեսվում են պարեկային ռազմանավերի սպասարկման համար, սակայն ենթադրվում է, որ այդ նավահանգիստներից կկարողանան օգտվել նաև փոխադրանավեր ու միջին կարգի ռազմանավեր: Ինչևէ, ներկա դրությամբ ոչ միայն չի լուծված նավահանգիստների տեղորոշման հարցը, այլև առաջացել են նոր խնդիրներ` կապված դրանց կարգավիճակի, վարձավճարի, շինարարական և կահավորման աշխատանքների ծախսատարության հետ: ՈՒստի 2011-ից հետո որևէ հույս չկա, թե ԱՄՆ-ը Սև ծովում ռազմական ներկայության սկզբունքային փուլ կսկսի: Իսկ առհասարակ, Վրաստանի դերն ու գործառույթները տարանցման-սպասարկման խնդիրներից այն կողմ չեն անցնի, բայց դա էլ բավական կարևոր նշանակություն կունենա:
Տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են մոտ ժամանակներս հանդես գալ Վրաստանի ռազմածովային ուժերի հետ Սև ծովի ավազանը պարեկելու նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ապահովելու նավագնացության ընդհանուր անվտանգությունը և ստեղծելու «ֆիլտր» թմրամիջոցների և չթույլատրված այլ բեռների փոխադրման ճանապարհին: Հարկ է նշել, որ մի շարք թուրքական նավահանգիստներ այդ կարգի ռազմանավերի ընդունման և սպասարկման հնարավորություն ունեն, այդ թվում` Թուրքիայի սևծովյան ափի արևելյան մասի նավահանգիստները: Բայց, երևում է, ԱՄՆ-ի նպատակներից մեկն էլ Թուրքիային ցույց տալն է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերի կայանման այլընտրանքներ կա՛ն: Այդ նպատակով ԱՄՆ-ի սպաների այդ խմբի ամեն մի այցելություն Վրաստան անհանգստություն է պատճառում Թուրքիային, ուստի Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը վրացական կառավարությանը հիշեցնում է, որ կասկածներ կան Բաթումի նավահանգիստը ռազմածովային բազայի վերածելու քայլերի իրավաչափության առնչությամբ: Վրացական ղեկավարությունը բազմիցս բացատրել է Թուրքիային, որ նման մտադրություն չկա, և խոսքը սոսկ Սև ծովի նավահանգիստներն անվտանգության նկատառումներով ավելի ռացիոնալ օգտագործելու մասին է: Բացի այդ, Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ պարեկման սխեման, որ առաջարկում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, բնավ չի համապատասխանում իր շահերին, և ինքը պնդում է, որ ապահովվի իր մասնակցությունն այդ ծրագրերի իրականացմանը: Հնարավոր է, որ Վրաստանը ներառվի Սև ծովի ավազանի վերահսկողության պայքարի մեջ, ուր Թուրքիան դեռևս չի գրավել իր կորցրած տեղը և իրեն խոցված է զգում:
Վերջին տարիներին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության մեջ, ինչը պայմանավորված է ավելի ծավալուն խնդիրներով: Օբամայի վարչակազմը սկսեց շեշտը դնել Աֆղանստանի և Պակիստանի խնդիրների լուծման վրա, և եթե աֆղանա-պակիստանյան խնդրի կարգավորման ներկա փորձերն ի դերև ելնեն, ենթադրաբար արմատապես կփոխվի որոշումների ընդունմանը Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցության ձևաչափը, որոնք Արևմտյան ընկերակցությունից պակաս չեն երկյուղում այդ սպառնալիքից; Դա չի կարող ազդեցություն չգործել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և ԱՄՆ-ի դիրքորոշման վրա, ինչն այնքան էլ չի նպաստում Վրաստանի հույսերի արդարացմանը: Վրաստանին ներկա դրությունը, երբ Ռուսաստանը «փակված» է աշխարհաքաղաքական վանդակում, իսկ ԱՄՆ-ը միանգամայն ապահով վերահսկում է տարածաշրջանի տարանցիկ միջանցքը, շատ ձեռնտու է ամերիկացիներին: Տվյալ պայմաններում ամերիկա-վրացական խարտիայի դերը նշանակալի է, սակայն միայն Վրաստանի համար, բայց արդեն ոչ համապարփակ առումով:
Դրա հետ մեկտեղ, այդ խարտիան, այնուամենայնիվ, չհանգեցրեց ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների ցանկալի զարգացման: Թեև ԱՄՆ-ը Վրաստանին որոշ ռազմական տեխնիկա տրամադրեց, սակայն, ընդհանուր առմամբ, նա, փաստորեն, արգելանք սահմանեց սպառազինությունների մատակարարման վրա: Ավելի շուտ, ԱՄՆ-ը համապատասխան արձագանք էր ակնկալում ոչ միայն Ռուսաստանից, այլև Ֆրանսիայից ու Գերմանիայից` ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության առումով: Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի (2012 թ. մայիս) նախապատրաստության շրջանում, և բուն գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանը, այսպես թե այնպես, կընդունվի ՆԱՏՕ: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում; Բայց ուշադրության է առնվում այն, որ այդ հայտարարություններն այնքան էլ համոզիչ չեն, և որոշակի ոչինչ չի ասվել ժամկետների մասին: Անհասկանալի է մնում նաև այն, թե դրան ինչպես կարձագանքեն Եվրոպայի ցամաքային տերությունները:
Ներկայումս ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի է շահագրգռություն հանդես բերում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության հարցում, ու հնարավոր է, որ դա կապված լինի Վրաստանի հարցում կայացվելիք որոշումների հետ: Եթե առաջ այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսիք Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտություններն են, լուրջ խոչընդոտ էին ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության ճանապարհին, ապա հիմա այդ գործոնը, թերևս, էապես անտեսվում է, և նրանց զինված ուժերի վիճակն ավելի կարևոր հանգամանք է համարվում ՆԱՏՕ-ին ինտեգրման և անդամակցության համար:
Այս բոլոր հանգամանքները շատ կարևոր են, բայց, այդուամենայնիվ, ներկա դրությամբ հիմքեր չկան պնդելու, թե Վրաստանը երկու տարի հետո կընդունվի ՆԱՏՕ, չնայած ներկայիս բոլոր հայտարարություններին ու գնահատականներին, որ առաջ էլ քիչ չէին: Եթե Սև ծով-կովկասյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնում տեղի չունենա, ապա այնպիսի պայմանավորվածությունները, ինչպիսին ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև կնքված խարտիան է, նոր ու ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեն: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ այդ խարտիան նախաձեռնել է ԱՄՆ-ը` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման ոչ այնքան նպաստավոր հեռանկարը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ