Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ցանկացած մեծ գաղափար պահանջում է «անդորր» և «անշտապ մտորում»

Ցանկացած մեծ գաղափար պահանջում է  «անդորր» և «անշտապ մտորում»
15.06.2012 | 01:19

Իրանը, գտնվելով փաստական, թեև մասնակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շրջափակման մեջ, ինչպես երբեք շահագրգռված է մի շարք ուղղություններում Հայաստանի հետ համագործակցությամբ, ինչը ներառում է նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Իրանի ռազմավարության մեջ Հայաստանը համարվում է օբյեկտիվորեն ձևավորվող դաշնախմբի մաս, որը դիմակայում է տարածաշրջանի մյուս պետությունների մտադրություններին: Ընդ որում, Իրանին հետաքրքրում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը բավական արդյունավետ հարաբերություններ ունի Արևմտյան ընկերակցության և Ռուսաստանի հետ: Միաժամանակ, Հայաստանը պետք է հասկանա, որ Իրանի հետ հարաբերությունները, այսպես թե այնպես, իրեն կդնեն մի երկրի վիճակում, որը ժամանակի ընթացքում կդառնա ամբողջ իրանական աշխարհի գործընկերը:
Արևելքի մեծ քերթողների ու իմաստասերների ստեղծագործությունների մասնագետները նշում են, որ Իրանն ու Թուրանը ոչ միայն ազգային քաղաքական իրողություն են, այլև երկու քաղաքական, գաղափարախոսական և աշխարհայեցողական հակադրություն: Բայց հազիվ թե դա այդպես միանշանակ լինի: Երևի կան բազմաթիվ ստորջրյա հոսանքներ, և ոչ միշտ են այդ երկու քաղաքակրթական «տեկտոնական սալերի» մասին պատկերացումները համընկնում` ազգային, քաղաքական, աշխարհաքաղաքական ու կրոնական չափանիշներով: Այսպես թե այնպես, մեծ անճշտություն չի լինի, եթե պնդենք, որ մի այնպիսի հոսանք, ինչպիսին պանիրանիզմն է, չի առաջացել դատարկ տեղում և «ինքնին իր» չէ, այլ գոյաբանորեն կապված է իր հակոտնյա պանթուրքիզմի հետ: Ընդ որում, ոչ թե 20-րդ դարում, այլ շատ ավելի երկար, հենց իրանական գաղափարն է եղել «պաշտպանությունում» (երբեմն խոր պաշտպանությունում), մինչդեռ պանթուրքիզմն այս կամ այն ձևով գրոհել է և շարունակում է գրոհել: Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ պանթուրքիզմի նման, որն առաջացել է թուրքական աշխարհի ծայրամասում, պանիրանիզմն առաջացել է ժամանակակից Իրանի մի քանի նահանգում, հնարավոր է` Գիլյանում, Մազանդարանում կամ Լուրիստանում: Դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած մեծ գաղափար պահանջում է «անդորր» և «անշտապ մտորում»: Պանիրանիզմի գաղափարի ներկա հետևորդներն ու կողմնակիցները պնդում են, թե այդ գաղափարը ժամանակ առ ժամանակ առաջացել է իրանական աշխարհի տարբեր անկյուններում, բայց, պանթուրքիզմի նման, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական դոկտրինի է վերածվել միայն իրանական աշխարհի ակնհայտ արդիականացման շնորհիվ, որը, անտարակույս, տեղի է ունեցել 20-րդ դարում: Ի տարբերություն պանթուրքական դոկտրինի, պանիրանական գաղափարները երկար ժամանակ դրանք կրողների խանդավառության, արդի Իրանի, տարբեր տարածաշրջաններում սփռված իրանական ժողովուրդների քաղաքական ու սոցիալական հեռանկարների ըմբռնման պակաս են ունեցել:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը բազմակողմ է և տարբեր ձևեր ու մոտեցումներ է ընդունում` միտված Իրանի ազդեցության մեծացմանն ու ազգային անվտանգության ապահովմանը։ Սուննիադավան թրքախոս և արաբական տարածաշրջաններում Իրանը նոր դիրքեր ձեռք բերելու մեծ հնարավորություններ չի ունեցել, բայց Իրանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում է իրանիզմի և շիիզմի համաձուլում և, ըստ էության, իրանական հեղափոխությունն իրանա-շիական էր իր բոլոր առանձնահատկություններով: Պանթուրքիզմը ևս նախընտրում է ազգային-կրոնական համաձուլվածքը, այսինքն` թուրքիզմի և իսլամի, բայց իրանա-շիական դոկտրինը շատ ավելի է գաղափարականացված և զգայական առումով ավելի է լարված: Վերջին տասնամյակում Իրանի արտաքին քաղաքականությունն սկսել է ավելի զուսպ վերաբերվել ամբողջ իսլամական աշխարհի ընդգրկմամբ լայնածավալ ծրագրերի իրագործմանը և ավելի սևեռված է առավելապես շիական և իրանական երկրներում նոր դիրքերի նվաճման և ամրապնդման խնդիրների վրա: Իրանի համար այնպիսի պետություններ, ինչպիսիք են Լիբանանն ու Սիրիան, կարևորագույն գործընկերներ են շիական «գոտում», որոնց վիճակից են մեծապես կախված Իրանի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հեռանկարները արևմտյան ուղղությամբ: Քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ արաբական շիադավան համայնքներն իրենց քաղաքականության մեջ ավելի շատ հենվում են Իրանի, քան արաբական պետությունների վրա: Սակայն արևմտյան ուղղությամբ Իրանի համար առավել անհաճո խնդիրներից մեկը քրդերի հավակնություններն են, որոնք առավելապես սուննիադավան են, և նրանց քաղաքական կառուցվածքները սերտորեն կապված են ԱՄՆ-ի ու Եվրոպայի, ինչպես նաև Իսրայելի հետ: Քրդերը, որպես իրանական ժողովուրդ, այդպես էլ Իրանի գործընկեր չդարձան, և հազիվ թե դա տեղի ունենա հեռանկարում: Իրանցիները, ըստ էության, կորցրել են բոլոր դիրքերն Իրաքի քրդաբնակ տարածաշրջաններում, զգալի չափով` նաև Թուրքիայում: Բայց նրանք լավատեսորեն են տրամադրված և քրդերի քաղաքական հեռանկարը գնահատում են ոչ այնքան բարենպաստ: Եթե նույնիսկ Հյուսիսային Իրաքում ստեղծվի միջազգայնորեն ճանաչված քրդական պետություն, այն հայտնի չափով մեկուսացված և շրջափակված կլինի Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի կողմից: Համենայն դեպս, առանց Իրանի վրա հենվելու, քրդական պետությունն իրեն հարմարավետ չի կարող զգալ: Դրա հետ մեկտեղ, քրդական աշխարհն այնքան մեծ ու բարդ է, որ չի կարելի այն Իրանին միավորելու հույսեր փայփայել: Իրանի տարածքում բնակվում է մինչև 6 մլն քուրդ, և դա դեռ նոր է իր մասին խոսել տալու: Հարկ է նշել, որ քրդերին իրանական աշխարհի գործընկերներ են դիտարկում միայն պանիրանիզմի կողմնակիցները, որոնք հեռու են իրանական պաշտոնական շրջանակներից:
Դարեր ի վեր Իրանի անվտանգության համար մեծ վտանգ է ներկայացրել Աֆղանստանը, որը, չնայած ունեցած ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներին, շարունակ արտքաղաքական լուրջ հավակնություններ է առաջադրում: Աֆղանական վերնախավերը` ինչպես իսլամական արմատական դոկտրիններ ընդունողները, այնպես էլ չափավոր հայացքների հետևորդները, շատ համոզված ու հաստատակամորեն իրենց համարում են իրանական աշխարհի կարևոր, նույնիսկ կենտրոնական բաղկացուցիչ մաս: Դեռ տասնամյակներ առաջ թալիբների վարչակազմն Իրանին սպառնում էր անմիջական ագրեսիայով, ինչը վերջինիս հարկադրեց աֆղանական սահմանին կենտրոնացնել խոշոր զորախմբեր: Սակայն թալիբների իշխանության վերացումից, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմարշավից հետո Իրանն Աֆղանստանի առանձին նահանգներ և ամբողջ Աֆղանստանն իր կողմը գրավելու լայն աշխատանք կատարեց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իրանակենտրոնության ուժեղացում: Իրանի ջանքերը հետևողական ու համակարգված էին հատկապես Հերաթի նահանգում, որտեղ իրանցիները ցուցադրեցին աֆղանական այդ կարևոր նահանգն ինտեգրելու իրենց ընդունակությունը: Ընդ որում, դա տեղի է ունեցել Աֆղանստանում ամերիկացիների ու նրանց գործընկերների գերիշխանության պայմաններում: Աֆղանստանի քաղաքական և հասարակական վերնախավերը հասկանում են, որ կոալիցիոն զորքերի ներկայությունը վաղ թե ուշ կսահմանափակվի կամ առհասարակ կվերացվի: Աֆղանստանը ոչ միայն օրերից մի օր միայնակ կհայտնվի ներքին մարտահրավերների առջև, այլև կենթարկվի նոր արտաքին փորձությունների: Գլխավոր վտանգն այդ երկրի համար սպասվում է Պակիստանից, որի հետ մինչև հիմա չկա հաստատված պետական սահման, և որի տարածքում ապրում է Աֆղանստանի պետությունակազմ ժողովրդի` փուշթուների երկու երրորդը: Պակիստանը գտնվում է քաղաքական ու պետական` տարածքային պառակտման եզրին: Եվրասիայի առաջատար պետությունները` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, պատրաստ չեն և ցանկություն չունեն Աֆղանստանին առաջարկելու աջակցություն ու անվտանգության երաշխիքներ: Արևմտյան ընկերակցությունը հազիվ թե ցանկանա հերթական անգամ ներխուժել այդ տարածաշրջաններ: Աֆղանստանից հյուսիս բավական թույլ պետություններ են, որոնք որևէ էական օգնություն չեն կարող ցուցաբերել: Մնում է մեկ «արյունակից պետություն», որը կարող էր, գոնե, հուսալի գործընկեր դառնալ Աֆղանստանի համար: Դա Իրանն է, և աֆղանական վերնախավերը չեն կարող չտեսնել դա: Իրանն Աֆղանստանում ունի առնվազն երկու հուսալի գործընկեր` պարսկախոս տաջիկներն ու խազարացի շիադավանները, որոնք ցրված են երկրի կարևոր ռազմավարական շրջաններում: Իրանը հույս ունի, որ ամերիկյան զորքերը կհանվեն Աֆղանստանից, և երկրում աստիճանաբար կվերանա Արևմուտքից կախման մեջ գտնվող իշխանությունը: Բայց, միաժամանակ, իրանցիները չեն կարող չերկյուղել հետագա, հնարավոր է շատ վտանգավոր իրադարձություններից, երբ իշխանության կարող են գալ Իրանից խորշող որոշ խմբեր, իսկ այդպիսիք Աֆղանստանում քիչ չեն: Դատելով այն բանից, թե որքան ակտիվ են Կենտրոնական Ասիայում, այդ թվում` Աֆղանստանում, իսրայելցիները, կարելի է ենթադրել, թե ինչից են այդքան երկյուղում իրանցիները: Իրանը ձգտում է Աֆղանստանը ներառել նրա համար միանգամայն նոր վարքագծի ոլորտ, որպես իրանական երեք պետությունների` Իրանի, Տաջիկստանի ու Աֆղանստանի դաշնախմբի մասնակցի: Վերջին երկու-երեք տարում Իրանն առանձնապես ակտիվ է այդ ուղղությունում, ջանալով աշխատել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտում, տնտեսական ընդհանուր շահերի ասպարեզ ներքաշելով Արևելյան Իրանի երկու պետություններն էլ։ Հինդուկուշից հյուսիս Իրանի հաջողություններն ակնհայտ են: Այստեղ տարածված են իրանական ապրանքներն ու սպասարկումները, ստեղծված է որոշակի իրանամետ կրթական և մշակութային ենթակառուցվածք, չնայած շիադավանների և սուննիադավանների պատկերացումները տրամագծորեն տարբեր են իրարից:
Այդ գծից հարավ Իրանի հաջողություններն ավելի սակավարժեք են, և շատ շրջաններում Իրանի ներկայությունն առհասարակ չի նկատվում: Բայց Աֆղանստանում իրանական քաղաքականության գլխավոր հաջողությունը դարձան նոր, ավելի սերտ հարաբերությունները «կենտրոնական» իշխանությունների հետ, ինչն առաջ խիստ խնդրահարույց էր` հաշվի առնելով նախկին ու վաղեմի թշնամական հարաբերությունները: Իհարկե, առանց աֆղանական կառավարության կողմից տարածաշրջանի իրանական հեռանկարի ու ակնկալվող գործընթացների ըմբռնման, նման մերձեցումն անհնար կլիներ: Շատ կարևոր է այն, որ Իրանը կողմնակից է Աֆղանստանի ամբողջականությանը, թեև շատ փորձագետներ ենթադրում էին, թե Իրանն անվերապահորեն կպաշտպանի աֆղանական տաջիկներին, որոնք կարևոր քաղաքական ու տարածաշրջանային դիրք են գրավում Աֆղանստանում, և իրադարձությունների զարգացման համեմատ կնախընտրի պաշտպանել տաջիկական «ինքնավարությունը»:
Իրանը, հենվելով տաջիկների ու խազարացիների վրա, միշտ կարող է տնօրինել Աֆղանստանում ազդեցության լծակները և ամենևին շահագրգռված չէ Աֆղանստանի մասնատմամբ: Հնարավոր է, Հարավային Ասիայի հանդեպ Իրանի ռազմավարական նպատակը Պակիստանի թուլացումն ու ազգային քաղաքական պառակտումն է` որպես իր հիմնական մրցակցի և արևելքում անկանխատեսելի հարևանի: Եվ այս կապակցությամբ Իրանը ևս շահագրգռված է, որ Աֆղանստանը գտնվի իր քաղաքականության ծիրում` որպես Պակիստանի մասնատման կարևորագույն մասնակից, որը Թեհրանում միշտ համարվել է ժամանակավոր պետություն և առանձնապես վտանգավոր է դարձել ատոմային զենք ունենալուց հետո:
Տաջիկստանը, որպես Կենտրոնասիական տարածաշրջանի նոր պետություն, չունի արտքաղաքական փորձ, և տարածաշրջանի պետությունները, չունենալով նրա հետ շփման փորձ, աշխատում են նրա հետ հարաբերվել զգուշությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրում քաղաքացիական սուր հակամարտության ներուժ կա: Սակայն Իրանը ԽՍՀՄ-ի փլուզման հենց սկզբից Տաջիկստանին վերաբերվում է իբրև «արյունակից պետության» և մեծ դեր է խաղացել ներքաղաքական ու ռազմական դիմակայությունների հաղթահարման գործում: Չափազանցություն չի լինի պնդելը, որ իրանական քաղաքականությունը տաջիկական պետության կարևոր գործոններից մեկն է եղել, ինչը համապատասխանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի շահերին: 90-ականներին հասկանալի էր, որ ՈՒզբեկստանի ղեկավարները մտադրություն ունեն կա՛մ միացնելու Տաջիկստանը, կա՛մ կախյալ վիճակի մեջ դնելու: Այն ժամանակ ՈՒզբեկստանին զորավիգ չեղավ ո՛չ տարածաշրջանի, ո՛չ արտաքին աշխարհի որևէ պետություն, թեև հասկանալի դարձավ, որ Տաջիկստանը կարոտ է «խնամակալության»` ի դեմս ուժեղ գործընկերոջ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը: Իրանը մշտապես ձգտում է նոր դիրքեր ձեռք բերել Տաջիկստանի տնտեսության առանցքային ճյուղերում, ավելի կարևոր դեր խաղալ հիդրոէներգետիկայի և ջրօգտագործման ասպարեզում, ինչը դառնում է Կենտրոնական Ասիայում սուր դիմակայության պատճառ։
Խորհրդային շրջանում Տաջիկստանն իրենից ներկայացնում էր նվազ ռուսականացած և խորհրդայնացած հանրապետություն` նահապետական ու կրոնական նիստուկաց ունեցող բնակչությամբ: Միաժամանակ, տաջիկ ազգը դեռևս շարունակում է ձևավորվել, և այդ երկրում ուժեղ են տարածաշրջանային տարբերությունները, ինչը նույնպես ենթադրում է արտաքին քաղաքական ու տնտեսական լուրջ աջակցության անհրաժեշտություն: Չնայած Տաջիկստանում քաղաքական վեկտորն իսլամական բաղադրիչ էր ենթադրում, այստեղ մեծ երկյուղով ու անվստահությամբ էին վերաբերվում Իրանին, թեև տեղի էին ունենում բարեկամական շփումներ ու բանակցություններ: Անկախությունից հետո տարիներ շարունակ Տաջիկստանի վրա ուժեղ ճնշում էր գործադրվում Իրանի հետ մերձենալու հարցում, ինչի դեմ հանդես էին գալիս Կենտրոնական Ասիայում ընթացող խաղի, փաստորեն, բոլոր մասնակիցները: Այդուամենայնիվ, այժմ Իրանն ու Տաջիկստանը համագործակցության նոր դիրքեր են գրավել և ստորագրել են պայմանագրեր, որոնք բնույթով ու բովանդակությամբ կարելի է ռազմավարական համարել: Կարելի է ենթադրել, որ իրանա-տաջիկական հարաբերությունների զարգացումն Աֆղանստանի հետ Իրանի և Տաջիկստանի մերձեցման, այսինքն` «իրանական եռյակի» ամրապնդման կարևոր գործոն է: Դրա հետ մեկտեղ, Իրանը խիստ շահագրգռված է նաև Տաջիկստանի ուրանի հանքերի օգտագործմամբ, որոնք, տարբեր գնահատումներով, կազմում են դրա համաշխարհային պաշարների 13-15 տոկոսը: «ՈՒրանի թեման», երևի, առաջնայինը կդառնա իրանա-տաջիկական հարաբերությունների զարգացման գործում:
Պանիրանական միությունը, որը, ըստ երևույթին, ավելի պաշտոնական ձևով կհռչակվի մի քանի տարուց, կարևորագույն գործոն կդառնա Կենտրոնական և Հարավային Ասիայի աշխարհաքաղաքականության մեջ, մեծ կայունություն և վստահություն կներշնչի այդ և այլ երկրների` տարբեր մարտահրավերների դեմ հանդիման: Եթե այդ միությունը կայունություն բերի և դրական ազդեցություն գործի տարածաշրջանի իրադրության վրա, ապա ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Եվրամիությունը շահագրգռված կլինեն «իրանական եռյակի» դիրքերի ամրապնդմամբ։ Դրա հետ մեկտեղ, շատ բան կախված կլինի երկու հանգամանքից` էներգետիկ հաղորդուղիների ստեղծում և շահագործում, Չինաստանի հետ հարաբերություններ: Հենց այդ հանգամանքներից կախված կլինի ԱՄՆ-ի վերաբերմունքն այս դաշնախմբի նկատմամբ: ԱՄՆ-ը կարող է անտեսել իրանական այդ պետությունների շատ հավակնություններ ու նկրտումներ, բայց Չինաստանի նվաճողամտության զսպման ընդգրկուն խնդիրը մնում է, և այդ խնդրից տարածաշրջանում կախված կլինի շատ բան դեռ երկար ու երկար տարիներ: Մինչդեռ Իրանն առաջվա նման կձգտի թույլ չտալ կամ սահմանափակել արևմտյան ուղղությամբ կասպյան ու կենտրոնասիական էներգապաշարների մատակարարումները, ինչպես նաև Չինաստանի հետ հաստատել ավելի սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ: ՈՒստի, ըստ երևույթին, պանիրանական միության ձևավորումը կներառի շատ խնդիրներ, և ԱՄՆ-ը ձեռքերը ծալած չի հետևի դրա ստեղծմանը:
Կարևոր են պանիրանական միության ստեղծման առթիվ Թուրքիայի և Իրանի փոխհարաբերությունների հարցը և այդ նախաձեռնության հանդեպ Կենտրոնական Ասիայի պետությունների վերաբերմունքը: Թուրքիան կփորձի ցուցադրել իր դիրքորոշումն իրանական պետությունների հետ նոր ռազմավարական հարաբերությունների մեջ Տաջիկստանը ներգրավելու փորձերի նկատմամբ, քանի որ դա, այսպես թե այնպես, կհանգեցնի ուժերի տարածաշրջանային հավասարակշռության որոշ խախտումների: Ամենայն հավանականությամբ, Իրանն ու Թուրքիան հնարավորություն կգտնեն հավասարակշռելու այդ իրավիճակը, ու պետք է նշել, որ այդ երկու պետությունների միջև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խնդիրների առնչությամբ հարաբերությունների և պայմանավորվածությունների հարուստ փորձ կա: Փոքր-ինչ տհաճ իրավիճակում կհայտնվի ՈՒզբեկստանը, որն այդ միտումները համարում է անցանկալի, ամբողջ Կենտրոնական Ասիայի վրա ազդեցություն գործող: Այն իրավիճակում, երբ Ղազախստանն ու Ղրղզստանը իրենց բազմակողմ քաղաքականության շրջանակներում ավելի ու ավելի են մերձենում Ռուսաստանին, իսկ Թուրքմենստանը շարունակում է մնալ իր չեզոք կարգավիճակում, ՈՒզբեկստանը չի կարող հույսեր կապել տարածաշրջանային մակրոտերության կարգավիճակի հետ, քանի որ Տաջիկստանն ավելի ու ավելի համոզիչ կերպով դուրս է գալիս նրա ազդեցությունից:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ