Այս հրապարակումը սկսեմ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ուղղված նամակով.
«Հարգելի պարոն Մարտիրոսյան
Արդեն հրապարակավ փաստել եմ («Իրատես» թիվ 57, 4 սեպտեմբերի, 2020 թ.), որ Հայաստանի տնտեսական անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պասիվությունն է, ինչը քողարկելու համար ակադեմիայի ղեկավարությունը ստիպված է տորպեդահարել մեր երկրում ծնվող գիտատնտեսական նախաձեռնությունները։ Կարծում եմ՝ ակադեմիայի ղեկավարության ներկայիս կազմը պետք է լուծարվի գիտնականների համահայկական համաժողովի կողմից, և նոր, ավելի գործունյա կազմ ընտրվի: ՀՀ կառավարությանը խորհրդատվական ծառայություններ մատուցող Ձեր կառույցը դարձել է մեր երկրի գիտական ու տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը: Ավելին, ՀՀ ԳԱԱ «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջոցով իր վրա է վերցրել Հայաստանի դատաիրավական համակարգում գործող կոռուպցիոն սխեման աշխատանքային վիճակում պահելու անպատվաբեր պարտականությունը։ Պետք է վերջ տալ այս խայտառակությանը, վերադառնալ դեպի համբարձումյանական ակադեմիա ու հայկական գիտական ողջ ներուժն ուղղել հայ ժողովրդի բարգավաճմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ Հայաստանում ու սփյուռքում: Պատրաստ եմ այս հարցը հասարակական քննարկման դնել ակադեմիական հանրության մասնակցությամբ:
Հարգանքով՝ Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
«Հայաստանի ու Արցախի հելիոֆիկացիա» տնտեսական հակաճգնաժամային ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր»։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ի չիք դարձրեց 30 տարվա մեր միակ ձեռքբերումը՝ Արցախի ազատագրված տարածքները, համոզված եմ, որ այդ կորուստը ժամանակավոր է: Սա պայմանավորված պատերազմ էր՝ Պուտին (Լավրով)-Ալիև-Փաշինյան-էրդողան քառյակի նախնական համաձայնությամբ և ծրագրված ելքային արդյունքներով: Բազմաթիվ զոհերը, վիրավորներն ու գերիները (երկու կողմից էլ) անհրաժեշտություն էին, որպեսզի միջազգային հանրությունից թաքցվեր պատերազմի պայմանավորված լինելը: Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը, եթե ջրի երես դուրս գան պայմանավորված պատերազմի մանրամասնությունները, պատերազմ, որտեղ խաղաղ բնակչության դեմ օգտագործվել են արգելված ֆոսֆորական ու կասետային զենքերը: Ի՞նչ հիմնարար պատժամիջոցների տակ կհայտնվեն Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան: Իմ կարծիքով պայմանավորված պատերազմի գաղտնիքները չբացահայտվելու մտահոգությունից են բխում Փաշինյանին պաշտպանելու Ալիևի և Պուտինի ջանքերը: Մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը կանգնի ռազմական տրիբունալի առաջ, նրան ուղղակի կսպանեն, ինչպես սպանեցին Կարեն Դեմիրճյանին ու մյուսներին: Չնայած մեզ համար նսեմացուցիչ կապիտուլյացիոն պայմանագրին, պետք է փաստել, որ կռվի դաշտում հայ զինվորը չի պարտվել, նրան ուղղակի դավաճանական հարված են հասցրել թիկունքից: Հայոց բանակի հերոսական դիմադրությունն էր պատճառը, որ թուրք-ադրբեջանական գերակշիռ ուժերի կողմից նախատեսված արագ պատերազմը (բլիցկրիգը) չստացվեց: Մեր պարտությունը կապված էր հնարավոր կոռուպցիոն գործարքների, Հայաստանի ներկայիս իշխանությունների բացարձակ դիլետանտիզմի և անթաքույց դավաճանական գործողությունների հետ: Արցախյան պատերազմը նաև պոլիգոն էր, որտեղ փորձարկվեցին հին ու նոր պատերազմական տեխնոլոգիաները՝ անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ: Փաստ է, որ մեր զինանոցում առկա ռուսական ռազմական տեխնիկան չդիմացավ իսրայելա-թուրքական ժամանակակից ռազմական սպառազինությանը: Պետք է ընդունել այս իրողությունը, կարճ ժամանակահատվածում վերականգնել ռազմական բալանսը և պատրաստ լինել նոր պատերազմներին: Հայոց բանակը պետք է զինել ժամանակակից և թշնամու ունեցածին գերազանցող ռազմական տեխնիկայով ու տեխնոլոգիաներով, դա հնարավոր է: Սա օգտակար կլինի նաև Ռուսաստանի համար, որովհետև, Արցախի պատերազմը ցույց տվեց, որ ռուսական ռազմական տեխնիկան բոբիկ է, տակավին պատրաստ չէ լոկալ պատերազմներ վարելու համար: Սպառազինությունների հարցերում ռուսները հիմնական ուշադրությունը դարձրել են իրենց ատոմային զինանոցը արդիականացնելու և զարգացնելու վրա: Ռուսական ատոմային զենքի էֆեկտիվությունը կպարզվի միայն գլոբալ պատերազմների ժամանակ, սա էլ հարց է, թե իրականության մեջ ինչ կստացվի:
Մեր հաջորդ քայլերը ճշտելու և ճգնաժամային իրավիճակից արագ դուրս գալու համար պետք է հասկանանք, թե ինչու 30 տարում մենք չունեցանք սեփական արտադրության ժամանակակից ռազմական տեխնիկա և արցախյան պատերազմին ներկայացանք իրենց դարն ապրած զինատեսակներով ու խրամատային մարտավարությամբ: Հայաստանը, լինելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների կայացած երկիր ¥ԽՍՀՄ տարիներին դա այդպես էր¤, չկարողացավ օգտագործել իր ունեցած հնարավորությունները ժամանակակից ռազմական տեխնիկա ստեղծելու համար: 30 տարում ֆանտաստիկ ձևով հաջողեցրինք ոչնչացնել ԽՍՀՄ-ից մեզ բաժին հասած ռազմական արդյունաբերությունն իր 1500 գործարաններով ու մասնաճյուղերով: Կարող եմ մատնանշել տասնյակ և ավելի գործարաններ, որտեղ հնարավոր էր կազմակերպել ժամանակակից ռազմական տեխնիկայի և, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը, ավելի լավերը, քան պատերազմի դաշտում մեզ պարտության մատնած թուրքական բայրաքթարներն են: Ինչու՞ մենք այդպես էլ չունեցանք հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող էին օգտագործվել ու արցախյան պատերազմում եղանակ ստեղծել՝ ի հակակշիռ թուրքական ու իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի: Մենք դրանք կարող էինք ստեղծել հայ մասնագետների միջոցով՝ արտադրությունը կազմակերպելով, օրինակ, Սպիտակում՝ ունենալով նման արտադրատեսակների համար պատրաստի մեքենաշինական գործարան և Միխայիլ Ասլանովիչ Պողոսյանի նման ավիակոնստրուկտոր: Միխայիլ Պողոսյանը միշտ պատրաստ է եղել Հայաստանում նման արտադրություններ կազմակերպելու համար: Նրան համոզել էի, որ հայկական անօդաչու սարքերի արտադրությունը կարելի է կազմակերպել Սպիտակում, որտեղ կար ավիացիոն տեխնիկայի արտադրության պահանջները բավարարող մեքենաշինական հզոր գործարան: Մ. Պողոսյանը արմատներով Արցախից է, ունի ավիակոնստրուկտորի հարուստ կենսագրություն, եղել է «Սուխոյ» և «Միգ» ընկերությունների գլխավոր տնօրեն, «Ավիակոնստրուկտորների միացյալ կորպորացիայի» նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ներկայումս Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորն է: Մոտ օրերս տնտեսագիտության դոկտոր Նորայր Մուրադյանը Մոսկվայում կհանդիպի Միխայիլ Ասլանովիչի հետ՝ քննարկելու Հայաստանում ՄԱԻ-ի մասնաճյուղ բացելու և Մոսկվայում ավիացիոն գործի հայ մասնագետներ պատրաստելու խնդիրը՝ ուսանողների և ասպիրանտների տեսքով: Այս կապիտուլյացիան դեռևս ոչինչ չի նշանակում հայ ժողովրդի համար, ամեն ինչ ավարտված չէ, մեր հաղթանակները դեռ առջևում են, պետք է պատրաստվել և մշտապես պատրաստ լինել նոր պատերազմներին, մեր ապագա հաղթանակներին: Այս հարցերում շատ է կարևորվում սփյուռքի մեր մասնագետների ջանքերի միավորումը, որի մեկնարկը տվեց այդ կապիտուլյացիոն ակտը:
Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ Սպիտակի մեքենաշինական գործարանը, որը կառուցվեց երկրաշարժից անմիջապես հետո՝ Նիկոլայ Ռիժկովի անձնական նախաձեռնությամբ: Ժամանակ չկորցնելու համար այն կառուցվեց Սպիտակի քաղաքային ստադիոնի տարածքում, կառուցվեց և շահագործման հանձնվեց վեց տարի անց, 1995 թվին: Այն մեր տարածաշրջանի եզակի արտադրական կառույցներից էր, ուներ երկու մասնաշենք՝ 10 հազար և 4 հազար քմ արտադրական մակերեսներով և բոլոր կոմունիկացիոն հարմարություններով: Ինժեներները կհասկանան դրա ունիկալ լինելը, եթե իմանան, որ մեծ կորպուսում աշխատում էին վեց հզոր կամրջակային ամբարձիչներ: Սպիտակի գործարանում կարելի էր արտադրել ինչպես արևային սարքեր, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր, անօդաչու թռչող սարքերը հայտնաբերող և վնասազերծող էլեկտրաօպտիկական համակարգերի մեր տարբերակները: Անօդաչու թռչող սարքերը վնասազերծելու համար ռուսները ստեղծել են «Рересвет» անունը ստացած լազերային համակարգը, որի մասին Պուտինը հաճախ է խոսում: Նման լազերային համակարգ է ստեղծվել Ամերիկայում՝ պրոֆեսոր Ստեփան Եսայանի մասնակցությամբ: Ստեփանը մեր պոլիտեխնիկի շրջանավարտներից է, ապրիլյան պատերազմից հետո եկել էր Հայաստան՝ օգնության իր կոնկրետ առաջարկներով, բայց պատշաճ ուշադրության չարժանացավ: Հետաքրքիր ժողովուրդ ենք, միշտ խոսում ենք գիտությունից ու գիտնականներից, բայց մշտապես հրաժարվում ենք երկրի կարևոր գործերում նրանց ընդգրկելու, նրանց հնարավորությունները օգտագործելու առաջարկներից, մինչև ե՞րբ: Հույս ունեմ, որ հաջորդ իշխանությունները կուղղեն այդ սխալը:
2002 թվին, համալիրում, համահայկական համաժողովի շրջանակում մի թռուցիկ հանդիպում ունեցա ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանի հետ, շատ դժգոհ էր Հայաստանի ղեկավարությունից, տարակուսանքի մեջ էր. «Առաջարկում եմ կազմակերպել փոքր ինքնաթիռների արտադրություն, չեն ցանկանում, միանգամից մեծն են ուզում, պատերազմող երկիր ենք, ամեն ինչ գնում է փոքր և անգամ անօդաչու ինքնաթիռներով պատերազմների, չեն հասկանում»: Նշեմ, որ ռազմական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի գործնական կիրառությունը սկսեցին ամերիկացիները 1995 թվին՝ Հարավսլավիայի պատերազմի ժամանակ: Այստեղ ևս դավաճանների մասնակցությունը կար, նրանց միջոցով թիրախային օբեկտների մոտ հատուկ սարքեր (պելենգատորներ) էին տեղադրվում, որոնց ուղղությամբ ճշգրիտ ռմբահարում էր կատարվում: Մեր խելացի գնդապետներից մեկը պատմեց, որ իր տրամադրության տակ գտնվող տեխնիկան անօդաչու թռչող սարքերի հարվածներից չի տուժել, որովհետև հնարամտորեն օգտագործել է դրանց թիրախավորումից շեղող ալյումինապատ բարակ թաղանթներ: Հայի միտքն աշխատել է նաև պատերազմի ծանր օրերին:
Հիմա պարզենք, թե ինչպես և ինչու քանդեցին Սպիտակի մեխանիկական գործարանը, որը կարող էր դառնալ Հայաստանի ամենամեծ ռազմական գործարանը, մեզ նման պատերազմող երկրի համար դա կարևոր նշանակություն կունենար: Բերեմ տվյալ հարցի վերաբերյալ Լոռու մարզպետի բացատրությունը:
«Քաղ. Համլետ Դիլբարյանին
Ք. Սպիտակ, Մյասնիկյանի 33 վ/տնակ, հեռ. 096-48-11-14
ՀՀ ԱԺ Նախագահին ուղղված Ձեր 16.08.2017 թ. հաղորդագրությանը.
Հայտնում եմ, որ Լոռու մարզպետարանում քննարկվել են Ձեր հաղորդագրության մեջ բարձրացված հարցերը և պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Սպիտակ քաղաքի Շահումյան 1 և 1ա հասցեում գտնվող անշարժ գույքը (շենք, շինություններ և հողամասեր) ձեռք է բերել 2009 թ. առք ու վաճառքի պայմանագրերով, և այն այժմ սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը: Շինությունների հետագա ճակատագիրը որոշելու համար ընկերությունը դիմել է մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությանը, ըստ որի տրվել է տեղեկանք՝ բոլոր մասնաշենքերի շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը դասվում է վնասվածության 3-րդ աստիճանի, ըստ որի կոմբինատը դիմել է Սպիտակի քաղաքապետին խնդրանքով, օրենքով սահմանված կարգով տրամադրել քանդման թույլտվություն, որը տրվել է 2017 թ. օգոստոս ամսին, և սկսվել են շենքերի քանդման աշխատանքները: Համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և Սպիտակի համայնքապետարանի միջև պայմանավորվածության և շինթույլտվության՝ ընկերությունը պարտավորվել է շինություններից ազատված տարածքում իր միջոցներով կառուցել մարզադաշտ:
Մարզպետ Արթուր Նալբանդյան»:
Այստեղ հարցերը շատ են, պատասխանները չկան: Սպիտակի մեքենաշինական գործարանը գործարկելու, այնտեղ արևային տեխնիկա, հայկական անօդաչու թռչող սարքեր արտադրելու և թշնամու անօդաչու թռչող սարքերը հայտնաբերող ու ոչնչացնող համակարգերի արտադրությունը կազմակերպելու համար մեծ ջանքեր թափեցի, բայց ոչինչ չստացվեց: Հայաստանի մեծահարուստներից շատերը վարպետացել են մեր գործարանները քանդելու ու եղած-չեղածը պարսիկներին, վրացիներին ու թուրքերին վաճառելու գործում: Այդ մարդկանց երբեք չեմ հավատացել, միթե նրանց դժվար էր հասկանալ, որ մի օր ստիպված ենք լինելու պատերազմել ու կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիր ստորագրել: Ճակատագրի հեգնանքով այդ օրերին Աբովյան փողոցում պատահաբար հանդիպեցի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, բացատրեցի Սպիտակի գործարանի խնդիրը, նշեցի նրա հույժ կարևորությունը Հայաստանի ռազմական արդյունաբերության համար, խնդրեցի, որ տեր կանգնի, որ ԱԺ-ում հարց բարձրացնի, թույլ չտա, որ այդ գործարանը քանդեն, որ 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմավարական գործարանը կես միլիոն դոլարի մետաղի ջարդոն չդարձնեն: Ոչ մի հետաքրքրություն ու բացարձակ անտարբերություն: Հասկացա, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անիմաստ ու պետական մտածողությունից զուրկ մարդ է, նրա վարչապետ դառնալը իսկական փորձանք է դառնալու Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Իսկ ի՞նչ են մտածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերերը իրենց հաշիվ տալի՞ս են, որ Սյունիքի հողերը թշնամուն չտալու ներկայիս խնդիրը ուղղակի կապ ունի 2017 թվին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Սպիտակի մեքենաշինական գործարանը քանդելու հետ, ի՞նչ կլիներ, եթե մեզ հաջողվեր, Միխայիլ Պողոսյանի հետ, կազմակերպել անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը, վստահաբար հաղթել այս պատերազմում ու բանակցություններում հանդես գալ թելադրողի դիրքերից: Այստեղ էլ կան դավադրության ու դավաճանության տարրեր և, ընդհանրապես, մեզ պետք է երկիրը ազատել մեր էգոիստ սեփականատերերից, դավաճաններից ու թուրք-անգլիական լրտեսներից: Մեզ պետք է ազատվել նաև կապիտուլյացիայի մասին թերթերից իմացող նախագահ Արմեն Սարգսյանից: Հիշեցնեմ, որ արցախյան պատերազմը դադարեցնելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որոշումը չընդունվեց: Անգլիան` մեր նախագահի հարազատ երկիրը, վետո դրեց այդ որոշման վրա: Հիմա Արմեն Սարգսյանը հանրամատչելի ձևով մեզ բացատրում է, թե մենք ինչու պարտվեցինք. «որովհետև մենք կռվում էինք 20-րդ դարի զենքով, իսկ Թուրքիան՝ 21 դարի զենքով»: Մենք դա գիտեինք, (ոզնին էլ դա գիտեր) ու պատրաստ էինք ժամանակին տեխնոլոգիական հավասարակշռություն մտցնելու ապագա կռվի դաշտում, դա կարող էր արվել ֆիզիկոս նախագահի նախաձեռնությամբ, բայց այդ նախաձեռնությունը չեղավ, որովհետև ՀՀ ֆիզիկոս նախագահը ավելի կարևոր գործերով էր զբաղված՝ արաբական շեյխերի գլուխները յուղելով իր արհեստական բանականության լեկցիաներով ու ձեռքի հետ գրպանելով ՀՀ Նախագահի մրցանակի համար նախատեսված «Պողոսյան հիմնադրամի» փողերը: Այնպես որ մեր խնդիրները շատ են ու տարաբնույթ, դրանք պետք վերլուծել, հասկանալ ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Մարզպետի պատասխան նամակում մի հետաքրքիր բան էլ կար, տեսեք թե ով է պայքարում Սպիտակի գործարանը փրկելու, գործարանը պահելու համար: Համլետ Դիլբարյանը 90 տարեկան թոշակառու է, ապրում է ք. Սպիտակ, Մյասնիկյանի 33 վ/տնակ հասցեում, ասել է թե՝ վագոն-տնակում: Գործարանը չքանդելու հարցով նրա հետ Երևանում նույնիսկ մամուլի ասուլիս ենք տվել: Պատկերացնենք, թե ուր ենք հասել. 90 տարեկան քաղաքացին, ով դեռևս ապրում է վագոն-տնակում, պայքարում է գործարանը քանդող մեծահարուստ սեփականատերերի դեմ, որ գործարանը մնա, որ աշխատի, որ պատերազմող Հայաստանի համար ռազմական տեխնիկա արտադրի, որ արցախյան պատերազմում հաղթանակներ կերտվեն, որ մեր զինվորները քիչ զոհվեն, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներին չծաղրեն, որ աշխարհի առաջ խայտառակ չլինենք, որ հազարավոր հաշմանդամներ չունենանք, որ սևազգեստ մայրերը քիչ լինեն, որ, որ, որ... ո՞րն ասես: Սպիտակի գործարանը քանդելու որոշումը կայացվել է մասնագիտական եզրակացության հիման վրա, որ «բոլոր մասնաշենքերի շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը դասվում է վնասվածության 3-րդ աստիճանի»: Նման որոշումները Հայաստանում արվում են կաշառքով՝ մի քանի հազար դոլարի սահմաններում, այլապես այդ անհավանական սուտը, թե 9-բալանոց արտադրական կորպուսները հասել են 3-րդ աստիճանի վթարայնության վիճակի, չէր ծնվի: Ի միջի այլոց, փորձագիտական այդ պոչով ստերը հիմնականում ծնվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում: Այդ հանցավոր կառույցն իր ստերով սպասարկում է Հայաստանի ողջ կոռուպցիոն համակարգը՝ դատարաններից սկսած, տնտեսական կառույցներով վերջացրած:
Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ առաջիկա լոկալ պատերազմներում մեծ տեղ է տրվելու անօդաչու թռչող սարքերի կիրառությանը, մենք պետք է կարողանանանք կազմակերպել դրանց զանգվածային արտադրությունն այնպես, որ դրանք մի գլխով բարձր լինեն թուրքական և իսրայելական անալոգներից, դրա հնարավորությունը մենք կունենանք, եթե աշխատենք սփյուռքի մեր գիտնականների և ինժեներների հետ համատեղ՝ նույն խնդրի շուրջը: Դրա մեկնարկը արդեն տրված է, Հայաստան են եկել մեծաթիվ հայ ինժեներներ Հունաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ամերիկայից և այլ երկրներից, ովքեր պատրաստ են անվճար աշխատելու հանուն Հայաստանի ու Արցախի: Անօդաչու թռչող սարքեր արտադրելուց բացի մենք պետք է մտածենք թշնամու սարքերը հայտնաբերելու ու ոչնչացնելու մասին: Դրա հնարավորությունը կա: Այս հարցով ես դիմել էի ՀՀ ՊՆ, մի շարք անարդյունք հանդիպումներ եմ ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: 2009 թվին, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու, մեր օդային ու ցամաքային սահմանները պաշտպանող տեխնիկական միջոցներ ստեղծելու առաջարկով դիմել եմ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արա Նազարյանին, նա ուշադիր լսեց ինձ և ուղարկեց սպառազինությունների հարցով պատասխանատու գեներալի մոտ, գեներալն էլ լսեց ու ինձ ուղարկեց ավելի պրոֆիլային գնդապետի մոտ: Գնդապետին ես մանրամասն ներկայացրի օդային ու ցամաքային սահմանները պաշտպանելու համար առաջարկվող էլեկտրաօպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքը. դրանք գերճշգրիտ պարաբոլական հայելիներ են, որոնք կարող են աշխատել ռադիո, օպտիկական և ակուստիկական դիապազոններում, դրանք պարզապես մեր կողմից մշակված արևային սարքերն են, որոնք նախատեսվում են, օրինակի համար, խորոված պատրաստելու համար, բայց հաշված րոպեների ընթացքում կարող են ձևափոխվել և վերածվել պաշտպանական հզոր միջոցների: Ինձ թվաց, թե գնդապետն արագ ընկալեց գաղափարը, շատ ուրախացավ, ուրախությունից բերանը բացվեց մինչև ականջները և հարցրեց. «կարող ենք իմ «դաչայի» համար մի հատ խորոված անող սարք ունենալ»: Ես ուշադիր նայեցի նրան ու լռեցի, իմ հիշողության մեջ մնացին միայն նրա հաստ պռոշները, իսկը խորոված ուտողի պռոշներ էին, բութ հայացք ու խորոված ուտողի պռոշներ ունեցող գնդապետ, ինչ ասես. սա էր մեր ունեցած կադրը, ինչ սպասես նրանից: ՊՆ-ում էլ դատարկ մարդիկ շատ կան, որոնք միայն խանգարում են բանակում աշխատող պրոֆեսիոնալ զինվորականներին ու ինձ նման մասնագետներին այնպես, որ մեր գյուտերը մնան թղթի վրա, առաջ չգնան, տեղ չունենան: Եթե բանակում և ամենուր լինեին միայն պետական մոտեցում ունեցող հայրենասեր մարդիկ, որոնք պատրաստ լինեին մեր գիտնականների գյուտերը ընդունելու, զարգացնելու ու կյանքի կոչելու, ապա չէր ստացվի այնպես, որ մարտի դաշտում զիջեինք թուրքերին, այն նույն թուրքերին, որոնք 1990-94 թվերի պատերազմի ժամանակ հայ տեսնելիս սարսափահար փախչում էին:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Հ. Գ. Իր ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանը խոսեց Հայաստանի խոշոր տնտեսագետներին հավաքելու և նրանց հետ մեր տնտեսության զարգացման հարցերը քննարկելու մասին: Վազգեն Մանուկյանին բարձր եմ գնահատում, շատ հարցերում եմ նրա հետ համամիտ, բայց ոչ այս մեկում: 30 տարվա ընթացքում մեր խոշոր տնտեսագետները այդպես էլ մի խելամիտ ծրագիր չառաջարկեցին, որով մենք կարողանայինք առաջ գնալ, զարգացնեինք մեր տնտեսությունը, ստեղծեինք դարի պահանջներին բավարարող արդյունաբերություն և այնպիսի ռազմական արդյունաբերություն, որի շնորհիվ մենք կարողանայինք հաղթել արցախյան պատերազմում, դա չի արվել, մեր տնտեսագետների անտեղյակության, դժվարին խնդիրները չպատկերացնելու պատճառով էր, որ կազմակերպված ձևով տապալվեց խորհրդային երկրից մեզ բաժին հասած ռազմական արդյունաբերությունը, այս ծանր ու բարդ իրավիճակում խոշոր տնտեսագետները առաջարկելու բան չունեն: Մեր ամենախոշոր ու գլուխգործոց տնտեսագետը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է, ում թեթև ձեռքով դավաճան Նիկոլ Փաշինյանից ոչ պակաս դավաճան ԼՏՊ-ի հետ զրոյացրին Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը, տապալեցին կայացած ռազմարդյունաբերությունը ու մեր ժողովրդին կանգնեցրին փաստի առաջ: Բագրատյանին ես մեղադրում եմ նաև Ադրբեջանին պատերազմը սկսելու «իշմարը» տալու համար: Վազգեն Մանուկյանը, առաջին հերթին, պետք է խորհրդակցի Հայաստանի ու սփյուռքի ինժեներական հանրության հետ, որովհետև մեր իրավիճակում տնտեսության զարգացումը զուտ ինժեներական-տեխնոլոգիական խնդիր է: Հիմա հույժ կարևոր է, որ մեր տնտեսության «առաջնագիծը», տնտեսության ծանրության կենտրոնը տեղափոխվի սփյուռք, հիմա մենք ունենք սփյուռքի առաջատար ինժեներների, չինական ու արևմտյան բարձր տեխնոլոգիաների ու տեխնիկայի կարիքը: Արդյունաբերության և ռազմական արդյունաբերության զարգացման գործը կարող ենք կազմակերպել Ռուսաստանի հետն՝ համագործակցության ճանապարհով և մեր ստրատեգիական գործընկերոջն օգնելով լուծելու իր չլուծված տեխնոլոգիական խնդիրները:
Ցանկանում եմ, որ 2021 թիվը դառնա Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացման տարի, որ մենք կարողանանք ոտքի կանգնել ու աշխարհի առաջ փրկել մեր դեմքը, ցույց տանք հայի կենսունակությունը: Դա մեզ կհաջողվի, որովհետև ունենք Կարին Տոնոյան մայրեր ու Մենուա Հովհաննիսյանի նման հերոս որդիներ, ունենք մեր երկրի հոգսերով մտահոգ միլիոնավոր ու հայրենասեր քաղաքացիներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Աստված մեզ պահապան: