Ադրբեջանական ագրեսիայի օրերին աննախադեպ համախմբում տեղի ունեցավ հանրության տարբեր շերտերում։ Մարդիկ կամավորագրվում էին՝ սահման մեկնելու‚ հայրենի սահմանները պաշտպանելու համար՝ հասկանալով‚ որ կենաց-մահու կռիվ է‚ և յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ պայքարում։
Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ, մեզ հետ զրույցում ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նկատում է‚ որ Հայաստանում ներքին հակասականությամբ լցված իրավիճակ է՝ պատերազմի ցնցում‚ ռեալության զգացողություն. «Մարդիկ ապրում են ենթագիտակցության մեջ նստած ներքին մի համոզմունքով‚ որ հաջորդ օրը նման է լինելու նախորդ օրվան։ Կայուն շարունակականության զգացողություն կա‚ որը մարդուն հոգեբանորեն հանգիստ է դարձնում։ Սակայն լինում են դեպքեր‚ արտակարգ իրավիճակներ‚ երբ ամեն ինչ ջարդուփշուր է լինում։ Այժմ մենք այդ իրավիճակում ենք։ Իհարկե‚ դա սպասելի էր։ Սակայն մի բան է սպասելի լինելը‚ մեկ այլ բան՝ մարդու ներքին պաշտպանական իներցիան։ Մենք կանգնել ենք փաստի առաջ՝ առերեսվել ենք լայնածավալ պատերազմի հետ։ Մեր ժողովրդի հոգու խորքում հայկականության ներքին մի կայծ կա՝ հայրենիքը վտանգված լինելու ժամանակ ամեն ինչ մի կողմ թողնելու և անձնազոհության գնալու։ Ես բուհում եմ աշխատում և ամեն վայրկյան հիանում եմ մեծով թե փոքրով։ Աղջիկները կազմուպատրաստ արյուն են ցանկանում տալ։ Տղաները կամավոր գրանցված են‚ մի մասը գնացել է ռազմի դաշտ»։
Ըստ տիկին Նալչաջյանի՝ այս դժվարին իրավիճակում կա դիմակայելու‚ հաղթելու կայծ, ինքնաբերաբար կարգախոս է առաջացել՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։ Սա նշանակում է‚ որ մեր ներքին հիմնական դիրքորոշումը հաղթելու դիրքորոշում է‚ ինչը շատ կարևոր է. նույնիսկ ամենածանր պայմաններում հաղթելու ներքին համոզվածություն կա։
Խոսելով քաղաքական դաշտում ընդդիմություն-իշխանություն կոնսոլիդացիայի մասին՝ Կարինե Նալչաջյանը դա օրինաչափություն համարեց. «Երբ արտաքին սպառնալիք է լինում, որևէ խմբի‚ ազգի‚ պետության ներքին ուժերը մոբիլիզացվում են։ Այսօր մենք այդ փուլում ենք։ Իհարկե‚ յուրաքանչյուրս իր քաղաքական տեսանկյունն ունի, և չենք ժխտում մեր նախկին կարծիքը‚ պատկերացումները‚ բայց նաև կողմնակից եմ‚ որ պետք է անենք ամեն ինչ հաղթանակի համար։ Իհարկե‚ այսպիսի դեպքերում վստահելի իշխանություն ունենալը դիմակայման և հաղթանակի լրացուցիչ ներուժ է։ Այնուամենայնիվ‚ այս պահին մեր խնդիրը կռվելն ու հաղթելն է։ Այսօր ռազմաճակատն է որոշողը։ Մենք գնում ենք դեպի հաղթանակ։ Հաղթանակը մոբիլիզացնող դեր է կատարելու‚ ներքին պրոդուկտիվ ռեսուրսներն է համախմբելու։ Աստված չանի‚ պարտություն ունենանք։ Այսպիսի արտահայտություն կա՝ հաղթանակի հայրերը շատ են‚ պարտությունը որբ է։ Պարտությունը ներքին շատ մեծ թուլացման կբերի‚ և առկա համախմբումը միանգամից ի չիք կդառնա։ Այնպես որ, մեր բոլորի՝ ազգի‚ պետության ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ