38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ ԹՇՆԱՄՈՒ և ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ ԹՇՆԱՄՈՒ և ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
22.04.2011 | 00:00

(1915 յուլիս 21-էն 1916 փետր. 15)
Հայ գեղարվեստական, հուշագրական գրականության, ինչպես նաև հրապարակագրության մեջ Մեծ եղեռնը հիմնականում ներկայացվում է «սրի և սովի» մղձավանջային իրողություններով, և հենց այդ խորապատկերի վրա ենք սովոր և ունակ դիտարկելու, վերապրելու նախնյաց անվերապրելի տառապանքը` ներկայումս ավելի քան զգայելի, ուծացման զգացողությունն արմատավորող հայրենազրկության և հայերենազրկության կորուստներն ըստ ամենայնի, խորապես գիտակցելով:
Մեծ եղեռնի հարուցած վնասներն անհաղթահարելի են, հետևանքները` իբրև մարդու դեմ գործած ոճիր, կամազրկող, ինչո՞ւ չէ, նաև վերապրող սերունդների հետ սերտաճող` թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում: Բայց մենք` իբրև հետնորդներ բնօրրանից տեղահանված տոհմիկ ժողովրդի, չպետք է մեզ միայն համարենք ժառանգորդը հայրենազուրկ, տվայտանքներում խարխափող ժողովրդի: Եվ միայն ցեղասպանվածի նկարագրով չէ, որ պետք է ապրենք… Թե՛ մինչեղեռնյան, թե՛ բուն եղեռնի օրերին հայոց մարտնչումի կորովը, ինքնապաշտպան լինելու վճռականությունը բազմաթիվ փաստեր են արձանագրել: ՈՒրֆայի հերոսամարտ (1915 թ. մայիս, տե՛ս Լութեր, «ՈՒրֆայի հերոսամարտը», Բեյրութ, 1933 թ.), «Մուսա լեռան հերոսամարտը (1915 թ., հուլիս, տե՛ս Ա. Պուրսալյան, «Մուսա լեռան հերոսամարտը», Հալեպ, 1954 թ.), մեծանուն ֆիդայի Սեբաստացի Մուրադի «Օրագիրը» (տե՛ս «Նորք» հանդես, 1990 թ., թիվ 3, տողերիս հեղինակի աշխատասիրությամբ և նախաբանով): Մեր վերջին հարյուրամյակի պատմության մեջ այդպիսի փառավոր բազմաթիվ էջեր, անշուշտ, գրվել են, երբ, իհարկե, «ցեղն է խոսել», իսկ երբ «Ցեղն է խոսում` սեբաստացի մի շինական դառնում է Մուրադ, գարահիսարցի մի հյուսն` Անդրանիկ» (Գ. Նժդեհ): Ցեղի ոգու անկոտրում կամքի դրսևորման ապացույց է նաև սասունցու` իբրև բնօրրանի տոհմիկ տիրոջ, պայքարը: Ընդհանրապես Հայոց ցեղասպանության վկայարաններում սակավադեպ են պահպանվում մեր օրերի համար հույժ ոգեսնող մարտնչումի էջերի նկարագրականներ:
Ստորև ներկայացվող ժամանակագրությունը (խունացած էջերի վրա) պահպանվում է իմ անձնական արխիվում, որոնք, ի թիվս այլ արխիվային նյութերի, 2008 թվականին Բեյրութում սիրահոժար ինձ է տրամադրել սփյուռքահայ մեծանուն գրող Անդրանիկ Ծառուկյանի այրին` տիկին Սոնա Խըտշյան-Ծառուկյանը: Հեղինակի` ԿԱՐԱՊԵՏ ԵՐԻՑՅԱՆԻ մասին սակավ տեղեկություններ են պահպանվել: Ծնունդով արևմտահայ է, 1910-ական թվականներին ուսուցչության հետ զուգահեռ աշխատակցել է արևմտահայ և արևելահայ պարբերականներին: Հետեղեռնյան շրջանում հոդվածներ, թղթակցություններ է տպագրել Թիֆլիսի «Համբավաբեր» թերթում:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
1915-ի յուլիսի երկրորդ կէսին սասունցիներու դիմադրական թափը կոտրուեց: Նրանք իրանց տրամադրութեան տակ եղած բոլոր միջոցները սպառելուց և ամեն հնարաւոր ու անհնար ջանքերը թափելուց յետոյ տեղի տուին թշնամու գերազանց ուժերուն, որոնք տիրեցին Սասնոյ սրտին-Անտոքին-յուլիսի 21-ին:
Սասունցին իր երկար փորձառութեամբ շատ լաւ ճանչցած էր իր թշնամիները, որոնք կատաղի և անխնայ են դառնում այն ատեն, երբ հակառակորդը ընկճուած է և զրկուած ինքնապաշտպանութենէն:
Սասունցին լսած էր Ախլաթի, Բուլանուխի, Խնուսի և Դիարբեքիր-Համիդի կոտորածներու մանրամասնութիւնները, տեսած էր Մշոյ և Տարօնոյ բնակիչների բնաջնջումը, ինքը երեք ամիս շարունակ զէնք էր գործածել, երեք ամիս շարունակ զոհեր էր խլած թշնամու շարքերից. այսքան բան տեսնելուց, լսելուց յետոյ դժուար թէ մտածէր զինաթափութեան և յանձնադրութեան մասին: ՈՒրիշ հանգամանք ևս կար, որ թոյլ չէր տայ սասունցիներուն մտածելու զինաթափութեան մասին. այդ լեռնականին յատուկ այն բարձր և վեհանձն հոգին է, որ վեհ ու վսեմ զգացումն է, որով օժտուած էր սասունցին:
Ինչպէս ըսի թշնամին տիրած էր Սասնոյ սրտին և գոռոզաբար թափահարում էր սուրը աջ ու ձախ: Սասունցին տեսաւ, որ այլևս անհնար է հաւաքական դիմադրութիւն ցոյց տալ. տեսաւ, որ անկարելի է ընտանիքներով-տասնեակ հազարներով կտրել անցնել Ռուսական բանակը, չկարողացաւ նաև համաձայնել ընտանիքը թողնելու մտքին, ուզեց իր ընտանիքի հետ մեռնել:
Յուլիսի 21-ից յետոյ թողուցին Անտոքը և ցրիւ եկան. տալուորիկցիները անցան իրենց անդնդախոր ձորեր, մութ ու խոնաւ քարայրեր, ազբիցիները գնացին դէպի իրենց թաւախոտ անտառները. շէնիկ-սէմալցիների մի մասը կոտորուեց (Պէրպերի ձոր), իսկ մի մասը գնաց Կուռտիկի փէշեր-ապաւինելու: Իշխանաձորցիներից մէկ մասը նոյնպէս կոտորուեց (Նահատակաց ձոր), միւս մասը դիմեց դէպի իր գիւղի սահմանները: Կէլիէկուչանցիները գրեթէ ամբողջովին ապաւինեցան Շատախի շրջան - Աթանագինէի անտառի մէջ, ուր համախմբուած էին նաև Շատախի շրջանի ազատ մնացած ժողովուրդները:
Իրաւ է, թշնամին տիրած էր Անտոք -Գէբենին, կոտրած էր սասունցու դիմադրութեան թափը, բայց դեռ շատ բան ունէր ընելիք: Նա շատ լավ էր ճանաչում սասունցուն. ամեն մի քարի, ձորի տիրելու համար հարկաւոր էր կռուել և զոհեր տալ: Մինչև յուլիսի 30-ը հազիւ Անտոք, Գէբեն, Կէլէկուչան և Կռըշիկ կարողացաւ… ամայացնել, այնուհետև ուշադրութիւն դարձրեց մասնաւոր վայրերու վրայ: Ինչպէս միւս տեղերի, նոյնպէս Աթանագինէի անտառի վրայ յարձակուելու ատեն հանդիպեցաւ դիմադրութեան և մի ամբողջ օր ռմբակոծեց և գնդակոծեց, բայց հոն ապաւինողներից մեծագոյն մասը ազատուեցաւ, անցաւ Կէլէկուչանի ձորեր և մաղարաներ: Օգոստոսի կէսից սկսեալ թշնամու բանակը կենտրոնացաւ Շէնիք իր կատարած եղեռնը -բնաջնջումը- վերջացած համարելով և բաւականացաւ շաբաթական երկու անգամ ընդհանուր խուզարկութիւն անելով. աշիրաթների ալան-թալանի և վրէժխնդրութեան բորբոքած տենչերն ևս յագեցած, Սասունը ոտքի տակ առած, և ընդմիշտ կործանած համարեցին և հեռացան, միայն շրջակայ քրդերը խմբեր կազմելով և օգտուելով Շէնիքի զօրաբանակից յաճախ շրջում էին սար ու ձորեր կողոպուտ և աւար ձեռք ձգելու համար. ասոնք միշտ ընդհարման էին բռնւում զինուած սասունցի աստանդական խմբերի հետ, որոնք ամեն ինչ կորցրած, կեանքից բեզարած ոչ մի բանի չէին խնայեր: Այդ թափառաշրջիկ խմբերը կամաց-կամաց իրարու միացան, հաւաքուեցան Կէլիէկուչան, որ ամենայարմար վայրն էր վտանգի պահուն. հոն եկան հաւաքուեցան նաև անտէր կանայք և երեխաներ և մի տեսակ կենաք սկսաւ Սասնոյ կենտրոն Կէլիէկուչանում:
Սկիզբներ կառավարութիւն կարծելով, որ սասունցու հետքը անգամ չմնաց, օգոստոսի վերջը իր զօրքը յետ քաշեց Սասունից և ուզեց ուղարկել ռուսական յառաջխաղացումը արգելելու. այդ նպատակով կոչ արեց բոլոր աշիրաթապետներին, որ միանան իրեն, իրենց բոլոր ուժերով. անոնք առարկեցին թէ. «Մեր դրութիւնը տակաւին ապահովուած չէ, քանի որ սասունցիք զինուած խմբերով ման են գալիս և յարձակւում են մեր շրջագայող խմբերի վրայ»: Կառավարութիւնը համոզուելով, թէ կարող է պատահել, որ դեռ ազատուած հայեր լինեն, նրանց վերջացնելու և քրդական առարկութիւններին ընդմիշտ վերջ տալու համար, նորէն բանակը սպառազինեց թնդանօթներով և խստիւ պատուիրեց, որ բոլոր աշիրաթապետները իրենց աշիրաթներով պատրաստ լինեն. միահամուռ, մանրազննին խուզարկութիւն կատարելու, որոշեալ օրը կառավարական զօրքը, Մշոյ, Բուլանուխի և Մանազկերտի չեթաները Մշոյ կողմէն, Հիւսէյին աղան իր համիդեաներով և Շէնա զօրամասով արևմուտքէն, Քօռ-Սլօն` խինացի, պատգանցի աշիրաթներով հարաւ-արևմուտքէն, Գապլ ճողի գայմագամը իր ուժով և Փափուռի Կէնճոյի զօրքերով հարաւէն, Շկէոյինք, Պտրցիք, Խարզանցիք արևելքէն - երկու օր շարունակ Անտոքէն` Ծովասար, Գէպէն –Կապլօրէն` Ծիրանակատար ամեն ծակ ու ծուկ տակն ու վրայ ընելուց մի քանի հարիւր անպաշտպան կին, երեխայ մորթելուց յետոյ վերադարձան Մուշ, Սասուն թողելով պահապան գնդեր, որոնք հաստատուեցին հետևեալ տեղեր` Անտոք, Գէբէն, Ամպրնին, Կրէքրը, Ծովասար, Ծիրանակատար, կէնտրոն ունենալով Շէնիք: Յիշեալ պահակները ամեն օր շրջագայում էին լեռներ ու ձորեր, սովէն անճարացած` թաքստոցներէն դուրս եկածները կոտորում էին անխնայ, մի շաբաթ տևեց այդ դրութիւնը, նրանից յետոյ զօրքի մի մասը կենտրոնացաւ Շէնիք, փոքր մաս մը Տաբըգ, միւսները վերադարձան Մուշ:
Ազատուած սասունցիները ազատ զգացին և դուրս եկան այրերէն, քարանձաւներէն ու անտառներէն և սկսեցին ուտելիք փնտռել: Ինչ սրտաճմլիկ տեսարաններ, Աստուած իմ. մի տեղ մի քանի կին, երեխայ կողք-կողքի նստած, երեխաները` գդալներ, ալիւրի կոշտեր ձեռքերնին սեղմուած մայրերուն, չորացած, ցամաքած կմախքով, հեռուից տեսնողի վրայ կենդանու տպաւորութիւն էին թողնում, իսկ երբ մօտենում էինք - յօշոտուծ կմախքներ. մի ուրիշ տեղ դիակներէն կոյտեր, բլուրներ կազմուած էին, ուրիշ տեղ նորէն դիակներ, անվերջ դիակներ… այլանդակուած, մաս-մաս եղած, ամենաանպատկառ ձևերի վերածուած: Ձորեր ու անտառներ լեցուն էին հազարաւոր ողջ ու վիրաւոր երեխաներով: Ոմանք նուաղած, ոմանք մահամերձ և ոմանք կայտառ ու աշխոյժ, կարծես ոչ մի բան տեսած չունէին: Շատերը հաց ուտելը մոռացել էին. երբ հաց, ալիւր և կամ ուրիշ ոևէ բան կառաջարկուէր, առնում ու նետում էին, անոնք կը կերակրուէին խոտերով, տերևներով: Շատ տեղեր ձորերու, անտառներու խորք անտէր, անծնողք մնացած երեխէք հաւաքուեր էին իրար քով, միասին ապրելու և միանալու և որոնք ստեղծեր էին իրենց համար մի տեսակ Ռոպէնզոնական կեանք, կը պահուէին ու կը խնամուէին իրենցից ամենամեծերից: Կռճլիկի անտառի մէջ սպանուած տիկնոջ մը դիակի քով կար երկու տարեկան մի փոքրիկ երեխայ, որ դեռ կենդանի էր և որը մի քանի քայլ կը հեռանար դիակացած մօրմէն և կը վերադառնար «Մամա ջուր» կանչելով. ապա մօր գանգի վէրքէն դուրս եկող որդները հաւաքելով մէկիկ-մէկիկ բերանը կը նետեր: Նա մինչև այդ ապրած էր մօր գանգի որդերով և մօրմէն մի քանի քայլ հեռու գտնուող ջրով, որն այժմ ցամաքել էր և միայն հետքը կար, և ուր կը դիմեր երեխան և յուսահատ կը վերադառնար «Մամա ջուր» կանչելով: ՈՒրիշ տեղ մը 6 երեխաներ, 6-8 տարեկան, հաւաքուած էին իրենց ընկերոջ վիրաւոր մայրը կը խնամէին և երբ առաջարկեցինք մեզ հետ գալ, մերժեցին, չուզեցին մենակ, անպաշտպան թողնել իրենց վիրաւոր, «ժամանակաւոր» մամային: Այդպիսի սրտաճմլիկ տեսարաններու ու դէպքերու շարանը անվերջ է, ոչ պատմողը կարող է նոյնութեամբ պատկերացնել և ոչ լսողը կարող է տեսնել առանց հոգեկան գալարումներ ունենալու:
Սասունցիները տեսնելով, որ, պարբերական խուզարկութէնէ զատ, ուրիշ վտանգ չկայ, նորէն հաւաքուեցան Կէլիէկուչան և հերթական պահպանութիւն նշանակեցին Կրէքօլ և Խարիպշանայ խոռ, որոնք կը հսկէին Շէնիկի և Տաբգի ճանապարհներու վրայ: Զինուած խմբերը ամեն կերպ կը ջանային, որ ընդհարման չբռնուէին զօրքի հետ, որպէսզի կառավարութեան ուշադրութիւն վրիպեցնէին իրենց վրայէն: Հակառակ իրենց ցանկութեան` գրեթէ ամեն խուզարկութեան` արիւնալի կռիւներ տեղի կունենային: Սասունցիք քաջաբար կը դիմադրէին մինչև երեկոյ և անվնաս կ’անհետանային. թշնամին յուսահատ, բայց զայրացած կը վերադառնար իր կեդրոնատեղին (Շէնիկ) ու այսպէս շարունակուեց մինչև աշնան վերջը:
Այդ ժամանակ թափառական սասունցու համար ոչ մի բան չէր պակսի. ոչ ուտելիք և ոչ փամփուշտ, որ ամենակարևորն էր. պաշարը կը հայթայթէին հասած արտերից հունձք հաւաքելով, անտէր մնացած ոչխարներ, տաւարներ բերելով սարերէն ու ձորերէն: Իսկ փամփուշտը կը հաւաքէին թշնամու դիրքերէն, բանակատեղիէն և ինկած դիակներու վրայէն:
Բոլոր գիւղերը այրուած, մոխրակոյտի էին վերածուած: Կէլիէկուչանի ջրաղացներէն միայն մէկը անվնաս կը մնար տակաւին, որտեղ կը գտնուէին մեր թափառաշրջիկ լեռնականներ, որոնք գիշերները կը բանեցնէին ջրաղացը, իսկ առաւօտները անմիջապէս գործիքները կը հանէին, ջրաղացը կը մաքրէին ու կը փախչէին դէպի ապահով տեղեր: Երբ կառավարութիւնը այն ևս այրեց, զրկելով նրանց հացահատիկներ աղալու հնարաւորութիւնից` սասունցին չյուսահատուեց, անմիջապէս ձեռքի կացիններով (պալթայ) երկանք շինեց և աղալու արհեստը շարունակեց:

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ