38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԲՈՒՀԵՐՈՒՄ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

ԲՈՒՀԵՐՈՒՄ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
07.06.2011 | 00:00

Հունիսի 4-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը։ Այս առարկայից ամենաշատն էին քննություն հանձնողները. ամբողջ հանրապետությունում հայտագրվել էր 609 դիմորդ։ Ինչպես տեղեկացրեց Երևանի պետհամալսարանում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար ԱՐՄԵՆ ՓԱՇԱՅԱՆԸ, հայտագրված 185 դիմորդներից քննության չեն ներկայացել 17-ը։ Քննական կարգի համաձայն` յուրաքանչյուր մարզում ձևավորվել է մեկ քննակենտրոն, անկախ այն բանից, թե քանի դիմորդ պետք է քննություն հանձնի։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ամենաքիչը հայտագրվել էին Տավուշի մարզում (11 դիմորդ), այնուհետև՝ Սյունիքում (19 դիմորդ), Արագածոտնում (36)։ Քննության արդյունքները պարզ կդառնան այսօր։
Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնեցին, որ արդեն հայտնի են հունիսի 1-ին տեղի ունեցած «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաների քննությունների արդյունքները։ Քիմիայից միջին միավորը 9,96 է։ 17,5-20 միավոր է ստացել քննությանը ներկայացածների 4,3 տոկոսը։ Այս առարկայից մեկ դիմորդ ստացել է 19,75 միավոր։ 10,1 տոկոսը ստացել է 13,5-17,25 միավոր, 62,3 տոկոսը՝ 7,5-13,25 միավոր։ 23,2 տոկոսը չի հաղթահարել դրական միավորի շեմը։ Նշենք, որ բավականին մեծ էր այս քննությունից բացակայածների թիվը. հայտագրված 102 դիմորդներից 33-ը չէին ներկայացել քննության։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի հիմնական փուլում քիմիայից միջին միավորը 12,2 էր։
Փոքր-ինչ բարձր է «Ռուսաց լեզու» առարկայի միջին միավորը (10,53)։ 17,5-20 միավոր է ստացել քննություն հանձնածների 4,2 տոկոսը։ Այս առարկայից նույնպես մեկ դիմորդ ստացել է 19,75 միավոր։ Ռուսաց լեզվից դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 21,1 տոկոսը։ Քննությանը մասնակցել են 81 հայտագրվածներից 71-ը։ Նախորդ տարի միասնական քննությունների լրացուցիչ փուլում ռուսաց լեզվից միջին միավորը 10,9 էր, դրական միավորի շեմը չէր հաղթահարել դիմորդների 16,67 տոկոսը։
ԳԹԿ պատասխանատուները տեղեկացրին, որ քննություններն ընթանում են բավականին հանգիստ, ծածկագրերից օգտվելու, միմյանց հուշելու, քննասենյակից դուրս հրավիրելու դեպքեր չեն արձանագրվել։
Ինչպես և կանխատեսվում էր, գանգատարկումներն այս տարի բավականին քիչ են: Քիմիայից ընդամենը 2 բողոքարկում է գրանցվել, ռուսաց լեզվից բողոքարկումներ չեն եղել։ Քննական թեստերը քննությունից հետո նույն օրն իրենց պատասխաններով հրապարակվում են ԳԹԿ կայքում (www.atc.am)։ Բացի այդ, քննասենյակում թեստերը դիմորդներին հանձնելուց հետո մասնագիտական հանձնախումբը զուգահեռ լուծում է թեստերը, որպեսզի թերություններ հայտնաբերելու դեպքում դրանք հաշվի առնվեն մինչև գնահատականների հրապարակումը։
Տեղեկացնենք, որ բուհերում ըստ մասնագիտությունների դիմում-հայտերի ընդունման ժամկետը լրացել է հունիսի 1-ին։ Սակայն գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կան դիմորդներ, ովքեր այս կամ այն պատճառով չեն հասցրել դիմում-հայտ ներկայացնել համապատասխան բուհեր։ ԳԹԿ-ն այդ մասին ավելի քան 20 դիմում է ստացել, ուստի ԳԹԿ տնօրենը համապատասխան նամակով դիմել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով թույլատրել երկարաձգել բուհերում դիմումների ընդունման ժամկետը:
Այսօր միասնական քննությունները կշարունակվեն. դիմորդներն իրենց ուժերը կփորձեն «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Կենսաբանություն» առարկաներից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ