Աշխարհի ամենասառը գիտությունը` վիճակագրությունը, անտարբեր արձանագրել է. 1988 թ. դեկտեմբերի 7-ին ավերվեց Հայաստանի տարածքի 40 տոկոսը` 363 բնակավայր, մի քանի րոպեում 114000 մարդ մնաց անօթևան, 25000-ը զոհվեց, վիրավորների ու հաշմանդամների վիճակագրություն մինչև այսօր չկա, որովհետև ստեղծված իրավիճակում խնդիրն օգնելն էր, հաշվելու ժամանակ չկար: 11.41 րոպեն ճակատագրի այն հարվածն էր, որ 20-րդ դարավերջին ընդմիշտ պիտի մտներ պատմության մեջ: Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի, որ նման ուժգնության շատ երկրաշարժեր չունի իր տարեգրության մեջ: 88-ին աշխարհի քարտեզին Հայաստանը զուգորդվեց ոչ միայն շատերին անհասկանալի ու դժվարարտասանելի «Արցախ» բառով, այլև երկրաշարժի իրողությամբ, որ մի քանի ժամում Հայաստանը դարձրեց համայն աշխարհի գթասրտության թիրախ:
21 տարի առաջ:
Թվում էր` մեկ-երկու տարում ամեն ինչ կվերականգնվի: ԽՍՀՄ-ի պես կայսրության համար 29000 քառակուսի կիլոմետրի 40 տոկոսը վերականգնելը պրոբլեմ չէր: Այդպես սկսվեց շինարարությունը: Բայց փոփոխությունների ժամանակ էր ոչ միայն երկրի ընդերքում, քաղաքական տեկտոնիկան ավելի պայթյունավտանգ էր: ԽՍՀՄ-ը փլուզվեց: Շինարարները կամաց-կամաց հեռացան:
Խորհրդային բանկերում սառեցվեցին ռուբլով ու դոլարով հաշվեհամարները:
Հետո երկիր եկավ պատերազմը:
Միաժամանակ` շրջափակումը:
Ինչ-որ պահի աղետի գոտի էր ողջ երկիրը, սահմանամերձ ողջ հայրենիքը:
21 տարվա պատմության մեջ ամեն ինչ եղել է: Ամենակարևորը` հասակ է առել նոր սերունդ, որ միայն ուրիշների հիշողությամբ գիտի` ինչ է երկրաշարժը:
Եվ այդ սերունդը հիշել կարող է ոչ միայն հարազատների կորստի կսկիծն ու անդարձության ցավը, այլև խենթությունը նրանց, որ արդեն դեկտեմբերի 8-ից Սպիտակում «Առավոտ լուսոյ» թերթ էին տպագրում, ու եզակի համարները ձեռքից ձեռք էին անցնում` մարդիկ ուզում էին տեղեկություններ ունենալ միմյանց մասին: Եվ խզված կապին, գոյություն չունեցող հեռախոսներին, ռադիոյին, էլեկտրականությանը փոխարինում էր «Առավոտ լուսոյ»-ն ու, սփոփանքից բացի, բաժանում էր հույս, հավատ, վկայում էր սեր: ՈՒ` այն անանվանելին, որ կոչվում է կյանք:
Այդպիսին էինք մենք 21 տարի առաջ:
Եթե դեռ Նալբանդում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում` այդ շրջագծի ինչ-որ հատվածում կույր աչքի պես ավերակներ են մնում, ցավ է, բայց Վոլգոգրադում դեռ կանգնած է Պավլովի տունը` այն սահմանը, որտեղից սկսվեց հաղթանակը Մեծ հայրենականում: Այդ ավերակները պիտի դառնան այն սահմանագիծը, որ մեզ բաժանում է մեզնից: Մեր ուժը` մեր թուլությունից, մեր ճշմարտությունը` մեր ստից, մեր անտարբերությունը` մեր սրտացավությունից: Վերջապես մեր երեկվա պատմությունը` մեր այսօրվա ու վաղվա պատմությունից:
21 տարի առաջ դեկտեմբերի 7-ի երկրաշարժը աշխարհի թիվ մեկ նորությունն էր: Բայց նույնիսկ ողբերգական բովանդակությամբ նորությունն արագ կորցնում է արդիականությունը. այդպիսին են ժանրի օրենքները: ՈՒ մենք մնում ենք մեն-մենակ մեր կենսագրության հետ: Աղետի գոտու կենսագրությունն արդեն ժամանակն է ավարտելու: 11.41-ին ընդհատված կյանքը շարունակվեց, ով ինչպես կարողացավ ապրեց: Եվ ամենակարևորը արդեն դա էր` նոր բացված ԱՌԱՎՈՏԸ ԼՈՒՍՈՅ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ