38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՈՉ ԹԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐՈՎ, ԱՅԼ ԲՆԱԿԱՆՈՐԵՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՈՉ ԹԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐՈՎ, ԱՅԼ ԲՆԱԿԱՆՈՐԵՆ
07.06.2011 | 00:00

ՃԳՆԱԺԱՄԻ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Չնայած համաշխարհային տնտեսությունում ֆինանսատնտեսական ճգնաժամը, ընդհանուր առմամբ, հաղթահարված է, Հայաստանում այդ հիվանդությունը կարող է դեռ երկար տևել: Դասերի մասին սովորաբար խոսվում է ճգնաժամը հաղթահարելուց հետո, սակայն անգամ այսօր նկատվում են օրինաչափություններ, որոնց արժե անդրադառնալ: Նախ, ներկայիս ճգնաժամի գոյություն ունեցող բնական և արհեստական, կամ այլ խոսքով ասած` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին:
Մոտ մեկ տասնամյակ տևած տնտեսական վերելքից հետո Իրաքյան պատերազմի սկզբին` 2003 թ., նկատվեցին լճացման և ճգնաժամի առաջին նախանշանները, որոնք հիմնականում պայմանավորված էին ռազմական ծախսերի կտրուկ ավելացմամբ, տնտեսության իրական հատվածի զարգացման տեմպերի կրճատմամբ և արտաքին առևտրի բացասական սալդոյի աճով: Այս միտումները շարունակվեցին նաև հետագա տարիներին, սակայն պետության միջամտությունը հանգեցրեց նրան, որ իր բնական ընթացքով վերելքից դեպի լճացում, հետո` դեպի ճգնաժամ թևակոխելու փոխարեն, արհեստական ազդակներով սկսվեց «տնտեսական վերակենդանացումը», որն արտահայտվեց «էժան դոլարի» քաղաքականությամբ ամերիկյան տնտեսության մրցունակության բարձրացման փորձերում: Մյուս կողմից կարևոր է նկատել, որ նույն ժամանակահատվածում շարունակվում էր ԱՄՆ դոլարի և Եվրամիության միասնական նոր շրջանառվող արժույթի` եվրոյի սուր մրցակցությունը: Այս պայմաններում եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի արհեստական իջեցումն ունեցավ երկակի էֆեկտ: Նախ, իջան դոլարով արտահայտված ապրանքների և ծառայությունների գները, որն ավելացրեց դրանց նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը, հետևաբար նաև` արտահանման ծավալները ԱՄՆ-ից, որն էլ զգալիորեն բարելավեց ԱՄՆ-ի արտաքին առևտրային հաշվեկշիռը: Դրա պատճառով բարձրացան եվրոյով արտահայտված Եվրամիության անդամ երկրների ապրանքների և ծառայությունների գները, ինչը զգալի վնաս հասցրեց Եվրամիության անդամ երկրների արտաքին առևտրին, կրճատելով արտադրության ծավալները և ավելացնելով գործազրկության մակարդակը:
Այս ամենին զուգահեռ, տնտեսության արտաքին խթանիչները հանգեցրին նրան, որ ավելի սրընթաց տեմպեր հաղորդելով տնտեսության զարգացմանը, գրեթե անխուսափելի դարձրին տնտեսության նույնքան սրընթաց անկումը: Սովորաբար, պետության դերն այս փուլում դրսևորվում է տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղեցմանն ուղղված վարկային տոկոսադրույքների բարձրացման և ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների իջեցման և նման այլ քայլերով` նպատակ ունենալով հնարավորինս մեղմել նաև վերելքին հաջորդող լճացման և ճգնաժամի արագությունն ու դրանց վնասները: Հակառակ վերը նշված տրամաբանության, պետությունը սկսեց ոչ թե զսպել սղաճը, այլ դոլարի նոր զանգված շրջանառության մեջ մտցնելով, նպաստեց դոլարի հետագա արժեզրկմանը` այդ արժույթի տնտեսապես չարդարացված առաջարկի չափերով: Դոլարի մեծ զանգվածները հիպոթեքային և այլ վարկերի տեսքով բանկերը տվեցին դրանց կարիքն ունեցողներին` գրեթե անարգել: Արդյունքում, վարձով ապրող ամերիկաբնակների մի զգալի մասն այսօր արդեն ապրում է պարտքով, դրանով իսկ սնանկացնելով ֆինանսական մի շարք հաստատություններ: Իսկ երբ մոտեցան մարման ժամկետները, պարզվեց, որ խախտվել է վարկի կարևորագույն սկզբունքներից մեկը` վերադարձելիությունը, և տնտեսությունն իր վրա զգաց առաջին ծանր հարվածները բորսաներում: Գործընթացն այսօր վերահսկողությունից դուրս է գտնվում, և չնայած 2008 թ. նոյեմբերին ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմի հաստատած 700 մլրդ դոլար արժողությամբ և 2009 թ. փետրվարին դեմոկրատների կողմից իրականացվող 787 մլրդ դոլար արժողությամբ Փրկության ծրագրերի, ԱՄՆ-ի տնտեսության առողջացման սցենարները, մեր համոզմամբ, խիստ վտանգված են: Դրանք կարող են ընդհանրապես ոչ մի արդյունքի չբերել նաև այն պատճառով, որ ծրագրվում է տնտեսությունը հանել ճգնաժամից ոչ թե բնական, այլ արհեստական գործոնների և խթանիչների հաշվին:
Ճգնաժամի առաջին դասը, թերևս, այն է, որ տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե արհեստական խթանիչներով, այլ բնականորեն, ասել է թե` ՀՆԱ-ի առանցքը կազմող տնտեսությունների բնականոն զարգացման հաշվին և ոչ` ֆինանսական շուկայի իրական հատվածից կտրված ինք-նուրույն զարգացումներով:
Երկրորդ, պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները կարող են դրական ներգործություն ունենալ միայն կարճ ժամանակահատվածում, ավելի երկար պետական միջամտությունը կարող է հանգեցնել տնտեսական և ֆինանսական ծանր հետևանքների:
Երրորդ, ինչպես դա ակնհայտ դարձավ մեկ տասնամյակ առաջ Արգենտինայում տեղ գտած ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական վերնախավը պետք է փորձի սպասարկել ոչ այնքան քաղաքական վերնախավի շահերը, որքան ծառայի տնտեսության իրական հատվածի իրական զարգացմանը, մասնավորապես սերտորեն համագործակցելով արդյունաբերական վերնախավի հետ և ճանապարհ հարթի փոքր բիզնեսի աշխուժացման համար:
Չորրորդ, համաշխարհային ճգնաժամի կործանարար հետևանքներից խուսափելու նպատակով, Հայաստանը պետք է նպատակ դնի վերացնելու տնտեսական կախվածությունը մեկ-երկու երկրից և փորձի բազմազանեցնել իր թե՛ առևտրա-տնտեսական կապերը, թե՛ արտաքին ներդրումների աղբյուրները:
Հինգերորդ, Հայաստանը պետք է հնարավորինս կրճատի ներկայիս կախվածությունը ներմուծումից (ներմուծման ծավալները երեք և ավելի անգամ գերազանցում են արտահանման ծավալները): Սա թույլ կտա կրճատել կախվածությունը համաշխարհային շուկայի պարտադրող ցնցումներից:
Վեցերորդ, համաշխարհային ճգնաժամի ներկա փուլում պետք է ձգտել առավելագույն օգուտներ քաղել ապրանքների և ծառայությունների այն գներից, որոնք առավել նպաստավոր են երկրի տնտեսության համար:
ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՈՒՏՆԵՐԸ
Այդ իմաստով կարևոր է անցում կատարել տեղի ունեցած երևույթներին արձագանքելու (այլ խոսքով` ռե-ակտիվ) քաղաքականությունից դեպի ավելի նախաձեռնողական, նախահարձակ տնտեսական քաղաքականության (այլ խոսքով` պրո-ակտիվ), որը թույլ կտա ոչ թե հարկադրված լինել պաշտպանվելու վնասներից, այլ անգամ փորձել օգուտներ քաղել երկրի հետագա զարգացման համար: Բժշկության մեջ սա կոչվում է կանխարգելիչ, պրոֆիլակտիկ մոտեցում: Այս իմաստով նպատակահարմար է ոչ թե մեկ, այլ մի քանի սցենարների մշակում, որը թույլ կտա որոշ պարագաներում անկանխատեսելի զարգացումների դեպքում պետական քաղաքականության զինանոցում ունենալ պատրաստի մոտեցումներ` դիմագրավելու մեկ սցենարի ձախողման հետևանքներին: Հիշեցնենք, որ տնտեսական ճգնաժամն առաջին հերթին և ավելի ուժգին հարվածելով համաշխարհային տնտեսությանն ու դրա ֆինանսական շուկաներին լավագույնս ինտեգրված երկրներին, հանգեցնում է այդ երկրների տնտեսությունների մրցունակության կտրուկ անկման, ուստի և մրցակցային դիրքերի թուլացման: Զարգացող երկրներն այս պարագայում իրենց մրցակից զարգացած երկրներից ճգնաժամի փուլում կարող են ավելի նպաստավոր գներով ձեռք բերել այն տեխնոլոգիաներն ու արդիական սարքավորումները, որոնք այլապես տնտեսական աշխուժացման և վերելքի փուլերում գրեթե անհնար է: Սա նաև այն պատճառով, որ ոչ միշտ են զարգացած երկրները պատրաստ վաճառելու նման սարքավորումներ` իրենց պոտենցիալ մրցակիցներին: Ճգնաժամից այս կարևոր հանգամանքով օգտվելու համար պարզվում է` բավարար չէ նպաստավոր գնով արդիական սարքավորումներ ձեռք բերելը: Չմոռանանք, որ դրանք պետք է նաև մաքսային օրենքներով և ընդունված որոշումներով մաքսազերծել – ներմուծել, որն ինքնին բավականին ծախսատար գործընթաց է: Անհրաժեշտ է գոնե այս փուլում վերանայել մաքսային քաղաքականությունն ու նախ, իջեցնել սարքավորումների և արդիական այլ տեխնոլոգիաների համար սահմանված մաքսատուրքերը` խթանելու դրանց մուտքն ու կիրառումը հանրապետությունում: Մեր համոզմամբ, կարևոր է արտադրության հիշյալ միջոցները մաքսազերծել ոչ թե շուկայական արժեքով, այլ փաստացի ձեռք բերված invoice-ի հիման վրա: Ի դեպ` շուկայական արժեքի մասին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ոչ միայն սարքավորումների, այլև մի շարք սպառողական ապրանքների գները կտրուկ նվազել են, իսկ մաքսազերծման համար դրանց կիրառվող արժեքները մնում են բարձր` այսպիսով թույլ չտալով սպառողին օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից: Հետևաբար, դրանց մաքսային արժեքները պետք է վերահաշվարկվեն: Այս փուլում պետությունն ինքը կարող է ձեռք բերել սպառողական ապրանքների մեծ խմբաքանակներ ոչ միայն այն պատճառով, որ դրանք ձեռնտու լինեն սպառողների լայն շրջանակների համար և գները պահել խիստ վերահսկողության տակ` զերծ մնալու շուկայում մենաշնորհային բարձր գների ձևավորումից: Նպաստավոր իրավիճակ է ստեղծվել նաև կառավարության համար` համալրելու և ավելացնելու պետական ռեզերվները հացամթերքի, նավթամթերքի և այլ կարևորագույն ապրանքների գծով: Ըստ որում, այդ գործը պետք է հանձնարարել ոչ թե մասնավոր ընկերությունների ու միջնորդների, այլ արտադրողին` անմիջական գնումների միջոցով:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր



Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ