Օրերս խմբագրություն էր եկել Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Մարիետա Գրիգորյանը։ Նա անթաքույց վրդովմունքով էր խոսում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսիկ Եղիազարյանի կատարած մի շարք անօրինականությունների մասին, նշելով նաև նրա ոչ հասուն լինելն այդ պաշտոնում։ Նա չթաքցրեց նաև, որ ինքը հաջողությամբ մասնակցել է դպրոցի տնօրենների համար նախատեսված որակավորման քննություններին և ստացել է հավատարմագիր։ Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը բժշկական տեղեկանք է ներկայացրել և ապրիլ ամսին չի ներկայացել քննության, որովհետև գիտեր` չէր կարող իր ուժերով հանձնել գրավոր և բանավոր քննությունները։
Խմբագրությունն այնքան էլ չհավատաց ուսուցչուհու ներկայացրած մեղադրանքներին, որովհետև նա տնօրենի ապագա հավանական թեկնածու էր։ Սակայն, ելնելով լրագրողական հետաքրքրությունից, «Իրատես de facto»-ի աշխատակիցը գործուղվեց Այգեստան, տեղում ծանոթանալու ստեղծված վիճակին, լսելու բոլոր կողմերին ու հնարավորության սահմաններում օգնելու դպրոցին դուրս գալու ստեղծված բարդ բարոյահոգեբանական վիճակից։ Թերթի թղթակցուհին նոր էր վերադարձել գյուղից ու դեռ չէր էլ հասցրել լրիվ ծանոթանալ իր իսկ ձեռք բերած փաստերին, վերծանել ձայնագրությունները, երբ խմբագրություն զանգահարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատարը և վրդովված բողոքեց լրագրողուհուց, մասնավորապես, որ իրեն առանց տեղեկացնելու ձայնագրել է, որ դպրոցում ստեղծված վիճակն անվանել է անբարո և չմոռացավ խմբագրությանը պարտավորեցնել, որ հոդվածը տպելուց առաջ անպայման ցույց տանք իրեն։ Խմբագրությունը շատ քաղաքավարի և նուրբ ձևով հասկացրեց տիկին պաշտոնակատարին, որ իր ցանկությունն իրականության ոլորտից դուրս է։ Խմբագրության հարցին, թե ինչ եք առաջարկում, պատասխանը մեկն էր` նոր լրագրողի ուղարկեք։ Ճիշտ է, նրա պահանջը նոր ծախսերի, ժամանակի և մի շարք այլ հարցերի էր առնչվում, բայց, ելնելով խմբագրության տարիներ շարունակ որդեգրած պրակտիկայից, որ թերթի էջերում պետք է տեղ գտնեն միայն հասարակության շահերը ճշմարիտ լուսաբանող, անաչառ հոդվածներ, ընդունեցինք տիկին Եղիազարյանի առաջարկը։
Մայիսի 16-ին տողերիս հեղինակը եղավ գյուղում և պարզեց հետևյալը։
Վարսիկ Եղիազարյան։ Այգեստան գյուղի դպրոցի ուսուցչուհի, որը դասավանդում է կրոնի պատմություն։ 2006 թվականից եղել է դպրոցում գործող կառավարման խորհրդի անդամ։ 2009 թվականի սեպտեմբերին նշանակվել է կազմակերպչական գծով տնօրենի տեղակալ։ 2009-ի հոկտեմբերի 20-ին նախկին տնօրենին` Կարինե Սարգսյանին, իր դիմումի համաձայն ազատում են աշխատանքից (մինչ դիմումը դպրոցում մարզպետարանը ստուգումներ էր կատարել)։ Թե ինչ խախտումներ` հափշտակություն, պաշտոնական դիրքի չարաշահում և այլն են հայտնաբերվել, ցայսօր մշուշով է պատված։ Դեռ չէր հասցրել չորանալ նախկին տնօրենի ազատման հրամանը, մեկ այլ հրամանով Վարսիկ Եղիազարյանը նշանակվում է դպրոցի տնօրենի պաշտոնակատար։ Թե ինչու այդքան արագ կատարվեց տնօրենի պաշտոնակատարի նշանակումը, հավանաբար, պիտի հարցնել նախկին մարզպետին։ Ասում եմ, այդքան արագ, որովհետև հենց այդ պահից էլ սկսվում է բախումների ալիքն այդ դպրոցում։ Հանուն ճշմարտության ասենք, որ նախկին մարզպետը կարող էր և չիմանալ օրենքի ինչ-որ մանրամասներ, իսկ մարզպետարանի կրթության վարչությո՞ւնը...
Հոկտեմբերի 26-ից առաջ և այդ օրը դպրոցի կառավարման խորհրդի նիստ չի եղել։ Իսկ թե ինչո՛ւ էին մարզպետարանի ընկերները շտապել, ավելի լավ է լռենք և չլսենք չար լեզուներին։ Ո՞վ գիտե, գուցե ևս մի թեկնածու ի հայտ գար վերևներից, իսկ դա ձեռնտու չէր։ Ասածիս հաստատումն է այն, որ նոյեմբերի կեսերին հրավիրվում է մանկավարժական խորհուրդ և առաջարկվում է խորհրդի նոր անդամի թեկնածություն։ Ըստ շրջանառվող լուրերի` խորհրդի անդամ է ընտրվել քիմիայի ուսուցչուհի Ժաննա Եղիազարյանը, բայց մի քանի օր հետո, պաշտոնակատարի ցանկությամբ, խորհրդի անդամ է նշանակվում Վարդուհի Հովհաննիսյանը։ Այդ օրվա դրությամբ կազմվում է արձանագրություն, համաձայն որի, դպրոցի երեսուն ուսուցիչներից 28-ը (երկու բացականերն են նախկին տնօրենը և նրա դուստրը) մասնակցել և ընտրել են Վարդուհի Հովհաննիսյանին։
Դպրոցի կոլեկտիվի անդամների հետ զրույցից պարզվեց, որ նշված 28 թիվն ինչ-որ չափով կեղծ է, որովհետև Զոյա Էլոյանը, Նելլի Հովհաննիսյանը, Բելլա Առուստամյանը, Մարիետա Գրիգորյանը չեն մասնակցել մանկխորհրդի նիստին։ Եվս մեկ մեղադրանք. նախկինում դպրոցում հաշվապահ է աշխատել մեկը (50 հազար դրամով), ով համատեղության կարգով, որպես հաշվապահ, աշխատել է նաև հայրենի Շահումյան գյուղի դպրոցում։
Տնօրենի պաշտոնակատարը նրան ազատեց աշխատանքից և ընդունեց Մերի Սահակյանին` 100 հազար դրամ աշխատավարձով։ Քանի որ հերթը հասավ Մերի Սահակյանին, ասենք, որ պաշտոնակատարի կամքով նա ընտրվեց նոր կազմակերպված (խորհրդի մասին քիչ հետո) խորհրդի կազմում. թե որքան է նպատակահարմար նյութական պատասխանատու անձի (հաշվապահի) ընդգրկումն այդ կազմում, թողնենք պաշտոնակատարի խղճին։ 2010 թվականի օգոստոսին պաշտոնակատարը ձևավորում է նոր խորհուրդ, որտեղ ընդգրկում է իր համախոհներին, անգամ ծնողկոմիտեից (եթե իրականում այդպիսին կա)` իր խնամու հարսին։ Այստեղ օրինական է Մարիետա Գրիգորյանի հարցադրումը. նա դեռ պաշտոնակատար է, ի՞նչ իրավունքով է ընտրել նոր խորհուրդ, որպեսզի գալիք ընտրություններում ապահովի՞ իր ընտրությունը։
Ես չգիտեմ օրենքը և չեմ կարող ասել, թե ինչն ինչոց է, բայց մի բան հաստատ է, կամ ինչպես Սարոյանը կասեր` ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է։ Կառավարման խորհուրդը, իրոք, կարևոր մարմին է, սակայն հենց խորհրդի անդամների կամքով չի գործում, վերահսկողություն չի իրականացնում։ Եվ Եղիազարյանն այն բանեցնում է իր ուզած ձևով։ Ըստ գործող կանոնադրության, նա իրավունք չունի նախագահելու, անցկացնելու խորհրդի աշխատանքները, ամենաշատը նա կարող է մասնակցել խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով։ Բայց, ինչպես փաստում է գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար, խորհրդի անդամ Լիլիթ Հարությունյանը, խորհուրդն անցկացնում է Վարսիկ Եղիազարյանը, իսկ արձանագրում է խորհրդի նախագահ Վարդուհին։ Իրոք, զորեղ է Վարսիկ Եղիազարյանը։ Նշենք ևս մի քանի արարք։ Մարդը չի կարող աշխատել բացառիկ դեպքերում 1,5 դրույքից ավելի։ Բայց արի ու տես, Մարգար Շահինյանը ձևակերպված է որպես հյուսն մեկ դրույքով։ Նոյեմբերի կեսից մինչև մարտի կեսը նույն դպրոցում ձևակերպվել է որպես հնոցապան։ Հնոցապանները երկուսն են, այսինքն` յուրաքանչյուրն աշխատել է 15 օր` օրը 24 ժամ։ Կստացվի` բանվորն աշխատել է որպես հնոցապան 360 ժամ, ավելացրած դրույքով որպես հյուսն մոտ 161 ժամ։ Եթե կատարենք պարզ թվաբանություն, կստացվի 521 ժամ։ Թե 521 ժամը քանի դրույք է անում, թողնենք տիկին պաշտոնակատարի խղճին և անդրադառնանք մեկ այլ արտառոց երևույթի։ Այն բանից հետո, երբ ուսուցչուհի Բելլա Առուստամյանն իր երեխային տարավ հարևան գյուղի դպրոց (պատկերացնել կարելի է, թե բարոյահոգեբանական ինչ մթնոլորտ է դպրոցում, որ այնտեղ ռուսաց լեզու դասավանդող ուսուցչուհին չի ցանկանում իր երեխայի սովորելը), 11-ի «ա»-ն պետք է անցներ կիսով չափ վարձատրության, քանզի աշակերտների թիվը 15-ից դարձավ 14։ Որպեսզի ցույց տրվի, որ դասարանը լիարժեք է, 11 «բ»-ից, որտեղ, ըստ հաշվառման, 17 աշակերտներ էին, իսկ իրականում` 16 (ըստ գործող օրենսդրության` երկու դասարան կարող է գործել, եթե դասարանների աշակերտների ընդհանուր թիվը պակաս չէ 31-ից) մի մեռած հոգու` Վահե Եդիգարյանին, տեղափոխում են 11-ի «ա»։ Ըստ էության, Վահե Եդիգարյանը, սկսած 2010-ի սեպտեմբերի 1-ից, դպրոց գրեթե չի հաճախում։
Երբ գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը տեղեկանում է, որ առաջին դասարանում կա 15 անապահով երեխա, որոնք ընդմիջման ժամին «մի տեսակ» են նայում բուլկին ըմբոշխնող իրենց հասակակիցներին, 2010-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուրին հատկացնում է օրական 50 դրամ` մեկ բուլկու արժեք։ Դժվար է պատկերացնել, թե որքան է եղել նրա հիասթափությունը, երբ իմացել է, որ բուլկին արժե 40 դրամ։ Եվ երբ գյուղապետին հարցրինք կարծիքը պաշտոնակատարի մասին, միանշանակ ասաց` ես նրա մասին որևէ կարծիք չունեմ, և ավելացրեց` խնդրում եմ, ուրիշ որևէ հարց մի տվեք։ Երբ հետաքրքրվեցի, թե դա ինչ պատմություն է, մեզ խորհուրդ տվեցին դիմել հասարակական կարգով որպես բուֆետապան աշխատող Ջուլիետային, ով նաև դպրոցի հավաքարարն է։ Ահա թե ինչ պատմեց նա. «Ես օրական ստանում եմ (և ցույց տվեց իր գրառումները) մինչև 80 հատ բուլկի, որի արժեքն է 40 դրամ, բայց այն վաճառում ենք 50 դրամով։ Յուրաքանչյուր հատի 10 դրամը տալիս եմ Վարսիկ Եղիազարյանին։ Մեկ անգամ ես նրան ասացի, թե, բացի գյուղապետի նախատեսած անապահով երեխաներից, ուրիշ երեխաներ էլ կան, այդ ավելացված 10 դրամների հաշվին կարող ենք նրանց էլ բուլկի տալ։ Պատասխանը մեկն էր` ամեն անգամ Արտաշատ եմ գնում, բուֆետում էլ այլ ծախսեր են առաջանում, ո՞վ պիտի վճարի։ Միջին հաշվով ամիսը պաշտոնակատարին եմ տալիս 12 հազար դրամ»։
Հիմա դառնանք քննություններին։ Զոյա Էլոյանը նամակով (14.01.2011 թ.) դիմել է ՀՀ նախագահին և ԿԳ նախարարին։ Նա անհանգստություն է հայտնել և խնդրել հետևել Եղիազարյանի քննության ընթացքին։ Երկուսի անունից էլ պատասխանել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը։ Նույն օրը գրված դիմումին առաջին պատասխանը տրվել է 20 օր անց, որտեղ փարատվում է դիմումատուի կասկածը։ Երկրորդ պատասխանը նույն օրը գրված դիմումին տրվել է 14.04.2011 թ., այսինքն` ուղիղ երեք ամիս անց։ Եվ դրանից երևում է անտեղյակ պաշտոնյայի պատասխանը, կամ ինչպես դիմումատուն է ասում, այդ պատասխանն է, որ իր մոտ թերահավատություն է ստեղծել Վարսիկ Եղիազարյանի որակավորման քննության օբյեկտիվության նկատմամբ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Կարևոր և անկողմնակալ մի քանի դիտարկումներ։ Իր իսկ խոստովանությամբ` բազմափորձ մանկավարժ Զոյա Էլոյանը երկար տարիներ պայքարել է նախկին տնօրենի դեմ, այժմ էլ պայքարում է նորի դեմ` հանուն արդարության։ Հարգանք ու պատիվ նրան։ Սակայն դպրոցի պատերից դուրս հանդիպեցի մանկավարժներից մեկին, ով, ըստ իս, բավականին ճշգրիտ ներկայացրեց իշխող իրավիճակը։ Տնօրենի պաշտոնակատարը գործունյա է, սակայն անփորձ այդ գործում և հակադրվել է «ընդդիմությանը», անտեսում է դպրոցի խորհրդին և կամա-ակամա կրակն ավելի է բորբոքում։
Միաժամանակ դպրոցի աշխատակիցներից 32-ը դիմում-խնդրանք են հղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ուր գոհունակություն են հայտնում Վ. Եղիազարյանից (ի դեպ, վերջինս հասցրել է գազիֆիկացնել կրթօջախը) և պնդում, որ ամեն բան սկիզբ է առնում նախկին տնօրենից, ով բորբոքում է «մշտական բողոքողներ» Մարիետա Գրիգորյանին և Զոյա Էլոյանին։
Տիկին Զոյան 2011-ի հունվարին դիմում է ՀՀ նախագահին և Արմեն Աշոտյանին, խնդրելով անմիջական հսկողություն սահմանել Վ. Եղիազարյանի վրա և կանխել կոռուպցիան։
Առայժմ խորհուրդը հուսալիորեն կառավարվում է և անգործությամբ նպաստում վերոնշյալ դեպքերին։
Մնում է ավելացնել, որ ելքը մեկն է` այս դպրոցը պետք է կառավարի նոր մարդ, ով կունենա տնօրինման տաղանդ և զերծ կլինի վերոնշյալ բազմաբնույթ դեպքերից ու եղելություններից։