ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ֆավորիտ դառնալու Ռուսաստանի պայքարը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար թևակոխեց նոր փուլ

Ֆավորիտ դառնալու Ռուսաստանի պայքարը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար թևակոխեց նոր փուլ
15.08.2008 | 00:00

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԷՐ ԲԼԻՑՔՐԻԳԸ
Բլիցքրիգն ավարտվեց: Դա հենց այն էր, ինչի մասին ասվում է` լոկալ պատերազմ, երբ «վայրկյանների» ընթացքում փոփոխվում է ստատուս-քվոն:

Ընդ որում, պետք չէ շտապել հետևությունների մեջ, թե նախադեպային ֆորմատն է գործելու: Ո՛չ: Կոնյունկտուրային մոտեցումներն են եղել մեծ քաղաքականության շարժիչ ուժը, և այս հին աշխարհում ոչինչ ու երբեք չի փոխվել: Այնպես որ, Ղարաբաղում կարող է տեղի ունենալ բոլորովին հակառակ պրոցեսը, ասենք` Ռուսիան «իրեն պահի» Օսիան ու Աբխազիան, «տա» Ղարաբաղը: Եթե պետք լինի:
Օս-վրաց-ռուսական բլիցքրիգի ողջ «հմայքը» կայանում էր նրանում, որ ապացուցվեց հենց ապացուցելին` հարավկովկասյան տարածաշրջանում խաղացողը եղել է և է Ռուսաստանը: Արևմուտքը պասիվ հայեցող է, որքան էլ Բուշն օրումեջ Կովկաս ուղարկի Ռայսին:
Եվ առաջին պահի շփոթվածությունը, երբ` «վ գորոդե կրասնիե», իսկ հետո` «վ գորոդե բելիե» ռեժիմն էր գործում Ցխինվալում, պատերազմի հաջորդ օրերին տեղը զիջեց «խելոքանալու», «միանում ենք ձեզ, բարոն, միանում» չափաբանությանը:
Գոնե Հայաստանի մասով: Հարևանությամբ պատերազմը եկավ շատ հետաքրքիր մի սրբագրում կատարելու մեզանում: Ռուսաստանի ֆավորիտ դառնալու պայքարը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար թևակոխեց նոր փուլ:
Ընդդիմադիրների պերմանենտ, սակայն նույնքան անհասկանալի, չլուսաբանված, մթության քողի տակ իրականացվող այցերը դեպ Ռուսաստան, դրանց մասին կիսաշշուկով, որպես մեծ իրադարձություն, խոսք ու զրույցը, ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանին վերաբերող հոդվածների տառ առ տառ արտատպումը, տիրաժավորումը գալիս են ասելու, որ «գունավոր» հեղափոխություն իրականացնելու մեջ «մեղադրվող» ընդդիմության համար ինչպես սեպտեմբերին, այնպես էլ այսօր անասելի մեծ նշանակություն ունի Ռուսաստանը` յուր «պոզիտիվ», սակայն ցայս որևէ կոնկրետ գործողության չվերածած (եթե հաշվի չառնենք ռուս բարձրաստիճան սպա Երյոմինի երևակումը մարտի մեկին` Մյասնիկյանի հրապարակում, ուր նույնքան ակտիվ ու նույնքան գործնական եռուզեռի մեջ էին ընդդիմությանը «սատարող» հայոց «չեկիստները») «նեյտրալիտետով»:
Ընդդիմության տառապանքը, անշուշտ, փորձ ունի. ի վերջո թե՛ 98-ի քոչարյանական-պալատական, թե՛ 99-ի հոկտեմբերի 27-ի «անպալատ» հեղաշրջումներում (27-ի մասով օգտվում ենք ոչ անհայտ Լիտվինենկոյի բարձրաձայնումից) առյուծի իր բաժինն ուներ Ռուսաստանը: Էլ չենք ասում 2003-2004թթ. ընդդիմության պայքարի մասին, որի առնչությամբ այսօրվա ընդդիմության ներկայացուցիչներն ասում էին` ռուսամետ, արձանագրումով` «հարթակային» ընդդիմությունը չհասավ հաջողության, որովհետև գեոպոլիտիկ իմաստով այլընտրանք չէր իշխանությանը:
Այդ իսկ պատճառով էլ կիսում ենք այն փորձագետների կարծիքը, ովքեր կարծում են, թե բլիցքրիգի այս օրերն առիթ էին մեր ընդդիմադիրների համար` տարանջատվելու Ռուսաստանի նկատմամբ իրենց լոյալությունից և ամբողջովին խաղալու արևմտյան դաշտում, որովհետև. ա) Ռուսիան հերթական անգամ խոր սովետիզմի, ինչպես նաև ժանդարմի դիրքերից հանդես եկավ և ցուցանեց, որ բացարձակ չի փոխվել և, ինչպես միշտ, խաղում է «մարտ առանց կանոնների» հավերժ բանաձևումով, մահակին ապավինած: բ) Ռուսիան, չճանաչված Ցխինվալը «խաղաղեցնելուց» հետո, կիլոմետրերով «ներխուժեց» Վրաստանի` ճանաչված պետության սահմաններից ներս ու ռմբակոծեց այն: Եվ որ ամենակարևորն է. գ) այս պահին և այսպիսի Ռուսաստանի վրա «հույս» դնելն ուղղակի քաղաքական նոնսենս է, ոչ միայն այն պատճառով, որ վերջինս ամեն ինչ արեց, որ Հայաստանը ևս ներքաշվի խաղի մեջ (Գյումրիի ռազմաբազայի «ինքնաթիռային» պատմությունը և այդպես էլ ոտքի կանգնելու «անպատրաստ» Ջավախքը «վկա»): Եվ, վերջապես, դ) միակ բանը, որ Ռուսաստանին այսօր պետք է Հայաստանից, ներքին կայունությունն է:
Որն էլ վերջինիս «մատուցվեց» Պեկինից` Սերժ Սարգսյանի հավատարմության հայտարարությամբ, ինչը, ըստ ամենայնի, շատ էր հարկավոր գրեթե Ցխինվալի չափ տուժած նախագահ Մեդվեդևին: Չմոռանանք՝ Պուտինի ռեյթինգը 70 տոկոս է, թե ուր հասավ այդ ռեյթինգն այս օրերին, հարցում անել պետք չէ, որովհետև Պուտինն այս պատերազմից շահեց ավելի, քան կարող էր երազել` բոլոր առումներով: Եվ նրա առջև աշակերտի կարգավիճակով նստած երիտասարդ, մեր ընդդիմադիրներին հույս ու հավատ ներշնչող Դմիտրի Մեդվեդևը, որին փորձում էր օգնել ողջ միջազգային հանրությունը` «տալկովի պարեն» դառնալու համար, կանգնեց հին դիլեմայի, մի բան էլ ավելիի առաջ, այն է` նախագահ է աշխատում ոչ թե Պուտինի, այլ` ռուսական «սիլավիկների» մոտ:
Դառնանք Սերժ Սարգսյանի հավատարմության երդումին: Սա այն դեպքն է, երբ ասում են` ծովն ընկածն անձրևից չի վախենա: Նախ, Սերժ Սարգսյանը գտնվում էր բավականին հետաքրքիր «դիրքում». նա Պեկինում էր (կարո՞ղ է Սերժ Սարգսյանի ամպլուան էլ է փոխվել. առաջ, երբ նա բացակայում էր Հայաստանից, բացառապես Հայաստանում էին «մեծ» իրադարձություններ տեղի ունենում. եսի՞մ), ինչն էլ վերջինիս հնարավորություն տվեց բլիցքրիգի ժամանակ զբաղվել «առտնին» գործերով և իր «հայտնությունը» կազմակերպել հարկավոր ժամին, հարկավոր «տեղում»:
Իսկ Պեկինում նա կարող էր հնարավոր շահեկան հանդիպումներ ունենալ, անկախությունից ի վեր առաջին անգամ մի քանի օլիմպիական մեդալ բերել Հայաստան (92-ի օլիմպիադային մենք մասնակցում էինք, այսպես ասած, ԱՊՀ-ի թիմով): Շարունակության մեջ էլ Սերժ Սարգսյանը կարող էր նստել Ալիևի հետ նույն «լոժայում», դիտել հայ մարզիկի ելույթը, որը հունահռոմեական ըմբշամարտի «գծով» պայքարում էր ադրբեջանցու հետ, որ նաև` պարտվեց: Եվ, ըստ «Day. az»-ի, Սերժ Սարգսյանը մոտեցել և աջ ձեռքով շնորհավորել է Ալիևին այդ հաղթանակի համար` դրսևորելով «ահավոր քաղաքակիրթ» մենթալիտետ: Իսկ ձախ ձեռքով. չէ, ոնց որ նորից շփոթեցինք, դարձյալ աջ ձեռքով մեսիջ է հղել պարոն Մեդվեդևին` վրաց-օս- ռուսական դեպքերի առիթով, մոռանալով, որ քաղաքակրթության, նաև դիվանագիտության նորմերը պահանջում են, որ նման մեսիջ պետք էր հղել նաև Վրաստան` Սաակաշվիլուն (եթե անգամ ճիշտ են լուրերը, որ Հարավային Կովկասում ամերիկյան «կուրատոր» Սաակաշվիլին իսկապես մթության քողի տակ առժամանակ առաջ եկել է Հայաստան և հանդիպել Քոչարյանի հետ` բառիս բուն իմաստով մթության մեջ):
Ի՞նչ աներ Պեկինից արդեն վերադարձած Սերժ Սարգսյանը, որ «նամակ չգրեր» ռուսաց թագավորին: Ի դեպ, Սերժ Սարգսյանը նախատեսվածից շուտ է վերադարձել Հայաստան. չորեքշաբթի երեկոյան ժամը վեցին նախագահական (Քոչարյանից գնված) ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում` ուրբաթ օրվա փոխարեն, բերելով իր հետ հայաստանյայց պաշտոնյաներին։ Ի դեպ, մեկնածների թվում է եղել «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, իսկ «նախօրոք հայտարարված» Սամվել Կարապետյանը (ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը) չի մեկնել Սերժ Սարգսյանի հետ Պեկին` կարծես թե կնոջ վիրահատության պատճառով, իսկ լավատեղյակները պնդում են, որ` չէ. բոլոր դեպքերում «մի բան կա Սերժ Սարգսյանի և Կարապետյանների միջև»: Ինչևէ:
Այո, Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է նամակ գրեր թագավորին, այլև խորապես պարտավոր էր «դա» անել. աշնանը ԱՊՀ-ում նախագահող Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 21-ին ընթանալու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ` 21 երկրների մասնակցությամբ:
Այո, ճիշտ եք. սա է պատճառը, որ ռուսաստանյան մամուլը «գրում» էր, որ հենց սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ասել է` դրանով փորձում էր հասկացնել հայաստանյան համապատասխան «չհասկացողներին», որոնք «յոթմղոնանոց քայլերով» գնում են դեպ ՆԱՏՕ-ի գիրկը, թե ինչքա՜ն իրենց դուր չի գալիս այդ սիրավեպը Արևմուտքի հետ: Եվ դա դեռ մինչև բլիցքրիգը: Հասկանալի է` Ռուսաստանը չի ներում ու չի ների Սերժ Սարգսյանի այդ կարգի «թափթփվածությունը»` արտաքին քաղաքական, մանավանդ` ֆորպոստային հարցերում:
ՈՒստի վերջինս պարտավոր էր կատարել մասնակի «սրբագրում»` պարիտետային մեսիջ չհղելով դեպ ՆԱՏՕ շտապող Վրաստանին: Իսկ թե մայր Ռուսիային որքանով սա կբավարարի, «ցույց կտա ժամանակը»:
Փորձագետները կարծում են, որ բոլոր դեպքերում Ռուսաստանը կշարունակի «աշխատել» Սերժ Սարգսյանի հետ՝ միևնույն ժամանակ վերջինիս գլխին պահելով ընդդիմության մահակը:
Անցանք առաջ։ Բոլոր դեպքերում Վրաստանի համար նույնպես ինչ-որ բան մեզանում գտնվել էր: Ընդհանուր առմամբ բլիցքրիգի այս ողջ ընթացքում իշխանական բուրգում գեոպոլիտիկ դերակատարությունը հստակ բաշխված էր: Նախ` հանգստացուցիչ հայտարարությամբ հանդես եկավ փոխարտգործնախարար Ղարիբջանյանը, թե` Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից... Թե չէ կարելի էր կարծել, որ աշնանից ԱՊՀ-ում նախագահող Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, միանա Հայաստան ժամանած զորավարժիկներին, հետները գնա-անդամակցի ՆԱՏՕ-ին: Պարզապես Ռուսիային հավատարմություն ցուցանելու, «բարինին» սիրաշահելու հերթական առիթը պետք չէր ձեռից բաց թողնել: Չթողեցին:
Վրաստանի մասով հայաստանյան պատասխանատուն նույնքան արևմտամետ վարչապետն էր, որն «օգլասիլ ռեչ». Հայաստանն իր տարածքը, որպես հումանիտար միջանցք, տրամադրում է Վրաստանին:
Կարծում ենք` նույնքան հումանիտար վարչապետի այս «ռեչը» հավուր պատշաճի կգնահատի առայժմ «երրորդ ճակատի» չվերածված, դեպ Հայաստան եկող մեր կենսական «դուռ» Վրաստանը, որը նախորդ օրը հյուրընկալել էր հինգ երկրների նախագահներին, իսկ այսօր-վաղը կհյուրընկալի Հայաստանին «չշնորհավորած» պետդեպի լեդիին, որոնք գալիս են իրենց զորակցությունը հայտնելու Վրաստանին:
Բա չգան, ի՞նչ անեն, էնքան հեռո՜ւ են ապրում. հո հարևան չե՞ն, որ հումանիտար միջանցք բացեն ու ասեն` տեսեք ինչ մեծ գործ արինք վրացիքի համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. -Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ։
Սերժ Սարգսյանը բավականին ծավալուն ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն։

Դիտվել է՝ 5741

Մեկնաբանություններ