ԱՆԴՐԱԴԱՐՁ
ԱՐՑԱԽՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԸ ԿՐԿՆԱԾ ՄԶԿԻԹ (1910-ԱԿԱՆ ԹԹ.) ՂԱՐԱԴԱՂԼԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Նախ ներկայացնենք գյուղի պատմությունը։ 19-րդ դարի վերջին հայտնի հեղափոխական Բոգդան Կնունյանցի հայրն ընտանիքով տեղափոխվում է Շուշի, իսկ Ննգի գյուղի տարածքում գտնվող իր կալվածքի համար վարձում է երեք թուրք պահակի, ընտանիքներով տեղավորում կալվածքի ներքին ծայրի բլրին։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Կնունյանցների կալվածքը, բլրի ստորոտով հանդերձ, դառնում է Ննգիի կոլտնտեսության սեփականությունը։ 1949-1951 թվականներին, Ստեփանակերտում ուսանելու տարիներին, բազմիցս ականատես ենք եղել թթենիների այգիներում ննգեցիների բերքահավաքին։ Բլրի հարավային ստորոտից սկսվում էին Հաղորտի գյուղի թթենիների այգիները, արևելյան լանջից` Կաղարծի գյուղի վարելահողերը, իսկ արևմտյան կողմում մի քանի թուրք ընտանիքների կացարաններն էին։
1950-ականներին, կոլտնտեսությունների խոշորացման առիթով, այդ մի քանի ընտանիքն ընդգրկեցին Կաղարծու կոլտնտեսության մեջ և հետևողականորեն Ղարադաղլուն լցրին թուրքերով։ 70-ականներին այն ուներ արդեն միջնակարգ դպրոց։
Սամվել Կարապետյանի հեղինակած պատկերագրքում իրար հետ կապ չունեցող երկու կառույցի նկարներ վայրէջք են կատարել Ղարադաղլու գյուղում` եռաշերտ նենգափոխումներով և դարձել թուրքական մզկիթ։ Նախ համարվում է, որ այն կառուցված է եղել 1910-ական թվերին, երբ այնտեղ ընդամենը երեք ընտանիք էր ապրում. եկեղեցին դառնում է բնակելի տան հորինվածք, ապա նաև նման հորինվածքով մզկիթ։
Այս նենգափոխումների լաբիրինթոսում առաջին հայացքից աննկատելի փաստերը հուշում են, որ պատկերագրքի նախնական նախագիծը Բաքվից է հասել Երևան։ Այլապես ինչո՞ւ են նենգափոխումներ կատարվում այն տեղերում, որ թուրքացվել են միայն խորհրդային տարիներին։ 1910-ականներին Ղարդալուն ուներ պահակների երեք տուն միայն, Աբդալում թուրքերը ոտք դրին միայն 1918-20 թթ., Խաչենն էլ կուլ տալ չկարողանալով` նրա պոչից կպցրին Դորբադլի թուրքերեն բառը։ Եվ 1926 թ., 1933 թ. Ադրբեջանի տեղանունները ներկայացնող գրքերում Դորբադլի տեղանվան հիշատակություն չկա, նման տեղանունն արձանագրվել է միայն 60-ական թվականների վերջին։
Այս նենգափոխումները, ըստ իս, ծառայում են մի նպատակի` հիմնավորել, բովանդակավորել, միջազգային շրջանառության մեջ դնել «Արցախի մահմեդական հուշարձաններ» հասկացությունը` որպես քաղաքական ծրագիր։ Ինչ վերաբերում է վերնագրում տեղ գտած «հայ ճարտարապետության» բառերին, դրանք այնպես են անհետացնելու, որ «հնագիտական պեղումներով» անգամ չեն հայտնաբերվի։ Նախադեպն արդեն ունենք իր ահավոր հետևանքներով, երբ հայ պատմաբանները Ստալինի պատվերով մեր Աղվանից աշխարհի պատմությունը նվիրեցին ազեր դարձած թուրքերին։ Այն սկսվեց առաջին հայացքից անմեղ ու անվնաս մի նախադասությունից. «Դժբախտաբար մինչև հիմա գիտաքննական հրատարակության չի արժանացել ժամանակակից Խորհրդային Ադրբեջանի տարածքի հայալեզու պատմաբան Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը»։ Ձևակերպումը լիուլի բավարարում էր ժողովուրդների հորը, մանավանդ որ ինքն արդեն ազերթուրք էր դարձրել պարսկական պոեզիայի դասական Նիզամուն։ Շուտով մի Յամպոլսկի Կաղանկատվացուն «դարձնում» է ազգությամբ աղվան, որն իր պատմությունը գրել է գարգարերեն, հայ հոգևորականներն այն թարգմանել են հայերեն, խարդախորեն կատարել կրճատումներ ու ավելացումներ, իսկ բնագիրն էլ ոչնչացրել են։ Ներկա պատկերագրքույկում «հայոց ճարտարապետության» բառերին սպասում է նույն անհետացումը։
Մնում է, որ մեր ուշիմ ընթերցողն այս կետից սկսած հետևի, թե ազերթուրքերն ինչպես սեփականացրին Հայոց Արևելքի պատմությունը, պետական ու մտավոր գործիչներին, մեր հազարամյակների մշակույթը, ընդհուպ տեր դարձան իրենց «Արևմտյան Ադրբեջանին» ու նրա երկրորդ պետական լեզու դարձրին ադրբեջաներենը։ Այդ գործընթացում նրանց կոկորդին դեմ առնողը մեր քարե կոթողներն էին, որ ինչքան փորձեցին դարձնել աղվանական, չստացվեց, ինչքան ոչնչացնում էին` «չէր սպառվում», մնում էր, որ այն «յուղել» տային, որպեսզի կուլ գնա։ Իսկ «յուղողները» դարձյալ մերոնք եղան։ Եվ ահա` «Արցախի մահմեդական հուշարձանները»։
«ԹԱՅԴԱՇ ԱԽՊԵՐՆԵՐԸ»
Ախր մենք լավ գիտենք մեր անփոխարինելի «յոլդաշ» հարևաններին. նրանք կես ճանապարհին կանգնողներից, Արցախը թուրքացնելով բավարարողներից չեն, մանավանդ որ արդեն հայտնաբերել ու տեր են դարձել նաև իրենց «Արևմտյան Ադրբեջանին», ուր պետք է նախաստեղծ Արտաշատի ու Արարատի փոխարեն նորից վերակենդանացնեն իրենց Ղամառլուն ու Դավալուն... Այստեղ արդեն նրանց օգնության են հասնում երկրատարածքով ոչ պակաս շահախնդիր արևմտյան «թայդաշ ախպերները», որոնք իրենց «ծակ գիտնականությամբ» ամեն ինչ շրջում են գլխիվայր։ Ինչպե՞ս կարող է ժամանակակից Euro շահախնդրությամբ առաջնորդվող Արևմուտքը հանդուրժել, որ դեռևս 19-րդ դարում ոմն ավստրիացի գիտնական Ստրժիգովսկի հիմնավորել է, թե գոթական ճարտարապետության ակունքները Հայաստանում են` մատնացույց անելով գոթական ճարտարապետությունից մի քանի դար առաջ կառուցված Անիի մայր տաճարը։ Եվ ահա Նորավանքի եկեղեցու պատից կախում են ցուցատախտակ և «ապացուցում», որ կառույցի այդ ձևը խաչակրաց արշավանքների հետևանքով է մուտք գործել Հայաստան։ Հետո՞ ինչ, որ պատմությունը խաչակիրների ավանդական ավերումներից ու կողոպուտներից բացի, ուրիշ նորություն չի արձանագրել Արևելքում, մանավանդ քաղաքակրթական առումով (հիշենք, թե ինչ բարբարոսություն կատարեցին Պոլսում)։
Հավատարիմ մեր երկրատարածքի նկատմամբ որդեգրած 300-ամյա քաղաքականությանը` Արևմուտքը, իր շահերից ելնելով, գրգռում է թուրքական վայրենի բնազդները` չխուսափելով անգամ աներևակայելի նենգափոխումներից։ Պատահակա՞ն է, որ շաբաթը մեկ գալիս հոտոտում են մեր ազատագրած տարածքները և ոչ մի անգամ ոտք չեն դնում մեզնից բռնազավթված հողեր։ Եվ ահա, Սանահինի եկեղեցու պատից կախում են ցուցանակ` Սայաթ-Նովային «դարձնելով» դիվանագետ, որն աշխատում էր «համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորությունների` Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև»։ Ավելին։ Յոթհազարամյա հեռավորությունից մեզ հասած աստղադիտական կառույցի ճակատին դաջում են «Ղոշունդաշ» թուրքերեն անունը` իրենց կամակատար թուրքին «դարձնում» երկրատարածքի առաջին և անփոխարինելի տերը։ Այստեղ էլ իրենց նենգափոխումների համար խորամանկորեն միջոց են դարձնում բառերի մանիպուլյացիան` ոտնահարելով առողջ բանականության նորմերը։ Որ այդ կառույցի նախաստեղծ անունը չի պահպանվել, արձանագրել են բոլոր հետազոտողները։ Որ այդ կառույցի բուն գործառույթի վերացումից հազարամյակներ անց այդ տարածքը հայը կարող է անվանել Ցից քարեր, թուրքը` Ղոշուն դաշ, ինքնին բացատրելի է։ Բայց տրամաբանականը տեղանքի Քարահունջ անվանումն է` հարևան գյուղի անունով։ Կառույցի հեղինակները քարերի մեջ անցքեր են բացել, որտեղից դիտարկել են աստղային երկնքի անցուդարձերը։ Հազարամյակներ հետո այդ տեղանքին առնչվող մարդիկ նկատել են, որ դիմահար ուժեղ քամիների ժամանակ քարերի այդ անցքերից սուլոցի ձայն է լսվում, և տեղանքն անվանել են Քարահունչ։ Ժամանակի ընթացքում բառավերջի չ-ն հնչյունափոխվել է ջ-ի և դարձել Քարահունջ։ Բայց ցուցանակը կախողների համար հարցի գիտական և ոչ գիտական, բանական և ոչ բանական լինելը նշանակություն չունի։ Խնդիրը քաղաքական նպատակն է։ Թուրքն այն Ղոշուն դա՞շ է անվանել, ուրեմն դա թուրքի սեփականությունն է։
Իսկ եթե այս խայտառակ հաղթարշավի դեմ առանձին մարդիկ փորձում են իրենց մտահոգությունները բարձրաձայնել, ընկնում են սեփական ամենազորությամբ հղփացած, «մեր դեմ խաղ չկա» վանոյական նշանաբանով առաջնորդվողների ջարդի տակ։ Դուք արդեն տեղյակ եք, թե ինչպես ջարդեցին «կեղծավոր ավազակ», «գող ու խաբեբա», «խեղկատակ ու քրջոտ» Շահեն Մկրտչյանին, որը համարձակվեց նրանց «էշին չոշ ասել»։
2010-ի սեպտեմբերին հաղորդում եղավ ԼՂՀ տուրիզմի վարչության որդեգրած թրքահաճո քաղաքականության մասին։ Ահավոր ու աներևակայելի են փաստերը։ «Շուշիի թուրքական հուշարձանների վրա ծախսվել է մոտ 17 մլն դրամ, ներառյալ մահմեդական հոգևոր առաջնորդի (մոլլայի) տան վերանորոգման ու օգտագործման նախագիծը։ Աղդամում ծախսվել է 1,5 միլիոնից ավելի դրամ, իսկ Շահբուլաղում, առանց Տիգրանակերտի պեղումների, 170 մլն դրամից ավելի»։ Եվ նման քաղաքականություն են իրականացնում կրակի մեջ գտնվող Արցախում, որտեղից ևս, ինչպես Հայաստանում, մի կտոր հացի համար արտագաղթողների խոսքը չի դադարում, գյուղերը զրկվում են բնակիչներից, դպրոցները` աշակերտներից։ Այս պայմաններում պատկան մարմինների հոգսն է դառնում ծանրագույն միջոցներով թուրքական հուշարձանների վերանորոգումը, որպես երախտագիտության տուրք ազերթուրքերին` մեր մշակույթը ոչնչացնելու համար, մանավանդ` Ջուղայի խաչքարերը։ Մինչդեռ այդ ավելի քան 300 մլն դրամով կարելի էր մեկ-երկու գյուղ ապահովել արտադրության միջոցներով` թեկուզև պարտքի տեսքով, հետագայում վերադարձնելու պայմանով, որպեսզի գործազուրկ մարդիկ աշխատելու, բարիք արարելու հնարավորություն ունենային։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ
Բայց օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր, պատկան մարմիններին էլ ոչ թե հրապարակված փաստերն են անհանգստացնում, այլ, դարձյալ մամուլի հաղորդումների համաձայն, աշխատում են պարզել, թե ով է թաքնված հրատարակման հեղինակ Շադունց անվան թիկունքում։ Բայց չէ՞ որ պաշտոնական պարտականությունը և սովորական բարոյականությունը պահանջում են, առաջին հերթին, պարզել հրապարակված փաստերի ինչ և ինչպիսին լինելը, որից հետո որոնել հնարավոր զրպարտչին։ Չէ՞ որ մեր օրերում մարդը ֆիզիկական հաշվեհարդարից խուսափելու մտահոգությամբ միայն կարող է թաքնվել կեղծ անվան թիկունքում։
Շադունց կեղծանունը կրողը, սակայն, չկարողացավ խույս տալ բարոյա-գաղափարաքաղաքական ջարդից։ Եվ ահա, ասպարեզ է իջնում Սամվել Կարապետյանը, ով «ստիպված է, բան ու գործը թողած, պատասխանել ինչ-որ զրպարտչի` Լեոնիդ Շադունց անվամբ», որը հրապարակել է «բարոյականության հետ բնավ կապ չունեցող մի նամակ-բամբասանք», որտեղ ընդհանուր վայրահաչության հետ համարձակություն է ունեցել պնդելու, թե Արցախի մահմեդական հուշարձանների ուսումնասիրությունը միանգամայն ավելորդ է։ Եվ այս շանթերն արձակում է մեկը, որն արդեն Արցախի հայկական հուշարձանները դարձրել էր մահմեդական ու նվիրել թուրքերին։ Ինչ մնում է Շադունցին, ապա, կարապետյանական տրամաբանությամբ, նա, փոխանակ մահմեդական հուշարձանները պաշտամունքի առարկա դարձնելու, «սրիկայաբար» նրանց վրա ծախսված հարյուրավոր միլիոններն է ջրի երես հանել, մանավանդ` մոլլայի բնակարանի վերակառուցման պարագայում։
Ջարդի հերթական թիրախ է դառնում Մարի Բարսեղյան-Խանջյանը, ով համարձակվել է հանդես գալ յոթհազարամյա հեռավորությունից մեզ հասած աստղադիտական հուշարձանը թրքացնողների դեմ։ Մեր գոհունակությունը հայտնելով հարգարժան Խանջյանի բարեխիղճ ու փաստարկված հիմնավորումների առնչությամբ, միաժամանակ ընդգծում ենք, որ առանձին ու մասնավոր անհատների ջանքերով խորշակի պես տարածվող այս չարիքի դեմն առնել հնարավոր չէ։ Հարկավոր է հարցը հասցնել պետական-պաշտոնական, իրավական-քաղաքական դաշտ, որովհետև այդ ամենը մեր ազգային ու պետական անվտանգությանն է հարվածում։
Մենք արդեն մատնանշել ենք, թե ինչպես են հայրենիքի արևելյան հատվածն ու նրա պատմությունը նվիրել ազեր դարձած թուրքերին։ Բայց եթե 30-ական թվականներին ազգադավության մղումը սոցիալիզմի կարգախոսներով առաջնորդվող պրոլետարական ինտերնացիոնալիզմի համաճարակն էր` հայտնի դառնալու, նվիրված երևալու ողորմելի փառատենչությամբ, այսօր արդեն գլխավոր դերակատարն «անհայտ» տեղերից թափվող խոնավացրած գարին է։ Այո՛, այո՛, խոնավացրած, որ հեշտ կլլեն։ Ահա թե ինչու պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում ամենից առաջ երկու հարցի վրա։
1. Մեր ժողովրդին ամեն ինչից զրկելուց հետո զրկեցին նաև մի երկու մեխով պատին ցուցանակ կպցնելու իրավունքից։ Դրա արդյունքում իրավունքը վաճառողի կամ վաճառողների ախոռներում ինչքա՜ն գարի են թափել անհայտ օտարները։ Կամ Թուրքիայի զբոսաշրջային գործակալությանը ՀՀ-ում տեղ տալու համար ինչքան գարի են վաստակել։
2. Լուսանկարչական ապարատի զորությամբ բաց տարածություն տեղափոխված եկեղեցու կամ չեղյալ մզկիթի ու բաղնիքի լուսանկարներ ցուցադրելով` դերակատար մարմիններն ու նրանց «մասնագետներն» ինչքա՞ն գարի են վաստակել։ Այս հարցերը Արիադնայի այն թելն են, որ մեր պատկան մարմիններին, ցանկության դեպքում, կարող են իրազեկել մերօրյա «լաբիրինթոսի» բոլոր գաղտնիքներին։
Իսկ եթե մեր Ազգային անվտանգության կոմիտեի, մեր իրավական ու դատական մարմինների դերակատարները ևս ճկռած չեն «վերևներից» թափվող գարու ծանրության տակ, պարտավոր են ամենայն հետևողականությամբ միջոցներ ձեռնարկել այս չարիքի դեմ։ Հրապարակային դատ ենք պահանջում մեր ազգային մշակույթը, մեր ազգային անվտանգությունը վաճառողների դեմ, և այդ դուք պետք է իրականացնեք, պարոն ղեկավարներ։ Նույնիսկ մեռելների թոշակը խժռողներն են բնավորվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։
Մեկ օրվա ընթացքում ռումբի կեղծ ահազանգի հեղինակին հայտնաբերող մեր «պատկանները» հեշտությամբ կարող են հայոց ազգային ու պետական անվտանգությունը խարխլողների հախից գալ, եթե ցանկություն ու կամք դրսևորեն։
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ