Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 19-ին մամուլում ծանուցում է տպագրել սույն թվականի դեկտեմբերի 3-ին կայանալիք աճուրդի մասին: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդի կդրվի ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Աճուրդի մասին այս հայտարարությունը տարօրինակ չէր լինի, եթե հարցը նախապատմություն չունենար: Մոտ երկու տարի առաջ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի թիվ 147-Ա հրամանով, անվավեր է ճանաչվել հանքը շահագործելու մասին «Սիփան-1» ՍՊԸ-ի լիցենզիան՝ զրկելով ընկերությանը նշված հանքը շահագործելու իրավունքից: Այս առիթով ընկերությունն արդեն տևական ժամանակ փորձում է նախարարության և նախարարի հետ իր հարաբերությունները պարզել դատական ատյաններում: Դեռ հինգ ամիս առաջ նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն աճուրդի կհանվի, որ արդեն հետաքրքրվողներ կան, և որ առաջիկա 1-1,5 ամսում ամեն ինչ կորոշվի: Պարզվում է, նախարարը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ 2009 թվականի հունիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյանի նախագահությամբ, բավարարել էր «Սիփան-1» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Թունյանի միջնորդությունը՝ արգելելով «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման իրավունքն այլ անձի տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որևէ գործողություն կատարելը, ինչպես նաև այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության, հանքավայրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելը»: Իբրև հիմնավորում դատարանը նշել է, որ ընթացող դատական գործով հայցվորը, փաստորեն, փորձում է վերականգնել իր իրավունքները, որոնք ոտնահարվել են Արմեն Մովսիսյանի թիվ 147-Ա հրամանով, որ այդ ընթացքում այլ գործողությունների ձեռնարկումը կարող է անհնար դարձնել դատական ակտի կատարումը: Հատկանշական է, որ հանքի աճուրդի մասին Արմեն Մովսիսյանի հայտարարությունից հետո, արդեն 2010-ի հոկտեմբերի 14-ին, նույն վարչական դատարանը, դատավոր Կ. Բաղդասարյանի որոշմամբ, հայցվորի ներկայացուցչի ներկայացրած նույն հիմքով միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե «հայցվորը չի հիմնավորել, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»: Թե ինչո՞ւ էին մեկ տարի առաջ նույն հարցի վերաբերյալ հայցվորի ներկայացրած նույն հիմքերը բավարարում ՀՀ վարչական դատարանին, իսկ հիմա՝ ոչ, թողնում ենք ընթերցողի դատին:
Դեռ տասն օր կա մինչև դեկտեմբերի 3-ը, և պատկան կառույցները ժամանակ ունեն կանխելու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի «խաչակրաց արշավանքն» ընդդեմ գործարարի:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ