Դեռևս 2002-ին կառավարությունը գյուղական վայրերում բնակելի տներ կառուցելու համար նախագծերի կատալոգ էր պատվիրել, որը, սակայն, լայն կիրառություն չստացավ: Պարզվեց` նախագծերն արված են միջինից բարձր հնարավորություն ունեցող մարդկանց համար: Մի քանի ամիս առաջ քաղաքաշինության նախարարությունը նման նախագծերի կատալոգ հրատարակելու նոր մրցույթ հայտարարեց: Եվ ահա, բազմակի օգտագործման անհատական բնակելի տների և օժանդակ շինությունների համար նախատեսված նախագծերի կատալոգը 2000 օրինակով արդեն հանրապետության բոլոր գյուղապետարաններում է, գյուղացիներից շատերն անգամ շինարարություն են սկսել: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, Հայաստանի գլխավոր ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, որ նման մոտեցումն առաջին հերթին սոցիալական խնդիր է լուծում: Եթե բնակիչները պետք է որոշակի գումար (ընդհանրացված հաշվարկներով` 400 հազար դրամից մինչև 1 մլն) վճարեին նման նախագիծ պատվիրելու համար, այս տարբերակով պարզապես տնտեսում են: Տնտեսվում են նաև հսկայական ժամանակ ու նյարդեր, որովհետև նախագծերն արդեն անցել են տարբեր փորձաքննություններ, և շինարարության թույլտվություններն առկա են: Վայոց ձորի Արտաբույնք համայնքում ընդամենը 1170 մարդ է ապրում` բնիկ խոյեցիներ, ովքեր խորհրդային տարիներին աշխատում էին այստեղ գործող կոնդենսատորների գործարանի մասնաճյուղում, իսկ ներկայումս հիմնականում անասնապահներ են, թե տարին հաջող լինի` նաև այգեգործներ։ Պատմական Ցաղաց քարի, 40 աղբյուրների և Սմբատաբերդի գոգում ծվարած երբեմնի Էրդափին կոչվող գյուղը մեզ համար գուցե այդպես էլ անհայտ մնար, եթե չպարզեինք, որ այս գյուղում կարճ ժամանակամիջոցում 3 ընտանիք այդ նախագծերով տուն է կառուցում: Համայնքի ղեկավար ՍԱՄՎԵԼ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ նշում է, որ, ի տարբերություն նախորդ կատալոգի, երբ գյուղացիներից գումար ու ժամանակ էր պահանջվում մինչև նախագիծ ձեռք բերելը, սա բավականին մատչելի է: Վարպետ Սերգեյը, օրինակ, դեռ 1992-ին սեփականացրած հողում նոր է տան հիմքը գցել: Այն տարիներին չհաջողվեց, չնայած ձեռքին ուներ նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Հիմա է կառուցում` սեփական ձեռքերով: Նման նախագծերի հեշտացված կարգով ձեռք բերելը, նրա կարծիքով, մեծ օգնություն է ժողովրդին, մյուս կողմից էլ` հասկանում է, որ մինչև տունն ապրելու համար պիտանի դարձնելը դեռ երկար է չարչարվելու: Չի շտապում ամբողջական հաշվարկ անել, թե արդյունքում որքան գումար կծախսի տան վրա, սակայն նրա փոխարեն գյուղում հաշվարկել են, որ 8 մլն դրամը լրիվ բավարար է: Հաշվի են առել, որ շինարարը տնից է, դրա վրա գումար չեն ծախսի:Երբ գյուղապետ Սեդրակյանն ասաց, որ նոր, անվճար նախագծեր են ստացել նախարարությունից, վարպետ Սերգեյը շտապեց գյուղապետարան` տեսնելու` դրանց մեջ կա՞ իր պատկերացրած և մտքում գծագրած տունը որդու համար: Այն փաստը, որ նախագծերը և շինթույլտվությունը հնարավոր է ստանալ տեղում` առանց մարզկենտրոն հասնելու և գումար ծախսելու, ոգևորել էր ոչ միայն վարպետի ընտանիքին: Որդու ընկեր Արտյոմն է տուն կառուցում, նրա տան վրա էլ է զուգահեռ աշխատել:Գյուղապետը լավատես է, կարծում է` Արտյոմի և Սերգեյի փորձը կարող է ոգևորել համագյուղացիներին, և հաջորդ տարի տուն կառուցել ցանկացողների թիվը կեռապատկվի: Պետությունն այս ծրագրով, փաստորեն, նպատակ ունի մարդկանց կառուցելու հնարավորություն տալ` առանց բյուրոկրատական ավելորդ քաշքշուկների: Այս քաղաքականությունը բխում է նաև կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունից: Նախագծերի կատալոգի տիրաժային հրատարակման համար գործադիրը բոլորովին վերջերս գումար առանձնացրեց, համայնքներ ուղարկված տպված տարբերակներից բացի, դրանք էլեկտրոնային տարբերակով տեղադրվել են քաղաքաշինության նախարարության կայքում, որտեղից էլ հենց կարելի է վերցնել, տպել և տեղում` գյուղապետարանում, ձևակերպել շինթույլտվությունն ու կառուցել: Նարեկ Սարգսյանը նման զարգացումները խիստ կարևորում է նաև ճարտարապետական տեսանկյունից, քանի որ այդ շենքերն ունեն այն գեղագիտական տեսքը, որակի նկատմամբ այն պահանջները, որոնց կարիքը զգում են մեր գյուղական բնակավայրերը: Այսինքն, եթե նախագծերը լայն կիրառություն ստանան, Հայաստանում ևս կձևավորվեն ճարտարապետական մեկ սցենարով զարգացող գյուղեր կամ թաղամասեր, ինչպես Եվրոպայում: Մի քանի ամիս առաջ նախագծերը շրջանառության մեջ դնելով` նախարարությունում այս տարի մտադիր են դեռ հստակեցնել, թե ընդհանուր առմամբ ինչպիսին է տուն կառուցելու պահանջարկը: Հայաստանի գլխավոր ճարտարապետն ավելացնում է, որ ամեն ինչ պետք է անել, որ բնակիչները տեղյակ լինեն, որ կան այդպիսի նախագծեր, ու գործընթացը հեշտացված է. սա կարող է խթանել նրանց կառուցելու ցանկությունը:Նախագծերի վրա աշխատել են մեկ տասնյակից ավելի թե՛ փորձառու, թե՛ երիտասարդ ճարտարապետներ: Կատալոգի գեղարվեստական ղեկավար ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ կարծում է, որ այդպիսով աշխատանքի հետաքրքիր սինթեզ է ստացվել. Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ միասին են ստեղծել նախագծերը: Ըստ ճարտարապետ Բարսեղյանի` դրանք մեկ գերխնդիր են լուծում` նպատակային օգտագործել գյուղը կառուցապատողի միջոցները: Նարեկ Սարգսյանը նշում է, որ նախագծերն այնքան ունիվերսալ են, որ կարող են կիրառվել նաև քաղաքային բնակավայրերում: Այստեղ, սակայն, պետք է անցնի այլ գործընթաց, ճարտարապետական առաջադրանքին եթե համապատասխան եղավ, ապա քաղաքաբնակ կառուցապատողը ևս կարող է ինտերնետային կայքից վերցնել աշխատանքային նախագծերը: Հայաստանի գյուղերը տարիներ, անգամ դարեր շարունակ անկանոն ու պատեհորեն են կառուցվել, գյուղացիները սովորաբար տները հիմնել են հարմար տեղանքում` առանց հատուկ գծագրերի ու նախահաշիվների: Մի տեղ կիսաքանդ ցանկապատի հետևում կքած փոքր տնակն է, կողքին պարսպապատ «դղյակը». խճանկարը շատ խայտաբղետ է: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները տիպային բնակելի տների կառուցմամբ ուզում են արգելակել նման «մշակույթի» հետագա տարածումը:Հանրապետության գլխավոր ճարտարապետը նշում է, որ գյուղական բնակավայրերի կառուցապատման մեխանիզմները դեռ կկատարելագործվեն, գործընթացներն էլ ավելի կհեշտացվեն: Նա լիահույս է, որ այս ամենը դրականորեն է ազդելու ընդհանրապես գյուղի մթնոլորտի վրա: Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ