38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օգոստոսի հետ

Օգոստոսի հետ
07.08.2024 | 16:58

Տապ է, արեւից թաքչում եմ, սակայն

չես խուսանավի նրա հայացքից,

ինձ հետեւում է սուրհանդակի պես,

որ լուրեր ունի բախտից ու Աստծուց -

անբառ-անծպտուն ակնարկում է նա

անկռահելի անցքերի մասին.–

իբր անցյալը թեւեր առել ու

բնավորվել է մոտիկ գալիքում,

իբր անէած աշխարհն է զարթնել

մահաթմբիրից ելած մոգի պես,

թե մեղք ու աղետ ետեւում մնաց,

կարմիր դաշտերում ճերմակն է ծաղկել,

թե դժբախտության լաստը սուզվել է

թյուրիմացության տղմուտ լճերում…

Օգոստոս, մեկտեղ ճամփա ենք հատել,

ցամաք հաց կիսել, վիշտ ու տառապանք,

բազմապատկել ենք միմյանց սեր ու խինդ

եւ իրար գգվել խոհերով տաքուկ,

բայց հիմա ուրիշ հողմեր են մրրկում,

այլ սուլոցներ են ծակում ունկ ու սիրտ,

ինձ մի պարուրիր հույլ երազներով,

իմ առաջ բացիր քարտեզը ոգուդ -

թե ինչպես անցնել այս ականապատ

բավիղներով ու կույր ամայությամբ,

ինչպես անհոգի ամբոխի դիմաց

հոգուդ լույսերը պահել սիրացայտ,

եւ հասնել Այգին՝ թեկուզ անկանաչ,

թեկուզ անպտուղ, սեւ ու հրկիզված,

ուր դրախտի հին այգեպանները

կենաց թթենու դասն էին սերտում…

Օգոստոս՝ մեղուշ կրքի հյուրատուն

եւ խոստումնառատ կին ու օդանույշ -

դու պատրանքներով ինձ մի՛ պատանքիր,

նոր երազներով մի՛ օրորիր ինձ:

03.08.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8591

Մեկնաբանություններ