38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԻՊ. Սահմանների որոշման պատճառով Գեղարքունիքի անասնապահությամբ զբաղվող բնակիչների համար խոտհարքների, ջրային պաշարների օգտագործումը անհնար է դարձել

ՄԻՊ. Սահմանների որոշման պատճառով Գեղարքունիքի անասնապահությամբ զբաղվող բնակիչների համար խոտհարքների, ջրային պաշարների օգտագործումը անհնար է դարձել
27.01.2021 | 13:26

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:


Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում անասնապահությամբ: Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքները, իսկ հիմա վտանգված են բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ:


Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:


Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են, այդ թվում Վարդենիսից ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:


Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:
Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանական իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:


Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»: Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:


Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):


Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:
Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ իրենց նույն իրավունքների հետ կախված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:


Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը»:

Դիտվել է՝ 5681

Մեկնաբանություններ