38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
30.06.2017 | 11:33

(սկիզբը՝ այստեղ)

ՈՒզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ բոլոր ժամանակների մեծագույն պարուհի Մայա Պլիսեցկայային, ում հետ ծանոթ լինելու և հաղորդակցվելու պատիվ ու երջանկություն եմ ունեցել: Նա աշխարհի թիվ 1 պարուհին դարձավ ի հեճուկս դաժան ճակատագրի հասցրած սարսափելի հարվածների. որպես «ժողովրդի թշնամի» գնդակահարեցին հորը, բանտարկեցին հղի մորը, ում հետո տեղափոխեցին АЛЖИР (Իմ հարգելի միամիտ ընթերցող, հանկարծ չմտածես, թե խոսքը Միջերկրականի ծովափնյա երկրի մասին է: Դա հապավումն է ԳՈՒԼԱԳ արշիպելագի հայտնի կղզիներից մեկի՝ Акмолинский лагерь жён изменников Родины): Մայային պահեցին քեռին և մորաքույրը: Ավարտելով պարարվեստի դպրոցը, նա ընդունվեց Մեծ թատրոնի բալետային խումբ և շատ շուտով ոչ միայն առանձնացավ մյուսներից, այլև դարձավ առաջատար պարուհիներից մեկը: Նրա փառքն ու հռչակը տարածվեցին զարմանալի արագությամբ, և արտասահմանյան ցանկացած հյուրախաղ հսկայական վալյուտային օգուտներ էր բերում երկրին: Թվում էր, թե այդպես էլ պետք է շարունակվեր, բայց այդպես չթվաց այն ժամանակ Խթը-ի շեֆ, բանակի գեներալ, Սովետական Միության հերոս Իվան Սերովին, մի եղկելի ոճրագործի, որը հայտնի էր «դավաճան» ժողովուրդների աքսորների իրականացումներով և այլևայլ նողկալի «քաջագործություններով»: Այս «скотина» Սերովի (այդ բառով էր նրան «մեծարում» Պլիսեցկայան ) «ուղեղում» ծնվում է մի «հանճարեղ միտք». Մայա Պլիսեցկայան անգլիական լրտես է, նրան պետք է արգելել արտասահման մեկնել, դարձնել «невыездная», ուժեղացնել հսկողությունը նրա նկատմամբ, և 8 տարի օր ու գիշեր երեք գործակալներ «Վոլգա» ավտոմեքենայով հետևում էին Պլիսեցկայայի բոլոր տեղաշարժերին: Ասեք խնդրեմ, հարգելի ընթերցող, ե՞րբ և որտե՞ղ է հնարավոր նման էշություն. փոխանակ ամենաբարձր մակարդակով կազմակերպեն Պլիսեցկայայի՝ երկրին հսկայական օգուտներ բերող հյուրախաղերը, նրան արգելափակում են երկրում և հարյուր հազարավոր ռուբլիներ ծախսում նրան լրտեսության մեջ կասկածելու խելացնոր գաղափարի պատճառով:


1969 թ. այլախոհ երիտասարդ պատմաբան Անդրեյ Ամալրիկը «самиздат»-ով հրատարակեց մի հետաքրքիր հետազոտություն՝ «Կգոյատևի՞ արդյոք ԽՍՀՄ-ը մինչև 1984 թվականը» վերտառությամբ: Չգիտեմ, կա արդյո՞ք որևէ դիտավորյալ կապ այդ նշված 1984 թվականի և Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» անտիուտոպիա կանխատեսող վիպակի վերնագրի հետ, բայց փաստը մնում է փաստ՝ 1984-ը իմ մեջ մի ինչ-որ տարօրինակ, գաղտնիք պարունակող ու գաղտնազերծման կարիք ունեցող զգացում էր առաջացնում:
Օրուելի մոտ իշխանությունը իշխող կլանի համար «ոչ թե միջոց է, այլ նպատակ»: Իդեալ է դառնում հենց Սիստեմը:


Կարելի է քննադատել ամեն ինչ, որը չի շոշափում Սիստեմի պարամետրերը, որոնք անսահման լայն էին: Լենինյան Սիստեմում լիուլի օգտագործվում և շահարկվում էր այն ամենը, ինչը գործում էր բոլշևիզմի համար. համայնքը, ցարիստական համոզմունքները, հարգանքը պետական ուժի նկատմամբ, կենսակերպի ավտորիտարիզմը, դոգմայի սովորույթը և հակվածությունը դեպի անաքրոնիզմը:
Լենինյան Սիստեմը ապշեցուցիչ կենսունակ դուրս եկավ, թեև նրա որոշ դրսևորումներ վախեցնում էին առանձին կողմնակիցների դեռ Մունդռիկի կենդանության օրոք:
Ամալրիկի էսսեն գրված է պատմական վերլուծության, հասարակության զարգացման օրենքների և օրինաչափությունների խոր ըմբռնմամբ և երկիրը «ներսից» ճանաչելու, հասկանալու, գնահատելու անուրանալի ձիրքով:


Ամալրիկը կարծում էր, որ ինքնայլասերմամբ, ներքին հակասությունների սրմամբ, տնտեսության անարդյունավետությամբ, իր դատարկ ու սին գաղափարախոսությամբ քաղաքական ու բարոյական ճգնաժամի մեջ հայտնված երկիրը չի կարող ապագա ունենալ։ Եվ այս ամենին ավելանում էր Չինաստանի հետ օրեցօր ուժեղացող հակամարտությունը, որը, ըստ Ամալրիկի, ի վերջո հանգեցնելու էր պատերազմի՝ երկուսի համար էլ շատ ծանր հետևանքներով:


Խորհրդային Միությունում այդ էսսեն բավականին լայն տարածում ունեցավ, շուտով այն թարգմանվեց բազմաթիվ լեզուներով, հեղինակին բերեց համաշխարհային ճանաչում և... Անդրոպովի Խթը կոչվող գերատեսչության կողմից «գիժ» հռչակվելու, «փսիխուշկա»-ներից մեկնումեկում պարտադիր «բուժման կուրս» անցնելու հնարավորություն, բայց իշխանությունները բավարարվեցին նրան երեք տարով Մագադան աքսորելով: Ժամկետը լրանալուց հետո գումարեցին ևս երեք տարի, բայց ի նշան բողոքի Ամալրիկի չորսամսյա հացադուլից հետո և միջազգային հանրության ակտիվ բողոքների պատճառով, ստիպված եղան նրան ազատել և պարտադրեցին հեռանալ Հայրենիքից:


Այստեղ էլ ամեն ինչ չէ, որ հարթ ու խաղաղ ստացվեց: Առանց զավեշտի գործը գլուխ չէր գա: Բանն այն է, որ Ամալրիկը ուներ սովետական աբստրակցիոնիստ և ավանգարդիստ նկարիչների գործերի բավականին հարուստ հավաքածու և այդ բոլոր գործերը նա տանում էր իր հետ: Մաքսատանը, բնականաբար, նրան դա թույլ չտվեցին շատ պարզ պատճառաբանությամբ՝ գեղարվեստական արժեքները երկրից դուրս տանելն արգելվում է: Ամալրիկի պատասխան բացատրությունը շատ անսպասելի էր՝ նա ոչ թե գեղարվեստական արժեքներ է տանում իր հետ, այլ ընդամենը «աղբ»: Եվ ծոցագրպանից հանում է պաշտոնական գրությունների և մամուլում տպագրված հոդվածների մի տրցակ, որտեղ այդ գործերը որակվում են որպես աղբ, իսկ դրանց հեղինակները նշավակվում են անպատիվ խոսքերով ու արտահայտություններով: Ամալրիկը պայման է դնում. կամ թույլատրում եք «աղբը» տանել, կամ պետք է պաշտոնապես ընդունեք, որ այս նկարները, այս աշխատանքները գեղարվեստական արժեքներ են: Ստեղծված փակուղուց դուրս գալու ելքը տանելու թույլտվությունն էր:


Տողերիս հեղինակին էլ էր հաջողվել դեռ այն ժամանակ կարդալ տաղանդավոր վերլուծական մտքի արգասիք այդ էսսեն, և տպավորված էի այդ անսպասելի ու շատ անսովոր հարցադրումից և, անկեղծ ասած, երբեք մտքովս չէր էլ անցել, որ Ամալրիկը համարյա գուշակել էր աշխարհի քաղաքական քարտեզից ԽՍՀՄ-ի անհայտացման ժամկետը, քանի որ 6-7 տարին պատմության համար ակնթարթ է:
Այդ էսսեին ու նրա հեղինակին անդրադարձել է նաև Ալեքսանդր Սոլժենիցինը, արտահայտելով խիստ ռացիոնալ միտք. ցանկացած նորմալ երկրում այդպիսի մարդուն կներգրավեին կարևոր գիտա-վերլուծական աշխատանքներում, ապագայի կանխագուշակման և ծրագրային նախագծերի մշակման գործում, կգնահատեին ու կմեծարեին, ոչ թե կաքսորեին Մագադան, հետո էլ երկրից:


Անդրեյ Ամալրիկի կյանքը ողբերգական ավարտ ունեցավ: 1980 թ. նոյեմբերին Իսպանիայում նա զոհվեց ավտովթարից, երբ ընդամենը 42 տարեկան էր:

Ես արդեն գրել էի տիեզերքի նվաճման սովետա-ամերիկյան մրցակցության մասին, և թե ինչպես էր Նիկիտա Խրուշչովը ծաղրում ամերիկյան նվաճումները` ուղեծիր դուրս բերված նրանց արհեստական արբանյակը համեմատելով մի նարնջի հետ ու նման այլ բաներ: Ընդամենը 2-3 տարի հետո պատկերը կտրուկ փոխվեց: ԱՄՆ-ը հաջողությամբ իրականացրեց «Մերկուրի», իսկ հետո «Ջեմինի» ծրագրերը և անցավ «Ապոլոն»՝ Լուսնի վրա մարդատար տիեզերանավ իջեցնելու և այն Երկիր վերադարձնելու հեքիաթային ծրագրի իրականացմանը:
Դեպի Լուսին արձակած «Ապոլոն-8» և «Ապոլոն-10» տիեզերանավերով լուսնային ուղեծրում, իսկ «Ապոլոն-9»-ով երկրային ուղեծրում անհրաժեշտ բոլոր փորձարկումները հաջողությամբ իրականացնելուց հետո, 1969 թ. հուլիսի 16-ին Կանավերալ հրվանդանի Քենեդու անվան տիեզերակայանից «Սատուռն V» գիգանտ հրթիռի օգնությամբ դեպի Լուսին ուղևորվեց «Ապոլոն-11» տիեզերանավը՝ Նիլ Արմսթրոնգ, Էդվին Օլդրին և Մայքլ Քոլինզ անձնակազմով, և այս առասպելական եռյակից առաջին երկուսը պետք է «Կոլումբիա» լուսնային մոդուլից անջատվող «Արծիվ» լուսնային խցիկով վայրէջք կատարեին Լուսնի Հանդարտության ծովում: Հեռուստացույցների առջև նստած գրեթե ողջ մարդկության, իսկ Քենեդու անվան տիեզերակայանում մեկ միլիոնից ավելի մարդկանց աչքի առաջ սկսվեց մարդկային պատմության այս ամենամեծ, ամենաֆանտաստիկ գիտա-տեխնիկական ծրագրի ավարտական փուլը: Խորհրդային մարդիկ զրկված էին այս իրադարձությանը հեռուստատեսությամբ հետևելու հնարավորությունից:


1969 թ. հուլիսի 20-ին` Գրինվիչի ժամանակով 20-ն անց 17 րոպեին, «Արծիվ» լուսնային խցիկը վայրէջք կատարեց Լուսնի Հանդարտության ծովում, իսկ մի քանի ժամ հետո Նիլ Արմսթրոնգը, դուրս գալով խցիկից, աստիճաններով իջնելիս ոտքը Լուսնի մակերևույթին դնելուց առաջ, հանդիսավոր տոնով արտասանեց հազարավոր տարիներ հիշվելու արժանի իր հռչակավոր խոսքը. «Մեկ մարդու այս փոքրիկ քայլը նշանակում է համայն մարդկության հսկայական թռիչք»:
Երկիր մոլորակը, գրեթե ողջ մարդկությունը ցնծության մեջ էին, հոտնկայս ծափահարում էին հերոս որդիներին, հպարտանում մարդկության հազարավոր տարիների երազը իրականացնելու համար: Ես ասացի «գրեթե ողջ մարդկությունը», քանզի նրա մեջ չէր մտնում խորհրդային ժողովուրդը, որովհետև հենց այդ նույն ժամին խորհրդային հեռուստատեսությունը ցուցադրում էր 20-25-ամյա հնություն ունեցող «Խոզապահուհին և հովիվը» ֆիլմը: Նման «խոզության» կարող էր ընդունակ լինել միայն ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն՝ իր դեգեներատ, արդեն անասունների մակարդակի իջած հավատարիմ լենինյաններով՝ գլխավոր գաղափարախոս նողկալի Սուսլովի ղեկավարությամբ: Ինչպիսի անասնական թշնամանք պետք է տածել այդ ֆանտաստիկ սխրանքն իրականացրած երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ, ինչքան պետք է ատել ու արհամարհել սեփական ժողովրդին, որ այդպիսի լկտի, ստոր վերաբերմունք դրսևորել նույնիսկ այդ դարակազմիկ իրադարձության ժամանակ:
«Արծիվը» 21 ժամ 36 րոպե Լուսնի վրա մնալուց հետո հաջողությամբ հաղթահարեց Երկրի արբանյակի ձգողական դաշտը և Լուսնի վրա ոտք դրած առաջին երկու մարդկանցով միացավ «Կոլումբիա» լուսնային մոդուլին, որտեղ նրանց սպասում էր Մայքլ Քոլինզը: Արմսթրոնգն ու Օլդրինը իրենց լուսնային ավարով փոխադրվեցին լուսնային բլոկ «Կոլումբիա», անջատեցին «Արծիվը»՝ այն թողնելով լուսնային ուղեծրում և շուտով բռնեցին «ճամփան» դեպի Երկիր մոլորակ, որն ավարտեցին 1969 թ. հուլիսի 24-ին Խաղաղ օվկիանոսի ջրերում:


Եվ առաջին անգամ Խորհրդային Միությունում «Ինտերվիդենիե» ծրագրով ուղիղ ռեպորտաժով ցուցադրվեց այս պատմական իրադարձության ավարտական փուլը՝ աստղագնացների փոխադրումը «Հորնետ» ավիակիր: Իսկ չորս երկիր՝ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Հյուսիսային Վիետնամը և Ալբանիան, այս իրադարձության մասին նույնիսկ մի խոսք չասացին իրենց քաղաքացիներին:
Հավերժ Լուսնի վրա մնացած մոդուլին ամրացված հուշատախտակի վրա գրված էր` «...Մենք եկանք խաղաղությամբ համայն մարդկության անունից»:
ԱՄՆ-ը մինչև 1972 թ. դեկտեմբերը հաջող վայրէջքով ևս հինգ էքսպեդիցիա իրականացրեց դեպի Լուսին, այնտեղ շրջագայած մարդկանց թիվը հասցնելով 12-ի: Անհաջողության մատնվեց «Ապոլոն-13»-ի էքսպեդիցիան, երբ Լուսնին մոտենալիս, Երկրից 330 000 կմ հեռավորության վրա, պայթեց թթվածնային բալոններից մեկը, ու ստեղծվեց շատ տագնապալից վթարային իրավիճակ, և միայն անձնակազմի ու թռիչքի ղեկավարման կենտրոնի շրջահայաց և խելացի գործողությունների շնորհիվ հաջողվեց փրկել աստղագնացների կյանքը, ինչին շունչը պահած հետևում էր ամբողջ աշխարհը: (Մեր հարգելի ընթերցողներին խորհուրդ կտայի կարդալ «Ապոլոն-13»-ի էպոպեային նվիրված հիանալի էսսեն, որի հեղինակն է մեր նշանավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը):
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 19557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ