ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երեկ ու կես մետրի վրա՞, թե՞ վաղը ու անսահմանափակ

Երեկ ու կես մետրի վրա՞, թե՞ վաղը ու անսահմանափակ
04.03.2016 | 02:04

Անցյալ տարի Վիեննայում Իրանի և միջնորդ վեցյակի միջև Իրանի միջուկային համաձայնագրի կնքումով ու այս տարի ԱՄՆ ու ԵՄ պատժամիջոցներից աստիճանական ձերբազատմանը զուգընթաց (շատերը համակ թերահավատություն էին սփռում, որ, մեկ է, համաձայնության չեն գա, համաձայնագիրը՝ ստորագրվի էլ, չի վավերացվի, վավերացվի էլ՝ չի գործի, գործի էլ՝ շուտով կկասեցվի, և այլն, և այլն) Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսում է ազդեցիկ գործոն դառնալ աշխարհաքաղաքականության մեջ: Տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո ֆինանսական ու տնտեսական շուկաներ Թեհրանի վերադարձի ակնկալիքները տարբեր են՝ հարևանների, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար: Աշխարհին Իրանը տնտեսապես հետաքրքրում է նախ և առաջ իբրև էներգակիրներ արտահանող, աշխարհն Իրանին՝ իբրև ներդրումներ անող: Սիրիայում ու Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցը առայժմ չքննարկենք: Ի՞նչ է կատարվում քաղաքական Իրանում՝ այս հարցին շատ ավելի քիչ է ուշադրություն դարձվում: Իզուր: Այս հարցից է կախված՝ ինչպիսին կլինի Իրանը ու ինչպես կհարաբերվի արտաքին աշխարհի հետ:
Իրանը ինքնատիպ կառավարման համակարգ ունի: Երբեք անկախությունը չկորցրած պետությունը (մինչև Փեհլևիների վերջին շահի անկումը 1979-ին, Պարսկաստանում հինգ դինաստիաներ են իշխել) 1979-ին ընդունված Սահմանադրությամբ հռչակվեց իսլամական պետություն: Պետության գլուխը Գերագույն հոգևոր խորհրդի նախագահն է՝ Ռահբարը, նա է որոշում արտաքին ու ներքին քաղաքականությունը, նա և՛ Գերագույն գլխավոր հրամանատարն է, և՛ ռազմական հետախուզության պետը, նա է նշանակում դատարանների նախագահներին, ոստիկանապետերին, բանակի հրամանատարներին, Իսլամական հեղափոխության պահնորդների խմբի 12 անդամներից 6-ին: Նրան ընտրում է Փորձագետների խորհուրդը: Նախագահը պետության երկրորդ դեմքն է, Սահմանադրության երաշխավորը, միաժամանակ՝ վարչապետը: Նրա որոշումները հաստատում է Ռահբարը: Նախագահը նշանակում է նախարարներին: 10 փոխնախագահներին ու 21 նախարարներին հաստատում է խորհրդարանը: Նախագահն է նշանակում պաշտպանության ու հետախուզության նախարարներին՝ նախապես համաձայնեցնելով Ռահբարի հետ: Նա ընտրվում է համաժողովրդական ընտրությամբ, չորս տարով: Նախագահի թեկնածուներին նախապես հավանություն է տալիս Պահնորդների խորհուրդը: Օրենսդիր իշխանությունը Մեջլիսն է («Իսլամական խորհրդատվական խորհուրդ»), ունի 290 պատգամավոր, որ ընտրվում են համաժողովրդական ընտրությամբ և չորս տարով: Մեջլիսը օրենքներ է ընդունում, վավերացնում միջազգային պայմանագրերը, կազմում բյուջեն: Մեջլիսի պատգամավորների թեկնածուներին ևս ընտրությունից առաջ հաստատում է Պահնորդների խորհուրդը, որ 12 անդամ ունի, 6-ին նշանակում է Ռահբարը, 6-ին՝ Մեջլիսը՝ Գերագույն դատարանի ներկայացմամբ: Պահնորդների խորհուրդը հաստատում է բոլոր առանցքային պաշտոնների թեկնածուներին՝ նախագահից նախարարներ ու պատգամավորներ: Խորհրդի հիմնական պարտականությունը իսլամական իրավունքին օրինագծերի համապատասխանության ստուգումն է: Եթե շարիաթի հետ տարընթերցումներ կան, օրինագիծը մշակման է վերադարձվում: Խորհուրդը կարող է վետո դնել Մեջլիսի ցանկացած որոշման վրա: Կա նաև Նպատակահարմարության խորհուրդ, որ լուծում է վիճելի հարցերը Մեջլիսի ու Պահնորդների խորհրդի միջև և խորհրդատվական կառույց է Ռահբարին կից: Խորհրդի նախագահը (Իրան նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին) Ռահբարի անձնական խորհրդականն է: Հավելեք Փորձագետների խորհուրդը, որ կազմված է 86 հոգևորականներից և ամեն տարի մեկ շաբաթով հավաքվում է: Փորձագետների խորհուրդն ընտրում է Ռահբարին և ցանկացած պահի կարող է նրան պաշտոնից հեռացնել (այդ իրավունքը ոչ մի անգամ չի օգտագործվել՝ ներկա Ռահբար Ալի Համենեին երկրորդն է Հոմեյնիից հետո, որ վախճանվեց պաշտոնակալության ժամանակ): Խորհրդի անդամները ընտրվում են համաժողովրդական ընտրությամբ և ութ տարով:

Պատկերացրի՞ք ինչ բարդ շղթա է. մի կողմից համաժողովրդական ընտրություններ, մյուս կողմից` ընտրություններից առաջ թեկնածուներին հաստատում է մի խորհուրդ, որն էլ իր հերթին ենթակա է Ռահբարին, նա էլ ենթակա է մեկ այլ խորհրդի, որ գործնականում պետք է վերահսկի, իրականում ենթարկվում է նրան: Ստացվում է՝ Իրանում առաջին դեմքը և վետոյի բացարձակ իրավունք ունեցողը Ռահբարն է: Հիշեցնեմ, որ Իրանը շիական պետություն է: Փաստորեն, Իրանում նախագահ ընտրվելը ոչ թե պատիվ ու իշխանություն է, այլ՝ պատիժ ու ծառայություն: Խորհրդարանական վերջին ընտրություններում բարեփոխիչների թեկնածուների կեսից ավելիին Պահնորդների խորհուրդը մերժեց, իսկ ժողովուրդը բոլոր ընտրատեղամասերում ձայն տվեց նրանց թեկնածուներին: Նախագահության անցած երեք տարիներին պահպանողականների գերակշռություն ունեցող Մեջլիսը բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի աջակիցը չէր: Դժվար է ասել, թե կրոնապետության մեջ ի՞նչ բարդություններ ու ի՞նչ խոչընդոտներ է ստիպված հաղթահարել նախագահը, որ միաժամանակ վարչապետ է, բայց ում ամեն որոշում պիտի հաստատի Գերագույն հոգևոր առաջնորդը, որ բոլոր հարցերում առաջնորդվում է շարիաթով: Իրանի կրկնակի ընտրություններում, կառավարման համակարգին անծանոթ լինելով, շատերը գերակայությունը տալիս էին Մեջլիսի կազմին, բայց առավել կարևոր էր Փորձագետների խորհրդի ընտրությունը, որ նշանակում է Ռահբարին: 76-ամյա Ալի Համենեին քաղցկեղ ունի, և հայտնի չէ` ալլահը որքան կհաշվի նրա կյանքի օրերը: Շիականության մեջ ռահբարի պաշտոն չկա՝ այդ պաշտոնը ստեղծել է պատմության միակ շիական կրոնապետության հիմնադիրը՝ այաթոլա Հոմեյնին: Ռահբարի պաշտոնը կրկնում է խալիֆայի իրավասությունները կառավարման համակարգում՝ պետության աշխարհիկ ու կրոնական ղեկավար: Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն 37 տարվա պատմություն ունի, և բոլոր տարիներին բնորոշ է եղել ներքաղաքական կոշտ պայքար: Ռադիկալների առաջին գրոհը նախագահ Մուհամադ Խաթամիի վրա էր, ի հետևանս հաջորդ նախագահ դարձավ Մահմուդ Ահմադինեժադը ու իր գլխավոր խնդիրը դարձրեց կրոնապետական ժողովրդավարության պատրանքների ցրումը: Հաջորդ հարվածը ստացավ Կանաչների շարժումը` քաղաքացիական իրավունքների համար 2009-ի նախագահական ընտրություններում: Այաթոլա Հոմեյնիի ժամանակ փոխվարչապետ Խոսեյն Մուսավին, որ ակտիվ մասնակցել էր իսլամական հեղափոխությանը, մեղադրեց Համենեիին ու Ահմադինեժադին ընտրության արդյունքները կեղծելու մեջ: Նա մինչև այսօր տնային կալանքի տակ է: Վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ, զգուշանալով Հասան Ռոհանիի և չափավոր բարենորոգիչների ուժեղացումից (նրանց առաջնորդում է այաթոլա Հաշեմի Ռաֆսանջանին՝ Համենեիի լուրջ հակառակորդը), պահպանողականները երկու սկզբունքորեն որոշիչ վճիռ կայացրին՝ 1. Ընտրություններից հանել մրցակից թեկնածուներին՝ «իսլամի նորմերին չհամապատասխանության» պատրվակով, դա թույլ էր տալիս ընտրություններից առաջ Մեջլիսի ու Փորձագետների խորհրդի վրա վերահսկողություն սահմանել: Նրանք մերժեցին բավականաչափ ազդեցիկ գործիչների, նաև Հասան Հոմեյնիին՝ պետության հիմնադրի թոռանը: 2. Կտրականապես մերժվեց Լիդերների խորհրդի ստեղծման բարենորոգիչների առաջարկը՝ նոր ռահբարի նշանակման փոխարեն: Նախագահ Հասան Ռոհանին շտապում էր՝ մտածելով, որ կարող է օգտագործել նախընտրական պայքարում միջուկային համաձայնագրի քաղաքական էֆեկտը և փոփոխել կրոնապետության կառավարման կարգը: Թեպետ Հասան Ռոհանին բնավ էլ վերակառուցում սկսելու մտադրություններ չունի այաթոլա Համենեիից հետո: Նա ջանում է ճկուն դարձնել պետության կառավարումը և դուրս բերել աշխարհիկ հիմքերի վրա: Կրոնական ու աշխարհիկ պատկերացումները շարունակում են բախվել, այաթոլաները աստվածանարգության մեջ են մեղադրում բոլորին, եթե քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական իրավունքներից են խոսում, իսկ հասարակությունը առավել աշխարհիկ է դառնում: Սա տևական պայքար է, որտեղ բոլորն անում են իրենց քայլերը, իսկ վճռական խոսքն ասելու է ռազմական օլիգարխիան, որ խիստ ժամանակակից հայացքներ ունի: Խորհրդարանական ընտրություններում նախագահ Հասան Ռոհանիին մերձ ուժերը առավել մեծ թվով քվեներ ստացան Մեջլիսում: Պաշտոնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել են չափավորականները: Բարենորոգիչները ստացել են 83 քվե, պահպանողականները՝ 78, անկախ թեկնածուները՝ 60, կրոնական փոքրամասնությունները՝ 5: 64 տեղ թափուր է, նրանց տերերը կպարզվեն ընտրությունների երկրորդ փուլով՝ մեկ-երկու ամսից: Միայն այդ ժամանակ քաղաքական ուժերի դասավորությունը կլինի վերջնական՝ առաջիկա չորս տարիների համար, որ շատ կարևոր է նախագահ Հասան Ռոհանիի համար. 2017-ին լրանում է նրա նախագահության ժամկետը, նա կարող է նորից առաջադրվել, բայց հաղթելու համար, ինչպես համոզվեցիք, համաժողովրդական աջակցությունը բավարար չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մեզ համար Իրանն ասոցացվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի ու գազատարի հետ` առաջին հերթին: Մնացած ամեն ինչ մեզ թվում է երկրորդական: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի տնտեսությունն ու շուկան բացվում են ոչ միայն իբրև Արևելք-Արևմուտք ճանապարհ ու այլընտրանքային՝ ավելի էժան գազ, տասնյակ այլ ոլորտներ կան, որտեղ համագործակցությունը հնարավոր է ու շահեկան երկու կողմերին էլ: Բայց Իրանում աշխատելու համար պետք է իմանալ ու ճանաչել հարևան երկրի առանձնահատկությունները, պետական կառավարման նրբությունները, քաղաքական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, վարվեցողության կանոնները, որ պակաս կարևոր չեն, եթե ոչ` վճռորոշ: Մինչև այժմ մենք Իրանի հետ մեր հարաբերություններն անվանել ենք բարեկամական, այսօր ունենք ավելին անելու հնարավորություն: Իր տարբեր փորձագետների կտրվածքով Մոսկվան հաստատում է, որ այլևս չի սահմանափակելու հայ-իրանական հարաբերությունները՝ Ռուսաստանի և Իրանի ռազմավարությունը Հարավային Կովկասում համընկնում է՝ ձևավորելով Մոսկվա-Երևան-Թեհրան առանցք: Կա նաև ռուս-իրանական դաշինքը սիրիական հակամարտությունում, որն ազատում է Երևանին Մոսկվայի ու Թեհրանի երկընտրանքից: Այնքան չի խոչընդոտի, որ քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը իրեն թույլ է տալիս ասել. «Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքը կատարյալ է՝ ի դեմս Հայաստանի: Ռուսաստանը և Իրանը հիանալի հարաբերություններ ունեն և՛ միմյանց, և՛ Հայաստանի հետ: Հետևաբար, Ռուսաստանի և Իրանի մերձեցումը և Իրանի՝ պատժամիջոցների ռեժիմից դուրս գալը միայն կբարելավի իրավիճակը տարածաշրջանում» և չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է չեղարկել 2013-ի դեկտեմբերին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը, որը փաստացի սահմանափակում է այլ երկրներից, մասնավորապես՝ Իրանից բնական գազ ներկրելու Հայաստանի իրավունքը: Դուգինը չի մոռանում հիշեցնել, որ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ ևս մի առանցք՝ Մոսկվա-Բաքու-Թեհրան, ու հորդորում է իրար չհակադրել Մոսկվա-Երևան-Թեհրան և Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքները, որ լրացնում են միմյանց: Մոսկվայի համար՝ գուցե: Իսկ Թեհրանի՞: Իսկ Երևանի՞: Ռետինե չէ Թեհրանը, որ բոլորը կարողանան իրենց կողմը ձգել, ու ձգվի տարբեր ուղղություններով:
Ինչո՞ւ կառավարության կառուցվածքային ու կադրային փոփոխությունները, Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, միջկուսակցական գործող ու հնարավոր համագործակցությունները թողած՝ ընկա Իրանի հետևից: Իսկ դուք չե՞ք ուզում մի քիչ ավելին տեսնել, քան երևում էր երեկ ու կես մետրի վրա:

Դիտվել է՝ 1328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ