ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թեժ պայքար երկրորդ ջութակի դերի համար

Թեժ պայքար երկրորդ ջութակի դերի համար
04.03.2016 | 01:07

Մինչ իշխանությունը, դաշնակցության հետ փաստաթղթեր ստորագրելով, զբաղված էր ապագա խորհրդարանական կայուն մեծամասնության հիմքերը ձևավորելու հարցով, հայաստանյան քաղաքական հարթակում թեժ պայքար է ընթանում երկրորդ ջութակի դերի համար։
Ի՞նչ դեր են փորձում նախանշել տարբեր տրամաչափի քաղաքական «քարտեզագիրները» քաղաքական ուժերի համար։
Հասկանալի է, որ ՀՀԿ-ՀՅԴ հարաբերություններն այսօր եթե անգամ կոչվում են համագործակցություն, ապա արդեն 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո այն կստանա լիարժեք քաղաքական կոալիցիայի կարգավիճակ։ Դաշնակցությունը, բնականաբար, ՀՀԿ աջակցությամբ ու ձեռք բերած վարչական լծակների օգնությամբ իշխանական քվոտայով խորհրդարանում պետք է փորձի որոշակի՝ գոնե այսօր առկա ձայներից ավելին վերցնել և հետագայում այդ քվեներով միանալ դոմինանտ ուժին՝ ՀՀԿ-ին՝ կազմելով այն կայուն մեծամասնությունը, որի մասին այդքան խոսվում է, և որն ամրագրված է նոր սահմանադրությամբ։
Ասվածը, սակայն, բնավ էլ չի նշանակում, որ դաշնակցությունը հավաքած ձայներով անպայման պետք է լինի երկրորդ քաղաքական ուժը։ Կարող է լինել երրորդը, չորրորդը։ Խնդիրն այն է, որ քաղաքական տեսակետից սկզբունքորեն որոշվել է, որ ապագայում այս երկու կառույցները միմյանց հետ են լինելու։ ՀՅԴ-ն փորձում է իշխանություն վերադարձն արդարացնել իր շարքերի համար՝ պատճառաբանելով, թե այդպիսով լուրջ ձեռքբերումներ են ունենում և ոչ թե ստանդարտ հազիվ 5-տոկոսանոց ցուցանիշը, որ որպես կանոն ստանում էին վերջին տարիներին։
Ինչևէ, ինչպես արդեն նշվել է, ակնհայտ է, որ այս պահին արդեն իսկ ընթանում է իրական պայքար՝ ապագա խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժ լինելու համար։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ գործով փաստացի զբաղված են ոչ միայն, պայմանականորեն ասած, ոչիշխանական թևերը (թեև վերջիններս շատ դեպքերում որպես ընդդիմադիր են հանդես գալիս, սակայն իրականում դժվար է նրանց այդպիսին ընկալելը), այլև հենց իշխանական որոշ շրջանակներ, որոնք նույնպես շահագրգռված են երկրորդ քաղաքական ուժի ձևավորման և նրան քիչ թե շատ լուրջ կշիռ վերապահելու խնդրով։
Այն, որ գործընթացներն արդեն մեկնարկել են, երևում է նախ և առաջ «տյունինգի» փորձեր անող «Օրինաց երկրի» շուրջ ընթացող զարգացումներից, կուսակցություն, որն օրերս ի վերջո ֆորմալ առումով թղթի վրա ավարտեց իր քաղաքական ռեբրենդինգի գործընթացը: «Հայկական վերածնունդ» շարժումը, որում ով պատահի ընդգրկվել է, մարդ-կուսակցություններից սկսած մինչև մարդ-հասարակական կազմակերպություններ, բավականին էկզոտիկ համախումբ է թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպությունների առումով։ Այնուամենայնիվ, անցած շաբաթ մեծ շոուով ազդարարվեց այդ նոր սկիզբը, ընդ որում՝ Մարզահամերգային համալիրում, որպեսզի արտաքին շուքն ապահովվի և ցույց տրվի, որ այստեղ իրոք ներգրավված է բավականին լուրջ մարդկային ռեսուրս։
Ըստ էության, Արթուր Բաղդասարյանն ինչ էլ ասի ու անի, գիտակցում է, որ «Օրինաց երկիր» բրենդը տապալված է, ու այդ ապրանքանշանով առաջ գնալ չի կարող։ Բանն այն է, որ ՕԵԿ նախագահը շատ լավ հասկանում է, որ քաղաքական ուժի անունն ինչ էլ դնի, միևնույն է, այն, ինչ անմիջականորեն կապվում է իր անվան հետ, որևէ լուրջ մոլորություն ժողովրդի մեջ չի կարող առաջացնել։ Եվ նույն իմիջը, որ ունեն Արթուր Բաղդասարյանն ու նրա ղեկավարած ՕԵԿ-ը, մեխանիկորեն տարածվում է նաև «Հայկական վերածննդի» վրա, քանի որ այդտեղ ընդգրկված մարդիկ ի զորու չեն որևէ բան ավելացնելու այդ կերպարին։ Նրանք բացարձակ անհայտ են, հասարակական որևէ ճանաչում չունեն, պարզապես, այսպես ասած, մասսովկայի դեր են խաղում։ Ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանն այս ամենը կազմակերպեց՝ ցույց տալու համար, որ ինքն ի վիճակի է համախմբելու՝ օգտագործելով դա իր PR-ի համար։ Հետաքրքրական է, որ տարիներ առաջ արևմտյան կողմնորոշման ջատագով ներկայացող Արթուր Բաղդասարյանն այժմ արդեն հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցներում փորձում է ներկայանալ որպես մի գործիչ, որը կարող է Հայաստանում միավորել որոշակի քաղաքական և հասարակական կառույցների։ ՈՒ պատահական չէ, որ կրեմլյան լրատվամիջոցներից մեկը նույնիսկ նրան անվանեց «ազդեցիկ քաղաքական գործիչ», ինչը Հայաստանում, բացի հեգնանքից ու ժպիտից, ոչինչ չի առաջացնում։
Հատկանշական է, որ փետրվարի կեսերին՝ իր ռեբրենդինգային միջոցառման բառացիորեն նախօրյակին, ՕԵԿ ղեկավարը մեկնեց Մոսկվա: Մոսկովյան որոշ լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ այնտեղ նա հանդիպել է իր մտերիմ Արա Աբրահամյանին, որտեղ էլ հավանաբար ուրվագծվել է ապագայի որոշակի սցենար, ըստ որի՝ եթե Արա Աբրահամյանը մուտք է գործում հայկական ակտիվ քաղաքականություն, ապա Արթուր Բաղդասարյանը միանում է նրան։ Արթուր Բաղդասարյանի միակ կենսունակ տարբերակը «Հայկական վերածննդի» վերածված ՕԵԿ-ի «դատարկ վագոնը» հեռանկարում գուցե թափ հավաքող Արա Աբրահամյանի շոգեքարշին միացնելն է։
Այն, որ Արթուր Բաղդասարյանը հայտնվեց ռուսական պաշտոնական մամուլի էջերում, եթերում, որտեղ նա հանդես էր գալիս ծայրահեղ ռուսամետ հայտարարություններով, այդ թվում` նաև Ռուսաստանի համար այժմ առաջնահերթ դարձած ռուս-թուրքական հարաբերությունների հարցերի շուրջ, վկայում է, որ Ռուսաստանը, ի դեմս Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան տանդեմի, Հայաստանում, այնուամենայնիվ, սկսում է ռուսամետ երկրորդ բևեռի կազմավորման գործընթացը։
Բանն այն է, որ Հայաստանում Ռուսաստանի բազմամյա հովանավորյալի՝ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցը շատ արագ լուծվելուց հետո ՀՀ-ում ռուսական «պահեստային» բևեռը դատարկ է մնացել։ Եվ այժմ ՌԴ-ի իշխանական էլիտայի որոշ շրջանակներ սկսել են այդ վեկտորի ձևավորման գործընթացը՝ սակայն արդեն Գագիկ Ծառուկյանի տապալման օրինակից դասեր քաղելով։ Ռուսաստանը դաշտ է մտցնում մի մարդու, որը թեև իր կրթական ցենզով ու քաղաքական իմիջով շատ չի տարբերվում Գագիկ Ծառուկյանից, բայց ավելի անխոցելի է. նրա բիզնեսները Հայաստանում չեն, ուստի կորցնելու բան ավելի քիչ ունի։ ՈՒ բացի այդ, Արա Աբրահամյանը, ի տարբերություն ԲՀԿ նախկին նախագահի, այնուամենայնիվ, ինչ-որ կապեր, շփումներ ՌԴ նախագահի վարչակազմի հետ ունի։ ՈՒ այնքան էլ հեշտ չի լինի նույն ոճով ջախջախել Արա Աբրահամյանին, ինչպես մեկ տարի առաջ՝ Գագիկ Կոլյաևիչին։
Վերադառնալով Արթուր Բաղդասարյանին՝ նշենք, որ այս գործիչը շատ ձեռնտու է Սերժ Սարգսյանին, հատկապես Արա Աբրահամյանի հետ խաղերում։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Արթուր Բաղդասարյան և «Օրինաց երկիր» քաղաքական նախագծերը հենց Սերժ Սարգսյանի՝ դեռևս իննսունական թվականների նախաձեռնությունն են։ Ինչ էլ Արթուր Բաղդասարյանն իր բավականին բարդ ու փոփոխական քաղաքական կարիերայի ընթացքում արել է, այնուհանդերձ, կապված է եղել ՀՀ ներկա նախագահի հետ, ինչ մանևր էլ արել է, ի վերջո վերադարձել է դեպի նա։
Արա Աբրահամյանի գործոնը, բնականաբար, այնքան էլ հաճելի չէ Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս շատ լավ հասկանում է, որ ռուսաստանաբնակ գործարարի միջոցով իր վրա վերահսկողություն է սահմանվում, ու ցանկացած պահի, եթե ռուսաստանյան վերնախավում ինչ-ինչ ծրագրեր փոխվեն, Արա Աբրահամյանը կարող է վերածվել Բիձինա Իվանիշվիլու։ Այս պարագայում իշխանական խարդավանքների հսկայական փորձ ունեցող ՀՀ նախագահը, իր բազմամյա քաղաքական ձեռագրին հարազատ մնալով, սեփական «խմբակցությունն» է ձևավորում Արա Աբրահամյանի ապագա հնարավոր քաղաքական ներկայությունում՝ այդպիսով վերահսկողություն սահմանելով այդ թիմում։ ՈՒ պատահական չէ, որ մի քանի օր առաջ մամուլում հայտնվեցին լուրեր, թե Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը բոլորի աչքից հեռու հանդիպել և երկար խոսակցություն են ունեցել։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա հավանաբար վերջինիս դերակատարումը դեռ հստակեցված չէ։ ՀՀ իշխանությունում առայժմ չեն կարողանում հասկանալ՝ ինչ անել ԲՀԿ-ի հետ։ Այն շուրջ մի տարի է, ինչ դիտարկվում է որպես Հովիկ Աբրահամյանի պրոյեկտ, մինչդեռ այսօր արդեն նկատելի է, որ ՀՀ վարչապետը Բաղրամյան 26-ի ֆավորիտների թվում չէ։ ՈՒստի քաղաքական այս թևը որպես երկրորդ ուժ դժվար թե դիտարկվի։ ԲՀԿ-ն այս պահին օդից կախված կարգավիճակում է, և այդ անորոշությունից նույնիսկ լուրջ ներկուսակցական տարաձայնություններ են սկսվել իշխանությունների հետ կոալիցիա մտնել-չմտնելու հետ կապված։ Վերջին ներքաղաքական գործընթացներից հիասթափված ԲՀԿ-ականները սկսել են բացահայտ արտահայտվել։ Մասնավորապես, շատ խոսուն էր Միքայել Մելքումյանի հայտնի խորհրդարանական ելույթը, որտեղ նա զարմանք էր հայտնում, թե ինչպես կարող են 5-հոգանոց դաշնակցությանն առաջարկել կոալիցիա կազմել, իսկ ԱԺ-ում 30 անդամ ունեցող խմբակցությանը՝ ոչ։ ԲՀԿ-ի հարցը բաց է, քանի դեռ նախագահական նստավայրում վերջնականապես չեն լուծել այս կուսակցության քաղաքական ապագայի, քաղաքական կոնֆիգուրացիայում նրա դերակատարության, իսկ ավելի կոնկրետ՝ Հովիկ Աբրահամյանի խնդիրը։ ՈՒ չի բացառվում, որ մինչև այդ հարցը լուծելը ԲՀԿ-ն փլուզվի։ Պատահական չէ, որ ԲՀԿ կողմից նյարդային դրսևորումներ ցուցադրելուց հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանն ուղղակի հեգնանքով հայտարարեց՝ համբերեք, բոլորիդ էլ առաջարկներ կլինեն։
Ցանկացած քաղաքական ուժ ընդհանուր քարտեզի մեջ իր դերակատարությունը պետք է ունենա։ Դաշնակցությունը, այլ հայտնի դրդապատճառներով հանդերձ, Սերժ Սարգսյանին հիմնականում անհրաժեշտ էր սեփական կուսակցության ներսում առկա տարբեր թևերը վերահսկելի դարձնելու, վերահսկիչ փաթեթն իր ձեռքում պահելու համար։ Բացի այդ, դաշնակցությանը յուրային դարձնելով՝ Սերժ Սարգսյանը խարխլեց Ռոբերտ Քոչարյանի փաստացի վերջին հնարավոր քաղաքական և քիչ թե շատ կազմակերպված հենարանը։ ՕԵԿ-ն իր ռեբրենդավորված ղեկավարով հանդերձ երկրի նախագահին այսօր անհրաժեշտ է՝ հիմնականում ամբիցիոզ Արա Աբրահամյանին ներսից վերահսկելի դարձնելու համար։ Իսկ ԲՀԿ-ի պիտանիությունն այս պարագայում ապագա ծրագրերում առայժմ չի ուրվագծվում։
Երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակին այսօր հավակնում են նաև արևմտամետ դրոշով ներկայացող, այսպես ասած, ազատական ուժերը, որոնք արդեն մի քանի անգամ ակնարկել են, որ կարող են հանդես գալ ընդհանուր դաշինքով կամ ցուցակով։ Ի դեպ, վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իշխանությունն ընդհանուր առմամբ և իշխանական էլիտայի առավել շահագրգիռ մի հատվածը մասնավորապես, հետաքրքրված են նման շարասյան առկայությամբ, մի կողմից ցույց տալու համար, որ Հայաստանում կա եթե ոչ ուժեղ, ապա գոնե գործունյա աշխարհաքաղաքական վեկտոր, որի դեմ Հայաստանի իբր միանշանակ ռուսամետ իշխանությունը միշտ պետք է պայքարի։ Մյուս կողմից էլ իշխանական քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների համար «ազատական լեգեոնը» կարող է հանդիսանալ «ռեզերվային հենարան»՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական, առայժմ դժվար կանխատեսելի ու հաշվարկվող սցենարների պայմաններում: Այս գաղափարն ակնհայտորեն բավականին հետաքրքիր է Բաղրամյան 26-ի որոշ «պրոյեկտ» մենեջերների և քաղաքական տեխնոլոգների համար։ ՈՒստի այս ուժը նույնպես կունենա ինչ-որ մի, բայց ոչ վճռորոշ տոկոս խորհրդարանում։ Այս թևի մեջ կարող են մտնել «Ազատ դեմոկրատները», «Ժառանգության» ինչ-որ բեկորներ, ասենք` Թևան Պողոսյանի տեսքով, այսօրվա ՀՀՇ որոշ դեմքեր, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը և Լևոն Զուրաբյանը, անհատ գործիչներ Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը, դրսում սովորած և լրատվամիջոցներում լավ շրջանառվող փորձագետները և այլն։ Որոշ շրջանակներում դիտարկվում է նաև այդ ցուցակն Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանով» համալրելու տարբերակը:
Ամեն դեպքում խորհրդարանական երկրորդ ուժի համար մրցավազքը զուտ ներքաղաքական պայքար չէ, այն ոչ պակաս արտաքին քաղաքական երանգներ պարունակող գործընթաց է, ինչը բավականին ինտրիգային զարգացումներ է խոստանում, ոչ պակաս, քան կայուն մեծամասնություն ձևավորելու պրոցեսը:

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ