2008-ի փետրվարի 29-ի մարտի 1-ի գիշերվա իրադարձություններից անցավ 8 տարի՝ հազարավոր բաց ու փակ էջեր գրվեցին, իսկ պատմությունը մնաց բաց: Մարդկային հիշողությունը տարողունակ է, բայց ոչ համապարփակ, երբեմն հիշում ես միայն այն, ինչ ամենամեծ ցավը կամ ամենամեծ հրճվանքն է պատճառել, բայց մոռանում ես ամենակարևորը՝ ինչո՞ւ: 2008-ի մարտի 1-ին հաջորդած իրադարձությունները վկայեցին, որ ընտրովի հիշողությունը ոչ միայն մարդկային, այլև քաղաքական կատեգորիա է: Հետո կգրեն՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերը ցրելիս բախումներ եղան իրավապահների և ցուցարարների միջև, որ հանգեցրին զանգվածային ձերբակալությունների: 10 մարդ զոհվեց (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ), 200 մարդ վիրավորվեց։ Ոչ սպանվածների, ոչ վիրավորների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազենից, 3-ը զոհվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցներից վիրավորվելու պատճառով, որն օգտագործել են միանշանակ իրավապահ մարմինները: 100-ից ավելի ընդդիմադիրներ կալանավորվել են և դատարանի առաջ կանգնել։ Նրանք մեղադրվել են կեղծ մեղադրանքների հիման վրա և դատապարտվել քաղաքականացված դատավարությունների արդյունքում։ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծվեց փաստահավաք հանձնաժողով, նաև՝ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Երկուսի գործունեությունն էլ որոշակի փուլից կասեցվեց: Հետո ՀԱԿ-ը նորից փորձեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, 2012-ի դեկտեմբերի 3-ին ՀԱԿ խմբակցության և ՀՀԿ խմբակցության փոխհամաձայնությամբ քվեարկությունը հետաձգվեց մեկ տարով: ԱԺ կոալիցիոն ուժերը ձախողեցին հանձնաժողովի ստեղծումը՝ 66 դեմ, 46 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ։ «Ովքեր կարծում են, որ շոուներ անելու ժամանակն է, սխալվում են: Մենք ուսումնասիրել ենք երեք հանձնաժողովների աշխատանքները և նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը»,- քվեարկությունից առաջ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2011-ի դեկտեմբերի 23-ին հրապարակեց պաշտոնական վարկածը` զոհված քաղաքացիական անձինք ներկայացված են որպես ապօրինի գործողություններ կատարողներ, որ զոհվել են հենց այդ պատճառով, ոստիկանների մահվան մեջ մեղադրվեցին ցուցարարները: ՀՔԾ-ն որակավորել էր իրադարձությունները զանգվածային անկարգություններ և քրեական գործ էր հարուցել 2008-ի մարտի 1-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու մասնակիցների կողմից բռնություն գործադրելու, ջարդ և հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու և վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելու և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրելու փաստերի առթիվ:
Փետրվարյան եռացող Հայաստանի, հատուկ դրության, հետընտրական մթնոլորտի, դատավարությունների, կուսակցությունների դիրքորոշումների ու կոալիցիայի մասին չհիշեցնեմ: Ի վերջո, բոլոր կոալիցիաներն էլ (2003-ի, 2007-ի, 2008-ի, 2012-ի, նաև՝ 2016-ի) բխել են իշխանության մեջ քաղաքական այս ու այն կոնֆիգուրացիան ստանալու անհրաժեշտությունից ու անհրաժեշտության բերումով էլ քանդվել են: Պատմությունը ցույց է տվել, որ բոլոր կոալիցիաները ծառայել են պաշտոնների ու ազդեցության ոլորտների վերաբաշխմանը: 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի կոալիցիան, թերևս, ամենաանընդունելին էր: Ձգված ժպիտներով, շամպայնի գավաթների զնգոցի տակ քաղաքական դաշինք կնքող կուսակցությունները փորձում էին քաղաքականապես փակել մարտի 1-ի էջը: Նախորդած իրադարձությունները ՀՅԴ-ին իշխանության հետ գործակցելուց հետ չպահեցին, բայց կոալիցիայից դուրս բերեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Իսկ օրերս ՀՀԿ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիր կնքած ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ 1994-ից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել: Փաստորեն՝ այդ կատեգորիան էլ է «սեփականաշնորհվում», եթե ոչ ՀՅԴ-ՀՀԿ տեսակետների բացարձակ ձուլում է սկսվում, որ, ամեն ինչից բացի», նշանակում է քաղաքական ամնեզիա՝ անբուժելի ու անբնական:
Ինչո՞ւ հնարավոր դարձավ մարտի 1-ը, կկանխվե՞ր իրադարձությունների հենց այդ զարգացումը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գար Ֆրանսիայի, Իտալիայի ու Ռուսաստանի Դաշնության դեսպանատների հատույթում, Մյասնիկյանի արձանի շրջակայքում կուտակված ցուցարարների կանչով: Վստահ եղեք, որ նրա ներկայությունը ոչինչ չէր փոխելու: Նա կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը: Փետրվարի 27-ից, երբ հրաժարվեց նախագահական առաջնորդել Հանրապետության հրապարակի իշխանական հանրահավաքից «Լևոն նախագահ» բացականչելով Ազատության հրապարակ եկած հազարավոր ցուցարարների: Նա սխալվեց՝ հաշվարկելով, որ Ազատության հրապարակում իր կողմնակիցների երգ ու պարի տակ իշխանական բուրգը կկազմաքանդվի: Իսկ բուրգը սկսել էր ճաքեր տալ՝ լուրջ ճաքեր: Նա կարծում էր, որ բանակը դուրս չի գա ժողովրդի դեմ, եթե իրեն աջակցում են երկու փոխնախարարները, բայց սխալվեց։ Փետրվարի 21-ին ԿԸՀ երկու ընդդիմադիր անդամներ հայտարարեցին, որ չեն ընդունում արդյունքները։ Մեկ օր անց հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը` որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ: Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատապարտեց ընտրությունները` կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը պնդում էր, որ իշխանությունները համարձակություն չունեն ցույցերը ցրելու։ Հրաժարական տվեցին հայտնի դիվանագետներ: Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50000-ի, հետո` 100000-ի և ավելիի։ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ: Ոստիկանությունը պատրաստակամություն հայտնեց «ձեռնարկել վճռական գործողություններ հասարակական կարգուկանոնը խախտելու և իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի դեմ և կանխել ծայրահեղական ցանկացած դրսևորում` մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար»։ Իսկ մարդիկ տուն չէին գնում: Առաջին նախագահն ասում էր, որ չի վախենում ձերբակալությունից կամ քաղաքական սպանությունից, և եթե իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի պատվերով իրեն ոչնչացնեն, միայն կնպաստի քաղաքական կառույցի արագ ոչնչացմանը։ Դա, իհարկե, հռետորական հայտարարություն էր: Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանեցին և երկրապահները, և Ռուսաստանի իր հովանավորները, և սեփական հաշվարկները, որ երկրորդ նախագահը կրակելու հրաման չի տա: Ռոբերտ Քոչարյանն այդ հրամանը վաղուց, շատ վաղուց էր մտքում տվել՝ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակներից, երբ փայլուն ձախողվեց ԲՀԿ-ի մեծամասնություն ստանալը և նախագահական ժամկետի ավարտից հետո իր վարչապետ դառնալը: Մարտի 1-ը նրա պատասխանն էր ոչ թե հրաժարականից 10 տարի անց քաղաքական ասպարեզ շռնդալից վերադարձած առաջին նախագահին, այլ՝ պաշտոնավարումը սկսող երրորդին: Հոկտեմբերի 27 տեսած Ռոբերտ Քոչարյանի համար մարտի 1-ը կարևոր էր նույն սկզբունքով՝ շոկ և շոկային թերապիա, որտեղ ոչ ոք մտածելու ժամանակ չունի, իսկ ինքն ունի գործելու հնարավորություն: Վերջապես՝ նա 2004-ի ապրիլի 12-ի փորձն էլ ուներ, երբ մի քանի օր լվանում էին Բաղրամյան փողոցը, իսկ արյան հետքերը ծառերի տակ, մայթերին, հարակից նրբանցքներում չէին անցնում: Սերժ Սարգսյանի նախագահության արյունոտ մեկնարկը Ռոբերտ Քոչարյանի նվերն էր նրան: Հարկադրաբար թույլ, լեգիտիմության պաշար չունեցող նախագահի պարագայում՝ իր ստվերային իշխանության անսահմանափակության հեռանկարով: Հենց այդ պատճառով հայ-թուրքական արձանագրություններն ու անակնկալ Սարգսյան-Գյուլ «ֆուտբոլային դիվանագիտությունը» նա երբեք չընդունեց: Բոլորին այսօր թվում է, որ այդ դիվանագիտությունը ձախողվեց, իրականում գործընթացն ուներ ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներ: Ներքինը լուծեց փայլուն: Եթե հիշում եք՝ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի ցանկանում խանգարել հայ-թուրքական երկխոսությանը ու հանրահավաքներում ընդմիջում վերցրեց: Ապրիլի 9-ի անձրևոտ օրը կարմիր գորգով երկար ու մենակ քայլող Սերժ Սարգսյանը իր երդմնակալության օրն արդեն գիտեր, որ երկրորդ նախագահի ռևանշը չի կայանալու: Փակված լրատվամիջոցները, հատուկ դրությունը, արտաքին աշխարհի առաջ խոցելիությունը նա հաղթահարելու էր արտաքին «թշնամու» միջոցով: Իշխանական լծակներն այլևս իր ձեռքում էին և նա կարողացավ իրավիճակը շրջել իր օգտին: Դատավարությունները փոխեցին պայքարի առանցքը՝ ո՞վ էր իշխանափոխություն պահանջում, քաղբանտարկյալների ազատ արձակումն էր օրվա խնդիրը: Ժամանակը միանշանակ աշխատում էր նրա օգտին: Հետո սկսվեց ՀՀԿ-ի համար հաղթական, ՀԱԿ-ի համար ձախողված երկխոսությունը՝ կոալիցիոն ուժերի ու ՀԱԿ-ի միջև, որ վերջնականապես փոշիացրեց հասարակական ընդդիմությունն ու սպասումները: Լևոն Տեր-Պետրոսյանն անկասելի կորցնում էր Ազատության հրապարակը: Մարտի 1-ի էջը այդպես էր «փակվում», ոչ թե փաստահավաք առաքելության կասեցմամբ կամ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովով, որի խնդիրը հասարակական լիցքաթափումն էր՝ ներքին և հատկապես՝ միջազգային կառույցների առաջ: Իր երկրորդ ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն չուներ մարտի 1-ի խնդիրը: Բայց մարտի 1-ը նա չմոռացավ: Եթե կատարվեցին սահմանադրական փոփոխություններ, որոնց անհրաժեշտության հիմնավորումներից մեկը հետընտրական իրավիճակները բացառելն էր, եթե Հայաստանում վերացվեցին նախագահական ուղիղ ընտրությունները և սահմանափակվեցին նախագահի լիազորությունները խորհրդարանական կառավարման շրջանակներով, նրա պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանին, ու՝ մարտի 1-ի էջը փակելու յուրօրինակ փորձ էր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ես հեշտ եմ գրում ու արագ, այս անգամ՝ չէր ստացվում, հիշողությանս մեջ ամայի Երևանն էր, երբ գիշերն աշխատանքի բերումով խորհրդարանում անցկացնելուց, ԱԺ հատուկ նիստից հետո առավոտյան 6-ին տուն էի գնում: Այրված ավտոբուսը, փայտերի, շշերի կտորտանքները, խեղդող խանձահոտը և անտարբեր լուսաբացը, խելահեղ տագնապն ու ցավը խրվել են հիշողությանս մեջ ու չեն խունանում: Հետգրությունը ես չեմ գրելու, գրելու են նրանք, որ ի պաշտոնե պիտի բացահայտեն մարտի 1-ի սպանություններն ու գտնեն մեղավորներին: Ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանը ԱԺ փակ լսումներում, ինչպես հետո պատգամավորներն էին վկայում, ասել էր, որ կրակելու հրամանը տվել է նախագահը՝ ուրիշ մարդ չկար, որ նման հրաման տար: Բայց ընդունեք, որ կրակողը Ռոբերտ Քոչարյանը չի եղել, գուցե իրավապահներն էլ չեն եղել, գուցե բանակն էլ չի եղել (ոչ ՀՀ-ի, ոչ ԼՂՀ-ի), բայց ինչ-որ մեկը եղել է, որ կատարել է հրամանն ու մինչ օրս ունի անձեռնմխելիության իմունիտետ: Անգամ այս հարցերի պատասխանը մարտի 1-ի էջը չի փակի՝ մահվան էջը հնարավոր չէ փակել, նույնիսկ եթե գտնվեն ու ցմահ դատապարտվեն մարդասպանները: Քաղաքական է մարտի 1-ի էջը, ու այդ էջը գրողները շարունակում են մնալ քաղաքական ասպարեզում՝ այն օրերին ԵՄ դեսպաններին հատուկ դրության ու կատարվածի հիմնավորումները բացատրող Վարդան Օսկանյանից սկսած, որ ուզում է կուսակցություն ստեղծել, մինչև Ռոբերտ Քոչարյան, որ հարցազրույցներ է տալիս ու հանգամանքների մեխից կախում իր վերադարձը: Եվ՝ քաղաքական ուժեր, որ նորից ու նորից համագործակցում են միմյանց հետ կամ կոալիցիաներից դուրս մնում: Կրկեսը կա ու կա, ի՞նչ կրկես՝ առանց ծաղրածուի, իսկ մենք մնում ենք հանդիսատես, որ չի ունեցել ու չունի անձեռնմխելիության իմունիտետ: