«Ծննդյան տոներից երկու օր առաջ Ռուսաստանը, առանց գովազդելու, Հայաստանի հետ ստորագրեց մեծ համաձայնագիր հակաօդային պաշտպանության մասին,- գրում է Forbes-ում Ադամ Էրելին՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալն ու ԱՄՆ-ի նախկին դեսպանը Բահրեյնում:- Համաձայնագիրն արագացրեց ՌԴ ռազմական ներկայության մեծացումը Հայաստանում, և դա ամենանկատելի ազդանշանն է, որ Պուտինը նոր պետություն-սատելիտ է ձեռք բերում ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ու սպառնում է ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակից Թուրքիային: Զինուժի այդ մեծացումը գլխավոր տարրերից մեկն է, որով Պուտինը ձգտում է գերակայություն ստանալ տարածաշրջանում: Հայաստանը սահմանակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Վերջին 6 ամիսներին ռուսական զինուժի և զենքի ներկայությունը Հայաստանում մեծացել է: Ինչո՞ւ ենք մենք լռում Թուրքիայի նկատմամբ այդ անթաքույց ագրեսիայի առաջ: Ինչո՞ւ մենք չենք դատապարտում Հայաստանին, որ հանդիսավորությամբ ընդունում է Պուտինի հարվածային զինուժը: Թուրքիան առանցքային դաշնակից է ԻՊ-ի հետ գլոբալ պայքարում և այն քիչ երկրներից է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում, որ բազաներ ունի ԻՊ-ի ռազմավարական հենակետերի մոտ: Հայաստանը սահմանակցում է ԱՄՆ-ի երեք առանցքային դաշնակիցների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում դաշույն է ՆԱՏՕ-ի սրտին, մինչդեռ հայ-ռուսական ալյանսն ամրապնդվում է: ԱՄՆ-ի ղեկավարները բանակցությունները պետք է վարեն ուժի դիրքերից, փոխարենը մենք համակերպվում ենք Պուտինի ուժի բացահայտ ցուցադրությանը: XX դարի պատմությունը սովորեցնում է, որ դա վատ վերջաբան է ունենում»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Կարճ-կոնկրետ ու ինչքան՝ վիճելի: Ակնհայտ է, որ Ադամ Էրելին պարզապես աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է Թուրքիայում ու բացարձակապես չի ուզում քննարկել Թուրքիա-ԱՄՆ հակասությունները Սիրիայի հարցում, քրդերի ու ԻՊ-ի դեմ պայքարի առանձնահատկությունները, նաև՝ Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանում: Նվազագույնը տարօրինակ է նաև, որ եթե Ադրբեջանը ԱՄՆ-ի «առանցքային դաշնակիցն» է, Կոնգրեսում ինչո՞ւ է օրինագիծ շրջանառվում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցով: Բայց ամենատարօրինակն այդքան տեղեկացված մարդու զարմանքն է, որ ձևակերպվել է «Պուտինի ամենանոր սատելիտ պետությունը» վերնագրով, ընդունեք, որ այդ «ամենանորը» հաճոյախոսություն է մեր հասցեին: Գուցե Ադամ Էրելին կարդացել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը ու վախեցել, որ այսօր-վաղը Հայաստանը հարձակվելու է Թուրքիայի, ուրեմն՝ ՆԱՏՕ-ի վրա, և հաղթելու է: Իսկ ընդհանրապես, նման արձագանքը նույնիսկ ուշացած է ու շատ մեծ խոսակցության դուռ է բացում՝ վտա՞նգ, թե՞ անվտանգություն է ապահովում ռուսական զինուժը Հայաստանում՝ Հայաստանի համար: