ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դևի ջանգյուլումը դժոխքի դռանը (մայրամուտը արևածագին)

Դևի ջանգյուլումը դժոխքի դռանը (մայրամուտը արևածագին)
26.02.2016 | 00:17

Սև, ահասփյուռ ջիպը ճռռոցով կանգ առավ դպրոցի դիմաց։ Սկզբում իջավ արբշիռ հարթությունը, նրա հետևից` երկու սևազգեստ, հսկայամարմին հաստավիզները...
«VERTU», Արամ ԱՐՍԵՆՅԱՆ


ԿԱՐՄԻՐ ՈՒ ՍԵՎ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ
(տրագիֆարսիկ նախերգանք)
Հարկավ, ՀՀ տնտեսական կյանքում մի մեծ բացթողում կա, որն անհապաղ պիտի շտկել։ Այսպես, սև ժապավեններով զինված ՀՀ տնտեսության ներկա վարդագույն վիճակի բոլոր պատասխանատուները պետք է խանութ առ խանութ անցնեն, որոնց դռներին փակցված է «ликвидация» մոգական հնչեղ բառը, և կազմակերպեն սգո հանդես։ Թող որ հնչի Օգինսկու նշանավոր «Պոլոնեզը»։ Եվ թող որ ալ կարմիր վարդերի վառ փնջերը զարդարեն լիկվիդացված հայոց փոքր ու միջին ձեռնարկությունների թարմ «շիրիմները»։
Մի խոսքով, որոտում են պնդակաշի թմբուկները, ու մոխրագույն կարկուտ է տեղում։
Սակայն արդյո՞ք ժամանակը չէ շիտակ սրտով և կամքով արի կարդալու նորհայկական մեծագույն խոցի` փաշայաբոշայական դաշինք օլիգարխիայի դամբանականը։ ՈՒշացել ենք, բայց ճարներս ի՞նչ, կա՞ այլընտրանք։ Հարկավ ո՛չ։

ՏԵՂԱԶՆՆՈՒՄ` ՎԱՍՆ ԲՅՈՒՋԵԻ
(խեղված կատակներ)
Սակայն արդյոք ժամանակը չէ՞ շիտակ սրտով և կամքով արի կարդալու նորհայկական մեծագույն խոցի` փաշայաբոշայական դաշինք օլիգարխիայի դամբանականը։ ՈՒշացել ենք, բայց ճարներս ի՞նչ։

ՀԷՑ-ի ֆինանսական - հունվարյան ահաբեկչությունից վիրավորվելն ու վրդովվելը ամոթ ու խայտառակություն է։ Զի ՀԷՑ-ը օլիգարխիկ մարմին է։ Օլիգարխիայի ոտնձգություններից վիրավորվելը նույնն է, թե վիրավորվես հավաբնում ահաբեկչություն իրականացնող աղվեսից։ Այսինքն` սույնը մեծագույն, այն էլ քաղցկեղածին խոց է մեր նորամանուկ հանրապետության լանջաբաց մարմնի վրա։ Խոցը մի՞թե բուժելի չէ։ Բուժելի է, սակայն միայն վիրահատությամբ։ Նախ պետք է ի ցույց դնել (գամելով Վասակ Սյունեցու անվան անարգանքի համապետական սյունին, որը պետք է տեղադրել Ազատության հրապարակում, Թումանյանի հուշակոթողից ձախ) հայկական օլիգարխիայի ճշմարտաբերան ճառաբան և էկոնոմնախարար Կարեն Ճշմարիտյանին, ով կայենաբար հայտարարում էր (դա վերջերս է տեղի ունեցել), որ պետությունը չի պայքարելու մենաշնորհների դեմ։ Հանրապետությո՞ւնը խոսեց Կարենի բերանով։ Հարկավ։ Սակայն նույն այդ Կարենը ճշմարտախոս մի բան ևս շեփորեց, եթե քաղաքացին իր մաշկի վրա չի զգում տնտեսական աճը, ապա նա մաշկի խնդիր ունի։ (Մաշկի նրբություններին անծանոթ եմ, լավագույն դեպքում` Աշտարակի կարասի կարմիր գինու հետ ճաշակում եմ արդար յուղով տապակած հայրենական հավի դարչնակարմիր կաշին)։ Երկիրը ունի արժանապատվության խնդիր, որի պակասը պիտի լրացնել նման «մաշկաբանների» արտաքսմամբ` պետական կառավարման ապարատից։ Մի խոսքով, ՀԷՑ-ը դարձել է հակապետականության ներկա խորհրդանիշը, օլիգարխիայի պատժիչ մեքենան, որի դիվային վայրագության առջև, հավատացեք, տղայական խենթ արարքներ են և՛ օվալաձևում դասականացված հայհոյանքի մշակույթը, և՛ բյուջեի գրպանահատային կողոպուտը` նրա պահպանություն կոչված պետայրերի կողմից, և՛ ստորացուցիչ բարերարությունը` լավաշ հացի նվիրաբերման կամ էլ թեկուզ սահմանամերձ գյուղի սահմանային տան ռմբահարված տանիքի կարկատմամբ։ Եվ գիտեք, թե ինչու։ Զի ՀԷՑ-ը բառացիորեն ծնկի է բերում երկրի քաղաքացիներին` պարբերաբար հարվածելով գոտկատեղից վար, սա է, եղբայր, 2015-ի ամռան կառավարության և իշխանաց խոստում-հավաստիացումների իսկությունը` մենք ներխուժել ենք ձեր գրպանը, կորզել ենք հենց այնքան, որքան համարել ենք անհրաժեշտ և շարունակելու ենք կողոպուտը։ Հաշվիչ սարքերն են այսօր դարձել զանգվածային գրպանահատության մշտարթուն ելուզակները, անհրաժեշտ լինի, փետրվարի սպառած 5 հազար իրական ծախսի փոխարեն կվճարեք 50 հազար դրամ։ ՈՒ մի՞թե պատահական է Երվանդ Զախարյանի երևակումը էներգետիկայի նախարարի պաշտոնում, չէ՞ որ նաև նրա անվան հետ է կապված էներգետիկ ահաբեկչությունը 1991-94 թվականներին։ Նրա «պատվանունը», անշուշտ, պատահականություն չէր, «Մազութի Երվանդ» և, անկասկած, օրինաչափ էր, որ էներգետիկ ահաբեկչության ուսումնասիրությամբ զբաղվող հեղինակավոր հանձնաժողովը հասցրեց քննել ընդհանուր խոտորումների ընդամենը տասը տոկոսը, հայտնաբերելով ընդամենը 10 մլն դոլարի վատնում։ Իսկ, կներեք, ե՞րբ է ուսումնասիրվելու և ժողովրդի դատին հանձնվելու մնացած 90 տոկոսի ավարառությունը։

Պարզամիտներին հուշեմ, որ փետրվարի 12-ին հնչած ՀՀ նախագահի ելույթը հերթական հանդարտեցնող, ոմանց մոլագար կրքերը մարող շրջաբերական չէ, առավել ևս քաղշահարկման հերթական խաղադրույքը չէ։ Այն ուղերձ է ամենեցուն` քանզի ամփոփում է մեր քսանհինգամյա պետականաշինության անխտիր բոլոր խառնակությունները և կոչում է դրանց վերացմանը։ Այն թավշյա ձեռնոց է` նետված և՛ պետականաշինարարներին (իմա` ՀՀ քաղաքացիներին, սահմանամերձ համայնքների բնակիչներին, «Это вам не Майдан, это Маршал Баграмян» զարթոնքի ասպետներին և հլության ժանգաբույր ճահճում գասպարավարի լող տվող մտավորականությանը) և՛ քանդարարներին (իմա` օլիգարխիային, բարձրավոլտ ցինիզմի մեջ խեղդվող վարչական վերնակույտին և, վերջապես, թաղային-քաղաքականացված տականքին)։ Ով առաջինը կվերցնի այս ձեռնոցը։ Ով առաջինը վերցրեց, նա էլ շահելու է։

Արծվիկ Մինասյանը կոալիցիոն դաշնության ապագայի տեսլականը հրովարտակեց, պետության կայացման հիմնասյունը, ըստ էության, օլիգարխիայի ուծացումն է։ Բառերն այնքան հնչեղ չէին, բայց իմաստը այս էր։ Ճանապարհը ո՞րն է։ Ահավասիկ, տեղեկացնում եմ, որ վերնակույտը (օլիգարխիան առաջին հերթին, այնուհետև նաև վարչական-վայրագ գլխադասը) ենթակա է անհապաղ կարճաժամկետ կալանավորման։ Ինչպե՞ս, գոչում են ազնվասիրտ ընթերցողներս։ Տեսե՛ք, նրանք ավանդույթ ունեն, սրբագրված երդմամբ և ժամանակի ընթացքում լիովին թրծված` չմուծել պետական հարկն ու տուրքը, այսինքն` պարտք մնալով երկրին, պարտքի տակ կքել ժողովրդին։ Տեսեք, եթե խոշոր մի սեփականատեր էլեկտրաէներգիայի վարձը համառորեն չի մուծում (ավանդույթը դա արգելում է), ապա, դիցուք, 1 մլն դրամը պետք է ժողովրդավարորեն բաշխվի ժողովրդի (իմա` հասարակ քաղաքացի մահկանացուներիս) վրա։ Գաղտնի՞ք եմ քողազերծում։ Բնավ։ Զի այս ամենը հասու է և՛ Բաղրամյան 26-ին, և՛ Բաղրամյան 13-ին, նաև, անշուշտ, կառավարական տանը։ Բայց չէ՞ որ օլիգարխիան և վարչական վերնադասը արմատական համառությամբ շրջանցում են պետական գանձարանը։ Է՜, մինչև ե՞րբ։

Լավ, բավ է, քանզի ճիշտ ժամն է, որ համաժողովրդական ցասմամբ պահանջենք հարազատ իշխանություններից, որ մանրազնին տեղազննեն հայոց օլիգարխիայի և հայկական վարչական վերնակույտի անխտիր բոլոր հարկատուրքային պարտավորությունների կատարումը հանրապետության առջև։


ԱՀԱՍՓՅՈՒՌ ՃՌՌՈՑ ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
(վերջնագիր)
Պատվարժան գրական մշակ Արամ, այն էլ Արսենյան, ինչ կարող ենք անել ջիպակիր դևերի հորդայի դեմ։ Ահավասիկ մայրաքաղաք Երևանի հիշողության հերթական խնկաբույր մասունքն է ջախջախվում Ամիրյան փողոցում։ Այսինքն, դևը չի հանդարտվում։ Հերթական զոհը, ուզենք թե չուզենք, օպերային թատրոնն է և Մատենադարանը։ Ի՞նչ անել, ծնրադիր աղոթել ի բարօրություն դևերի՞, թե՞ ազգովին զինվել մոլոտովյան կոկտեյլներով։ Նախ` եկեք աղոթենք, որ հայոց վերնադասը ազատվի չարքի հալածանքից և դադարի հոշոտելուց քաղաքն ու երկիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ