Սերժ Սարգսյանի անունը ՀՅԴ-ն իր պատմության էջերում պետք է գրի ոսկե տառերով:
Ոչ այն պատճառով, որ քաղաքագիտական մեծ քրեստոմատիա կա նորանկախ Հայաստանի երրորդ նախագահի և Առաջին հանրապետության հիմնադիր կուսակցության միջև, որպես Երրորդ հանրապետության ԱԱԾ-ի և ահաբեկչության, հայրենիքի «դավաճանության» համար դատապարտվածների էպոպեա, քանզի կա հայտնի արտահայտությունը` «ով անցյալը հիշի, աչքը դուրս գա»:
Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի նկատմամբ իր այս մոտեցմամբ կատարեց մի քայլ, որը, կոդային լինելուց զատ, խիստ պատմական էր. նա փաստացի հերքեց, քանդեց ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչ, հայոց առաջին վարչապետ Քաջազնունու` ՀՅԴ-ի համար բանադրանք դարձած ու անվերջ հետապնդող «թուղթուգիրը». «Դաշնակցությունն այլևս անելիք չունի Հայաստանում»: ՈՒ եթե սրան էլ գումարում ես հաջորդ «կոդը», այն է` դաշնակցությունը կրկին անելիք է ունենում ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական հանրապետությունում, խորապատկերն ամբողջանում է: Սակայն` անչափ մեծ, անընդգրկելի, նաև նրբագեղ մեկ հավելմամբ: Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի անունը ոչ միայն պետք է ոսկե տառերով գրի իր պատմության էջերում, այլև պետք է ամեն օր ծնկի ու շնորհակալության ծես կատարի վասն յուր` խիստ քաղաքագիտական պատճառներով: Նաև` քաղաքական:
Քանզի Ռոբերտ Քոչարյանը, որ քիչ բան չի արել դաշնակցության համար, հանելով վերջիններիս բանտից, այնուհանդերձ, երկու կետով «զարկեց» դաշնակցականներին` չարժանանալով նրանց պատմության գրքում «գրվելու» պատվին.
ա) Նրանց չարդարացրեց, և ընդամենը «իրադրության փոփոխության պատճառով» դուրս բերեց բանտից. ընդ որում, այնտեղ թողնելով ամեն րոպե դետոնատորի ներուժ և հզորություն ունեցող Արսեն Արծրունուն և Արմենակ Մնջոյանին:
բ) Երբեք ՀՅԴ-ին չդարձրեց իր քաղաքական հենարանը, ինչի թախանձագին ակնկալիքն ուներ դաշնակցությունը։
Հիմա Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի գլխից հանում է «ահաբեկչի» փշե պսակը` տեղադրելով ՀՀԿ-ին համահավասար` իր հենարանի «թագը»:
ՈՒ պահը, պատմական լինելուց զատ, նաև հոգեցունց է. եթե չլիներ Սերժ Սարգսյանի այդ քայլը, ապա քաղաքականապես լիարժեքորեն, այլևս և երբեք որևէ բանի, անգամ «ահաբեկչութան» անընդունակ «դաշնակչութունը» հայոց պառլամենտ մտնելու իր անզորությունը չէր հաղթահարելու, քանզի վերջինիս էլիտայի և շարքերի, ներսի ու դրսի կառույցների միջև առկա անհամաձայնություններն այնպիսի նիշի էին հասել, որ Կռիլովն անգամ անզոր կլիներ այդ բզկտիչ վիճակը խորապատկերել:
ՈՒ հիմա, փաստորեն, այն, ինչ չհաջողվեց Կռիլովին, հաջողվել է Սերժ Ազատիչին. այն է` համախմբել նաև դրսի և ներսի դաշնակցությանը (երրորդ նախագահի համար ժամանակի և տեխնիկայի խնդիր է, ինչի ականատեսը կլինենք առաջիկայում), «առաջացնելով» ևս մեկ հավելյալ պատճառ` յուր անունը ՀՅԴ պատմության դասագրքերի կարևորագույն տեղում զետեղելու համար:
Հարցնում եք` իսկ ի՞նչ է շահում այդ ամենից Սերժ Սարգսյանը, ով 2006-ին ՀՀԿ-ն «վերցնելուց», նրանով նախագահական «խաղատախտակը» շարելուց ու հաղթելուց հետո, հիմա, որպես երկրորդ ռաունդ, «վերցնում» է ՀոՀիԴա՞-ն:
Օ՜, այս մասին հաջորդ դասին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ