ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ի՞նչ է նշանակում Հայաստանի «լռությունը» ռուս-թուրքական հարաբերությունների սրման պարագայում

Ի՞նչ է նշանակում Հայաստանի «լռությունը» ռուս-թուրքական հարաբերությունների սրման պարագայում
23.02.2016 | 00:37

2015 թ. նոյեմբերի վերջերից ռուս-թուրքական հարաբերությունների սրումը անհերքելի փաստ է, իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև «հայրենասիրական ուղղվածության» քաղաքական կուսակցությունները, կարելի է ասել, գերեզմանային լռություն են պահպանում։ Երբ Թուրքիան և Ռուսաստանն ընդլայնում էին համագործակցությունը, Հայաստանում տագնապով հարց էին տալիս` բա որ հանկարծ Կրեմլը, ի շահ իր թուրք դաշնակիցների, նորից «հանձնի՞» Հայաստանը... Եվ հանրությունը լավ գիտե, թե հատկապես որ քաղգործիչներն ու հասարակական ուժերն են ատելությամբ լցված «Ռուսաստան» և «ռուս» բառերի նկատմամբ։ Իսկ հիմա, երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը հասնում է վտանգավոր չափերի, հայկական վերնախավի զգալի մասը, մասնավորապես իշխանամերձ շրջանակները, արդեն ակտիվորեն գովազդում են Հայաստանը` որպես Ռուսաստանի անփոխարինելի դաշնակցի` ի դեպս Թուրքիայի հետ առայժմ ենթադրական զինված ընդհարման։ Բայց, երևի, դրա համար ավելի նախընտրում է ինչ-որ «վետերոկներ» ու ռեստորաններ, քան պաշտոնական միջոցներ։ Ավելին, երկրի պետական հեռուստատեսությամբ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցներով ասպարեզ է նետվում այն դիրքորոշումը, թե, իբր, այդ ընդհարումն ավելի շատ պետք է Ռուսաստանին, քան Հայաստանին, որ հայկական կողմը պետք է հեռու մնա այդ ամենից։ Բայց կհաջողվի՞ արդյոք։
Մի կողմ թողնենք այն, որ Սիրիայի երկնքում ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպից և «թուրքմեն հեղափոխականների» մեծ մասի պատասխան ոչնչացումից հետո թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի կողմից որոշակի «ազդանշաններ» ուղղվեցին Հայաստանին, և երևանյան վերնախավի «ազատական» մասն ու լրատվամիջոցները դա գնահատեցին որպես «Հայաստանի սիրաշահում»։ Անկախ այն բանից, թե ինչ էին առաջարկում և ինչ կարող են առաջարկել մեզ Մոսկվան ու Անկարան, կարևոր է հասկանալ. իսկ ինքը Հայաստա՞նը ինչ դիրքերում է։ Իշխանություններն այնքան էլ չեն շտապում ասել, թե իրենք ինչ են մտածում այն առնչությամբ, որ թուրքերը հրահրում են Ռուսաստանին, ընդ որում, ինչպես Սիրիայում, այնպես էլ կովկասյան ուղղությունում, այդ թվում և՛ ռազմական, և՛ մերձռազմական միջոցներով։ Երևանը, ինչպես արդեն նշվել է անցյալ տարի, «հպարտ լռություն» է պահպանում այն առթիվ, որ արդեն եվրոպական խոշորագույն քաղաքների փողոցներում էլ է հնչում «քրդերի ցեղասպանություն» արտահայտությունը։ Մեր իշխանությունները լռում են նաև այն կապակցությամբ, որ քրդերի բնաջնջումը կատարվում է ճիշտ նույն հայկական հողերում, ուր 1915-ին թուրքերը ամենաբարձր պետական մակարդակով ոչնչացնում էին մեր նախնիներին։ Իսկ չէ՞ որ, թվում է, աներևակայելի հնարավորություն կա մեկ անգամ ևս համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրելու այն փաստի վրա, որ Թուրքիան ցեղասպան պետություն է, պետական ահաբեկչության երկիր, մի երկիր, որը հանցավոր է իր գոյության առաջին իսկ ժամերից։ Եվ դա ձեռքերին ազատություն կտար. կարելի էր, խոսելով քրդերի ցեղասպանության մասին, աշխարհին հիշեցնել, թե ինչ անվանումներ են ունեցել այն գյուղերն ու քաղաքները, որտեղ հիմա ոչնչացնում են քրդերին, մինչ այն, երբ այդտեղ սկսեցին տերուտնօրինություն անել թուրքերը։ Մեր իշխանությունները չեն խոսում նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագրի, ուրեմն և այդ տարածաշրջանի հայերի մասին։ Լինի Իրաքում, թե Սիրիայում, պաշտոնական Երևանն իրեն այնպես է պահում, ասես հայեր չկան տարածաշրջանում և արդեն հարկ չկա հայկական պետության անունից ահազանգ հնչեցնել և մեծ տերություններից, նույն Թուրքիայից պահանջել վերջ տալու սալաֆական ահաբեկիչներին ու «թուրքմեն հեղափոխականներին» օգնություն և աջակցություն ցուցաբերելուն։ Ի դեպ, իշխանություններին և «հայրենասիրական ուժերին» հիշեցնենք` Սիրիայում տեղի հայերը նախագահ Բաշար Ասադի կողմում մարտական գործողություններին իրենց մասնակցությունը հենց այդպես էլ բացատրում են. «Իսկ մենք դա համարում ենք Թուրքիայի հանցագործությունների շարունակություն, մենք կռվում ենք Թուրքիայի դեմ»։
Հիշում եմ, նոյեմբերի վերջին իրադրությունը քիչ թե շատ պաշտոնապես մեկնաբանեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, երբ նրան խնդրեցին մեկնաբանել ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծը. «Հայաստանը միշտ հանդես է եկել հօգուտ այն բանի, որ այդ հանցագործության ժխտման համար քրեական պատիժ սահմանվի։ ՈՒստի սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Կընդունեն օրինագիծը ռուս պատգամավորները, թե ոչ, նրանց գործն է»։ Բայց երբ նման օրենսդրական ակտեր ընդունվում էին Ֆրանսիայում կամ, ասենք, Շվեյցարիայում, հայ քաղգործիչները շատ ավելի շահագրգիռ ու նպատակասլաց կեցվածք ունեին։ Ինչքան ուրախություն, ոգևորություն, հորթային ցնծություն կար այն ժամանակ իշխանությունների, ընդդիմադիրների, մտավորականների գնահատականներում։ Ի՞նչ է, Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժը Ֆրանսիայում ավելի արժեքավոր է, քան Ռուսաստանո՞ւմ։ Կամ Ռուսաստանում քի՞չ են այնպիսիք, ովքեր կասկածի տակ են առնում հայոց պատմության այդ ողբերգական փաստը։ Նման վարքագիծն իր գնահատականն ունի` դա Արևմուտքի առջև տիպիկ անողնաշար ստորաքարշություն է և «պոչ խաղացնելու ունակության» ցուցադրում։
Այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրումը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մի կողմից հարցը վերաբերում է մեր դաշնակցին, մյուս կողմից` մեր անմիջական հարևանին։ Հետևաբար, մենք պետք է ուշադրությամբ հետևենք իրադարձությունների բոլոր հնարավոր զարգացումներին»։ Եվ վերջ։ Իսկ քաղաքական գնահատականնե՞րը որտեղ մնացին։ Սա ի՞նչ հուզիչ հոգատարություն է մեր «թուրք հարևանների» նյարդերը խնայելու նկատմամբ, ուղղակի ապշել կարելի է։ Իսկ միգուցե արտգործնախարարության, ավելի ճիշտ, ամբողջ իշխանական վերնախավի պարոնայք, ընդդիմության ու կեղծ ընդդիմության պարոնայք, դուք վախենում եք Թուրքիայի դաշնակիցներից ու խնամակալների՞ց և առաջին հերթին ԱՄՆ-ի՞ց։ Միգուցե ձեր մեջ Թուրքիայի հանդեպ «զգացմունքներ» են արթնացել այն պատճառով, որ Անկարան առայժմ մնում է Արևմուտքի գլխավոր հարվածային ուժը Մերձավոր Արևելքում, և նրան դեռևս շարունակում են հանդուրժե՞լ ՆԱՏՕ-ում։ Եվ ինչ, վերջին ժամանակներս Երևանում լինում են «դեպքեր», երբ ամերիկյան Facebook սոցցանցի ադմինները 30 օրով շրջափակում են այն օգտատերերին, ովքեր աչքի են ընկել հակաթուրքական արտահայտություններով ու մեկնաբանություններով։ Երևի Հայաստանի իշխանությունները վախենում են, որ իրենց էլ «կշրջափակեն» կա՛մ Facebook-ում, կա՛մ արևմտյան բանկերում։ Բայց ինչի՞ց են վախենում ընդդիմադիրները և «հայրենասիրական» կուսակցությունների ու կազմակերպությունների անդամ կեղծ ընդդիմադիրները։ Որ իրենց կշրջափակե՞ն Facebook-ում։ Թե՞ իրենք էլ հաշիվներ ունեն արևմտյան բանկերում, և իրենք էլ, իշխանությունների նման, վախենում են արտասահմանում ունեցած բանկային ավանդների համար։ Թե՞ իրենց կշրջափակեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտում։
Կարծում եմ, Facebook-ում մեկամսյա պասիվությունը և նույնիսկ արևմտյան բանկերում ունեցած փողերի «սառեցումը» այնքա՜ն մանրուք են «հայրենասիրական» կուսակցությունների ու կազմակերպությունների գործիչների այն մշտական պնդումների համեմատ, թե իրենք և միայն իրենք են կոչված պաշտպանելու ամենասրբազանը` հայ ժողովրդի ազգային շահերը իշխանությունների ոտնձգություններից։ Իսկ այդ շահերը միայն Հայաստանի ու Արցախի տարածքով չեն սահմանափակվում, չէ՞։ Հատուկ Հայաստանի «հայրենասերների» համար հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ Սիրիայի հայերը, որոնք բնակվում են Թուրքիայի սահմանից սկսած մինչև Հալեպ ներառյալ, ապրում են պատմական հայոց հողում, Հայկական Կիլիկիայի մի մասում։ Եվ եթե ժամանակակից Հայաստանի Հանրապետության հարուստներին ու քաղաքական գործիչներին Հայկական Կիլիկիայի սիրիական մասում ոչինչ չի պատկանում, ապա դրանից Հյուսիսային Սիրիայում սիրիահայերի բնակության վայրերը չեն դադարում պատմական հայկական հողեր լինելուց։
Հարցն այն չէ, թե Հայաստանից առհասարակ արձագանք կամ քաղաքական գնահատական չի հնչում։ Իրավիճակի զարգացման վերաբերյալ մեկնաբանություններով և նույնիսկ կանխատեսման փորձերով հանդես են գալիս և՛ գիտնականներ, և՛ փորձագետ վերլուծաբաններ, և՛ շատ ուրիշներ։ Բայց նրանք, ովքեր հայ հասարակության իշխանական և քաղաքական հիերարխիայում իրենց ունեցած պաշտոնեական կարգավիճակով պարտավոր են քաղաքական գնահատականներ ունենալ և բարձրաձայնել դրանք, խուսափում են կոնկրետությունից։ Սպասում են արևմտյան երկրների կառավարությունների ու դեսպանությունների «վսեմաշուք թույլտվությա՞նը», ի՞նչ է։ Այս կերպ նույնիսկ չեն էլ հասցնի ստանալ այն, որովհետև իրադարձությունները կարող են զարգանալ նաև ծայրաստիճան սրընթաց։ Եվ ի՞նչ սպասելու բան կա, եթե Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արդեն առաջադրել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցը և մտադիր են աշխարհի իշխանական վերնախավերին ստիպել արձագանքելու Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, այդ թվում, հայերի դեմ ուղղված հանցագործություններին։ Ահա արդեն մի խումբ եվրախորհրդարանականներ էլ են կոչ անում տարածաշրջանում քրիստոնյաների և քրդերի դեմ իրականացվող հանցագործությունները որակել որպես ցեղասպանություն։ Նրանք ունեն նաև ԱՄՆ-ի կոնգրեսական համախոհներ։ Ահա սիրիացի քրդերն էլ իրենց ներկայացուցչությունը բացեցին Մոսկվայում և ծրագրում են բացել նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և մի շարք արաբական երկրներում։ Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների և առաջատար կուսակցությունների զգուշավոր վարքագիծը, այն էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հետո, իմաստավորման և արդարացման ենթակա չէ։
Օրինակ, հարևան Վրաստանի իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը հանկարծակիի է բերել պաշտոնական Թբիլիսիին։ Բայց Հայաստանի իշխանությունները պարզապես իրավունք չունեն «չսպասելու» հարաբերությունների սրում իր տարածաշրջանային հարևանների միջև` ի դեմս Ռուսաստանի և Թուրքիայի։ Իսկ չէ՞ որ, հաշվի առնելով, որ մերձավորարևելյան ճգնաժամի շրջանակներում Մոսկվան սերտորեն գործակցում է Իրանի հետ (ևս մեկ պետություն, որի հետ Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի) և ոչ թե թուրքերի, պաշտոնական Երևանն ուղղակի պարտավոր էր կանխատեսել և սպասել Ռուսաստան-Իրան շահերի բախում Թուրքիայի և մյուս արկածախնդիրների հետ, որոնք շեշտը դրել են Մերձավոր Արևելքի «վերաբեռնման» վրա։ Կարելի է լռել, եթե դա գոնե մազաչափ իմաստ ունի։ Բայց 2016-ի փետրվարին Հայաստանի իշխանությունների ու «հայրենասիրական» կուսակցությունների ու կազմակերպությունների լռության ամեն իմաստ հօդս է ցնդել և իր հետ իմաստազրկել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեր իսկ անցյալ տարվա միջոցառումները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ