Ահմեդ ալ Թայիբը՝ Կահիրեի Ալ Խազար համալսարանի մեծ իմամը, դիմել է Սուրբ աթոռին՝ կոչ անելով վերականգնել միջկրոնական երկխոսությունը և ի պատասխան Վատիկան այցի հրավեր է ստացել: Radio Vaticana-ն հաղորդել է, որ օրերս միջկրոնական երկխոսության պապական խորհրդի քարտուղար Միգել Գիկսոտը՝ Եգիպտոսում առաքելական նունցիայի ներկայացուցիչ Բրունո Մուսարոյի ուղեկցությամբ այցելել է հոգևոր կենտրոն: Պատվիրակությանն ընդունել է Աբաս Շումանը՝ մեծ իմամի տեղակալը՝ «հանդիպումն անցել է ջերմ բարեկամական մթոնլորտում, կողմերը քննարկել են երկու հաստատությունների միջև երկխոսության վերականգնման անհրաժեշտությունը, որի կոչը քանիցս արել են Ֆրանցիսկոս պապը և բարի կամքի այլ մարդիկ: Զրույցի ընթացքում արտահայտվել է ի բարօրություն մարդկության՝ այդ երկխոսության շարունակման ու ամրապնդման անհրաժեշտության միասնական տեսակետ»: Գիկսոտը զրուցակցին փոխանցել է միջկրոնական երկխոսության պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ժան-Լուի Տորանի նամակը: Կարդինալը պատրաստ է ընդունել իմամին և նրան պաշտոնապես ուղեկցել Ֆրանցիսկոս պապի հետ առանձնազրույցի:
Սուրբ Աթոռի և Ալ Խազար համալսարանի փոխհարաբերությունների պատմությունը բնորոշվում է «մի քայլ հետ, երկու քայլ առաջ» բանաձևով: Երբ 2010-ին նախագահ Հոսնի Մուբարաքը սուննիական աշխարհում մեծ հեղինակություն վայելող այդ աստվածաբանական ու ուսումնական կենտրոնի մեծ իմամ նշանակեց սուննի ամենաչափավոր հոգևորականներից մեկին՝ սուֆի շեյխ Ահմեդ ալ Թայիբին, թվաց, որ դա կնպաստի քրիստոնյաների հետ երկխոսությանը: Սակայն շուտով կրոնական գործերին ավելացան քաղաքականները՝ երկրում սկսվեց «արաբական գարունը», որ իշխանազրկեց Մուբարաքին, իշխանության եկան արմատական «Մուսուլման եղբայրները»: Մեծ իմամը հայտնվեց բարդ իրավիճակում՝ «Մուսուլման եղբայրների» որոշ անդամներ նրան մեղադրեցին, որ արտաքսված նախագահի ու նրա Ազգային դեմոկրատական կուսակցության «մնացորդն» է: Երբ 2011-ի սկզբին Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հանդես եկավ ի պաշտպանություն եգիպտացի քրիստոնյաների՝ ղպտիական եկեղեցու վրա հարձակումից հետո, որին 23 մարդ զոհ գնաց, Եգիպտոսը հետ կանչեց իր դեսպանին՝ Վատիկանից պահանջելով «չխառնվել երկրի ներքին գործերին»: Իշխանություններին հետևեց Ալ Խազարի դեմարշը՝ նրանք որոշեցին խզել Սուրբ Աթոռի հետ բոլոր հարաբերությունները, որ սկսվել էին 1998-ին: Դա քայլ հետ էր, իսկ քայլ առաջ կատարվեց 2013-ի գարնանը: Արգենտինացի կարդինալ Բերգոլիոյի պապ ընտրվելուց հետո Կահիրեի կրոնական համալսարանը հասկանալ տվեց, որ նոր պապից ազդանշանի է սպասում՝ հույս ունենալով, որ Ֆրանցիսկոսը մի քանի «բարի բառ կասի իսլամի մասին»: Միաժամանակ՝ Եգիպտոսում սկսվեց հերթական հեղափոխությունը, որը հուլիսին հանգեցրեց «Մուսուլման եղբայրների» դրածո Մուհամեդ Մուրսիի իշխանազրկմանը: Երկիրը գլխավորեց պաշտպանության նախարար Աբդուլ աս Սիսին: Նրա կառավարումը ստացավ Ահմեդ ալ Թայիբի և ղպտիների ուղղափառ պատրիարք Թավադրոս II-ի օրհնությունը: Եգիպտոսի նոր իշխանությունները ունեին Ռուսաստանի ու Վատիկանի աջակցությունը, կտրուկ դեմ էր, ընդհուպ դիվանագիտական հարաբերությունների խզում, Թուրքիան: Այդ իրավիճակում մեծ իմամն արեց երկրորդ քայլ առաջը: 2015-ի հուլիսին նա իր առաջին այցը կատարեց Եվրոպա: Ֆլորենցիայում Ահմեդ ալ Թայիբը մասնակցեց «Արևելք և Արևմուտք՝ երկխոսություններ մշակույթի մասին» վեհաժողովին, որ կազմակերպել էր սուրբ Էգիդիոսի ազդեցիկ կաթոլիկ համայնքը, իսկ Լոնդոնում նրան սպասում էր Անգլիկան եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Ջաստին ՈՒելբին: Իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում մեծ իմամը խոսեց իր մտքերի և Ֆրանցիսկոսի գլխավորությամբ կաթոլիկ եկեղեցու «նոր քաղաքականության» «իդեալական» համընկնման մասին: Ազդանշանը լսվեց: Բայց Սուրբ Աթոռը մեծ խնդիր ունի քրիստոնեական-իսլամական երկխոսության մեջ՝ եթե կաթոլիկ աշխարհը խոսում է մեկ լեզվով, իսլամական աշխարհում մեկնաբանները շատ են: Հատկապես՝ սուննիների շրջանում, այդ պատճառով Վատիկանի համար պատմականորեն հեշտ է պայմանավորվել շիաների հետ, որ կաթոլիկությանը համարժեք կառավարման ուղղահայաց ունեն: ՈՒրեմն՝ անհրաժեշտ է երկխոսության համար բազային հիմք գտնել: Բարսելոնայի արքեպիսկոպոս, կարդինալ Լուիս Մարտինես Սիստաչը կարծում է, որ նման հիմք կարող է դառնալ «վերադարձը ակունքներին»՝ «Աստծուց ներշնչված» տեքստերում: Ամեն մի կրոնում դա կարող են անել միստիկները, որ իսլամում ներկայացնում են սուֆիները: «Միստիկները կրոնական ավանդույթների իմաստի առավել գործունակ մեկնաբաններ են,- կարծում է կարդինալը:- Անհրաժեշտ է և իսլամական տեքստերի վերաիմաստավորումը՝ աշխարհում XXI դարն է»: Հաշվի առնելով, որ մեծ իմամ Ահմեդ ալ Խազարը սուֆի է, փոխանցումը նրան էր ուղղված: Սակայն ցանկացած ճանապարհ սկսվում է քայլերից, որոնցով և ավարտվում է, իսկ շփումը ենթադրում է որոշակի ձևաչափ, առավել նախընտրելի է՝ ինստիտուցիոնալ: Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական ցնցումները, որ կոպտորեն կապել են կրոնականը քաղաքականին, մինչ հիմա ավելի շատ խանգարել, քան օգնել են կրոնական համայնքներին: Փոփոխություն եղավ Հավանայում Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Երկու եկեղեցիների հոգևոր ղեկավարների ընդհանուր անհանգստությունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համար ենթադրում է առավել ակտիվ մասնակցություն քրիստոնեական համայնքների ճակատագրին: Ոչ միայն նրանց, Հավանայի ձևաչափը հիմքեր է տալիս կարծելու, որ, քրիստոնեական համայնքներից բացի, նրանց կարող են միանալ իսլամական համայնքները: Ֆրանցիսկոս պապը ասել է՝ «տառապանքների մեջ Եկեղեցին արդեն միասնական է»: Մեծ իմամի այցը Վատիկան և հանդիպումը պապի հետ, անկասկած, կվերաբերի և Կուբայի հանդիպմանը ու համատեղ Հռչակագրին: Եթե Ֆրանցիսկոս պապին և պատրիարք Կիրիլին միանան իսլամական հայտնի հոգևոր առաջնորդները, կստեղծվի երկխոսության նոր հարթակ, համաշխարհային նոր ուժ, որ միավորում է Սուրբ գրքի բոլոր ժողովուրդներին:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM
Հ.Գ. Գուցե նաև պատաբահար չէր Հռոմի պապը հայտարարում, որ Աստված մեկն է, մեկնաբաններն են տարբեր: Եթե Ֆրանցիսկոս պապին հաջողվի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների անվտանգության հարցը լուծել շիաների ու սուննիների հետ, կաթոլիկ աշխարհում ևս մեկ սուրբ կավելանա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ