Կա հին, շատ հին պատմություն. մարդը կորցնում է բանալիները մութ ծառուղում, հետո երկար որոնում է: Նրան է մոտենում ոստիկանն ու հարցնում՝ ի՞նչ եք անում չորեքթաթ: Մարդը պատասխանում է՝ բանալիներս եմ կորցրել: Շարունակում են որոնել երկուսով: Մի կես ժամից հոգնած ոստիկանը հարցնում է՝ վստա՞հ եք, որ հենց այստեղ եք կորցրել: Ոչ,- պատասխանում է մարդը,- ծառուղում եմ կորցրել: Ապշած ոստիկանը հարցնում է՝ ինչո՞ւ եք այստեղ որոնում: Ծառուղում մութ է, իսկ այստեղ լույս է, այնտեղ, մեկ է, չեմ գտնի՝ հնչում է պատասխանը: Ի՞նչ և որտե՞ղ ենք որոնում մենք:
2016-ի նոյեմբերի 8-ին, երեքշաբթի օրը 58-րդ նախագահական ընտրություններն են ԱՄՆ-ում: Նախ՝ ընտրողները կընտրեն նախագահի ընտրիչներին, նրանք էլ կընտրեն նախագահին ու փոխնախագահին: Բարաք Օբաման այլևս չի կարող վերընտրվել՝ Սահմանադրության 22-րդ լրացումով: Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ նախագահ կարող է ընտրվել ԱՄՆ-ի քաղաքացին, 35 տարեկան, որ 14 տարի նվազագույնը ապրել է երկրում: Նախագահի թեկնածուներին առաջադրում են քաղաքական կուսակցությունները՝ նախապես ներկուսակցական համազգային պրայմերիզում հաղթելուց հետո: Դաշնային ընտրական հանձնաժողովին ներկայացված են թեկնածուներ և՛ դեմոկրատական կուսակցությունից (նրանց խորհրդանիշն ավանակն է), և՛ հանրապետական կուսակցությունից (նրանց խորհրդանիշը փիղն է): Դեմոկրատների թեկնածուներն են` ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, սենատոր, 44-րդ Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը, Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը: Հանրապետականների պրայմերիզներին մասնակցում են Ջեբ Բուշը, Բեն Կարսոնը, Ջոն Քեյսիկը, Թեդ Կրուզը, Մարկո Ռուբիոն, Դոնալդ Տրամպը: Թեպետ ընտրությունը հիմնականում հանրապետականների ու դեմոկրատների միջև է, առաջադրվել են նաև այլ կուսակցությունների թեկնածուներ՝ Ջոն Խոստետգլերը՝ սահմանադրական կուսակցությունից, Զոլտան Իշտվանը՝ տրանսհումանիստականից, Ջիլ Ստայնը՝ կանաչներից, Ռոզանա Բառը՝ «Խաղաղություն և ազատություն» կուսակցությունից, Թերի Ջոնսը՝ պահպանողական քահանա Ֆլորիդայից, Վերմին Սուպրիմը՝ Մասաչուսեթսից, Ռոբերտ Դավիդ Ստիլին՝ լիբերտարիանյան կուսակցությունից:
Պարբերաբար անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ, որոնց տվյալները մանրամասն ուսումնասիրվում են, բայց, կարծում եմ, նախընտրական վիճակագրությունն այնքան հարափոփոխ է, որ անիմաստ է մեջբերել: Պրայմերիզները սկսվում են Այովա նահանգից, 2016-ի փետրվարի 1-ին Այովան դեմոկրատներից Հիլարի Քլինթոնին տվեց ձայների 49,9 %-ը, Բեռնի Սանդերսին՝ 49,6 %-ը: Հանրապետականներից Թեդ Կրուզը ստացավ 28 %, Դոնալդ Տրամպը՝ 24 %, Մարկո Ռուբիոն՝ 23 %: Փետրվարի 9-ին Նյու Հեմփշիրի պրայմերիզները Հիլարի Քլինթոնին տվեցին 38,5 %, Բեռնի Սանդերսին՝ 60 %, Դոնալդ Տրամպին՝ 35 %, Ջոն Կեյսիչին՝ 16 %, Թեդ Կրուզին՝ 11,5 %, Ջեբ Բուշին՝ 11 %:
ԱՄՆ-ի առանձին նահանգների ընտրիչներին հաշվելու համար 10 տարին մեկ անցկացվում է մարդահամար: 2010-ի մարդահամարով նահանգների միջև բաշխվել են 538 ձայները, այդ բաշխումը գործել է 2012-ին, կգործի 2016-ի և 2020-ի ընտրություններում: Վերջին երեք ընտրություններում դեմոկրատական կուսակցությանը ձայն տված նահանգները կորցրել են ընտրիչներին, իսկ հանրապետականները՝ մեծացրել նրանց թիվը: Միայն երկու կուսակցություն կարող էր հավաքել ընտրիչների բավարար ձայներ (270)՝ ԱՄՆ-ի Սահմանադրությամբ յուրաքանչյուր նահանգ ունի սեփական ընտրական օրենսդրությունը, հետևաբար՝ քվեաթերթիկում թեկնածուի գրանցման տարբեր չափանիշներ: Յուրաքանչյուր կուսակցություն կամ թեկնածու առանձին նահանգներում խնդիր ունեն քվեաթերթիկում հայտնվելու, որ շատ կուսակցություններ չեն կարողանում ապահովել:
Ի՞նչ տվեց ԱՄՆ-ին ու աշխարհին 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որ սկսեց պաշտոնավարել 2009-ի հունվարի 20-ից ու դեկտեմբերին ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ: Նա առաջին մուլատն էր, որ ԱՄՆ-ում դարձավ նախագահ և երդմնակալությունից հետո հունվարի 20-ը հայտարարեց Նորացման ու համաձայնության ազգային օր ու կոչ արեց սկսել պատասխանատվության նոր դարաշրջան: Օբաման Ջորջ Բուշ Կրտսերից ժառանգեց 2008-ից սկսված ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամում գտնվող երկիր, իսկ հիմա ժառանգելու է դարձյալ աշխարհի առաջին տնտեսությունն ունեցող և ճգնաժամից դուրս եկած երկիր: Պաշտոնավարման տարիներին կատարե՞ց իր խոստումները: Ոչ բոլորը: 2009-ի հունվարի 22-ին կարգադրություն ստորագրեց մեկ տարում փակել Գուանտանամոյի ռազմաբազայի ահաբեկչության մեջ կասկածվողների ճամբարը, ինչն այդպես էլ չի արվել: Արտաքին քաղաքականության հաջողությունների ակտիվում Բարաք Օբաման գրանցեց Կուբայի հետ դիվանագիտական ու աստիճանաբար բոլոր մյուս հարաբերությունների վերականգնումը՝ Կարիբյան ճգնաժամից հետո:
2011-ին Օբամայի կարգադրությամբ ԱՄՆ-ի բանակը մասնակցեց ՆԱՏՕ-ի ներխուժմանը Լիբիա: Այսօր ԱՄՆ-ի մասնակցությունը «արաբական գարնանը» դժվար է գնահատել: Ի՞նչ կատարվեց ու ի՞նչ է կատարվում Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում՝ բոլորովին այլ հրապարակման թեմա է, որ, սակայն, վերաբերում է ԱՄՆ-ի նախագահին ու կախված է նրա ընդունած որոշումներից: «Արաբական գարունը» աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում ներհակ գնահատականներ ունի, ով է ճիշտ, ով է սխալ՝ հարց չկա, կա շահերի ու նպատակների տարբերություն, որն էլ ձևավորում է գնահատման չափանիշների հակադրությունը: Ի վերջո, արաբական գարունը գործընթաց է, որի արդյունքները կամփոփեն առաջիկա տարիները: Բայց Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին կատարվեց իրադարձություն, որ փոխում է տարածաշրջանի ու միջազգային ասպարեզում ուժերի դասավորությունը: Իհարկե, Օբամայի բախտը որոշակիորեն բերեց. եթե Իրանի նախագահական ընտրություններում հաղթեր պահպանողականների թեկնածուն, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող էին այլ ընթացք ունենալ կամ չսկսվել ընդհանրապես: Վեցյակի և Իրանի բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ը և Իրանը, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման հատկապես առաջին տարիներին պարբերաբար հայտնվում էին «բանավոր» պատերազմի, երբեմն նաև ռեալ ռազմական բախման վիճակում, այսօր արդեն քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունները վերականգնելու պայմանները: Իրանի պատժամիջոցները վերացնելը ԱՄՆ-ի համար նշանակում էր նախ և առաջ Իսրայելի հետ հարաբերությունները հարվածի տակ դնել: Նաև՝ Սաուդյան Արաբիայի: Նաև՝ Թուրքիայի: Ի՞նչ էր նշանակում միայն մեկ փաստ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կոնգրեսի հրավերով մեկնում է Վաշինգտոն, ու Բարաք Օբաման նրան չի ընդունում: Դա երկկողմանի դիվանագիտական սկանդալ էր՝ նախ ներքաղաքական, հետո նաև՝ արտաքին քաղաքական: Վերջին ընտրություններից հետո հանրապետականների մեծամասնություն ունեցող Կոնգրեսը ընդհանրապես բոլոր հարցերում է նախագահի կյանքը «դժվարացնում»՝ Նեթանյահուի հրավերը այդ շարքից էր: Օբամայից մեծ ջանքեր պահանջվեցին Նեթանյահուին համոզելու, որ միջուկային զենք ստացող Իրանը իր համար շատ ավելի վտանգավոր պետություն է ու մեծ սպառնալիք, քան համաձայնագիր կնքող ու պատժամիջոցներից ազատվող Իրանը: Համոզվե՞ց, գուցե այո, գուցե ոչ, բայց անցյալ տարի համաձայնագիրը կնքվեց: Դա ևս Օբամայի արտաքին քաղաքականության ակտիվում է գրանցվել՝ ոչ առանց հանրապետական Կոնգրեսի դիմադրության: Օբամայի անվիճելի հաջողությունը դարձավ ՈՒկրաինան: Խնդիրը բնավ էլ այդ երկիրը չէր, որքան էլ ցինիկ է հնչում. խնդիրը Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացմանը խոչընդոտելն էր: ԵՄ-ն ունի փող և տեխնոլոգիաներ, Ռուսաստանն ունի հումք և աշխատուժ, միավորումը խիստ սահմանափակում էր ԱՄՆ-ի ներգործության դաշտը: ՈՒկրաինայի եվրաասոցացումը փլուզում էր Մաքսային միությունը (ԵԱՏՄ-ն) Վանկուվերից Վլադիվոստոկ ձգվող տնտեսական, հետևաբար նաև քաղաքական հզոր միավոր դարձնելու Ռուսաստանի ծրագրերը: Հայտնի իրադարձությունների արդյունքում շահեցին գրեթե բոլորը. ԱՄՆ-ը պահպանեց աշխարհաքաղաքական դիրքերն աշխարհում, ԵՄ-ն ստացավ հումքային ռեսուրսներ ու մեծացրեց ներգործությունը՝ Կիևի հետագա ԵՄ անդամակցության հեռանկարով, Ռուսաստանը վերադարձրեց Ղրիմը, ՈՒկրաինան անկախացավ: Միաժամանակ տանուլ տվեցին բոլորը՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կտրուկ վատացումը, պատժամիջոցների բումերանգի հետհարվածը ԵՄ-ի տնտեսության վրա, ՈՒկրաինայում քաղաքացիական պատերազմը, Ռուսաստանի քաղաքական, տնտեսական մեկուսացումը՝ ի հետևանս պատժամիջոցների: Բացահայտ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաբաժանում է կատարվում՝ հիբրիդային պատերազմի տեսքով: ՌԴ քարոզչական պատերազմի հետևանքը դարձավ ՆԱՏՕ-ի ընդարձակումը և սպառազինությունների նոր մրցավազքը: Եվ վերջապես՝ Սիրիան: Մյունխենում անցած շաբաթ հրադադարի հաստատման պայմանավորվածությունը չափազանց փխրուն խարիսխ է պատերազմի դադարեցման համար: Ե՛վ դաշնակիցները, և՛ մրցակիցները միաբերան մեղադրում են Բարաք Օբամային թուլության, անվճռականության, ռազմական միջամտության պահը կորցնելու, այլևայլ մեղքերի մեջ, իսկ գուցե ձախլիկ մուլատն ընդամենը չի ուզում նոր Վիետնամ, նոր Աֆղանստան՝ նոր պատերազմ ստեղծել իր երկրի համար և փորձում է հիբրիդային պատերազմի, դաշնակիցների հակասությունների ու շահերի վրա խաղալով՝ ժամանակի մեջ ստանալ նույն արդյունքը: Դժվար է ասել, աշխարհաքաղաքական խաղերը սառցալեռան պես են. բոլորս տեսնում ենք մակերևույթը, իսկ ստորջրյա հատվածում են կատարվում բուն իրադարձությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Նոյեմբերին ԱՄՆ-ը կընտրի նոր նախագահ, ով 2017-ի հունվարի 20-ից կպաշտոնավարի: Կողմնորոշվելու համար՝ ո՞ւմ քվեարկել, նորից ընտրարշավում ԱՄՆ-ի հայերը պիտի հետևեն թեկնածուներից ով՝ ինչպես է վերաբերվում Ցեղասպանությանը: Այս ապրիլին էլ սպասեն՝ Բարաք Օբաման վերջին անգամ կասի՞ գենոցիդ, թե՞ ոչ: Ռեյգանն ասաց, հետո՞: Կընկալե՞նք, որ Օբաման ասել է ավելին՝ ընդունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, արել է ավելին՝ եթե այսօր կա ստատուս քվոն, և հաջորդ նախագահը կարող է ավելին անել, եթե Հայաստանի Հանրապետությունը վերջապես հասկանա պարզ ճշմարտությունը՝ իր պատմությունը իր պատմությունն է, իր ցավը իր ցավն է, խնդիրը իր ցավը աշխարհի շահի հետ համադրելն է: Գուցե հայկական կազմակերպությունները ևս ընկալեն, որ, բացի ցեղասպանությունից, կա Հայաստանի Հանրապետություն՝ Արցախով, որի ռազմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական հաջողությունների հանրագումարն է Ցեղասպանությունը ճանաչելու ու հետևանքները վերացնելու միակ տարբերակը: Այլապես, որ երկիրը Թուրքիայի հետ խնդիր ունեցավ՝ մեր բարեկամն է դառնալու, Թուրքիայի հետ հարցերը լուծեց՝ մեզ մոռանալու է: Ի՞նչ է պետք, որ քաղաքական, կուսակցական, մարդկային տարաձայնություններն ու նախապատվությունները մի կողմ թողած՝ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ներուժն ուղղվի հայկական ներկա օրակարգին: Ձևակերպել այդ օրակարգը նախ` Հայաստանում և ընկալելի ու ընդունելի դարձնել ԱՄՆ-ում ու սփյուռքում, նաև հասկանալ նրանց՝ հասկանալի լինելու համար: Կարող էի գրել Բարաք Օբամայի պաշտոնավարած տարիների ներքին ու արտաքին քաղաքականության զիգզագների, վարկանիշի վերուվարումների մասին, թեկնածուների շանսերը համադրել ու հակադրել՝ տեղեկատվություն՝ որքան ասես, բայց ԱՄՆ-ի նախագահը՝ ԱՄՆ-ի նախագահ, իսկ մենք որտե՞ղ ենք որոնում մեր բանալին՝ որտեղ կորցրե՞լ ենք, թե՞ որտեղ գտնելու հույս ունենք: