Երեկ քաղաքական բարդ օր էր ՈՒկրաինայում: Նախագահ Պյոտր Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին խնդրեց հրաժարական տալ՝ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով: Ռադայի մեծամասնությունը զգուշացրել էր Արսենի Յացենյուկի կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին, նրանց միացել էին Պորոշենկոյի կողմնակիցները, որ նույնպես դժգոհ են կառավարության գործունեությունից: Առիթը կար՝ վարչապետ Արսենի Յացենյուկը վերջապես պիտի Ռադային ներկայացներ անցյալ դեկտեմբերից հետաձգված կառավարության գործունեության հաշվետվությունը։ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ խորհրդարանը կարող է քննարկել Արսենի Յացենյուկի կառավարությանն անվստահության հարցը, եթե լինի 150 պատգամավորի ստորագրություն: ՈՒկրաինայի խորհրդարանի շենքի ակտիվիստները պահանջում էին կառավարության հրաժարականը: Պորոշենկոյի կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մուստաֆա Նայեմը տեղեկացրեց, որ 159 ստորագրություն արդեն կա, իսկ ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայում պնդում էր, որ գործադիր իշխանությունն արել է հնարավոր առավելագույնը: «Մենք քաջ գիտակցում ենք, որ կա անբավարար գնահատական կառավարությանը, անբավարար գնահատական՝ խորհրդարանին, անբավարար վերաբերմունք ՈՒկրաինայի իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ: Բայց ես ձեզ կոչ եմ անում, անկախ ձեր որոշումից, մենք իրավունք չունենք կանգ առնելու, մենք դրել ենք նոր երկրի հիմքը, եկեք միասին ստեղծենք ուկրաինական նոր տուն, նոր եվրոպական ՈՒկրաինա, որին արժանի է ժողովուրդը: Մենք կընդունենք այս խորհրդարանի ցանկացած որոշում, անկախ բովանդակությունից: Ես խնդրում եմ խորհրդարանին, նախագահին և քաղաքական համապատասխան շրջանակներին՝ շարժվել բարեփոխումների ճանապարհով, դա մեր երկրի և մեր երկրի ապագայի միակ ճիշտ դեղատոմսն է»,- ասել էր Յացենյուկը: Խորհրդարանական 16 հանձնաժողովների ղեկավարները Յացենյուկի կառավարությունից հիմնականում դժգոհ էին՝ սոցիալ-տնտեսական, առողջապահական և կառավարման ոլորտին վերաբերող խնդիրների պատճառով: Մինչ Արսենի Յացենյուկը դիմադրում էր, ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հրաժարական տվեց՝ նա փաստորեն համաձայնեց, որ վարչապետի և իր հրաժարականները կվերականգնեն կառավարության նկատմամբ վստահությունը՝ ինչպես Պյոտր Պորոշենկոն էր կարծում։ Եվ, այնուամենայնիվ, Գերագույն ռադան չընդունեց կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը, որը գլխավորում է վարչապետ Արսենի Յացենյուկը: Վճռին կողմ էին 194 պատգամավորներ` անհրաժեշտ 226-ի փոխարեն: Կառավարության հրաժարականի հարցը կրկնակի նախաձեռնել հնարավոր է միայն հատուկ նստաշրջանի ժամանակ: Յացենյուկը կշարունակի պաշտոնավարել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒկրաինայի տնտեսական վիճակը բավարար հիմք էր Արսենի Յացենյուկի հրաժարականի համար, բայց քաղաքական նկատառումները նրան պահեցին պաշտոնում: Փաստորեն՝ այս անգամ հեղափոխությունը իր զավակներին չխժռեց, մի թեթև համտեսեց: