ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թուրքերը հիշեցին Տիգրանակերտը

Թուրքերը հիշեցին Տիգրանակերտը
16.02.2016 | 00:12

2016թ. փետրվարի 8-ին Արևմուտքը հերթական անգամ իրեն խայտառակեց. ոստիկանության ուժեղացված պարեկախմբերը Եվրոպայի մի ամբողջ շարք խոշորագույն քաղաքներում (Փարիզ, Ցյուրիխ և այլուր) կոշտ գործողություններով ցրեցին Թուրքիայից եկած փախստական քրդերի բազմահազարանոց հանրահավաքներն ու երթերը։ Ընդ որում, Արևմուտքից քրդերի պահանջներն ակնհայտ էին. «Կասեցրեք քրդերի ցեղասպանությունը Թուրքիայում», այսինքն, արևմտյան ընկերակցությանը հիշեցվում էր, որ ինքն ամիսներ շարունակ սառնարյուն կերպով լռության է մատնում Անկարայի կողմից Թուրքիայի ամբողջ հարավարևելյան շրջանում կատարվող ապօրինությունները։ Հիշեցնենք. իրենք՝ թուրքական քրդերը, սկսած Թուրքիայի «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահետտին Դեմիրթաշից, որը 2015 թ. դեկտեմբերի վերջին մասնավոր այցով եղել էր Ռուսաստանում, դեռ անցյալ տարվա հուլիսի վերջերից տագնապ էին հնչեցնում և ուղղակիորեն նշում էին, որ թուրքական իշխանությունների հանցագործությունները Յուկսեկովա, Ջիզրե և Շիրնակ քաղաքներում ցեղասպանություն են քրդերի նկատմամբ։ Ավա՜ղ, Արևմուտքը հասկացրեց, որ ինքը ձեռքերը լվանում է Թուրքիայում քրդերի ցեղասպանության հարցից։
Սակայն հիմա իրավիճակն այն տարածքներում, որոնք պատմականորեն ավելի հայտնի են Արևմտյան Հայաստան և Միջագետք անուններով, զգալիորեն դրամատիկ է դարձել։ Որոշ տվյալների համաձայն, թուրքական ուժայինների դեմ այստեղ այժմ կռվում են առնվազն մինչև 30 հազար քուրդ պարտիզաններ՝ գերազանցապես «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) համակիրներ, թեև կան նաև ոչ այնքան հայտնի «Քրդստանի բազեներ» կազմակերպության, տարբեր ձախ երիտասարդական խմբավորումների ներկայացուցիչներ և այլք։ Դիարբեքիրում քրդերի դեմ ուղղված ահաբեկչական ակտերը սկսվել էին դեռ 2015-ի մայիսից, բայց ամեն ինչ ծայրաստիճան սրվեց սեպտեմբերի 8-ից, երբ, ի պատասխան ոստիկանական բռնությունների, քրդական մի ինչ-որ խմբավորում հարձակում գործեց թուրքական ուժայինների վրա, երկու ոստիկան զոհվեց, և Անկարան այսպես կոչված «Թուրքական Քրդստանի մայրաքաղաքում» պարետային ժամ սահմանեց։ Սակայն քաղաքի միջնադարյան մասում՝ Սուրում, դեկտեմբերին կատարված ահաբեկչությունից հետո, ինչի պատճառով զոհվեց ավելի քան տասը քուրդ, ըստ էության, զինված ապստամբություն սկսվեց։ Սկզբում բնակիչները բողոքի խաղաղ ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով չեղարկել փողոց դուրս գալու արգելքը։ Թուրքական ժանդարմությունը ցուցարարներին ցրելիս «հատուկ միջոցներ» կիրառեց, ապա նաև զենք, և սկսվեցին բախումները, որոնք վերաճեցին փոխհրաձգության։ Միայն դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվեց երկու մարդ, չորսը վիրավորվեց։ Թուրքիայի նորությունների «Իգլաս Հաբեր» գործակալության հաղորդման համաձայն, բախումները շարունակվել են նաև հաջորդ օրը, և Դիարբեքիրը սկսել է մարտադաշտի նմանվել։ Լուրեր էին շրջում, թե վնասվել է հայ (կաթոլիկ) եկեղեցին, հետագայում դա հաստատվեց, ավելին, հաղորդվում էր, որ թուրք ոստիկանները հասցրել են նաև թալանել եկեղեցին։
Հենց այդ իրադարձություններից հետո թուրքական իշխանությունները կոշտացրին հսկողությունը, փաստորեն ռազմական դրություն հայտարարեցին, զորքեր մտցրին քաղաք, այդ թվում զրահատեխնիկա։ Օդից Դիարբեքիրը վերահսկում էր մարտական ավիացիան։ Ավելորդ է ասել, որ Դիարբեքիրը կտրված էր արտաքին աշխարհից, մուտքի իրավունքից զրկված էին ոչ միայն օտարերկրացիները, այլև թուրք խորհրդարանականները, իրավապահները, լրատվամիջոցները և այլք։ Դեկտեմբերին իրադարձությունների զարգացումը հանգեցրեց այն բանին, որ քուրդ պարտիզանները կարճ ժամանակամիջոցում կարողացան դուրս մղել զորքերին և գրավել Դիարբեքիրից ոչ հեռու գտնվող Սիլվան քաղաքավանը։ Թե հետագայում ինչ տեղի ունեցավ այստեղ, դժվար է ասել, սակայն, դատելով ըստ ամենայնի, հունվարի վերջից-փետրվարի սկզբից հենց «Թուրքական Քրդստանի մայրաքաղաքը» դարձավ թուրքերի դեմ քրդերի մարտերի վերսկսման կենտրոն։ Այսպես, փետրվարի 1-ին քաղաքում վիրավորվեցին երեք թուրք զինծառայող և երկու ոստիկան, երկու զինծառայող մահացավ հիվանդանոցում, փետրվարի 2-ից քրդերի դեմ գործի դրվեցին (համացանցում կան նաև համապատասխան տեսագրություններ) տանկեր, զրահամեքենաներ, ռեակտիվ ավիացիա։ ՈՒ երևի մարտերի գոտին ընդլայնվելու միտում ունի. վերստին, ինչպես 2015-ի օգոստոսի սկզբին, «հատուկ անվտանգության գոտիներ» (այսինքն՝ ռազմական դրություն) են հայտարարվել Թունջելիի և Աղրիի վիլայեթները, այդ թվում Արարատ սարի շրջակայքը։ Հնարավոր է, որ դա դրամատիկ զուգադիպություն է միայն, սակայն աննկատ չի մնացել, որ իրադրությունն էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ ինչ-որ կերպ Դիարբեքիր էր թափանցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» («քեմալականներ») (CHP) պատգամավորուհի Սելին Դողանը։ Դուրս պրծնելով քաղաքից, նա այնուհետև իր տպավորությունները պատմեց ֆեյսբուքի իր էջում, Դիարբեքիրը ներկայացնելով որպես... Տիգրանակերտ։ Այդ գրառումը խիստ անհանգստացրել է թուրքական թե՛ նացիոնալիստներին, թե՛ տխրահռչակ «չափավոր իսլամիստներին» (Էրդողանի ու Դավութօղլուի), որոնք շարունակում են «նեոօսմանիզմի» կուրսը։
Արդյո՞ք Սելին Դողանը ծագումով հայ է, ինչն անմիջապես սկսեցին նրան վերագրել թուրքական և մեր հայկական լրատվամիջոցները։ Սա ոչ թե քաղաքական, այլ ավելի շուտ ռասայական-ազգային հարց է, եթե իմանաք, որ իրականում թուրք հանրությունը խոր ու անբուժելի հիվանդ է ոչ թուրքերի նկատմամբ ամեն տեսակ ֆոբիաներով (ատելությամբ)։ Եվ ահա Տիգրանակերտ պատմական տեղանվան օգտագործումը հերթական անգամ հիշեցրեց, թե տխրահռչակ «քրդական խնդիրը» Մերձավոր Արևելքում որքան սերտորեն է շաղկապված «մեծ քաղաքականության»՝ Հայկական հարցի հետ։
Տիգրանակերտը Տիգրան Մեծ արքայի ժամանակների Մեծ Հայքի մայրաքաղաքն է, բայց ոչ երբեք թուրքերի կամ քրդերի, իսկ հետագա բոլոր վերանվանումները (Ամիդ, Դիարբեքիր) կապված են տարբեր նվաճողների կողմից Արևմտյան Հայաստանի ու Միջագետքի զավթումների հետ։ Անցյալ տարվա ամռանից տեղեկություններ են տարածվում, որ թուրքերը խզել են զինադադարը PKK-ի քրդերի հետ, և քրդերը պարտքի տակ չեն մնացել ու հայտարարել են զինված պայքարը շարունակելու մասին և այլն, և այլն։ Բացի այդ, Վիեննայում իր զարմիկի սպանությունից հետո PKK-ի նախկին առաջնորդ Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել «այլևս չայցելել իրեն» Իմրալը կղզու բանտում և «մոռանալ իրեն», ինչը մեկնաբանվել է համարյա ուղղակի հրաման քրդերին՝ պատրաստ լինել զոհաբերելու Օջալանին և սաստկացնել պատերազմն ընդդեմ Անկարայի։ Եթե բոլոր դատողությունները կապելու լինենք միայն Թուրքիայի քրդերի ու նրանց կազմակերպությունների հետ, ապա հասկանալի կդառնա, որ վաղ թե ուշ թուրքական ուժայինների հետ բախումները պետք է հասնեին նաև Դիարբեքիր-Տիգրանակերտ։
Սակայն մեզ թվում է, որ իրավիճակը շատ ավելի բարդ, խոր ու խճճված է։ Զուր չէ, որ փետրվարի 8-ին, երբ հազարավոր քրդեր դուրս էին եկել եվրոպական քաղաքների փողոցներն ու հրապարակները, պահանջելով կասեցնել քրդերի ցեղասպանությունը հարավարևելյան Թուրքիայում, զուգահեռաբար այլ իրադարձություններ էլ էին տեղի ունենում, հնչում էին տարբեր հայտարարություններ ու մեկնաբանություններ։ Այսպես, թուրքերն այդ օրը օդից ռմբակոծում էին Սուրի ապստամբած շրջանը, տեսակադրերից շատ բան չի հասկացվում, բայց բացահայտորեն լսվում են ականանետների և տանկային հրանոթների համազարկերի արձագանքները։ Ավերված շենք-շինությունները վկայում են այն մասին, որ, ինչպես 2015-ի ամռանն ու աշնանը Ջիզրեում, Շիրնակում և Յուկսեկովայում, թուրքերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծում են քաղաքացիական օբյեկտները։ Թուրքական իշխանությունները այնքան իրարամերժ թվեր են հաղորդում Դիարբեքիրում և Ջիզրեում իրենց հաջողությունների մասին՝ սկսած դեկտեմբերի կեսերից, որ քիչ է մնում մտածես, թե ամբողջ Դիարբեքիրը (իսկ դա փոքր քաղաք չէ) գրավված է եղել PKK-ի ջոկատների ու նրանց դաշնակիցների կողմից. մեկ կլսես 60-70, մեկ էլ գրեթե 750 սպանված «զինյալների» մասին։ Իսկ քուրդ ակտիվիստներն առհասարակ թվեր չեն նշում, սակայն ասում են, որ քրդերի շրջանում եղած զոհերի 90 %-ից ավելին պատահական քաղաքացիական անձինք են, ոչ թե պարտիզաններ։
Նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսեց ճղճղալ տիպիկ հակաամերիկյան հռետորախոսությամբ, հարցնելով. «Ինչպե՞ս կարող ենք մենք (այսինքն՝ թուրքերը) վստահել Ամերիկային։ Դուք Թուրքիայի՞ հետ եք, թե՞ Քոբանիի ահաբեկիչների»։ Ինչպես տեսնում ենք, խոսքը սիրիացի քրդերի մասին է և ոչ թե թուրքական, քանի որ Այն-Էլ-Արաբը (Քոբանին) այժմ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինված ջոկատների վարժեցման ժամանակավոր կենտրոնն է։ Հունվարի 29-ին Ժնևում՝ Սիրիայի վերաբերյալ բանակցություններում, ինքը Թուրքիան և Անկարայի ու Սաուդյան Արաբիայի կողմնակիցները խստորեն շրջափակեցին բանակցություններին PYD-ի առաջնորդ Սալեհ ալ-Մուսլիմի մասնակցությունը, ինչը պահանջում էին Ռուսաստանն ու Իրանը։ Եվ հայտնի է, որ Ժնևի բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ամերիկյան նախագահի հանձնակատար Բրետտ Մակգարկի գլխավորությամբ եղան Այն-Էլ-Արաբում և հանդիպում ունեցան PYD-ի զինվորական թևի՝ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPA) հրամանատարության հետ։ Հետաքրքիր է, որ Այն-էլ-Արաբ ամերիկացիների այցից հետո տեղի ունեցավ ևս երկու իրադարձություն. 1) հենց հյուսիսարևելյան Սիրիայի քրդերը վերսկսեցին բողոքներն ընդդեմ թուրքական օկուպացման և սահմանը դեպի Սիրիայի տարածք խորացնելու փորձերի։ Քրդերը հիշեցնում են, որ թուրքերը սահմանը հատել են դեռ դեկտեմբերի 22-ին. «Մենք նրանց ասացինք, որ իրենք խախտում են մեր իրավունքները և ներխուժում են մասնավոր սեփականության տարածքներ։ Նրանք պատասխանեցին, թե գործում են հրամանատարության հրահանգով։ Անկարան կարգադրել է տեղափոխել սահմանը։ ՈՒ չնայած տեղի բնակիչներն սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել, բայց նրանք շուտով տեխնիկա բերեցին ու աշխատանքներ սկսեցին անել»,- պատմում է Սիրիայի հյուսիսի քուրդ բնակիչ Յուսուֆ Ռամադանը։ Ընդ որում, քրդերը ներկայացրել են տեսագրություն, որտեղ, ինչպես պնդում են, թուրքական բուլդոզերներն ամրություններ են կառուցում Սիրիական Հանրապետության ներսում։ Իսկ դեռ 2015-ի ամռանը մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են Թուրքիայի և Սիրիայի սահմանագլխին բուֆերային գոտի կառուցելու պլանների մասին։ 2016-ի հունվարի 30-ին տեղի բնակիչները բողոքի առաջին ակցիաներն սկսեցին Անկարայի դեմ, փետրվարի 4-ին բողոքները շարունակվում էին։ 2) Սիրիայի Ջազիրայի կանտոնի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ամինա Օսեյի ասելով, «փետրվարի 10-ից Մոսկվայում բացվելու է սիրիացի քրդերի ներկայացուցչություն», ապա նույնպիսի ներկայացուցչություններ կբացվեն Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում և որոշ արաբական երկրներում։ Նշենք, քրդերը չէին ստում, նրանց ներկայացուցչությունն, իրոք, Մոսկվայում բացվեց հենց փետրվարի 10-ին...
Թուրքական իշխանությունները փետրվարի 8-ին իրենց մոտ «պայմանավորվելու կանչեցին» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, և գերմանուհուց աննախադեպ բանավոր զիջումներ կորզեցին. այս համատեքստում թե՛ թուրքերն են «անչափ հավատարիմ բարեկամներ», թե՛ քրդերն են «ահաբեկիչներ», իսկ Ռուսաստանի գործողությունները «հազարավոր կանանց ու երեխաների տառապանք են»։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 9-ին Բուդապեշտում Թուրքիայի բարեկամներին ու դաշնակիցներին կոչ արեց կողմնորոշվել «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում` իբր, ո՞ւմ եք ընտրում, Անկարայի՞ն, թե՞ «ահաբեկիչներին»։ Եվ հասկանալի է, թե ինչն է Անկարային ստիպում այսպես նյարդայնանալ և հիստերիկորեն ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից պահանջել «կողմնորոշվել». նախ, որ Ռուսաստանն ու Իրանը պլանաչափ կերպով մեծացնում են, ճիշտ է, առայժմ սիրիացի քրդերի «մշակման» թափանիվի պտույտները։ Երկրորդ, որ դեռ «Ժնև-3»-ի նախօրեին սիրիական իշխանությունները Էլ-Ղամշլիում և Դեյր-էզ-Զորում հանդիպումներ ունեցան և պայմանավորվածությունների եկան ոչ միայն Սիրիայի քրդական կազմակերպությունների, այլև Թուրքիայի քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Երրորդ, որ Բ. Մակգարկի` Այն-էլ-Արաբ կատարած այցը մատնեց ԱՄՆ-ի մտադրությունը` սիրիացի քրդերի համար «մրցման» մեջ մտնելու Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ դա Անկարային ստիպեց ենթադրել, որ հանուն հաջողության Վաշինգտոնը պատրաստ կլինի «զոհաբերելու» Թուրքիան։ Չորրորդ, որ փետրվարի 8-ին Վաշինգտոնում կայացած բրիֆինգում ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչ Կիրբին չկարողացավ հստակորեն պատասխանել, թե ով է Վաշինգտոնի դաշնակիցը «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում. թուրքե՞րը, թե՞ քրդերը։ «Հարց անգամ լինել չի կարող։ Թուրքիայի հետ մենք գործընկերներ ենք։ Մենք դաշնակիցներ ենք Թուրքիայի հետ և այդպիսին կմնանք։ Այստեղ ոչ մի հարց չկա»,- հայտարարեց, կարծես, Կիրբին։ Իսկ ճշգրտող հարցին, թե «Իսկ դուք ինչպե՞ս եք կառավարում այն իրավիճակը, երբ ձեր մի դաշնակիցը ահաբեկիչ է անվանում ձեր մյուս դաշնակցին», և ո՞վ է ավելի արդյունավետ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում` Թուրքիա՞ն, թե՞ քրդերը, Կիրբին նորից չկարողացավ ընտրություն կատարել, հայտարարելով` «ամեն մեկը յուրովի օգտակար է»։ Իսկ հետո ԱՄՆ-ն արդեն ավելի հստակորեն ասաց` ոչ, սիրիացի քրդերին ահաբեկիչներ չենք համարում։
Թուրքիան կասկած չունի, որ Սիրիան, պայմանավորվածության գալով «իր» քրդերի ու PKK-ի հետ, կարող է գործել Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնեցված, ուստի և կարող է կասկածել, որ քրդական ապստամբությունները (Ջիզրե, Շիրնակ, Յուկսեկովա, Սիլվան, Դիարբեքիր և այլն) կարող են հակաքայլ պատասխան լինել «Իսլամական պետության» և Իրաքում Բարզանիի կլանի հետ Անկարայի «խաղին»։ Պատահական չէ, որ թուրքերն անհանգստացան նաև Մոսկվայի բրիֆինգում (փետրվարի 5-ին) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարության կապակցությամբ, որ հանրապետության կազմից իրաքյան քրդերի դուրս գալու մասին հանրաքվեն պետք է լինի համապատասխան պետական մարմինների իրավասության ներքո, իսկ Մոսկվան հանդես է գալիս «առկա ազգային սահմանների շրջանակներում» նրանց իրավունքների իրացման օգտին։ Այսինքն, Ռուսաստանը պաշտոնապես չի պաշտպանի Իրաքի կազմից Իրաքյան Քրդստանի դուրս գալը և այդ երկրի ոչնչացումը։ Բայց չէ՞ որ դա ինքնաբերաբար «Քրդական խնդիրը» տեղափոխում է նվազագույնը Սիրիա, իսկ առավելագույնը` Թուրքիա։ ՈՒրեմն և` տանում է դեպի Հայկական հարցի վերակենդանացում, ինչը ակամա կամ միտումնավոր «հիշեց» նաև թուրք պատգամավորուհի Սելին Դողանը։ Անկարայում շատ լավ են գիտակցում, որ «Քրդական խնդիրն» ու Հայկական հարցը զուգընթաց են. դա շատ ավելի վատ է, քան եթե ինչ-որ մեկը «հիշի» մի շարք պայմանագրերի (հայկական վիլայեթների «ինքնավարության» մասին 1913 թ., Սևրի, Մոսկվայի, Կարսի և այլն) չեղարկման հնարավորության մասին, և «հարցի գինը» հենց ինքը Թուրքիան է։ Փետրվարի 7-ից մարտերը Դիարբեքիրում, այնուամենայնիվ, դադարել են. փորձագետները կարծում են, որ թե՛ թուրքերը, թե՛ քրդերը ռազմական համալրման են սպասում...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ