ՈՒրբաթ օրը վաղ առավոտյան համաշխարհային տերությունները համաձայնության եկան՝ մեկ շաբաթից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա հումանիտար օգնություն հասցնել, բայց Ռուսաստանին ու Ասադին թույլ կտա արագացնել հարձակումը և Կրեմլի ազդեցության մեծացումը տարածաշրջանում՝ The Wall Street Journal-ում գրում են Անտոն Տրոյանովսկին և Ջեյ Սոլոմոնը: Հինգշաբթի օրը ամերիկյան պաշտոնյան հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկել է մասնակի դադարեցնել նախագահ Բաշար Ասադի ուժերին աջակցող ռմբակոծությունները մարտի 1-ին: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, պնդելով, որ Ռուսաստանը լրացուցիչ ժամանակը կօգտագործի՝ ընդլայնելու վարչակարգի տարածքային նվաճումները և ոչնչացնելու ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ընդդիմության ուժերին: Որոշ դիվանագետներ ասում են, որ հումանիտար օգնությունը՝ ինքնաթիռներից նետվող բեռի տեսքով, կարող է կապվել ավելի մեծ համաձայնության հետ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևի խաղաղ բանակցությունների վերսկսման, որ անցյալ շաբաթ ընդհատվել էին: Վերջին օրերին Օբամայի աշխատակազմի պաշտոնյաները հրապարակավ մեղադրում էին Մոսկվային դիվանագիտական գործընթացի սաբոտաժի մեջ:
«Ռուսաստանը ուղղակի պայմաններ է ստեղծում ԻՊ-ի համար»՝ հայտարարեց Բրետ Մակգերկը՝ Օբամայի հատուկ ներկայացուցիչը ԻՊ-ի դեմ պայքարում: Ոմանք այլ տեսակետ ունեին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիական խնդիրը անցած շաբաթ քննարկեց ԱՄԷ-ի գահաժառանգի և այլ պաշտոնատարների հետ Աբու Դաբիում: Նրանք ուզում էին միասնական մոտեցում տեսնել սիրիական պատերազմի դադարեցման և ԻՊ-ի դեմ պայքարում: Իսրայելում ևս հույս ունեն, որ Ռուսաստանը կարող է նպաստել իրանյան գործողությունների սահմանափակմանը Իսրայելի դեմ՝ Սիրիայի տարածքից: ԱՄՆ-ի գլխավորած հակաԻՊական կոալիցիայի
պաշտպանության նախարարները հինգշաբթի օրը հանդիպեցին Բրյուսելում, որ գնահատեն ԻՊ-ի դեմ ռազմական արշավանքը: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ու դաշնակիցների նոր ջանքերը Սիրիայում ու Իրաքում արդյունքներ կտան մարտի կեսին: ԱՄՆ-ի գլխավորած հակաԻՊական կոալիցիայի համար առանցքային հարցը տեղում ուժեղ գործընկեր գտնելն է: Սաուդցիները հայտարարեցին, որ պատրաստ են իրենց ցամաքային ուժերը տրամադրել կոալիցիայի գործողություններին մասնակցելու համար, բայց ավելի որոշակի ոչ մի տեղեկություն չտվեցին: ԱՄՆ-ի ջանքերը դժվարացնում են իր տարածաշրջանային որոշ գործընկերների տարբեր նախապատվությունները: Սաուդյան Արաբիան և Թուրքիան առաջվա նման ջանում են գահընկեց անել Բաշար Ասադին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, միաժամանակ, իր խնդիրն է համարում վերահսկողություն պահպանել սիրիացի քրդերի նկատմամբ: Էր Ռիադը մտադիր է նվազեցնել Իրանի ազդեցության ոլորտը Սիրիայում: Այդ գործընթացները արտահայտում են ԱՄՆ-ի դաշնակիցների աճող հիասթափությունը Օբամայի վարչակարգից և կարող են ուժեղացնել քաոսը մարտական գործողությունների գոտում՝ արաբ ու եվրոպացի պաշտոնյաների կարծիքով: ԱՄՆ-ի պաշտոնատարներն ընդունում են իրենց դաշնակիցների որոշակի տագնապները, բայց պնդում են, որ Թուրքիան և արաբներն ավելին պետք է անեն ԻՊ-ի դեմ պայքարում: Սաուդյան Արաբիան, Թուրքիան ու Կատարը միացել են ԱՄՆ-ին ու Եվրոպային, արտահայտելով «խոր անհանգստություն» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարձակումից Սիրիայում, սակայն Իսրայելը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը այդ կարծիքին չեն: Չորս երկրներն էլ կանոնավոր խորհրդակցություններ են վարում Մոսկվայի հետ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ: ԱՄՆ պաշտոնատարներն ակնարկեցին, որ կմեծացնեն ապստամբներին աջակցությունը, եթե բանակցությունները տեղապտույտի մեջ հայտնվեն, և չբացառեցին թուրքական սահմանի մոտ ոչ թռիչքային գոտի հայտարարելը:
«Մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, եթե դա չաշխատի»՝ հայտարարեց Մակգերկը Մյունխենի բանակցությունների վերաբերյալ:
Անտոն ՏՐՈՅԱՆՈՎՍԿԻ, Ջեյ ՍՈԼՈՄՈՆ, The Wall Street Journal
Հ.Գ. Փաստորեն՝ մինչև հրադադարի հաստատումը մնացել է երեք օր, եթե համաձայնությունը ուրբաթ օրն է կայացել: Փխրուն համաձայնություն, պայմանով՝ որ Ռուսաստանը շարունակում է ԻՊ-ի և Ջաբհատ ան Նուսրայի դեմ ռմբակոծությունները: Ո՞վ է խանգարում վերջնական համաձայնությանը: Առաջին հայացքից՝ Թուրքիան, որ ունի քրդերի խնդիր, Սաուդյան Արաբիան, որ Սիրիայում պայքարում է Իրանի դեմ, Ռուսաստանը, որ խնդիր է դրել պահել Բաշար Ասադին, ԱՄՆ-ը, որ չի գտնում հուսալի դաշնակից տեղում: Իրականում թնջուկը շատ ավելի բարդ է ու ընդգրկում է տարածաշրջանի բոլոր տերություններին՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, կրոնական շահերով: Բացի այդ՝ խաղաղության համաձայնագրի համար պետք է որոշարկվեն Սիրիայի հետագա կառավարումն ու տարածքը, սահմանների պաշտպանությունը, նաև, որ պակաս կարևոր չէ, վերականգնումը, որ վիթխարի ֆինանսական ներդրումներ է պահանջում ու քաղաքական ազդեցության հնարավորություն է տալու այն երկրներին, որ հանձն կառնեն կառուցել ավերված քաղաքներն ու գյուղերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ